close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիարբեքիրի հայկական եկեղեցիները եւ հայերը

Հարթակ

25 Ապրիլի 2020, 17:27
 Դիարբեքիրի հայկական եկեղեցիները  եւ  հայերը

Կարոտ Սասունյանը ծնվել է Սասուն գավառի Ղուլփ գյուղում։ Համալսարանական կրթությունն ստացել է Դիարբեքիր քաղաքում, որտեղ և  բնակություն է հաստատել ուսումն ավարտելուց հետո։ Մասնագիտությամբ լուսանկարիչ է, լուսանկարում է հայրենի Սասունի և հարակից շրջանների հայկական պատմական հուշարձանները կամ այն, ինչ մնացել է դրանցից։ Առաջիկայում լույս կտեսնի նրա լուսանկարների ալբոմը։ Հետաքրքրված է հայոց գավառների հատկապես վերջին 100 տարիների պատմությամբ, լուսանկարում և գրի է առնում այն ամենը, ինչը կարող է վրիպել հետազոտողների աչքից։ Գրում է հայրենի եզերքի, այնտեղ բնակվող հայոց բեկորների մասին։

 

Տիգրան Բ Մեծի կառուցած 7 և նրա անունով կոչված խոշոր քաղաքներից ամենամեծ ու ամենաշքեղ Տիգրանակերտը. . . Տիգրիս գետի ափին՝ ապառաժների մեջ կառուցված, ամեն ինչի հսկայականը մեկտեղած մի խոշոր քաղաք, որը շրջապատված է աշխարհի ամենաերկար պարսպով։ Թեև Չինական պատն է հայտնի որպես աշխարհի ամենաերկար կառույց, սակայն Չինաստանինն ընդամենը պատ է, իսկ Դիարբեքիրինը՝ պարիսպ։ 5 կմ ընդհանուր երկարություն ունեցող սույն պարիսպն ունի 92 աշտարակ (ներառյալ միջնաբերդի աշտարակները), 4 հիմնական դարպաս՝ Դաղ Քափըն կամ Խարբերդի դարպասը, Ռում Քափըն կամ Ուրֆայի դարպասը, Թելլ Քափըն կամ Մարդինի դարպասը և Յենի Քափըն կամ Նոր դարպասը։ Քաղաքի գլխավոր՝ Խարբերդի դարպասին փորագրված են Վահագն աստծո, Անահիտ աստվածուհու և Տիգրան Մեծի պատկերները։ Բացի այդ՝ պարսպի վրա կան հռոմեացիների, բյուզանդացիների և արաբների թողած արձանագրություններ։ 

Պատմական աղբյուրների համաձայն՝ Տիգրանակերտն ուներ 33 եկեղեցի: Հնագույններից մեկը Մար Թոմա եկեղեցին էր, որը սկզբում հայկական հեթանոսական տաճար էր եղել, ասորական արշավանքներից հետո դարձել էր Մար Թոմա եկեղեցի, իսկ արաբական արշավանքներից հետո՝ վերածվել մզկիթի։ Այս կառույցը պահպանում է հեթանոսական ժամանակաշրջանի մոտիվներ և պատկերներ։ Արևմտյան հատվածի սյուներից մեկի վրա փորագրված է հավերժության նշանը, իսկ դռան վերևում գտնվող քարի վրա նկատելի են Վահագն աստծո և Անահիտ աստվածուհու պատկերները։Այստեղ է գտնվում նաև Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ 1516-1517 թթ. օսմանյան թագաժառանգի պահանջով Սուրբ Թեոդորոս եկեղեցին վերածվեց Ֆաթիհ փաշա անվամբ մզկիթի, որը հայտնի է նաև որպես Քուրշունլու մզկիթ։ Ծխականների մի մասն իսլամացվեց։ Համայնքի այն անդամները, որոնք իսլամ չէին ընդունել, Սուրբ Թեոդորոս եկեղեցու գերեզմանոցի տարածքում կառուցեցին յոթ խորանով Սուրբ Կիրակոս եկեղեցին, որին սպասարկած հոգևորականների անունները հիշվում են առ այսօր՝ Հակոբ, Կարապետ, Ստեփան, Արթին, Հեզաքիլ, Արսեն. . .

Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը 1913 թ. փլվեց կայծակի հարվածից։ 1914 թ. համայնքը հավաքեց 2000 ոսկի և վերակառուցեց այն առավել բարձր ու շքեղ, ձեռք բերեց նաև նոր և ավելի մեծ զանգ։ Զանգակատունը տեսանելի էր քաղաքի ամեն անկյունից, իսկ զանգի ղողանջը լսվում էր անգամ Տիգրանակերտից շատ հեռու գտնվող բնակավայրերում։ Եվ քանի որ նոր զանգակատունը բարձր էր քաղաքի բոլոր մզկիթների մինարեթներից, իշխանությունները 1916 թ. թնդանոթի համազարկերով քանդեցին այն։

Հեթանոսական շրջանում կառուցված, իսկ հետագայում եկեղեցու վերածված կառույցներից է նաև Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցին, որն այսօր միակ եկեղեցին է, որում պատարագ է մատուցվում։ Եկեղեցին ունի քահանա և փոքր համայնք։ Արարողությունների համար նրա ծառայություններից օգտվում են նաև փոքրաթիվ քաղդեացիներն ու հայերը։ Ժամանակ առ ժամանակ տեղի մուսուլմանները ևս, հատկապես` մահմեդական կանայք, այցելում են այդ եկեղեցի՝ իրենց հոգևոր պահանջմունքները բավարարելու համար։

Քաղաքի հնագույն եկեղեցիներից է 5 խորան ունեցող Սուրբ Սարգիսը (Հըզըր Էլյաս): Այն մեծությամբ զիջում է միայն Սուրբ Կիրակոսին, կառուցվել է 1515 թ.։ 1850 թվականից  ծառայել է կաթոլիկ հայերին։ Մինչև 1915 թ. եկեղեցու համայնքն ունեցել է 7 դպրոց, 1915 թվականից հետո վերածվել է զինամթերքի պահեստի, ապա՝ բրնձի գործարանի։ Ներկայումս այն ավերակ է․ պահպանվել են կիսաքանդ պատերը։ 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցին (Խոջա Հովսեփը) կառուցվել է 1800-ական թվականներից հետո, երբ սուլթանի թույլտվությամբ հայկական քաղաքներ են եկել եվրոպացի և ամերիկացի միսիոներներ։ 3 խորան ունեցող այս եկեղեցին պատկանում էր հայ կաթոլիկ համայնքին և ենթակա էր Կ. Պոլսո հայ կաթոլիկ եկեղեցուն։ Այստեղ սպասարկել են հոգևորականներ Հակոբ Բահթիարը, Մեսրոպը, Ալեքսիրը, Հովսեփը, Ֆերահյանը և վարդապետ Անդրեասը։ Եկեղեցին մեծապես վնասվեց 2015 թ. թուրք զինվորների և քրդերի միջև ընդհարումների պատճառով։ Զանգակատունն ամբողջությամբ քանդվել էր, սակայն 2019 թ. վերականգնվեց և վերստացավ նախկին տեսքը։

Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1850-ական թվականներից հետո, երբ սուլթանի թույլտվությամբ այս անգամ էլ հայկական քաղաքներ ժամանեցին եվրոպացի և ամերիկացի բողոքական միսիոներներ։ Սույն եկեղեցին իր ճարտարապետական տեսքով տարբերվում է մյուս հայկական եկեղեցիներից։ 1871 թ. եկեղեցին ուներ 650 հայ հետևորդ և 3 դպրոց։ 

Մինչ վերջերս գործում էր քաղդեացիների Մոր Փեթյուն եկեղեցին, որը նույնպես մեծ վնաս կրեց 2015 թ. վերոնշյալ դեպքերի պատճառով։ Այժմ վերականգնվում է։

Այստեղ կա նաև եվրոպացի միսիոներների կողմից կառուցված լատինական եկեղեցի, որը մինչև 2015 թ. օգտագործվում էր որպես նախակրթարան և կրում էր Սյուլեյման Նազիֆի անունը։

Երկար տարիներ որպես բանտ օգտագործված միջնաբերդում, որտեղ կային նաև պալատական կառույցներ, գտնվում է բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված Սենթ Ժորժ եկեղեցին, որն այսօր վերականգնված է և պալատի մյուս շինությունների հետ կատարում է թանգարանի գործառույթ։

Դիարբեքիրում մինչև 1915 թ. մոտավորապես 60 հազար հայ էր ապրում։ Ցեղասպանությունից հետո նրանցից ընդամենը 1800 հոգի էր մնացել, որոնց մի մասն իսլամացվել էր, մի մասն էլ ստիպված էր եղել Ստամբուլ գաղթել, մի խումբ էլ՝ Քամիշլի։ Դիարբեքիրում մնացած սակավաթիվ հայկական ընտանիքները մինչև 1980-ական թվականներն ապրում էին որպես Սուրբ Կիրակոս եկեղեցու համայնքի անդամներ։ 1980 թ. ռազմական հեղաշրջումից հետո նրանք ստիպված էին Ստամբուլ տեղափոխվել, ինչից հետո եկեղեցին դադարեց գործել։ Լքված եկեղեցուց գողացան 830-ամյա մագաղաթե Ավետարանը։ Մի քանի տարի անց այն գտան Ստամբուլում, երբ ինչ-որ մարդիկ ցանկանում էին գանձագողերին վաճառել, և հանձնեցին Դիարբեքիրի թանգարանին։ Ավետարանը ներկայումս պահվում է այս թանգարանում։

1990-ականներին Դիարբեքիրի նահանգի գյուղերից այստեղ եկած մի քանի հայեր, ինչպես, օրինակ, Քազանջը Անդրանիկ Զորը և Լուսյեն Բաջոն, բնակվում էին լքված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցուն կից կառույցում։ Բացի այդ՝ եկեղեցու բակում կառուցված տներում էին բնակվում նաև Սասունից և Լիջեից եկած 2 հայկական ընտանիքներ։ 

Սուրբ Կիրակոս եկեղեցին 2011 թ. վերանորոգվեց արտասահմանաբնակ բարեգործ հայերի հատկացրած գումարով։ 1915 թ. քանդված զանգակատունը ևս վերականգնվեց ըստ բնօրինակի, իսկ զանգը պատրաստվեց Ռուսաստանի Դաշնությունում։ 

Սուրբ Կիրակոս եկեղեցու հայկական համայնքը վերստին սկսեց մեկտեղվել։ 5-10 հոգանոց համայնքի թիվը եկեղեցու վերականգնումից հետո սկսեց օրեցօր աճել։ Համայնքն ամսվա մեջ մեկ օր նախաճաշի արարողություն էր կազմակերպում, որին սկզբում շուրջ 30-40 հոգի էր մասնակցում, իսկ հետագայում այդ թիվը հասավ 150-ի։ Առաջին պատարագը մատուցվեց  2011 թ. հոկտեմբերի 23-ին  եկեղեցու վերաբացման առթիվ՝ պատրիարքի փոխանորդի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ մարդիկ։ 

Չորս տարում Սուրբ Զատկի տոնի մասնակիցների թիվը 2-3 տասնյակից հասավ 1200-ի։ 2015 թ. եկեղեցու համայնքի անդամները 1200 փաթեթ էին պատրաստել, որոնցում կային ներկած ձվեր և Սուրբ Հարության տոնին պատրաստվող հատուկ քաղցրավենիք՝ չյորեք։ Բոլոր փաթեթներն սպառվեցին։ Անգամ եղան հյուրեր, որոնց փաթեթ չհասավ։ Այսինքն՝ Սուրբ Զատկի տոնին եկեղեցում կազմակերպված արարողությանը 1200 հոգուց ավել մարդ էր մասնակցել։ Նրանցից շուրջ 400-ը Սփյուռքից ու Հայաստանից եկած հայեր էին։ Մոտավորապես 400-ն էլ քրդեր էին և իսլամացված հայ ընտանիքներ։ Իսկ մնացած 400 հոգին Սասունից, Մուշից, Վանից, Խարբերդից ու Մարդինից եկած հայերն էին։ Եկեղեցու բակը կարծես տոնահանդեսի էր վերածվել։ 

Դիարբեքիրում ապրող հայերն անթեղի պես սկսել էին վերստին բոցավառվել։ Նրանք դիմեցին պատրիարքարան, որպեսզի, տարեկան մեկանգամյա պատարագից բացի, կատարվեն նաև մյուս արարողությունները։ Հարկավոր էր ունենալ մշտապես գործող քահանա։ Գործը գլուխ բերելու համար համայնքն սկսեց ուղիներ որոնել՝ եկեղեցում հոգևոր սպասավոր նշանակել տալու համար։ Եկեղեցու համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ Սուրբ Կիրակոսում հայերենի դասընթաց կազմակերպվեց։ Ստամբուլից հրավիրված մի հայ ուսուցչի շուրջ համախմբվեց 40 մարդ։ Կազմակերպվում էին նաև զանազան մշակութային միջոցառումներ, որոնց շրջանակներում համերգային ծրագրերով հանդես եկան արվեստի այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Օնիկ և Արա Դինքչյանները, դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը։ Եկեղեցում համերգներ տվեցին նաև Հայաստանից ժամանած ժողովրդական համույթները։ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերածվել էր հայերի հավաքատեղիի։

2015 թ. սեպտեմբերին հայկական թաղամասում, որը հայտնի է Գյավուր թաղ անունով, քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև մեծ ընդհարում տեղի ունեցավ, ինչի հետևանքով թաղամասն ավերակի վերածվեց։ Սա հայկական համայնքը մեկ անգամ ևս մասնատելու և ոչնչացնելու փորձ էր։ Տանկերի և թնդանոթների համազարկերով հայկական եկեղեցիներն ու տներն ավերվեցին։ Լրջորեն վնասվեցին Սուրբ Կիրակոս և Սուրբ Թեոդորոս եկեղեցիները։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ եկեղեցու զանգակատունը ևս ավերվեց։ 2015 թ. առ այսօր այս թաղամաս ելումուտն արգելված է։ 

Պետությունը հանրայնացրեց Գյավուր թաղում գտնվող բոլոր կառույցները։ Սակայն Սուրբ Կիրակոս եկեղեցու համայնքն իր առարկությունը հայտնեց և վերականգնեց  իրավունքներն այդ եկեղեցու նկատմամբ։ Պետությունը կրկին նորոգեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Թեոդորոս եկեղեցիները (Քուրշունլու մզկիթը)։ Սուրբ Գրիգոր և Մոր Փեթյուն եկեղեցիների նորոգման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Ներկայումս այդ եկեղեցիներ ելումուտն արգելված է։ Նրանք, ովքեր ցանկանում են կրկին տեսնել Դիարբեքիրի հայության խորհրդանիշը դարձած Սուրբ Կիրակոսը, կարող են իրենց կարոտն առնել բարձր շենքերի կտուրներից այս եկեղեցու զանգակատանը նայելով։

Այս ամենով հանդերձ՝ Դիարբեքիրի հայկական համայնքը դարձյալ կարողանում է հավաքներ կազմակերպել, և քանի որ եկեղեցիներ մուտքն արգելված է, վերջին տարիներին հայերը Սուրբ Զատկի տոնը նշում են սրճարանում կամ ռեստորանում։

Ներկայումս Դիարբեքիրի 10 բնակչից գոնե մեկը կա՛մ իսլամացված հայ է, կա՛մ կիսով չափ հայ։ Ենթադրվում է, որ Դիարբեքիրում այսօր բնակվում են 30 քրիստոնյա և 200 հազարի չափ իսլամացված և ծպտյալ հայեր։ Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցու տեր Դիարբեքիրում այսօր եկեղեցի կա՝ քահանա չկա, դպրոց կա՝ ուսուցիչ չկա, հայ կա՝ հայերեն չկա. . .

 Կարոտ Սասունյան

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ. 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica