close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից. տնտեսագետ

Տնտեսական

27 Ապրիլի 2020, 15:51
 Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից. տնտեսագետ

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է պետական բյուջեի վերանայման ու պետական պարտքի ծավալն ավելացնելու կառավարության նախաձեռնությունը: Ինչ կլինի հետո հարցի պատասխանը կախված է` երբ կավարտվի կորոնավիրուսը հարցի առայժմ անհայտ պատասխանից:

2020թ.-ի համար ծրագրված պետական բյուջեն վտանգված է, հարկերը նվազել են ծախսերն՝ ավելացել: Այս իրավիճակում կառավարությունը հանդես է եկել ՀՀ պետական բյուջեում որոշ փոփոխություններ անելու առաջարկով: Մասնավորապես՝ 5%-ով ավելացնել դեֆիցիտն ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից պարտք վերցնել լրացուցիչ 260 մլրդ դրամ (541 666 666 դոլար):

ՀՀ արտաքին պարտքի ավելացումը ստեղծված իրավիճակում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բնական է համարում և անգամ չի բացառում, որ մինչև տարեվերջ կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի դեֆիցիտը ևս մեկ անգամ վերանայել ու էլ ավելի մեծացնել արտաքին պարտքի չափը:

«Եթե իրավիճակն այսպիսի սցենարով շարունակվի ու կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական սահմանափակումները շարունակվեն առնվազն մինչև երրորդ եռամսյակ, մենք կունենանք նախանշված 260 մլրդ դրամի շեմի անցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Թեև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության անկումը Հայաստանում կավարտվի երկրորդ եռամսյակում, իսկ չորրորդ եռամսյակում տնտեսությունը կսկսի վերականգնվել, բայց իրական կանխատեսում անելու համար, Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, նախ պետք է իմանալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ երբ հաղթահարված կլինի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Մենք պետք է պատրաստ լինենք ավելի երկարաժամկետ դիմակայման, որովհետև մարտահրավերներն են այդպիսին: Մեր ծրագրերը պետք է համահունչ լինեն իրավիճակին: Ո՛չ պետք է շատ բացասական սպասումներ առաջացնենք, ո՛չ էլ ՝ անհիմն դրական սպասումներ: Իրական գնահատումը շատ կարևոր է և՛ տնտեսվարողների գնահատման տեսանկյունից, և՛ հանրության վարքագծի»,- ասաց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի բնորոշմամբ` իրավիճակն այսօր թելադրում է մի կողմից ձգել գոտիները, մյուս կողմից՝ փնտրել ոչ ստանդարտ լուծումներ: Չի բացառվում նաև, որ կառավարությունը ստիպված լինի գնալ պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Բայց այդ կրճատումները, մեր զրուցակցի խոսքով, չպիտի լինեն հաստիքների կրճատման կամ պետական որոշ կառույցների լուծարման միջոցով, քանի որ այդ դեպքում միայն կավելանա սոցիալական բեռը՝ լրացուցիչ գործազրկության առաջացման հետևանքով:

«Օրինակ՝ եթե պահվի պարգևատրումների այս անհասկանալի իրավիճակը և մյուս կողմից կրճատվի պետական կառավարման համակարգի հաստիքները` ոչ միայն հասկանալի ու տրամաբանական չի լինի, այլև կարող է ֆունկցիոնալ բացասական հետևանքներ թողնել հենց նույն պետական համակարգի վրա»,- ասաց նա:

Նշենք, որ կառավարության՝ ԱԺ-ին ներկայացրած բյուջեի նախագծում 2020թ.-ին նախատեսվող հարկային եկամուտները նախատեսվածից շուրջ 169.1 մլրդ դրամով (352 291 666 դոլար) պակաս են հաշվարկվել: Եվս 150 մլրդ դրամ (312 500 000 դոլար) է գնահատվել կորոնավիրուսի հետևանքների վերացմանն ուղղվող պետական օժանդակության փաթեթների ընդհանուր ծավալը:

Թադևոս Ավետիսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի երկարաձգման հետևանքով պետությունը ստիպված կլինի ավելացնել նաև այս ծախսերը:

«Դժվար է ասել, թե դեռ որքան ժամանակ մենք այդ ծախսերի անհրաժեշտությունը կունենանք, քանի որ դժվար է ասել, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռ որքան ժամանակ կշարունակվի, երբ կվերականգնվի բնականոն կյանքը, այդ թվում նաև՝ տնտեսական կյանքը: Սա շատ կարևոր է, որովհետև բյուջեի ծախերի գնահատումը կախված է յուրաքանչյուր օրվանից», - կարծում է տնտեսագետը:

Կառավարությունը ևս չի հերքում, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների չեզոքացմանն ու վերացմանն ուղղված ծրագրերը իրականացվելու են ոչ միայն արտակարգ դրության ընթացքում, այլև դրա ավարտից հետո: Եվ այս մասին և նշված է ԱԺ ներկայացրած Պետական բյուջեի փոփոխությունների նախագծում:

Հիշեցնենք` ապրիլի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարարության առաջարկը ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին:

Նախարարութան հաշվարկով` 2020թ.-ին ՀՀ բյուջեի հարկային եկամուտները կնվազեն շուրջ 169.1 մլրդ դրամով: Մինչդեռ ծախսերի մակարդակը հակառակը` կաճի` ներառելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 150 մլրդ դրամ արժողությամբ պետական օժանդակության  փաթեթները։

Բյուջեի այս փոփոխություններին կառավարությունն արդեն հավանություն է տվել, վերջին խոսքը կասի ԱԺ-ը՝ ապրիլի 28-ին նախանշված արտահերթ նիստում:


ՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
13 Հուլիսի 2020, 14:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica