close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաչուտյանների նստավայրի տարածքի Թուխ Մանուկ մատուռը

Մշակույթ

22 Մայիսի 2020, 17:45
 Վաչուտյանների նստավայրի տարածքի Թուխ Մանուկ մատուռը

Քասաղ գետի հովտի Թուխ Մանուկ անունը կրող մատուռներից ևս մեկը, որը գտնվում է Արագածոտնի Վարդենիս գյուղում Լուսաղբյուր ջրի պաշտամունքի կենտրոնից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա: 

Այս մատուռը գերդաստանային պատկանելություն չունի, ճիշտ է ներկայիս փոքրիկ կառույցը կառուցել է արմատներով  մշեցի Մանուկյանների ընտանիքը, բայց այս մատուռի տարածքի իրադարձությունները թվագրվում են դեռևս 12-13-րդ դարերով:

13-րդ դարի հայ մատենագիր Կիրակոս Գանձակեցին նշում է, որ Արագածոտն գավառի Վարդենիս  գյուղը եղել է գավառի տիրակալ` Արարատյան կուսակալության փոխարքա Քուրդ առաջին Վաչուտյանի իշխանության կենտրոնը,  մեջբերենք մատենագրի խոսքերը.             

Արագածու հանդեպ լերինն Արայի ի գիւղն, որ կոչի Վարդենիս, ի տանն իշխանին զոր Քուրդ անուանէին  հայ ազգաւ, կրոնիւք քրիստոնեայ:

Իր պատմության մեկ այլ հատվածում Գանձակեցին նշում է, որ 1254 թվականին Կարակորում մեկնող Կիլիկիայի հայոց Հեթում առաջին արքան Վարդենիս գյուղում հյուրընկալվել է Քուրդ իշխանին.

Իսկ թագաւորին բարեպաշտ Հեթում եկեա ի տուն իշխանին Քրթին ի գիւղն Վարդենիս ուր թողեալ էր զախ յուր և զկարասի և մնայր գալստյան Բարսղի քահանայի զոր յուղարկեալ առ Բաթոյն վերստին զի ցուցե նմա զգիրս և զհրաման Մանկու Ղանին:

Զի և նա ընդ նմին օրինակի գրեսցե հրամանս:

Պատմական որոշ հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ Քուրդ Վաչուտյանի նստավայրը հենց այս մատուռի և նրա հարակից տարածքում է եղել: Հետազոտողները նման եզրահանգման են եկել հաշվի առնելով մատուռի շուրջը և նրա հարակից տարածքներում գտնվող 12-13-րդ դարերով թվագրվող բնակելի շինությունների մնացորդները: 2-րդ. 3-րդ և 4-րդ նկարները ներկայացնում են այդ շինությունների հետքերը: Նույն հետազոտողները պնդում են, որ տարածքում Վաչուտյանները եկեղեցի են կառուցել, որի մնացորդները պահպանվել են մինչև 19-րդ դարի սկզբները:

Նկար 2

Նկար 3

Նկար 4

Նկար 5

5-րդ  նկարում երևացող այս հսկայական քարաբեկորը գտնվում է մատուռի ներսում, տեղացիների և հետազոտողների պնդմամբ այն եղել է տեղի եկեղեցու հիմնաքարերից մեկը, և բոլոր ժամանակներում հանդիսացել է սրբատեղի: Հավատացյալները միշտ ուխտի են եկել հենց այդ քարի մոտ մոմավառություն կատարել և աղոթք հղել առ աստված:  19-րդ դարի սկզբում  Մուշից գաղթած Մանուկյանների ընտանիքը միակն էր, որ հաստատվեց Վարդենիս գյուղում: Նրանք իրենց տունը կառուցեցին հենց  սրբավայրին կից տարածքում, իսկ Խորհրդային տարիներին, երբ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին խոնարհվել էր, իսկ հավատացյալների հոսքը դեպի այս սրբավայր շատացել, Մնացական Մանուկյանը իր երազում  տեսել և զգացել է այս քարի հրաշագործ ուժը, որից հետո, որոշել է կառուցել ներկայիս մատուռը, այդ գործում նրան մեծապես օգնել է իր կինը` Հայաստան Մանուկյանը (օրիորդական ազգանունը Համբարձումյան): Մատուռը կառուցված է կարմիր տուֆից, որը այդ տարիներին գյուղում հազվադեպ հանդիպող երևույթ էր: Մնացական Մանուկյանի դստեր` Գայանեի հավաստմամբ մատուռի կառուցման համար օգտագործված քարերը հայրը  հատուկ մատուռը կառուցելու համար եզներով բերել է Արթիկ քաղաքից:

Այս մատուռի զորության մասին գյուղի տարեց կանայք  բազում պատմություններ են պատմում: Հատկապես շեշտվում է նորածին ժամանակ առողջական խնդիրներ ունեցող բազում  մանուկներ բուժվել են միայն այն բանից հետո, երբ ծնողները նրանց բերել են Թուխ Մանուկ մատուռ և իհարկե դրանից հետո նրանք այս մատուռ այցելությունը դարձրել են պարտադիր երևույթ:

Հաջորդ լուսանկարները ներկայացնում են մատուռը ներսից և դրսից.

Օգտագործված աղբյուրներ

Կիրակոս Գանձակեցի «Պատմություն հայոց»,  էջ 351, Թիֆլիս 1909 թ.

Կիրակոս Գանձակեցի «Պատմություն հայոց»,  էջ  355,   Թիֆլիս 1909 թ.

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի պատմության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica