close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկիրը սովի վտանգի առջև է, հետագա համավարակը պարենի դեֆիցիտն է լինելու. Geworld.ge

Տնտեսական

17 Ապրիլի 2020, 14:01
 Երկիրը սովի վտանգի առջև է, հետագա համավարակը պարենի դեֆիցիտն է լինելու. Geworld.ge

Տնտեսական քաղաքականությունը, որը վրացական կառավարությունը համարում է գերհաջողված, գյուղատնտեսական հեռանկարային երկիրը վերածել է սևագործ բանվորների, մատուցողների, հավաքարարների  երկրի. ըստ yerkir.am-ի` «Грузия и Мир» (geworld.ge) կայքում հրապարակած «Երկիրը սովի վտանգի առջև է, իսկ հետագա համավարակը պարենի աճող դեֆիցիտն է լինելու» հոդվածում գրում է լրագրող Ջաբա Ժվանիան:

Ըստ նրա` կորոնավիրուսի համավարակը  և, դրա մասշտաբներով պայմանավորված, շարունակ աճող տնտեսական ճգնաժամը ստիպել են համաշխարհային քաղաքականությանը գիտակցել, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ գոյություն ունեցող օրակարգում: Մինչ այս սուր հակամարտության մեջ գտնվող գաղափարական ճամբարներում շատերը համաձայն են, որ վերը նշված գործընթացն աշխարհի հիմնարար փոփոխության հիմքն է դառնում: Ավելին` մի շարք հեղինակավոր փորձագետներ կանխատեսում են նման վերակառուցման մի քանի ալիքներ և համարում, որ մոտակա ժամանակաշրջանում աշխարհում աննախադեպ փոփոխություններ են լինելու: Ընդ որում` կան ոլորտներ, որտեղ փոփոխությունների անխուսափելիությունն ակներև է, խոսքը «քաղաքակիրթ աշխարհում» գործող տնտեսական քաղաքականության սկզբունքների մասին է:

«Վայրի կապիտալիզմի պայմաններում դրանք հաստատում են «ազատ» մրցակցություն, այսինքն` գործնականում ինքնահոսի թողնված շուկա, դրանք բացառում են որևէ կարգավորում` ուղղված արդյունաբերության խթանմանը: Այդ համակարգի տապալման առաջին կանխանշանները հատկապես սուր դրսևորվել են այնպիսի պետություններում, որոնք սուղ պաշարներ ունեն.  այսպես կոչված` ազատ շուկա գլխով ընկղմվելն ամբողջությամբ ոչնչացրել է ներքին արդյունաբերությունը: Մինչդեռ ճգնաժամի պայմաններում, երբ բոլոր խոշոր արդյունաբերողներն արտահանման քվոտաներ են սահմանում, հենց ներքին արդյունաբերություն չունեցող և ներմուծվող ապրանքներից կախվածություն ունեցող երկրներ են հայտնվել ապրանքային դեֆիցիտի սպառնալիքի առջև: Ստեղծված իրողության պայմաններում բոլոր պետությունները, բոլոր խոշոր արտադրողները սկսել են իրենց առաջին պարտքը համարել պաշարների կուտակումն ու սեփական շուկայի պահանջարկների բավարարումը»,- գրում է լրագրողը և օրինակ բերում` ԱՄՆ-ը 2 տրիլիոն դոլար է տրամադրում տեղական տնտեսության խթանման համար, իսկ Ճապոնիան` 1 տրիլիոն, ընդ որում` հատուկ սուբսիդիաներ են տրվելու այն ընկերություններին, որոնք իրենց արտադրությունը Չինաստանից դարձյալ տեղափոխելու են Ճապոնիա:

Մի խոսքով, ըստ Ժվանիայի, այսպես կոչված` շուկայական տնտեսությունը` հիմնված շուկայի ինքնակարգավորման սկզբունքների վրա, ներկայիս մարտահրավերների ֆոնին լիակատար աղետ է դարձել, և դա արդեն հրապարակավ ընդունվում է «ազատական» Արևմուտքի կողմից:

Անդրադառնալով Վրաստանին` լրագրողը նշում է, որ, որպես արևմտամետ երկիր, այն, բնականաբար, չէր կարող վերջին 30 տարիներին չհետևել Արևմուտքի թելադրանքին, այդ թվում`  տնտեսական ոլորտում, և, հայտնվելով ազատ շուկայում, զրկվել է արդյունաբերական մի շարք ոլորտներից, որոնք կարող էին բացառել երկրի լիակատար կախվածությունը ներմուծումից: Նա համոզված է, որ այդ ամենն արվել է գիտակցաբար: Հիշեցնում է նախորդ կառավարության էկոնոմիկայի նախարար Կախի Բենդուկիձեի խոսքերը, թե գյուղատնտեսությունը եկամտաբեր չէ և ծանր բեռ է բյուջեի համար: Նաև`  որ երկիրը չպիտի միջոցներ ծախսի  այնպիսի ապրանքների արտադրության վրա, որոնք ավելի էժան կարելի է բերել արտասահմանից:

«Նման մոտեցումը Վրաստանը դարձրեց սպառող երկիր, որն ի վիճակի չէ որևէ սեփական բան արտադրել»,- գրում է լրագրողը և հավելում, որ իշխանության փոփոխությունից հետո, երբ հայտարարվեց տնտեսական քաղաքականության հիմնովին վերակառուցման մասին, որը, մասնավորապես, արտացոլվեց «100 ձեռնարկություն» ստեղծելու խոստման մեջ, և որը հետագայում պարզվեց` բլեֆ է, բնակչության շրջանում դրական սպասումներ ձևավորվեցին, հատկապես` երբ նոր թիմը 1մլրդ լարի հատկացրեց գյուղատնտեսության վերականգմանը, սակայն կոնկրետ ցուցանիշների վրա դա որևէ ազդեցություն չունեցավ, ավելին` գործի դրված նախագծերն ու օժանդակ ծրագրերը գյուղացիների համար  անօգուտ եղան,  դրանից միայն օգուտ քաղեցին վարկ տրամադրող առևտրային բանկերը: Արդյունքում` 1 մլրդ լարին ծառայեց ոչ թե գյուղատնտեսության վերածնմանը, այլ երկրի նոր ղեկավարության փիարին: Բացի այդ` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի և առանց վիզայի ռեժիմի` ուժի մեջ մտնելուց հետո էլ գյուղերը զանգվածաբար դատարկվեցին. մարդիկ աշխատանք գտնելու հույսով մեկնում էին Արևմուտք:

Ժվանիան շեշտում է` և չնայած իրականացվող սխալ տնտեսական քաղաքականությանը, որը ոչնչացրեց երկրի արդյունաբերությունը, հետևաբար նաև` տնտեսությունը` դարձնելով այն զբոսաշրջությունից կախված բուտաֆորիա, կառավարությունը շարունակում է  բնակչությանը համոզել, թե զգալի հաջողություններ ունի. ըստ էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի` ամբողջ աշխարհն է հիացած տնտեսության խթանման` վրացական միջոցառումներով, որոնց շնորհիվ «երկիրը վստահորեն դիմակայում է այս ճգնաժամին և հզոր դիմադրություն ցուցաբերում կորոնավիրուսի առաջացրած հիմնախնդիրներին»: Ըստ լրագրողի` սա այն նախարարն է, որ մինչև կորոնավիրուսի համաճարակը հայտարարում էր, թե ողջունում է, որ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվի զբոսաշրջության նախարարություն, մինչդեռ ներկայումս կառավարությունը տարածաշրջաններում հանդիպումը հանդիպման հետևից է անցկացնում` խնդրելով, որ բացվեն նախկինում իր իսկ նախաձեռնությամբ փակված «ոչ եկամտաբեր» գործարաններն ու ֆաբրիկաները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica