close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+30°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս քաղաքումը, հավանորեն` երբեմնի հարուստ ու բարեկեցիկ, աղետի և կոտորածի պատկերը սարսափելի ակնառու էր. Օսիպ Մանդելշտամը` Շուշիում

Արցախ

25 Մայիսի 2020, 14:14
 Այս քաղաքումը, հավանորեն` երբեմնի հարուստ ու բարեկեցիկ,  աղետի և կոտորածի պատկերը սարսափելի ակնառու էր. Օսիպ Մանդելշտամը` Շուշիում

Շուշիի հայության կոտորածների ժամանակ (1919-1920 թթ.), տարբեր տվյալներով, զոհվել է 3-ից 300 հազար մարդ, այրվել է 6 հազար տուն: Բոլոր հոգևորականները, այդ թվում` Արցախի թեմի առաջնորդ Վահան Տեր-Գրիգորյանը, կախաղան են բարձրացվել. նշում է vstrokax.net-ը

Քաղաքի ճշգրիտ նկարագրությունը, ըստ կայքի, տվել են բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը և նրա կինը` Նադեժդան, որոնք քաղաքում են եղել կոտորածներից մոտ 10 տարի անց` 1931 թվականին: Բանաստեղծը սահմռկեցուցիչ պատկերից ազդված գրել է «Ֆաետոնչին» բանաստեղծությունը:

Նադեժդա Մանդելշտամը Արցախ ուղևորության մասին գրում է. «Արևածագին ավտոբուսով Գյանջայից հասանք Շուշի: Քաղաքը սկսվում էր անծայրածիր գերեզմանոցից, հետո` փոքրիկ շուկայական հրապարակն էր, ուր իջնում էին ավերված քաղաքի փողոցները: Մենք արդեն տեսել էինք բնակիչների կողմից լքված գյուղեր, որտեղ կիսաքանդ տներ կային, բայց այս քաղաքումը, հավանորեն` երբեմնի հարուստ ու բարեկեցիկ,  աղետի և կոտորածի պատկերը սարսափելի ակնառու էր:

Մենք քայլեցինք փողոցներով, և ամենուրեք նույնն էր` երկու շարք տներ` առանց տանիքների, պատուհանների, դռների: Պատուհանների բացվածքներից երևում էին դատարկ սենյակները, երբեմն` պաստառների մնացորդներ, կիսաքանդ վառարաններ, ջարդված կահույք: Տները հայտնի վարդագույն տուֆից են, երկհարկանի: Բոլոր միջնապատները քանդված են, և այդ կմախքների միջից երևում է կապույտ երկինքը:

Ասում են` կոտորածից հետո բոլոր ջրհորները լի էին դիակներով: Եթե ինչ-որ մեկին էլ հաջողվել էր փրկվել, ապա փախել էին մահվան քաղաքից: Բոլոր  բարձրադիր փողոցներում մարդ չտեսանք: Միայն ներքևում` շուկայի հրապարակում, մի խումբ մարդիկ էին բզբզում, սակայն նրանց մեջ մի հայ անգամ չկար, բոլորը մուսուլմաններ էին:

Օսիպ Մանդելշտամը տպավորություն ուներ, թե շուկայում եղած մուսուլմաններն այն մարդասպաններից են, որոնք տասնյակ տարի առաջ  ավերել էին քաղաքը, սակայն դա նրանց օգուտ չէր բերել` արևելյան աղքատություն, հրեշավոր ցնցոտիներ, թարախոտ վերքեր դեմքերին: Վաճառում էին բռերով  եգիպտացորենի ալյուր, կողրեր, բլիթներ: Մենք չհամարձակվեցինք այդ ձեռքերից բլիթներ գնել, թեև քաղցած էինք… Օ.Մ.-ն ասաց, որ Շուշիում նույնն է, ինչ մեզ մոտ, սակայն այստեղ ավելի ակնառու է, և այդ պատճառով անհնար է  հացի մի կտոր ուտել… Ջուր էլ չես խմի այդ ջրհորներից…

Քաղաքում ոչ միայն հյուրանոց չկար, այլև սենյակ ուղևորների համար` «հանրային» անունով, որտեղ միասին քնում են տղամարդիկ ու կանայք: Գյաջայի ավտոբուսն առավոտյան էր մեկնելու: Շուկայի մարդիկ մեզ առաջարկում էին իրենց մոտ գիշերել, սակայն ես վախենում էի արևելյան հիվանդություններից, իսկ Մանդելշտամին հանգիստ չէր տալիս միտքը, որ իր դիմաց ջարդարարներ ու մարդասպաններ են:

Որոշեցինք գնալ Ստեփանակերտ` մարզային քաղաքը: Այնտեղ հասնել հնարավոր էր միայն կառքով: Մեզ էլ բաժին հասավ անքիթ մի կառապան` քիթն ու դեմքի մի մասը ծածկող կաշվե դիմակով, որ միակն էր կայանատեղիում: Իսկ հետ ամեն ինչ այնպես է, ինչպես բանաստեղծությունում` և չէինք հավատում, որ նա մեզ իսկապես կհասցնի Ստեփանակերտ»:

ՖԱՅՏՈՆՉԻՆ

Շրջոնքված վայրում մուսուլմանական,

Բարձր լեռնանցքում` մշուշով լի,

Քեֆ էինք անում մահվան հետ անգամ,

Ինչպես երազում զարհուրելի:

Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկավ.

Դեմքը խարկված էր, որպես չամիչ,

Դա դիվանքների ախպերն  էր և կամ

Կարճլիկ ու նոթոտ մի հարամի:

Խոսվածքն` արաբի, հնչյունները` բարդ,

Անիմաստ կանչեր մերթ-մերթ հանում —

Որպես մի դոդոշ կամ որպես մի վարդ

Դաբաղած դեմքն էր ծու՜յլ պահպանում.

Դիմագծերը կոծկած սոսկալի

Արնաշեշտ մաշկի դիմակի տակ —

Քշում էր,- բայց ու՞ր,- կառքը քառանիվ

Վայրենի ճիչով` խռպոտ ու տաք:

Նորից թափավազք, խթան, ցնցումներ,

Եվ անհնար էր իջնել սարից.

Պարույր գծեցին ֆայտոնները մեր,

Իջևաններն են պտույտ գալիս…

Ես սթափվեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,

Մեզ ձիերի հետ,- գլխի ընկա,-

Մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,

Ոմն ժանտախտի մի նախագահ:-

Մետաղալարից մտրակ է հյուսել,

Վարում է կառքը` խրախճացած,

Որ պտույտ գործի որպես կարուսել

Քաղցր ու թթվահամ հողը ճաքած…

Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաք,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի —

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ` լեռների մեջ:

Անամոթաբար շառագունում են

Մերկ տներն ու վեր նայում անթարթ,

Երկինքը վերից մեգն իր մանում է,

Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ:

12 հունիս 1931

Թարգմանությունը` Հրաչյա Բեյլերյանի

Ջահակիրները կը գրեն
7 Հուլիսի 2020, 13:35 Ջահակիրները կը գրեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica