close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանությունն ու քրդերը. ինչո՞ւ ենք ներել քրդերին

Հարթակ

27 Ապրիլի 2020, 18:26
 Հայոց ցեղասպանությունն ու քրդերը. ինչո՞ւ ենք ներել քրդերին

Լրացավ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ինչպես ամեն տարի, այս տարվա ապրիլ ամսին նույնպես, Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվացավ Հայոց ցեղասպանության թեման։ «ԱՄՆ-ն նախագահն ասաց «Մեծ Եղեռն», բայց չասաց Ցեղասպանություն», «Էրդողանը ցինիկորեն ցավակցում է Պոլսո պատրիարքին և կիսում 105 տարի առաջ հայ և թուրք զոհերի ցավը», «Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարները դատապարտում են Հայոց ցեղասպանության ժխտողականությունը և իրենց զորակցությունը հայտնում հայ ժողովրդին», «աշխարհի տարբեր ծայրերում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, տարբեր քաղաքներում հուշատախտակներ» և այլն. այս բոլորն արդեն դարձել են ապրիլքսանչորսյա ամենամյա օրակարգ։

Այդուհանդերձ մշտապես հետաքրքրական է, թե ինչ են խոսում և ինչպիսին է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր արևմտյան հարևան երկրում՝ Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրության իրավահաջորդ երկրում։ Տրամաբանական է, որ մի երկրում, որտեղ ժխտողական քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, Հայոց ցեղասպանության թեման միշտ էլ թույլ օղակ է և ամենազգացմունքային թեմաներից մեկը։

Վերջին տարիներին (փաստացի, տենդենցը նկատվել է Էրդողանի իշխանության հաստատումից հետո) Հայոց ցեղասպանության վերաբերյալ համարձակ հայտարարություններով նորանոր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ են հանդես գալիս։ Անշուշտ, փոքր ուրախություն է, երբ թուրք հայտնի անձինք հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով և դատապարտում են ժխտողականությունը։

Սակայն ինչպիսին է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ իրենց ներդրումը ունեցած այլ էթնիկ խմբի՝ քրդերի այժմեական դիրքորոշումը և ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, քրդերին կարողացել ներել (թեկուզ մասամբ)։

Ինչպես գիտենք Հայոց ցեղասպանության տարիներին (նաև համիդյան ջարդերի տարիներին) թուրքերի արյունալի ծրագրերին իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերեցին քրդերը՝  շատ հաճախ օգտագործվելով որպես գործիք։ Բայց այն, որ քրդերի պապերի ձեռքերն արյունոտված են հայերի արյունով՝ փաստ է։

Քրդերը Օսմանյան կայսրության ժամանակ (մասնավորապես վերջին տարիներին) բազմիցս մասնակցել են թուրքերի գազանային և ապօրինի գործողություններին. դրա դիմաց թուրքական պետությունը նրանց խոստանում էր բնիկների (հայերի, հույների, ասորիների) ունեցվածքը, հողերը, հաճախ նաև խոստանում ինքնավարություն։ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ըստ բազմաթիվ աղբյուրների, քեմալական «ազգային-ազատագրական պայքարի» ժամանակ, համագործակցելով քրդական ցեղախմբերի՝ աշիրեթների հետ, նրանց խոստացել էր ինքավարություն։ Սակայն 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, քրդերը հասկացան, որ խաբվել են, ինչի հետևանքը դարձավ 1926-30 թթ. Արարատյան ապստամբությունը, 1937-38 թթ. Դերսիմի ապստամբությունը և, արդեն անվերադարձ, թուրք-քրդական հարաբերությունների վատթարացումը։ 1980-ականներին Թուրքիայում ակտիվացավ քրդերի անջատողական պայքարը, որը, առանձին ընհատումներով, շարունակվում է ցօրս։ Այդ պայքարում շատ հաճախ քրդերին իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև ծագումով հայերը։

Հայ-քրդական մերձեցումը կասեցնելու համար Թուրքիան դիմում է տարբեր մեթոդների։ Նմանատիպ մեթոդներից մեկը Հայոց ցեղասպանության ժամանակ քրդերի գործուն մասնակցության փաստերը ի հայտ բերելն է, որը, ըստ թուրքական քարոզչամեքենայի, ենթադրում է հայ-քրդական հարաբերությունների վատթարացում։

Ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի օրերին Թուրքիայում գործող քրդական հասարակական, քաղաքական կազմակերպություններն (Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ) ու գործիչները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության քննադատության կոչերով։

Քուրդ փաստաբան, գրող Ֆըրաթ Այդընքայան Nupel.net կայքում «Քրդերն ու Հայոց ցեղասպանությունը 8 հարցում» վերնագրով հարցազրույցում անդրադառնում է Հայոց ցեղասպանության ժամանակ քրդերին գործուն մասնակցությանը։

Առաջին՝ «Մասնակցել ե՞ն քրդերը Հայոց ցեղասպանությանը, ո՞վ է դա արել և բացի մի քանի քրդական աշիրեթներից, ինչպիսին է մնացած քրդերի դիրքորոշումը» հարցին ի պատասխան Այդընքայան նշում է, որ  կան բազմաթիվ տեղեկություններ, որ քրդերը մասնակցել են հայերի կոտորածին՝ մասնավորապես այն վայրերում, որտեղ կար թշնամություն հայերի և քրդերի միջև, սակայն հավելում, որ քրդերը կապ չունեն հայերին կոտորելու որոշման հետ և այդ որոշումը կայացվել է առանց նրանց համաձայնության, ուստիև նրանց մեղքն այդտեղ չկա։

Ըստ Այդընքայայի՝ գործում էր «ցեղասպանության բյուրոկրատիա» և շատ հաճախ քրդերն այդ բյուրոկրատական շղթայում զբաղեցնում էին վերին և միջին օղակներում. Հարպուտի (Խարբերդ) նահանգապետ Սաբիթ բեյը, Դիարբեքիր-Մարդին նահանգային ցեղասպանության ղեկավարներից Ֆեյզի Փիրիզադեն, Մուսթաֆա Ջեմիլփասազադեն, Մուշի կոտորածների կազմակերպիչ Հոջա Ըլյաս Սամին նմանատիպ քուրդ գործիչներից են. «Եթե քրդերը չմասնակցեին ցեղասպանությանը, հայերին պաշտպանեին կամ գոնե չեզոք մնային, ապա այսօր այլ պատկեր կունենայինք», - նշում է Այդընքայան։

Անդրադառնալով թուրքական այն թեզին, որ հայերը մահացել են պատերազմական գործողությունների ընթացքում, քուրդ փաստաբանը նշում է, որ նմանատիպ բան չկա, քանզի հայերի և քրդերի մեջ պատերազմ չի եղել և հայերը սպանվել են ախոռներում, ամառանոցներում, դաշտերում և այլն։

Ֆըրաթ Այդընքայայի հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց մասնավորապես քրդերի մոտ, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում իրավաբանի հնչեցրած մտքերի վերաբերյալ։

Թուրքական հայամետ GazeteDuvar կայքը, որն աչքի է ընկնում տարբեր թեմաների վերաբերյալ իր ռացիոնալ դիրքորոշմամբ, անդրադարձել է Այդընքայայի հոդվածին։ Լրագրող Ֆեյզի Չելիքը նշում է, որ ինչքան էլ քննադատվի քուրդ փաստաբանի հոդվածը, միևնույն է իրականությունը չի փոխվի, և բացի այդ, հոդվածի հիմնական միտքն այն է, որ Օսմանյան կայսրությունն է Հայոց ցեղասպանության միակ մեղավորը, իսկ քրդերի դերը երկրորդական է եղել և նրանք, որպես հանրույթ,  մեղավոր չեն։

Չնայած թուրքական պետության՝ արխիվները բացելու կոչերին և Հայոց ցեղասպանության ընթացքում քրդական մասնակցության վերաբերյալ հայտարարություններին, կարծում ենք, որ և՛ Այդընքայան, և՛ GazeteDuvar-ը կարողացել են ավելի ճշգրիտ ներկայացնել քրդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը։

Այն, որ քրդերը մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանությանը, անհերքելի է։ Սակայն այս հարցում գլխավորն այն է, որ քրդերը, ի տարբերություն թուրքերի, ընդունել և ընդունում են իրենց մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը՝ այն դեպքում, երբ քրդերի մասնակցությունը չի եղել համատարած ու պետականորեն իրագործված և բազմաթիվ հայեր, թեկուզ դավանափոխման գնով, կարողացել են մազապուրծ լինել կոտորածներից հասարակ քուրդ բնակչության շնորհիվ։

Արգամ Եղիազարյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica