close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+17°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ախպերս»-ով մեքենա կտեսնե՞նք, և կլցվի՞ բյուջեն այդկերպ. «Վարորդի ընկեր» հ/կ-ի նախագահի պարզաբանումները

Քաղաքական

22 Մայիսի 2020, 18:07
 «Ախպերս»-ով մեքենա կտեսնե՞նք, և կլցվի՞ բյուջեն այդկերպ. «Վարորդի ընկեր» հ/կ-ի նախագահի պարզաբանումները

«Ռիսկեր կան, որ այս նախագիծը խառնաշփոթ կառաջացնի, և դա տեսնում ենք այլ երկրների փորձով։ Մեր մտահոգությունները հայտնելիս նաև հրապարակել ենք   տարբեր երկրների պետհամարանիշների բազմաթիվ լուսանկարներ, որոնք կամ ցենզուրայից դուրս են, կամ կարող են հակասական իրավիճակ ստեղծել։ Օրինակ՝ պետավտոտեսուչը մեքենան կանգնեցնելու համար պիտի ասի  «ախպերս» պետհամարանիշով մեքենա։ Ամեն դեպքում՝ Ալեն Սիմոնյանը հստակեցրեց իր խոսքը՝ ասելով, որ խոսքը վերաբերվում է  3 տառ և 3 թիվ կոմբինացիային, որը  փոքրացնում է ռիսկային արտահայտությունների հնարավորությունը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Պեդանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի առաջարկած օրենքի նոր նախագծին, որով հնարավոր կլինի պետհամարանիշի թվերի փոխարեն  գրել նաև անուններ։

Պեդանյանի խոսքով՝ այստեղ նաև էթնիկ խնդիր կա, և եթե մեզ մոտ այս համակարգը ներդրվի, մարդիկ գուցե հարմարվեն այդ նորամուծությանը, սակայն ռիսկեր, այնուամենայնիվ, կշարունակեն լինել։ 

Դիտարկմանը, որ նախագծի հիմնավորումներում  նշվում է, որ այն անհրաժեշտ է բյուջեում լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, Պեդանյանը պատասխանեց․

«Հիմա առաջարկել նման օրենսդրական նախագիծ՝ այդպիսի հիմնավորմամբ, նշանակում է, որ օգտվում ենք այն փաստից, որ պանդեմիայի պատճառով տնտեսությունը տուժել է, և մեզ մուտքեր են պետք, ինչի համար էլ  նման քայլի ենք գնում։ Ամեն դեպքում նույն օրենսդրական նախաձեռնությամբ Ալեն Սիմոնյանը մի քանի տարի առաջ էլ էր հանդես եկել, սակայն այն ժամանակ արձագանքը բացասական էր և կյանքի չկոչվեց, ինչպես տեսնում ենք՝ հիմա էլ այս նախաձեռնությունը դրական արձագանք չստացավ։ Մի գուցե այս պահին իսկապես հնարավոր է այս կերպ ապահովել մուտքերը, օգտվելով այն փաստից, որ մենք սիրում ենք, երբ ամեն ինչ ճոխ է լինում, բայց կարելի էր գոնե չասել, եթե անգամ նպատակը դա էր»։

Դրսի փորձի մասին խոսելիս Դավիթ Պեդանյանը նշեց․ «Վրաստանում այդ ֆորմատը ոչ մի խնդիր չի լուծում։ Մեզ մոտ քաղաքացիներ կան, ովքեր Վրաստանի մեքենայի պետհամարանիշ են ձևակերպում, որպեսզի այդ տառերով իրենց անունը կազմեն և Հայաստանում դրանով են երթևեկում, այդ խավը կա։ Մեզ մոտ խոսք էր գնում, որ բյուջե մուտքեր անեն ավելի հրապուրիչ համարների վաճառքի օգնությամբ, բայց 3 տառանի պետհամարանիշները այդքան էլ հրապուրիչ չեն լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ այդ նպատակին ծառայի, ամեն դեպքում՝ Վրաստանում այդ նպատակին չի ծառայել»։

Դավիթ Պեդանյանն ասում է՝ այս թեմայի մասին իրենց հետ քննարկումներ չեն եղել և իրենք արդեն հույս էլ չունեն, որ իշխանությունը, բացի համացանցի ստացած արձագանքից, այլ արձագանքի կարիք կունենա։

 «Վերջին  ամիսների օրենսդրական բոլոր նախաձեռնությունները, որոնք կապված են վարորդների, երթևեկության հետ, գրեթե բոլորն անցել են առանց քննարկումների, առանց հանրային լսումների։ Համացանցում են եղել, սակայն դրանք մենք ենք կազմակերպել։ Բազմաթիվ առաջնային հարցեր կան, որոնք կարգավորելու համար կարելի է օրինագծեր առաջարկել։ Օրինակ՝ կառուցվում են ճանապարհներ, ընթացակարգ կա՝ հայտարարվում է տենդեր, կապալառուն շահում է, կա որակի վերահսկողությամբ զբաղվող կազմակերպություն, բայց ճանապարհը տեսնում ենք, թե ինչ վիճակում է։ Պիտի օրենսդրական փոփոխություն տեղի ունենար, որը վերահսկողության գործիքակազմ կսահմաներ։ Սա օրինակներից ընդամենը մեկն է, քանի որ ամեն ինչ շատ թերի է, օրինակ՝ խնդիր ունենք տեխզննման հետ, և էլի շատ օրինակներ կան»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica