close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայրս փրկեց զիս Եփրատեն. Արամ Հայկազ

Մշակույթ

23 Ապրիլի 2020, 17:49
 Մայրս փրկեց զիս Եփրատեն. Արամ Հայկազ

Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` ամերիկահայ արձակագիր Արամ Հայկազի (Արամ Չեքենյան) հուշագրությունը 1915 թ. տեղահանման ու աքսորի ճանապարհի մասին:

 

Շապին-Գարահիսարի հերոսամարտին շքեղ 26 օրերուն վրա սև վարագույր իջնալեն հետո, երբ բերդեն վար իջանք, մեզմե 500-600 հոգի, ամբողջությամբ կին, երեխա և պատանի, քաղաքեն մեկ ժամ հեռու գտնվող չքնաղ Թամզարա գյուղը տանիլ տեղավորելու նպատակով, թուրքերը մեզ ճամբա հանեցին ու աքսորեցին: Մեր այն հարցումին, թե «Մեզ ո՞ւր կտանիք», ըսին`«Միջագետք»: Մեր մեջ չափահաս այրեր չկային, բոլորը նախօրոք սպանված էին: Եղբայրս` Հայկազը, և Անուշավան Խանճյանը, որոնք երկուքն ալ 17 տարեկան էին, իբրև «գարթ կյավուր» վար դրին ու գնդակահարեցին: Որով ես, հազիվ 15 տարեկան պատանի, մեր խումբին մեջ գտնվող մանչերուն ամենեն տարեցը մնացի: Շատեր կզարմանային, թե ինչպես կըլլար, որ թուրքերը զիս ալ վար չէին դրեր կամ` տեղնուտեղը գնդակահարել:

Բռնագաղթի առաջին օրը,  վերը հիշած երկու պատանիներես զատ, սպանեցին նաև ծերունի կին մը, որովհետև չէր կըրնար ճամբան շարունակել: Երկրորդ օրը ձորի մը մեջ մեր քարավանը կիսեցին ու վերջին մասը հանձնեցին հոն սպասող ջարդարարներու: Անոնցմե ոչ ոք ազատեցավ: Երրորդ օրը, հոգնած ու քաղցած, հասանք Աղվանիս: Աղվանիսը Աշխարհ Օվայի բերրի հայ գյուղերեն մեկն էր, մյուտիրանիստ: Իր հողե ցածլիկ տուներուն մեջեն հպարտորեն գլուխը վեր կբարձրացներ հայոց եկեղեցին` իր զանգակատունով և փեշին տակ ծվարած դպրոցով: Աքսորեր կամ ջարդեր էին բոլոր հայերը և անոնց բնակարանները հիմա կգործածեին իբրև օթևան ճակատ գացող կամ ճակատեն ետ դարձող զինվորներու: Կարնո ճակատը պարեն կամ ռազմանյութ փոխադրող քարավաններն ալ այս գյուղին մեջ կանգ կառնեին: Ահա թե ինչու, երբ մենք հոն հասանք, գյուղը լեցուն էր զինվորականներով: Ընդարձակ կալի մը մեջ ձգեցին մեզ, որ հանգչինք, շունչ առնենք: Ոստիկանի մը ընկերակցությամբ մեզի այցելության եկավ 8-10 տարեկան տղեկ մը: Հագված էր պզտիկ պարոնի մը պես: Ըսավ, որ ինք հայ էր, բայց  հիմա իր անունը Թեֆիք է, ու իր «նոր հայրիկը», որ գյուղին մյուտիրն է, զինքը շատ կսիրե:

- Մայրիկդ ալ հոս, քո՞վդ է,- հարցուցի:

-  Չէ, մայրիկս գնաց, բայց նոր հայրիկս մարդ զրկեց իր ետևեն, որ գտնե ու ետ բերե:

Մայրս, որ ներկա էր այս խոսակցության, ներշնչվեցավ:

- Եթե այս տղան կրցած է որդեգրվելով ազատվիլ, դուն ալ կրնաս,- ըսավ ուրախությամբ:- Արդեն կկաղաս` ու պիտի չկրնաս շարունակել ճամբադ: Դուն աչքովդ տեսար, թե ինչ կպատահի ետ մնացողներուն: Աս ալ կա, որ չեմ ուզեր քեզ աղքատի, գեղացիի տալ. ծանր աշխատանքների տակ կսպաննեն քեզ… Ջանա՛, աս պզտիկին պես էրկանակռա (հեղինակավոր) մեկը գտնել իբրև տեր ու պաշտպան:

Չպատասխանեցի: Գլուխս կախած` կուլայի և կմտածեի իր ըսածներուն մասին:

- Եթե աս տղան կրցեր է մնալ, ուրեմն հայ տղաքը որդեգրելու արտոնություն կա,- եզրակացուց ան,- ուրեմն աչքս բաց:

Նորեն չպատասխանեցի, գլուխս կախ կմտածեի: Կմտածեի, թե ինչպե՞ս կրնամ ընտանիքս լքել ու կաշիիս փրկության մասին մտածել… Չէ՞ որ տունին այր մարդը ես էի հիմա…

- Ինչո՞ւ շվարեր, մնացեր ես, չլսեցի՞ր ըսածներս:

- Լսեցի:

- Ուրեմն…

- ……….

- Ինձի նայե՛, զավա՛կս, դուն դպրոցը ազգային պատմություն, քաջ Վարդանի պատմություն չե՞ս կարդացած. ան ալ, մյուս նախարարներն ալ երեսանց ուրացան իրենց կրոնն ու Աստվածը, բայց Ղևոնդ երեցը ներեց անոնց: Անոնց ներող Աստվածը քեզ ալ կներե: Կան պարագաներ, որ հարկը օրենքը կլուծե: Ամերիկա և Ռուսիա աղբարներ ունիս, օր մը կազատիս ու կգտնես զանոնք… Ու անոնց կպատմես, թե թուրքերը ի՛նչ կարմիր ձյուն բերին մեր գլխուն:

- Աղեկ, ենթադրենք, թե ես թրքացա, բայց դո՞ւք, հարսներդ, պզտիկնե՞րը…

- Հոգ չէ, քու ներկայութենեդ օգուտ մը չկա մեզի համար, ընդհակառակը, վաղը, մյուս օր ժանդարմա մը կուգա ու կըսե. «Ինձի 5, 50, 100 ոսկի տուր, չենե տղադ կսպանեմ». այն ատեն ես գլուխս ո՞ր քարին կրնամ զարնել… Լավ է, որ դուն գլխուդ ճարը նայիս: Հարսները արդեն թույն ունին հետերնին. երբ տեսնեն, թե պատիվնուն պիտի դպին, կառնեն ու կազատին:

- Մա՜յր…

- Հիմա խոսք մտիկ ըրե, տղա՛ս, ու գնա, գլխուդ ճարը գտիր:

Գտա միջոցը` առանց փնտռելու. ավելի ճիշտ` միջոցը եկավ ու գտավ զիս: Մոտակա աղբյուրը լվացված պահուս, թուրք կին մը հավնեցավ ինձի ու առաջարկեց, որ մուսուլման ըլլամ, որ զիս որդեգրե, իր տունը տանի: Իր հետ «լա իլա իլլալլահ» ըսի ու եղա իսլամ: Ի՜նչ ալ դյուրին էր…

Կինը, երբ զիս հսկող ոստիկանին տարավ, որդեգրումս վավերացնելու համար, մարդուն խելքը կտրեց ու ինք վար դրավ զիս:

- Քաղաքաբնակ այս տղան դաշտին մեջ աշխատանքի դնելով կսպաննես,- ըսավ,- ես զայն հետս կտանիմ տուն ու  դպրոց կղրկեմ:

Վազեցի մորս քով` ուրախ լուրը տալու և իր օրհնությունն առնելու վերջին անգամ:

Լացավ: Բայց բացատրեց, թե ուրախութենեն է, որ կուլա… Խրատներ տվավ ու գլուխս ափերուն մեջ առած, սեղմեց կուրծքին ու սկսավ անհագորեն համբուրել: Անհուն կորովով իր ձեռքերը կպտտցներ դեմքիս, ճակտիս, այտերուս վրա, կարծես ջանալով անոնց ջերմությունն ու կաղապարը անջնջելի կերպով դրոշմել իր ափերուն մեջ, որ, երբ միտքն ու հիշողությունը դավաճանեին իրեն, ափը հիշե…

Վերջապես արցունքներս սրբեց ու մեղմորեն հանդիմանեց զիս:

- Ի՜նչ մատ մը տղու պես կուլաս…

- Հապա դուն ինչո՞ւ կուլաս:

 - Ես… Ես… Ես… եթե լալս շատ կտեսնես ինձի, ալ չեմ լար… Բայց դուն իմ վրաս մի՛ նայիր, ես մայր եմ: Ինտո՜ր մայր ըլլալու եմ, որ չլամ…Չէ՞ որ դուն վերջինն ու հինգերորդ զավակս ես, ոևր կկորսցնեմ… Օտարի դուռ կձգեմ… Իմ խե՜ղճ, իմ անբա՜խտ, իմ անո՜ւշ ձագս… Կօրհնեմ քեզ բոլոր հոգիովս ու բոլո՜ր սրտովս: Թող տված կաթս հալա՜լ ըլլա… Թող բոլոր նեղություններդ ու տառապանքներդ ժամանակավոր ըլլան, քար բռնես` ոսկի դառնա, փուշ բռնես` վարդ… Հիշե՛ միշտ, թե ամեն ձմռան գարուն մը կհաջորդե կրնկակոխ, ու ամեն ամպի ետև արև մը կա… Հոգ տար ինքզինքիդ, առոջղությանդ: Կարևոր է այդ: Խրատ մըն ալ: Կրոնդ, ազգդ ու հավատքդ չմոռնա՜ս: Մեզի համար հոգ չընե՜ս… Մենք բան մը կըլլանք… Ալեմը ինչ` մենք ալ ան…Ու ալ մի լար: Եթե ես կուլամ, այդ իմ կամքես անկախ է: Ինչա՜նկ մայր ըլլամ, որ չլամ…

Իր հոգնած, արևահար դեմքեն վար, կապույտ աչքերեն ծորող արցունքը ջուրի պես կհոսեր:

- Չե՛մ երթար, մայրի՛կ, ձեզ մինակ ձգած չե՜մ երթար,- պոռացի հանկարծ իր վիզը իյնալով:

- Չէ՛, մա՛նչս, մնալը ստույգ մահ է, պետք է երթաս: Եթե երթաս, մեռած պահուս, հույսը սրտիս մեջ պիտի մեռնիմ… Ալ ամեն բան հիշելու չափ մեծ ես ու խելահաս, վախ չունիմ, թե հոգիով կկորսվիս…Կօրհնեմ քեզ, թող տված կաթս հալա՜լ ըլլա… Դուն մեզ համբուրե, մենք քեզ, ու ե՛լ, գնա՛:

Երբ իր վերջին պատվերը կատարելե վերջ կերթայի, հասավ ետևես:

- Կեցիր անգամ մըն ալ համբուրեմ քեզ: Վերջին անգամ մըն ալ…Իմին անբա՜խտ, իմին օտարի դուռ ձգված ձագուկս, իմին… Իմին… Իմին… Ջա՜նս,  ջիկե՜րս, յավրո՜ւս…

***

Այդ թվականեն մոտավորապես վեց ամիս վերջ, քրդական գյուղի մը մեջ հանդիպեցա Արտեմիս անունով մեկ ազգականուհիիս: Անակնկալ այս հանդիպման պատճառած հուզման ալիքն անցնելեն վերջ, հարցուցի, թե գիտե՞, թե ինչ եղան մերինները, մայրս...

- Մինչև Էկին մեզի հետ էր,- ըսավ,- հարսներն ու թոռները շուրջը հավաքած, մինչև հոն եկավ մեզի հետ:

Լռեց:

- Վերջը՞,- հարցուցի սիրտս սեղմած:

- Ալ լուր չունիմ, վերջեն լուր չունիմ:

- Ինձմե մի՛ պահեր, սուտ մի՛ խոսիր:

- Իրավ կըսեմ, Արա՛մ աղբար, լուր չունիմ, եթե սուտ եմ, թո՛ղ աչքս քոռնա, թո՛ղ Աստված հոգիս առնե… Չէ՛, մի՛ նայիր ինձի այդպես, խաչ որ լուր չունիմ… Այնպես իրարանցում էր, այնպես սարսափելի…

Հասկցա: Լուր ուներ: Գիտեր:

Բայց չէր կրնար, չէր ուզեր արտասանել ահավոր բառը,- Եփրա՜տը:

Եփրա՜տը, հարյուր հազարներու ջրեղեն գերեզմանը…

Դատախազությունը հերքում է
19 Հունվարի 2021, 14:10 Դատախազությունը հերքում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica