close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է. Չալաբյան

Քաղաքական

5 Մայիսի 2020, 12:13
 Մենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է. Չալաբյան

Մայիսի 4-ին Հայաստանի տարածքում մինչ այդ հայտարարված կարանտինի բազմաթիվ սահմանափակումներ մեղմացվեցին կառավարութան կողմից. շատերը դրան վաղուց էին սպասում՝ տանը, հաճախ առանց աշխատանք անցկացրած ապրիլ ամիսը ծանր փորձություն էր մարդկանց համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարության պատկերացմամբ, դա պետք է բերի տնտեսական ակտիվության աստիճանական վերականգման, իսկ առողջապահության նախարարի խոսքով, եթե մարդիկ պահպանեն սոցիալական դիստանցավորման նորմերը, առողջապահության համակարգը կդիմանա լրացուցիչ ծանրաբեռնվածությանը, եւ մենք կկարողանանք անցնել համավարակի պիկը՝ առանց մեծ կորուստների։

Ես ինքս էլ շատ կուզեի, որ հենց այդպես լիներ, ի վերջո տնտեսության կաթվածից ոչ ոք չի շահում, որքան շուտ այն ավարտվի, այնքան լավ։ Բայց արդյոք կարանտինի թուլացումը ժամանակին եւ ճիշտ հաշվարկված էր։ Ստորեւ բերված գրաֆիկում համեմատական է ներկայացված Հայաստանում եւ Ադրբեջանում վերջին երկու շաբաթների ընթացքում համավարակի տարածման վերաբերյալ։ Երկու շաբաթ առաջ, ապրիլի 20-ին, Հայաստանում պաշտոնապես եղել է 1339 վարակակիր, Ադրբեջանում՝ 1436: Մայիսի 3-ին, երբ որոշվեց մեղմել կարանտինը, Հայաստանում արդեն կար 2386 վարակակիր, Ադրբեջանում՝ 1932: Երկու շաբաթում Հայաստանում վարակակիրների աճը կազմել է 1047 մարդ, Ադրբեջանում՝ 496։ Փաստացի, Հայաստանում վարակի տարածման տեմպը կրկնակի ավել է եղել, իսկ վերջին օրերին՝ աճել է արդեն համարյա երեք անգամ, թեեւ երկու երկրներում արտաքուստ գործում էին նույնանման կարանտինային սահմանափակումներ։

Կառավարական ամառանոցի այգում հայտնի ելույթի ընթացքում, վարչապետ Փաշինյանը այնպես ներկայացրեց հարցը, որ կառավարությունը իրենցից կախված ամենն արել է եւ ժամանակն է, որ մարդիկ վարակի հետագա տարածումը կանխելու պատասխանատվությունը վերցնեն իրենց ձեռքը։ Բայց եթե դա ճիշտ լիներ, մեր մոտ վարակը վերջին երկու շաբաթների ընթացքում չպետք է կրկնակի արագ տարածվեր, քան Ադրբեջանում։

Դա առնվազն նշանակում է, որ մեզ մոտ կառավարության կողմից կարանտինի վերահսկողությունը եւ համաճարակի կանխարգելման այլ միջոցառումներն էապես ավելի վատ են իրականացվել։ Օրինակ, այս պահի դրությամբ, Ադրբեջանում իրականացվել է մոտ 158 000 թեստավորում, իսկ Հայաստանում՝ ընդամենը 25 000, զարմանալի չէ, որ Հայաստանում հիվանդության հայտնաբերումը տեղի է ունենում ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ վարակը շարունակվում է թաքնված տարածվել։ Նմանապես, առողջապահության նախարարը պարբերաբար բողոքում էր հուղակավորությունների միջոցով վարակի տարածումից, թեեւ ակնհայտորեն դրանց ընթացքում մարդկանց շփումը եւս կարող էր պետության կողմից վերահսկվել։ Ախտահանումը եւս թողնվել է ձեռնարկությունների եւ քաղաքացիների հույսին, թեեւ այլ երկրներում (ներառյալ Ադրբեջանում), դա պետության կողմից իրականացվող կարեւորագույն միջոցառումներից մեկն է։ Նույնը վերաբերվում է բակերում մարդկանց կուտակումներին, որոնց պետությունը որեւէ կերպ չի արձագանքում, եւ այդպես շարունակ։

Արդյունքում, մենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է։ Առողջապահության նախարարը, որպես «իրատեսական» տարբերակ, հայտարարեց մայիսի վերջին մինչեւ 10 000 հնարավոր վարակակրի մասին, խոսքում նշելով, որ կարող է շատ ավելին էլ լինել։

Եթե վարակակիրների թիվը մինչեւ մայիսի վերջ սակայն հասնի 10 000 մարդու, դա արդեն կպահանջի առնվազն 5000-6000 մասնագիտացված հիվանդանոցային մահճակալ, որն այս պահի դրությամբ Հայաստանը չունի։ Բացի այդ, մինչ այժմ կարանտինի պահպանությունը հնարավորություն էր տվել զգալի չափով պատնեշել վարակից ծերերին, դրանով է պայմանավորված Հայաստանում մահացության համեմատաբար համեստ տոկոսը։ Կարանտինի վերացումը կարող է բերել նրան, որ երիտասարդները իրենց հետ տուն բերեն վարակը, եւ վարակեն նաեւ տարեց ծնողներին, այդ դեպքում կտրուկ կաճի նաեւ ինտենսիվ թերապիա ունեցողների կարիքը (դա արդեն փաստացի տեղի է ունենում վերջին օրերին), իսկ այստեղ մեր կարողությունները ավելի քան համեստ են, լավագույն դեպքում 250-300 մահճակալ։

Այս ամենը կարող է բերել առողջապահական համակարգի գերբեռնման, որի ցավալի արդյունքները արդեն հայտնի են Իտալիայի եւ այլ եվրոպական երկրների փորձից։

Չեմ ցանկանում մռայլ կանխատեսումներ անել, սակայն կառավարության այս որոշումը ոչ միայն հապճեպ է, այլեւ չի հիմնավորված իրատեսական հաշվարկներով։ Բելառուսը, որը մինչ այժմ գնացել է համանաման «ազատական» ճանապարհով, այս պահի դրությամբ ունի արդեն 17 000-ից ավել վարակակիր, եւ 100-ից ավել մահ, եւ այս թվերը արագ աճում են։

Շվեդիան, որի «ազատական» օրինակը հաճախ են բերում, ընդհանրապես արդեն 2700-ից ավել մահ է արձանագրել, ունենալով Հայաստանից ընդամենը երեք անգամ մեծ բնակչություն, սա իրական ողբերգություն է, եւ մեզ համար հաստատ չի կարող օրինակ ծառայել։ Եթե կառավարությունը չառաջարկի վարակի կանխարգելման նոր մոտեցումներ, որոնք կփոխարինեն կարանտինային սահմանափակումները, մեզ մոտ տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում կարող է վարակի տարածումը այնքան արագանալ, որ մենք ստիպված լինենք նորից վերադառնալ կոշտ կարանտինի, սակայն շատ ավելի վատ պայմաններում, երբ առողջապահական համակարգը գերբեռնված է, եւ ընդունակ չի սպասարկել հիվանդների արագ աճող հոսքը։

Այսպիսի միջոցների մի մասը հայտնի են՝ պարտադիր բժշկական դիմակների կրում բոլոր հանրային վայրերում, ձեռնարկություններում աշխատակիցների պարտադիր դիստանցավորում, թեստավորման մակարդակի կտրուկ ավելացում եւ վարակի վաղ ախտորոշում, բոլոր հանրային տարածքների եւ տրանսպորտային միջոցների պարբերական ախտահանումներ, տեխնոլոգիայի օգտագործմամբ մարդկանց կուտակումների կանխում, եւ այլն։

Եթե կառավարությունը մեղմում է մարդկանց շարժի եւ աշխատանքի սահմանափակումները, այն պարտավոր է առանց հապաղելու հանդես գալ նրանց անվտանգությունը ապահովող համարժեք գործողությունների ծրագրով, ոչ թե փորձի ողջ պատասխանատվությունը բարդել շարքային քաղաքացիների վրա՝ «ապակենտրոն պայքարի» մասին հեղհեղուկ հայտարարությունների անվան տակ։ Մինչեւ այդ յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ձեր ձեռքը վերցնել ձեր անվտանգությունը, որքան էլ որ ծանր, տհաճ եւ անհարմար լինի, չթուլացնել զգոնությունը, եւ առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica