close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ Սահմանադրությունը մեկնաբանում է ի. գ. թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (մաս 1)

Իրավունք

21 Մայիսի 2020, 15:07
 ԱՀ Սահմանադրությունը մեկնաբանում է ի. գ. թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (մաս 1)

ԱԵԳՄՄ հիմնադիր-նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը «Արցախի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ» խորագրով ներկայացնում է հատուկ շարք, որով պարբերաբար մեկնաբանվելու են ԱՀ Սահմանադրության առանձին հոդվածներն ու դրույթները: Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հրապարակումը.

«Հարգելի´ հայրենակիցներ,

Կարևորելով մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի հետևողական բարձրացումը և վերջինիս նշանակությունը ժողովրդավարական ու իրավական պետության կառուցման գործում, պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնեմ Արցախի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունները:

Շնորհակալ կլինեմ ստանալու ձեր առաջարկներն ու կարծիքները, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում եմ տարածելիս պահպանել հղման մշակույթը:
Քանի որ այսօր՝ 2020թ. մայիսի 21-ին, կայանալու է Արցախի Հանրապետության 4-րդ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, մեկնաբանությունների շարքը սկսում եմ հենց 91-րդ հոդվածից:

Հոդված 91. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Բացի Սահմանադրության սույն հոդվածից, Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման վերաբերյալ դրույթներ է պարունակում նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքը, որի 45 հոդվածը նվիրված է Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստի գումարման և անցկացման կարգին: Համաձայն նշված հոդվածի՝ «Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հրավիրվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Նիստի գումարման վայրը, օրը և ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը` առաջին նստաշրջանի բացման օրվանից առնվազն հինգ օր առաջ»:
Երդումը բովանդակում է ինչպես իրավական, այնպես էլ բարոյա-հոգեբանական բաղադրիչներ: Երդման իրավաբանական բնույթը պայմանավորված է դրա իրականացրած գործառույթով. երդում տալն անհրաժեշտ պայման է պաշտոնը ստանձնելու համար: Այդ պահից սկսած՝ նորընտիր Նախագահը ստանձնում է պաշտոնը, միաժամանակ ավարտվում են նախորդ Նախագահի լիազորությունները: Այլ կերպ ասած, երդումը նորընտիր Նախագահի` որպես պետության գլխի լիազորությունների կատարման ժամկետի հաշվարկման սկիզբն է և նրա լիազորությունների խտացված արտացոլումը։
Երդումը քաղաքական բնույթով կարծես ամբողջացնում է իշխանության փոխանցման լեգիտիմ ընթացակարգը և ի ցույց դնում պետական իշխանության իրավահաջորդությունը, ինչը բացառում է քաղաքական իշխանության վակուումի առաջացումը։
Երդման բարոյա-հոգեբանական բաղադրիչն այն է, որ նորընտիր Նախագահը, հանդիսավոր պայմաններում երդում տալով (որին մասնակցում են աշխարհիկ (պետական մարմինների) և հոգևոր դասի ներկայացուցիչները), հաստատում է իր հավատարմությունը Սահմանադրությանը և այն փաստը, որ նա գիտակցում է Հիմնական օրենքով նախատեսված ժամկետով իրեն վերապահված լիազորությունների, պարտականությունների և դրանց հետ կապված պատասխանատվության բացառիկ կարևորությունը:
Նախագահի երդման արարողության նպատակով Գերագույն դատարանի դատավորներից մեկը դահլիճ է բերում Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, իսկ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորները՝ 17-րդ դարի Արցախյան Ավետարանը: Նախագահը երդում տալիս է՝ ձեռքը դնելով Սահմանադրության և Ավետարանի վրա, ինչից հետո հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը:
Սովորաբար երդման արարողությունից հետո Նախագահը հանդես է գալիս ելույթով՝ անդրադառնալով առաջիկա պաշտոնավարման հիմնական ուղղություններին:
Չնայած ո´չ Սահմանադրությամբ, ո´չ այլ իրավական ակտերով սահմանված չէ, թե ովքեր պետք է կամ կարող են ներկա գտնվել Նախագահի երդմնակալության արարողությանը, սակայն ԱՀ նախագահների պաշտոնամուտի արարողությունների փորձը ցույց է տալիս, որ սովորաբար այդ կարևոր միջոցառմանը մասնակցում են Անվտանգության խորհրդի և Կառավարության անդամները, Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը, Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմը, Գերագույն դատարանի նախագահը, վերաքննիչ ու առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանների վարչակազմերի ղեկավարները, Հայաստանի ու Արցախի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:
Կարելի է եզրակացնել, որ Արցախի Հանրապետության Նախագահի երդման արարողությանը ներկա է լինում երկրի ողջ վերնախավը։ Հարկ է նշել, որ նման կարգ գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և նախադեպը գալիս է միապետության բազմադարյա քաղաքական ավանդույթից, երբ արքայի թագադրության արարողությանը ներկա էր գտնվում ստրկատիրական կամ ավատատիրական բարձրագույն ընտրանին, այդ թվում բարձրագույն հոգևորականությունը։
Կարևորելով Նախագահի պաշտոնը ստանձնելու երդման իրավական ու բարոյական բնույթը` միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում երդման արարողակարգը կանոնակարգված չէ: Սույն հոդվածի սկզբնական մասում է ընդամենը նշած, որ «Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ»: Ինչ վերաբերում է օրենքին, ապա խոսքն Ազգային ժողովի կանոնակարգի մասին է, ինչին արդեն անդրադարձել ենք:
Հարկ է անդրադառնալ ևս մի կարևոր հանգամանքի. մինչև օրս Արցախի Հանրապետությունում չի ստեղծվել նախագահական իշխանության խորհրդանշան, ինչն ընդունված է բազմաթիվ երկրներում: Օրինակ, ՀՀ Նախագահի 2013թ. ապրիլի 5-ի հրամանագրով հիմնվել է Նախագահական իշխանության խորհրդանշան, հաստատվել վերջինիս ձևը, նկարագրությունը և գործածման կարգը: Սահմանվել է, որ Նախագահական իշխանության խորհրդանշանն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ և պահվում է ՀՀ Նախագահի նստավայրում: Կարծում ենք, որ ԱՀ-ում վաղուց հասունացել է նախագահական իշխանության խորհրդանշան ունենալու անհրաժեշտությունը»։

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica