close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սփյուռքահայ համայնքների հանդեպ միասնական քաղաքականություն, եկեղեցու ներուժի կիրառում․ հայեցակարգային ինչ դրույթներ է առաջարկում Գևորգ Դանիելյանը

Քաղաքական

4 Մայիսի 2020, 22:17
 Սփյուռքահայ համայնքների հանդեպ միասնական քաղաքականություն, եկեղեցու ներուժի կիրառում․ հայեցակարգային ինչ դրույթներ է առաջարկում Գևորգ Դանիելյանը

ՀՀ Սահմանադրությունը ուղղակի պարտավորեցնում է, որ հայրենադարձության խթանման քաղաքականությունը լինի առաջնահերթ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով  Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանը, թե՝ հայրենադարձության խթանումը իրենց առաջնահերթ խնդիրներից չէ և եթե համաճարակի արդյունքում դա տեղի ունենա՝ Հայաստանը պատրաստ չէ լայնածավալ հայրենադարձության:

«Բնականաբար, կառավարությունն է որոշում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը և ինքն էլ իրականացնում է, բայց միայն  այն սահմաններում, որոնք ուրվագծված են Սահմանադրությամբ»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Սահմանդրության 19-րդ հոդվածը․ «Հայաստանի Հանրապետությունը հայկական Սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը»։

Սա նշանակում է՝ Հայաստան պետությունը ոչ միայն պարտավոր է նպաստել հայրենադարձությանը, այլև զարգացնել համակողմանի կապերը և հայապահպանումը․ «Գոնե այս 3 ուղղությունները ամրագրում է Սահմանադրությունը, որևէ մեկը այլևս չի կարող դրանք վերանայել, վերանայելու համար պետք  է Սահմանադրությունը փոխել»,-արձանագրեց իրավաբանը։

Նա ընդգծեց, որ ընդամենը տեսական, գիտական հարթության վրա կարելի է այս կամ այն հանգամանքը հաշվի առնելով՝ որոշել, որ, ընդունենք, հայապահպանման քաղաքականությունը այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէ, կա ավելի զորեղ, շատ ավելի հեռանակարային քաղաքականություն և այլն։

«Կոնկրետ Սահմանադրությունը ուղղակի պարտավորեցնում է, որ այս քաղաքականությունը լինի առաջնահերթ։ Նույնն էլ վերաբերում է հայրենադարձությանը և համակողմանի կապերի պահպանմանը»,-ասաց Գևորգ Դանիելյանը։

Զարեհ Սինանյանի հայտարարություններին քաղաքական որևէ գնահատական տալ նա չցանկացավ, նախընտրեց ենթադրել, որ դա իրազեկվածության պակասի հետևանք է։

Գևորգ Դանիելյանը անհրաժեշտ է համարում, որ այս ոլորտում մշակվի հստակ Հայեցակարգ, որպեսզի իրականացվի կանխատեսելի քաղաքականություն։

Նա հետազոտություն է իրականացրել, հսկայական նյութ կուտակել և համահեղինակել «Սփյուռքի հայ համայնքների իրավական կարգավիճակը (ԵՄ, ԱՄՆ, ԱՊՀ երկրներ)» աշխատությունը։

Ամփոփելով հետազոտության արդյունքը՝ Դանիելյանը նշեց մի քանի ուղղություն, որոնք պարտադիր պետք է տեղ գտնեն Հայեցակարգում։

Առաջինը Սփյուռքի համայնքների կարգավիճակի հարցն է։

«Պարզ դարձավ, որ, ինչը և կանխատեսելի էր, Սփյուռքում համայնքները միասնական կարգավիճակ չունեն։ Տարբեր երկրներում դրանք տարբեր կերպ են ընկալվում, որովհետև այդ ընկալման վրա ազդում է նաև այդ երկրների ազգային օրենսդրությունը։ Ընդհանուր խնդիրն այն է, որ գոնե հայրենական իշխանությունները չեն էլ փորձել այս հարցում հնարավոր միասնականություն ապահովել, որովհետև կան այնպիսի հարցադրումներ, որոնք դուրս են տվյալ երկրի ազգային օրենսդրությունից և այստեղ կարելի է ձևավորել միասնական քաղաքականություն»,-ասաց Գևորգ Դանիելյանը։

Սա, նրա համոզմամբ, հայեցակարգային կարևորագույն դրույթներից է, քանի որ միասնականությունը հնարավորություն կտա յուրաքանչյուր համայնքի հետ գոնե որոշակի ընդհանուր քաղաքականության ուղղություններ ունենալ։

«Հաջորդը՝ պետք է հասկանալ, թե այդ համայնքներն ինչ խնդիրներ ունեն որպես համայնք ճանաչվելու։ Որովհետև շատ հաճախ օգտագործում ենք «համայնք» եզրույթը, բայց եթե մեզ հարցնեն՝ իսկ ի՞նչ եք հասկանում «համայնք» ասելով, որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող։ Մենք անգամ ներքին՝ ազգային օրենսդրությամբ համայնքի բնորոշումը չենք տվել․ մենք մոտավորապես պատկերացնում ենք՝ ինչ բան է համայնքը, դրանով արդեն ավարտել ենք մեր աշխատանքը»,-մտահոգություն հայտնեց Գևորգ Դանիելյանը։

Համայնքի ձևակերպման միջազգային փորձը, նրա խոսքով, տարբեր է․ պետք է ուսումնասիրենք, հասկանանք՝ որ պետության հետ ինչպես ենք վարվում։ Իսկ միասնականությունը պետք է ապահովենք վաղ թե ուշ, և ինչքան շուտ, այնքան լավ՝ համոզված է իրավաբանը, քանի որ մենք իսկապես այս հարցով բավական դանդաղ ենք շարժվել և կորցնում ենք թանկագին ժամանակը․ վերջին տասնամյակների ընթացքում բավական անցանկալի զարգացումներ են տեղի ունենում՝ մարդիկ արդեն չեն տիրապետում հայոց լեզվին և Սփյուռքի հետ կապերի մասին խոսելը այս պարագայում չափազանց դժվարանում է։

Հայեցակարգային հաջորդ ուղղությունը, Գևորգ Դանիելյանի համոզմամբ, պետք է լինի յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրությունը, նրանց քաղաքականությունը, տվյալ երկրում Սփյուռքի ակտիվության աստիճանը, ազդեցությունը և այլ գործոններ հաշվի առնելով՝ պայմանագրեր կնքելը։

«Տեսե՛ք, ինչպես է վարվում, օրինակ, Հունաստանը․ մենք մեր աշխատության մեջ նաև այդ փորձին ենք անդրադարձել։ Հունաստանը իր երկրում գտնվող բոլոր համայնքներին վերապահում է զգալի արտոնություններ և դա ոչ թե պատահաբար է անում, որովհետև այդպիսի քաղաքականություն է որդեգրել՝ առանց դրա համար հիմքեր ունենալու, այլ դա անում է, որպեսզի կարողանա նաև լինել պահանջատեր հարևան երկրներում հունական համայնքների նկատմամբ։ Չենք կարող միակողմանի ակնկալել ինչ-ինչ զարգացումներ, պետք է փոխադարձության սկզբունքը միշտ աշխատի․ մեր հարաբերություններում այս սկզբունքը պետք է դառնա շատ կարևոր»,-ասաց Գևորգ Դանիելյանը։

Հայեցակարգային հաջորդ հարցը պետք է լինի Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներուժը, նրա՝ արդեն դարերով ձևավորած կապերը և ավանդույթները օգտագործելը Սփյուռքի հայ համայնքների հետ աշխատանքում։

Գևորգ Դանիելյանը հիշեցնում է, որ սա ևս Սահմանդրությամբ ամրագրված պարտավորություն է․ «Հայ առաքելական սուրբ եկեղեցին նույն Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն պատասխանատու է այնպիսի ոլորտի համար, ինչպիսին է հայրենադարձությունը և ազգային ինքնության պահպանումը։ Մենք խոսում էինք հայապահպանության մասին զուտ պետության քաղաքականության տեսանկյունից։ Հիմա ներկայացնենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաքելությունը․ 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում  է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում  մեր ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանը։

Սա նշանակում է՝ երկու տարբեր սահմանադրական մարմիներ՝ աշխարհիկ և հոգևոր, պատասխանատու են այս ոլորտի համար։

«Հիմա հարց է առաջանում՝ այս պարագայում ավելի քան ենթադրվում է, չէ՞, որ այս երկու կառույցները պետք է այս հարցում գոնե սերտորեն համագործակցեին, ունենային համատեղ ծրագրեր։ Հայեցակարգը պետք է ուրվագծի, թե ինչպիսին պետք է լինի այդ համագործակցությունը»,-ասաց նա։

Գևորգ Դանիելյանի մոտ հարցեր է առաջացրել նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը։

«Այս կանոնադրության մեջ, տեսեք, ինչպիսի ձևակերպումների ենք հանդիպում․ նախ՝ գոյություն ունի այսպիսի ստորաբաժանում․ «Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչություն»։ Հասկանո՞ւմ եք՝ եկեղեցական կառույցների։ ՀՀ Սահմանադրությունը, իհարկե, կարող է եկեղեցական կառույցների հետ համագործակցությունը դիտարկել խիստ անհրաժեշտ և կարևոր հայապահպանության, Սփյուռքի հետ կապերը զարգացնելու տեսանկյունից, բայց չմոռանանք որ Սահմանադրությունը այդ առաքելությունը առաջին հերթին վերապահել է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Եվ եկեղեցին, անկախ ամեն ինչից, այս գործառույթը իրականացնում է»,-ընդգծեց նա։

Եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությունը ճիշտ չէ, որ Հայ առաքելական եկեղեցուն է վերապահել եկեղեցական կառույցների հետ համագործակցությունը, ուրեմն պետք է փոխել Սահմանադրությունը, ոչ թե խախտել՝ նշում է Գևորգ Դանիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ փոխելու կարիքը չկա, քանի որ Հայ առաքելական եկեղեցին բոլոր քույր եկեղեցիների հետ հրաշալի կապերի մեջ է, շատ ավելի ամուր կապերի, քան իշխանությունները։

«Այսինքն, այս համագործակցությունը կարող ենք իրականացնել միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներուժը նկատի ունենալով։ Եկեղեցին միևնույն է՝ համագործակցում է, քրիստոնեական քույր եկեղեցիները պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում և ոչ միայն։ Սահմանադրությունը պետք է իր արտացոլումը ստանա յուրաքանչյուր նորմատիվ իրավական ակտում, չի կարելի պարզապես ձևակերպել «եկեղեցական կառույցների հետ կապերի վարչություն»»,-նշեց Գևորգ Դանիելյանը։

Նրա մոտ տպավորություն է, որ մենք բավական չափով իրազեկված չենք անգամ Սահմանադրության նշված երկու հոդվածներից։

«Բա եթե մենք Սահմանադրությամբ եկեղեցուն վերապահում ենք առաքելություն՝ ինքնության պահպանման տեսանկյունից, ու հետո նշում ենք «եկեղեցական կառույցներ»՝ իբրև թե խղճի ազատության ոլորտում փորձում ենք խտրականություն չմտցնել, նշանակում է, որ մենք պատկերացում չունենք իսկապես Սահմանդրության դրույթների մասին»,-ասաց նա։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը ամրագրում է նաև «հայրենադարձության և հետազոտությունների վարչություն»։

«Եթե հայրենադարձության վարչություն ունեք և դա չեք համարում առաջնահերթ․․․ հայրենադարձությունը քաղաքականություն է, դա չի նշանակում, որ եթե պատրաստ չեք, հնարավորություն չունեք, ուրեմն դա առաջնահերթ չեք համարում։ Եթե հնարավորություն չունենք ՀՀ-ում հայրենադարձություն կազմակերպելու՝ զուտ նկատի ունենալով, որ չկան աշխատատեղեր և այլն, ապա դա պետք է վերաբերի բոլորին․ մենք չենք կարող այլազգիներին ասել՝ դուք որպես էժան աշխատուժ, այո՛, մուտք ունեք Հայաստան, բայց Սփյուռքի համար վերապահումներ անել։ Սա որևէ կերպ Սահմանադրության հետ աղերսներ ունենալ չի կարող»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանը։

Սփյուռքի հետ կապերը, ըստ նրա, հնարավոր չէ զարգացնել պարզապես մեծածավալ գրականություն տեղափոխելով, որի բաշխումը, նույնպես, մեծամասամբ արվում է եկեղեցիների միջոցով․ «Բայց եկեղեցիներն էլ ամենազոր չեն, եթե չկա հստակ ծրագիր, թե այդ գրականությունը ում պետք է փոխանցվի, ինչ կարգով։ Եվ ես նկատել եմ, որ այդ դասագրքերի մեծ մասը փաթեթավորված այդպես էլ մնում է»։  

Եվ ամենակարևորը նրա համոզմամբ՝ մենք չպետք է Սփյուռքին ամեն անգամ նայենք որպես ներդրող ուժի․ «Վերջին հաշվով, այստեղ կա այնպիսի հսկայական ներուժ, որը կարող է օգտակար լինել ոչ թե պարզապես ներդրումներ կատարելու՝ զուտ տնտեսական, ֆինանսական իմաստով, այլև քաղաքական, սոցիալական ասպեկտներով»։

Գևորգ Դանիելյանը վստահ է, որ Սփյուռքի ներկայացուցիչները պետք է մասնակցեն Հայաստանի մարմինների ձևավորմանը՝ անկախ հաշվառում ունենալուց կամ Հայաստանում գտնվելուց։ Ավելին, Սփյուռքի՝ ծագումով հայ ներկայացուցիները պետք է կարողանան մասնակցել Հայաստանում ձևավորվող քաղաքականությանը՝ ոչ թե վճռորոշ, բայց գոնե մասնակցություն պետք է ունենան։

«Մենք այստեղ ծայրահեղությունների մեջ ենք ընկնում։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ Սփյուռքի ներկայացուցիչները կարծիքներ են հայտնում բավականին ակտիվ, բայց անմիջապես փորձ ենք անում նրանց լռեցնել, թե՝ դուք մի միջամտեք․ սա էլ մյուս ծայրահեղությունն է։ Իսկ ինչո՞ւ մենք այդ ծայրահեղություններն ունենք՝ որովհետև չունենք հստակ քաղաքականություն, ռազմավարություն»,-ասաց նա։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները յուրահատկություն ունեն, քանի որ հայկական Սփյուռքը քանակով շատ ավելին է, քան ներքին բնակչությունը։ Գևորգ Դանիելյանի համոզմամբ, սակայն, պետք է գտնել եղանակներ շահագրգռելու այն անձանց, ովքեր իսկապես կապված են հայրենիքի հետ։

Հապաղումը նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտությամբ պատրվակելը Գևորգ Դանիելյանի համար ընդունելի չէ։

«Ինձ համար միշտ մտահոգող է, երբ ասում են՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար պետք է անպայման օրենք ընդունվի։ Երևի Հայաստանից հետո երկրորդ երկիրը դուք չեք գտնի, որտեղ այդքան շատ օրենքներ ընդունված լինեն։ Քաղաքականությունը չի կարող հանգել միայն օրենքների»,-ասաց նա։

Երբ գալիս է նոր իշխանություն, որպեսզի ուրվագծի, որ նոր շունչ է բերում, անմիջապես որպես դրա ցուցիչ օրենքների ընդունումն է համարում՝ նշեց նա։ Հետո այդ օրենքները կա՛մ աշխատում են, կա՛մ չեն աշխատում։ Գևորգ Դանիելյանը վստահ է, որ չի կարելի այդպես արագ-արագ փոխել օրենսդրությունը և մտածել, որ օրենքներ ընդունելով իրավական մշակույթ ենք ձևավորում։

Նա դեմ չէ նոր օրենքներին, բայց համարում է, որ առաջին հերթին պետք է եղածը իսկապես հստակ ընկալվի, հասկացվի և քաղաքականություն մշակվի։

«Ունենալով այսպիսի հսկայական ներուժ, ինչպիսին Սփյուռքն է, մենք ընդամենը պատկերացնում ենք՝ իսկ ինչո՞վ կարող են նրանք մեզ օգնել, ի՞նչ կարող են փոխանցել․․․ մենք պետք է մտածենք նաև հակառակը՝ ինչպե՞ս կարող ենք մենք իրենց աջակցել, ի՞նչ խնդիրներ ունեն, ինչո՞ւ իրենց մոտ համայնք չի ձևավորվում, չէ՞ որ այդ համայնքի ձևավորումը կարող է նպաստել նաև հայապահպանության գործին»,-ասաց Գևորգ Դանիելյանը։

Նա մտահոգություն ունի, որ անգամ կան երկրներ, որտեղ մի քանի հայ համայնքներ են ձևավորվել և նրանց միջև անտեղի մրցակցություն կա։ Պետք է այս խնդիրները լուծել, որպեսզի տարբեր գաղթօջախներում ունենանք կանխատեսելի, կառավարելի կառույցներ, որոնք կնպաստեն Սփյուռքի նկատմամբ քաղաքականության ձևավորմանը։

Աննա Բալյան

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica