close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան ( մաս 11)

Մշակույթ

5 Մայիսի 2020, 14:13
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան ( մաս 11)

Երկնափեշյանն արդեն աշխատում էր, երբ բոլորը միահամուռ գետափ իջան։ Նրանք, առանց սպասելու միացան ուսուցչին, ինչ որ այրելու էր, խարույկ վառեցին, ինչ որ հավաքելու էր, թղթե փաթեթների մեջ լցրին, որոնք մետաֆիզիկոսն էր բերել։

— Արմեն ջան, սկսեց Երկնափեշյանը, մենք ընդհատեցինք մեր զրույցը այն բանի վրա, որ դու ասացիր, թե՝ կյանքը խաղ չի, իսկ ի՞նչ է։

— Ընկեր Երկնափեշյան, երկու հոգի սիրահարվում են ու ծնում երրորդին, առանց նրան հարցնելու՝ ուզու՞մ է նա աշխարհ գալ, թե՞ ոչ։ Նա էլ գալիս է աշխարհ ու ընկնում տառապանքների շրջապտույտի մեջ։ Ի՞նչ իմանամ։

—Հետաքրքիր է, և՞․․․

Արմենը նստեց վայր ընկած կաղնուն, մտքերը հավաքեց։ Ամբողջ դասարանը ուշադիր նայում էր մերթ Երկնափեշյանին, մերթ Արմենին։ Մի քանի ազատ մնացած ուսուցիչ-ուսուցչուհի, իմանալով, թե ուր են գնում աշակերտները, ուշացած միացել էին նրանց։

— Ես չգիտեմ, ընկեր Երկնափեշյան։ Լինում է նաև հակառակը, մարդը ծնվում է առողջ ու ապրում երջանիկ, չի հիվանդանում, օտարները չեն հարձակվում ու թալանում նրանց Երկիրը, մի ողջ ժողովուրդ իրենից անկախ, անարդարացի ու անսպասելի ցեղասպանություն չի ապրում։ Իշխանությունը չեն բռնազավթում ապաշնորհ մարդիկ ու կյանքը չի անցնում մի բռնապետության շրջանում, կամ աքսորներում։ Այ այս մարդու կյանքի մասին կարող եմ ասել, որ այն Աստծո պարգև է։ Ու՞ր էր, թե յոթ ու կես միլիարդ բարին արարող, երջանիկ մարդ ապրեր աշխարհում։ Բայց իրականում մեկը մյուսի մեջքին հարվածելու պատրաստ, իրենց փոքրիկ անկյունները քաշված, իրենց կրոն-պատյաններում թաքնված մարդկություն է։ Ես չգիտեմ, ի՞նչ է կյանքը։ Բայց այն, որ մարդը սադրանք է մայր բնության հանդեպ, հաստատ այդպես է։

Լռություն էր տիրում։ Գետի քչքչոցն էր միայն խանգարում այդ լռությանը ու փայտփորիկի կտցահարումը։ Երկնափեշյանը մտածեց, որ պատանիների հարցերին պատասխանելը ծնողների համար, հավանաբար, դժվար է։

—Ասում ես, մարդը սադրա՞նք է բնության հանդեպ։ Բայց մարդը բնության մասն է, մասնիկը, նրա գոյության ձևերից մեկը, այն մեկը, որը հոգի, հավատ ունի, օժտված է բարձրագույն բանականությամբ և աշխարհի հանդեպ՝ պատասխանատվության զգացումով։ Սակայն, համաձայն եմ, ինքն իրեն ու բնությանը վնասել կարող է,— այս ասելու վրա Երկնափեշյանը մի քանի շիշ վերցրեց ու դրեց պարկի մեջ։

— Գիտե՞ս,—շարունակեց ուսուցիչը,— ամեն բան փոխվեց այն պահին, երբ մարդը դրամը հորինեց, ու այն դարձավ բոլոր երևույթների համարժեքը։ Այլևս անհրաժեշտ չէր ասպետ լինել ու դուրս գալ մենամարտի, և հենվելով սեփական ուժի ու խելքի, կամ ռազմական ունակությունների վրա՝ հաղթել թշնամուն։ Արդեն կարելի էր վարձել, պատվիրել մեկ ուրիշի մահը, գնել ուրիշների կյանքը և այսպես շարունակ։ Մարդն իր կյանքը ենթարկեց իր ստեղծած դրամատիրությանն ու շահույթ ստանալու բանաձևերին՝ հավատից մինչև արվեստ։ Սա հին կռիվ է, կռիվ «Բարու» ու «Չարի» միջև, որտեղ ինքնաբերաբար տարածվող չարիքը նոր տարածքներ է գրավում ու պարտության պատնում ինքնաբավ ու երկպառակված բարուն։ Վախենամ, մարդկությւունը անցնում է այն սահմանը, որից հետո առանց ցնցումների հնարավոր չի կանգ առնել ու ետ դառնալ։

—Իսկ ի՞նչ պիտի անենք, որ մարդը չանցնի այն սահմանը, որից հետո ուշ կլինի,— հարցրեց Սոնան,— չէ որ կենդանական աշխարհի ոչ մի ներկայացուցիչ սահմաններ չի անցնում, չնայած օժտված չի Ձեր ասած պատասխանատվության զգացումով։

—Շատ լավ հարց ես տալիս, սիրելի Սոնա։ Ձեր մայրերը, մեկ գդալ մերանով մի դույլ կաթը մերում են, չէ՞,— սկսեց Երկնափեշյանը,— և մեկ գիշերվա մեջ փոխում են նյութի տեսակը։ Դուք եք այդ մերանը, որ պիտի որակապես փոխեք մարդկությունը, սիրելի Սոնա, սիրելի Արմեն, սիրելի պատանիներ ու աղջիկներ, աստիճանաբար վերադարձնելով մարդկությանը այն վիճակին, երբ մարդն ապրում էր բնության հետ ներդաշնակ։ Աշխարհի բոլոր անկյուններում կան Ձեզ պես մաքուր ու սրտացավ մարդիկ, ովքեր կմիավորվեն ու կփրկեն մարդկությունը՝ իրենց պառակտող վարակներից։ Մարդն առաքելություն ունի, Աստվածային առաքելություն, տիեզերական առաքելություն։ Աստված թույլ չի տա, որ մարդկությունը վերացնի իրեն, բայց Աստված ուզում է, որ մենք ինքներս դուրս գանք մեր իսկ փորած վիհերից։ Իսկ կյանքը, ինչպես դու ասացիր, պարգև է, այսօր՝ բարին սերմանելու, հեռավոր ապագայում՝ սառն ու մութ տիեզերքում լույս ու ջերմություն տարածելու առիթ։ Տեսա՞ք քանի անգամ մարդ ու մարդկություն ասացի։ Ես էլ եմ Ձեզ պես մտահոգ,— ուսուցիչը մի պահ լռեց ու մտքերի գիրկն ընավ, մտովի պատկերացնելով այն խորխորատի առաջացրած հետևանքների ծանրությունը, որոնք առաջ են եկել մարդու նյութափաշտության պատճառով ու գնալով տարծվում են։

— Բոլորդ այսօր հինգ եք ստանում,— անսպասելորեն, եզրափակեց նա։

— Ընկեր Երնափեշյան, ինչու՞ եք մեզ միշտ բարձր գնահատում։ Չէ որ մենք չպատասխանեցինք մեր դասը։

— Բարձր եմ գնահատում, որպեսզի վերև ձգվելու պատճառ ունենաք։ Հիմա եկեք գնանք։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica