close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՌՀ-ն մի մոնստր է դառնում՝ ընդլայնվում են պատժիչ գործողությունները․ Աշոտ Մելիքյան

Քաղաքական

5 Մայիսի 2020, 20:19
 ՀՌՀ-ն մի մոնստր է դառնում՝ ընդլայնվում են պատժիչ գործողությունները․ Աշոտ Մելիքյան

Երբ կարդում էի և ինձ մոտ նշումներ էի կատարում, թե ինչն է թերի, հասկացա, որ կամաց-կամաց ամբողջ օրենքի նախագիծն եմ մոտս անցկացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը վերլուծելով, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արման Բաբաջանյանը և Վահագն Թևոսյանը։

Հեղինակները օրինագիծը որակել էին եթերը մաքրելու, վարակազերծելու, հեռարձակողների համար խաղի նոր կանոններ սահմանելու նախագիծ, այնինչ այն, Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝  հայեցակարգային առումով միտված չէ բարեփոխումներ իրականացնելու, այլ ուղղակի կոշտացնում է վերահսկողությունը հեռարձակողմերի նկատմամբ և դրանով սահմանափակվում։

«Նախ, այս օրինագծի սահմանումներով, կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, մի մոնստր է դարձվել՝ ընդլայնվել են այդ մարմնի պատժիչ գործողությունները, որը չեմ կարծում, որ կարող է նպաստել ոլորտի զարգացմանը»,-նշեց Աշոտ Մելիքյանը։

Նույնիսկ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք սովորաբար էթիկայի և ինքնակարգավորման շրջանակում են լուծվում, ասենք՝ փաստի և դատողության տարանջատումը, տեսաշարի համապատասխանությունը բովանդակությանը կամ վերնագրի համապատասխանությունը բովանդակությանը, այս ամենի վերահսկումը դրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վրա։ Ավելին, իրենց գնահատմամբ՝ «խախտումների» համար նախատեսված է սկզբից՝ նախազգուշացում, հետո՝ տուգանք, հետո՝ լրատվամիջոցի գործունեության կասեցում կամ նույնիսկ դադարեցում։

«Այս ամենը, փաստորեն, չափից ավելի պատժիչ գործողությունների հնարավորություն է տվել ՀՌՀ-ին»,-մտահոգություն հայտնեց Աշոտ Մելիքյանը։

Օրինագծում անհրաժեշտ են համարել ամրագրել, որ արգելվում է իշխանությունը յուրացնելու, Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու և տապալելու քարոզչությունը։ Արդյո՞ք սա հակաիշխանական քննադատությունը լռեցնելու սողանցք չէ․ Աշոտ Մելիքյանը մեկնաբանում է, որ այս և շատ այլ դրույթներ այնքան ոչ հստակ են, որ կարող են լայն մեկնաբանվել և շատ սուբյեկտիվ ընկալումներով կիրառվել։

«Այս առումով սա, իհարկե, վտանգավոր է, որովհետև երբ ինչ-որ մի պահանջ ձևակերպում է ստանում, պետք է անպայման շատ հստակ լինի»,-ասաց նա։

Այլ անհստակ ձևակերումներ ևս նա նկատել է․ «Օրինակ, «սեղմ ժամկետում» պետք է արվի․ սա օրենքի խոսք չէ, էլի, պետք է շատ հստակ ասվի՝ քանի օրում, կամ «լսարանի զգալի մասը» պետք է նայի, զգալի մասը որքա՞ն է՝ կուզենայի հարց տալ հեղինակներին։ Ոչ հստակ ձևակերպումները բավականին շատ են և դրանք սուբյեկտիվության և տարընթերցման հնարավորություններ են պարունակում»։

Ի դեպ, նախագծում անհրաժեշտ են համարել ընդգծել նաև, որ ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։ Որքանով սա կվերածվի քարոզչության՝ կիրառման հարց է։

Աշոտ Մելիքյանը օրինագծում խմբագրման կարիք ունեցող բազմաթիվ խրթին մասեր, իրավաբանական կազուսներ է արձանագրել, բայց նույնիսկ այդ ամենը հաշվի չառնելու դեպքում, նրան մտահոգել է հենց հայեցակարգային մոտեցումը։  

Հեռարձակման ոլորտում, Մելիքյանի համոզմամբ, այս օրինագիծը որևէ բարեփոխում չի բերում, մինչդեռ թվային դարաշրջանում այդ բարեփոխման անհրաժեշտությունը կա։

«Մասնավորապես, ստեղծված է արհեստական տեխնիկական սահմանափակում ի դեմս հանրային հեռարձակման թվային ցանցի․ այս օրենքը շարունակում է կիրառել անալոգային դարաշրջանին հարիր բարդ և արդեն իսկ իր դարը ապրած լիցենզավորման մրցույթները»,-նկատեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Բանն այն է, որ նախկինում, երբ հեռարձակումն անալոգային էր, հեռուստաընկերություններին տրվում էր սահմանափակ հանրային ռեսուրս՝ հաճախականություններ, մինչդեռ թվային դարաշրջանում այդ մեկ հաճախականությամբ հնարավոր է 8-12 հեռուստաընկերությունների ծրագրեր հեռարձակել։ Ներկայացված օրինագիծը, փոխանակ հնարավորություն տա այս ամբողջ թվային ռեսուրսը օգտագործելու, դա սահմանփակող կարգավորումներ է առաջարկում։

Աշոտ Մելիքյանը բերեց Վրաստանի օրինակը․ «Հարևան Վրաստանում պետական հեռարձակման թվային ցանցին՝ մուլտիպլեքսին զուգահեռ, գործում են նաև մասնավոր մուլտիպլեքսները և դա բարենպաստ մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտի զարգացման համար։ Հիմա Հայաստանում այդ մասնավորները չկան և այս օրենքը իր էությամբ չի նպաստելու, որ այդ մասնավորները ի հայտ գան։ Այն պայմանները, որոնք նախատեսված են, բարենպաստ պայմաններ չեն ստեղծում, որ ի հայտ գան մասնավոր թվային ցանցեր»։

Լիցենզավորման խնդիրը սերտորեն կապված է այս հարցի հետ․ Մելիքյանի համոզմամբ՝ լիցենզավորումը տեղին էր անալոգային ժամանակշրջանում, երբ տեխնիկական ռեսուրսը սահմանափակ էր և անհրաժեշտ էին այդ մրցույթները։ Թվային ժամանակաշրջանում, երբ բազմակիորեն ավելացել են թվային հնարավորությունները, և սրընթաց զարգացել է ինտերնետ հեռարձակումը, այդ ծանր լիցենզավորման մրցույթները ավելորդ են։

«Մենք ժամանակին օրենքի մեր նախագիծն էինք առաջադրում՝ կա՛մ պարզեցված լիցենզավորում էինք առաջարկում, կա՛մ հեղինակավորում՝ ավտորիզացիա։ Պարզեցված ընթացակարգ, որովհետև այն մրցույթները, որոնք մինչև հիմա անցկացվել են, նախ լի էին սուբյեկտիվության և կամայական որոշումների հնարավորություններով և երկրորդ՝ դրանք թվային ժամանակաշրջանում ավելորդ են և որոշ երկրներ այդ պրակտիկայից հրաժարվել են»,-ասաց նա։

Նոր օրինագիծը, փաստորեն, ոչ միայն չի ազատականացնում ոլորտը, որպեսզի այն ընկերությունները, որոնք տեխնիկական, ֆինանսական և կադրային հնարավորություններ ունեն հեռարձակումով զբաղվելու, ստանան այդ թույլտվությունը և որպես բիզնես միավոր կարողանան զբացվել, այլև կրկնակի լիցենզավորում է նախատեսում։

«Բավական չէ, որ այդ բարդ ընթացակարգն է պահպանվում, այլև, փաստորեն, երկու մակարդակի լիցենզավորում է ստացվում ըստ այս օրենքի․ նախ՝ հեղինակավորումը, այսինքն, ընկերություններին տրամադրվելու է թույլտվություն զբաղվելու հեռարձակմամբ ընդհանրապես, մի հատ էլ պետք է այդ ծանր, բարդ ընթացակարգով լիցենզավորման մրցույթը անցնեն։ Երկու մակարդակի լիցենզավորում է ստացվում՝ մի հատ պարզ ընթացակարգով, մի հատ էլ՝ բարդ։ Այս մոտեցումը նույնպես խնդրահարույց է այս օրինագծում և չի համապատասխանում թվային ժամանակաշրջանին»,-ընդգծեց Աշոտ Մելիքյանը։

Գործընթացին ավելի լայն հարթության վրա նայելով՝ մեկ այլ օրենքով լրատվամիջոցների գործունեությունը կարգավորելու անվան տակ Հանրային Հեռուստաընկերությանը գովազդ տեղադրելու իրավունք վերապահելով, այս անգամ էլ՝ ՀՌՀ-ի համար պատժիչ մեխանիզմներ ամրագրելով արդյո՞ք իշխանությունը չի փորձում ամրապնդել իր քարոզչական ռեսուրսը՝ անխոցելու լինելու համար, Աշոտ Մելիքյանը պատասխանում է․ «Հանրայինին գովազդ տալու խնդրի վերաբերյալ լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, քննադատությամբ են հանդես եկել և քննադատել այդ օրինագիծը․ մենք համարում ենք, որ այդ մոտեցումը անհավասար մրցակցային պայմաններ է մտցնում դաշտում, որովհետև Հանրայինն ահռելի գումարներ է ստանում պետական բյուջեից և որևէ լուրջ հիմնավորում չկար, թե ինչու էր անհրաժեշտ նաև գովազդի հնարավորություն տալ, դա շատ խնդրահարույց էր։ Ի՞նչ նպատակ է հետապնդում՝ կարծում եմ, որ իսկապես փորձ է արվում ամրապնդել Հանրային հեռուստատեսության դիրքերը»։

Այս ամենը նա դեռ հասկանալի կհամարեր, եթե հանրային հեռարձակողը իսկապես կատարեր իր առաքելությունը և իսկապես կարողանար ապահովել այն պահանջները, որոնք ներկայացվում են․ մասնավորապես՝ օբյեկտիվություն, անաչառություն հասարակության ամբողջ սպեկտրի և քաղաքական ամբողջ սպեկտրի դիրքորոշումները ներկայացնելով, բայց, նրա համոզմամբ, Հանրային հեռուստաընկերությունը և՛ նախորդ իշխանություների օրոք, և՛ այժմ ավելի շատ ծառայել է գործող իշխանություններին և այնտեղ նույնպես լուրջ բարեփոխումների անհարժեշտություն կա, ինչը առաջադրված նախագծում մենք չենք տեսնում։  

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պետք է, իսկապես, գործող կառույց դառնա, որը ռեֆորմներ իրականացնելով կարողանա առաջ մղել այդ ընկերությունը և այն առաքելությունը, որը դրված է Հանրայինի վրա՝ ծառայել հանրությանը, ոլորտի առաջատարը լինել և՛ ստեղծագործական, և՛ տեխնիկական առումով։ Այդ ամենը չկա, Հանրայինը կարծես մասնավորների պես մտնում է մրցակցության մեջ, որը իրենը չէ։ Պետք է ապահովվի Հանրային հեռուստառադիոընկերության խոհրդի անկախությունը, հնարավորություն լինի ներկայացնելու մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական ամբողջ սպեկտրի կարծիքը, մշակութային, հոգեևոր, կրթական ծրագրերը զարգացնել և ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը․ բավական լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Առհասարակ, Հանրայինը հետհեղափոխական շրջանում բարեփոխման անհրաժեշտություն ունի, մինչդեռ դա չի իրականցվել մինչև այսօր»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը կարող էր մշակվել ոլորտում տասնամյակներ գործող և այդ խնդիրներով զբաղվող լրագրողական կազմակերպություների հետ, ինչը նույնպես չի արվել։ Այս ամենը ենթադրության տեղիք է տալիս, որ օրինագիծը մշակվել է ոչ թե ոլորտը կարգավորելու, այլ գործող իշխանության համար լրատվամիջոցները վերհսկելի դարձնելու, անցանկալի բովանդակության համար լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելու հնարավորություններ ստեղծելու համար։

Աշոտ Մելիքյանը կտրուկ եզրակացություններ անել չի շտապում, բայց ընդգծում է՝ այդպիսի մտավախություն չէր առաջանա, եթե նկատելի լիներ, որ օրենքը միտված է տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի զարգացմանը և բարեփոխմանը։ Մինչդեռ, տվյալ օրենքը բարեփոխմանը միտված չէ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica