close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին

Խմբագրի անկյուն

29 Ապրիլի 2020, 17:24
 Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին

Երեխաներին տարատեսակ վտանգներից ապահովագրելն ու պաշտպանելն անշուշտ բարի մղումներ ունի: Բայց ցանկացած բարի մղում անգամ սխալ կիրառելիության դեպքում ու սխալ մարդկանց ձեռքում կարող է անդառնալիորեն վնասել: 

Այս օրերին կրկին քննարկամն թեմա է դարձել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որի վավերացումը ենթադրում է հետագայում տարատեսակ ծրագրերով ներթափանցել դպրոցներ և «լուսավորել» երեխաներին, թե ինչպես պաշտպանվել դրանից: Ու էլի թարս տեղից ենք սկսելու: 

Տարիներ առաջ նույն տրամաբանությամբ դպրոցներում սկսեցին տարատեսակ դասեր ու դասընթացներ անցկացվել «Առողջ ապրելակերպ»-ի շրջանակներում, որի տխրահռչակ և անարդյունավետ արդյունքներն այսօր արդեն գոնե տեսանելի են, որովհետև այնքան մանրամասն նկարագրություններ էին արվում տարատեսակ թմրանյութերի, ծխախոտի, ալկոհոլի, սեռական կյանքի մասին, որ հարց էր առաջանում՝ այդ ամենը կանխարգելու՞մ, թե՞ իրականում հետաքրքրություն էր առաջացնում ու խթանում թեման: Ինչպես «Ծխելը վնասակար է առողջությանը» նախազգուշացումը դեռ ոչ մեկին չի կանգնեցրել ծխախոտ գնելուց, գրեթե նույն արդյունավետությունն էլ ունեցել են այս դասերը: Մինչ դեռ առողջ ապրելակերպի առավելությունները թվելու փոխարեն, շեշտադրումները գնում էին վնասների ուղղությամբ, իսկ դեռահասի հուզական ընկալունակությունը, բնավորության շեշտվածությունը, ես-ի փնտրտուքում և ինքնագիտակցության ձևավորման անցումային փուլում գտնվելու հանգամանքն անշուշտ ուշադրությունը սևեռում էր՝ «այս աշխարհը մութ է ու վտանգավոր» մտքերի վրա: 

Այս փոքրիկ օրինակը նպատակ ուներ հասկացնելու, որ ինչ-որ բան մեխանիկորեն վերցնելուց ու տեղայնացնելուց առաջ, պետք է հաշվի նստել մի շարք հանգամանքների հետ:

Երեխայի զարգացումը ուղղագծային չի երբեք, այն ունի իր վայրիվերումները, սենզիտիվ շրջանները, հոգեկանի զարգացման տարիքային առանձնահատկությունները: Տարիքային հոգեբանությանը քիչ թե շատ ծանոթ մարդը գիտի, որ կրտսեր դպրոցական տարիքում երեխաները դեռևս վերջնական չեն տարանջատում իրականությունն ու երևակայականը ու շատ իրադրություններ լրացնելով երևակայությամբ, այն նույնացնում են իրականության հետ: Իսկ բարձր ներշնչվողականությունը, որը բնորոշ է երեխաներին, շատ խոցելի տեղեր են թողնում՝ սեռական ոտնձգությունների մասին ինֆորմացիայի ընկալման հարցում: Բացի այդ, այս տարիքը համարվում է սեռականության զարգացման լատենտ շրջան, քանի որ այն համեմատաբար ավելի հանգիստ ու անկոնֆլիկտ է անցնում: Այս դեպքում հարց՝ ինչու՞ խաթարել երեխայի բնականոն զարգացման ընթացքը, տարատեսակ ինֆորմացիաների ազդեցությամբ ստեղծելով մտասևեռում այս թեմաների վրա: Իհարկե պատասխանը կհնչի՝ ինֆորմացված ես, պաշտպանված ես: Ճիշտ է. խնդիրն այստեղ կրկին այն է, թե ի՞նչ ինֆորմացիայով ես ինֆորմացված: Մյուս կողմից, ինչու դասընթացները չսկսել ծնողական համայնքից ու արդեն գիտակից ու ձևավորված անձին զինել այն գիտելիքներով, որի փոխանցողն ուզում են դառնալ երեխաների «փրկիչները»: Չէ՞ որ յուրաքանչյուր երեխա մեծանում է իր ընտանեկան ավանդույթներով, արժեհամակրգով, ունի սոցիալական հասունության իր աստիճանը, փակ ու տաբու թեմաները մատուցելու իր մշակույթը: Մի՞գուցե ավելի նպատակահարմար է հենց դրանք հղկել: Հստակ տարբերելով սեռական դաստիարակությունը սեռական կրթությունից, ամեն դեպքում առաջարկ որպես՝ ծնողին  կարելի է դարձնել սեռական կրթության ագենտը, կրթելով նաև նրան: Իսկ միգուցե այս խնդիրներով տոգորված «մասնագետների» համար ավելի հեշտ թիրախ են երեխաները և ոչ որոշակի գիտելիքով զինված մեծահասակը: Ու այս դեպքում շատ ավելի հեշտ է նաև նույն ծնողին թիրախավորել որպես բռնարար ու ոտնձգություն կատարող: Իսկ հետագայում  նաև  «փրկել» երեխային  ու համալրել՝  «հատաքանակով» ֆինանսավորվող ապաստարանները. ինչքան շատ «տուժած» երեխա, այդքան շատ ֆինանսավորում: Իհարկե բացառել, որ Հայաստանում նման դեպքեր չկան, անմտություն է, բայց մի քանի մարդկային դժբախտությունները ընդհանրացնել ու պիտակավորել մի ամբողջ ազգի՝ կարծում ենք և՛ս տրամաբանական չէ: 

Երեխան ծնողների հետ հուզական կապը հաճախ հաստատում է ոչ վերբալ միջոցներով՝ գրկախառնություն, համբույր, որոնք ստեղծում են ծնողի նկատմամբ վստահության հիմքերը, իսկ «իմ մարմինն իմ անձնական տարածքն է» անընդհատ թմբկահարող պնդումը ինչպիսի պատասխան մեխանիզմներ է ձևավորում երեխայի մոտ, թողնում ենք ձեր մտորմանը: 

Եթե կրտսեր տարիքում այսպիսի լուսաբանումները հակասություններ ունեն տարիքային առանձնահատկությունների հետ, ապա դեռահասության տարիքում սրանք անշուշտ անհրաժեշտություն են: Հաշվի առնելով վերևում բերված դասընթացների օրինակներն, այստեղ նշենք մի քանի մտահոգություն.

  • դեռահասության տարիքը բնորոշվում է ընդօրինակմամբ: Ու՞մ և ինչպե՞ս են ընդօրինակելու նրանք, ովքեր են դառնալու նրանց «հերոսները» (հա՞րկ է հիշել սեռափոխված սպորտսմենին և նրան հերոսացնելու փորձերը)
  • դեռահասներին բնորոշ է հակումը էքստրավագանտ, համարձակ վարքագծի (հա՞րկ է հիշել «կարմիր խնձորը» հետամնացների ու պարսավելի երևույթ որակողներին, «ո՛չ հայրիշխանությանը» գոռացողներին և նմանատիպ էքստրավագանտ թրեյներներին, ովքեր սեքսուալ լիբերականացման ջատագովներն են և միանշանակ այս դասընթացները վարելու թիվ մեկ հավակնորդները): Այս երևույթները քննության տակ առնելուց ու քննադատելուց առաջ խորհուրդ կտանք նայել օր. ԱՄՆ-ի անցած ճանապարհը, երբ սեքսուալ հեղափոխության պիկին եռապատկվել էր ՁԻԱՀ-ով հիվանդացող դեռահասների թիվը, բարձրացել հակումը հակասոցիալական վարքագծի նկատմամբ: Պարտադի՞ր է արդյոք քայլել նույն ճանապարհով՝ վտանգները հասկանալու համար:
  • ստացած ինֆորմացիայի արդյունքում հետաքրքրությունների մեծացումը սեքսուալ կյանքի նկատմամբ և դեռահասին բնորոշ ռիսկի դիմելու և սուր զգացողություններ ունենալու միջև կապը:

Անշուշտ այս շարքը կարելի է անվերջ թվարկել, բայց այս ամենով հանդերձ չմոռանանք նաև, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն է փորձում որդեգրել: Սկսենք դպրոցներում նման կասկածելի արդյունավետությամբ դասընթացներ ներդնելու՞ց, թե՞ օրինակ համացանցային անվտանգության վերահսկումից, որն այսօր ավելի վտանգավոր տիրույթ է, քան ընտանիքի կամ մերձավոր շրջապատում բռնարարներ փնտրելը:

Իսկ այս ամենին հույժ կարևորություն տվող պաշտպաններին պարզապես կոչ՝ ուսումնասիրել այն երկրների դեմորալիզացիայի վիճակագրությունը, որոնք ընդունել են կոնվենցիան ու անցել են այս ամենի միջով, արդյո՞ք խնդիրները կտրուկ կրճատվել են և երեխաները դարձել առավել պաշտպանված: Այս հարցերի մտորումն էլ թողնում ենք մեր ընթերցողին:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica