close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես չեմ ուզում գարունը գա. Մարաղայի արյունալի ոճիրը՝ 28 տարիների հեռվից

Հասարակություն

10 Ապրիլի 2020, 14:35
 Ես չեմ ուզում գարունը գա. Մարաղայի արյունալի ոճիրը՝ 28 տարիների հեռվից

Քսան և ութ տարի առաջ այս օրը  Արցախի հյուսիսում գտնվող  Մարաղա հայկական հինավուրց բնակավայրում տեղի ունեցավ ապաստարաններում պատսպարված մի քանի տասնյակ խաղաղ բնակչության դաժան կոտորած։  

Մարաղայում իրագործված նախճիրը համարվում է լռեցված ցեղասպանություն, սակայն ականատեսների հիշողությունները երբեք չեն լռում...

Սա սոսկ մի կնոջ պատմություն չէ, սա սրտի մորմոք է, որն աղաղակում է հայ ժողովրդի բազում անմեղ նահատակների խոշտանգումների և եղերական մահվան պատմությունը։

Նելլի Երվանդի Հովակիմյան. Մարաղայի ցեղասպանությունը վերապրած ականատես, քայլող պատմություն, վկայություն, հիշողություն։ 

***

Մարաղայի զոհերի հիշատակի օրը Yerkir.am-ը ներկայացնում է Նելլի Հովակիմյանի վերապրումները.

Ես չեմ ուզում գարունը գա։ Կասեք՝ խենթ է այս կինը, որ չի ուզում գարնան գալը։ Ապրիլը սոսկալի հիշողության ամիս է, դարձյալ ապրիլ, դարձյալ եղեռն։ 

1992 թվականի ապրիլի 10-ին թուրք ադրբեջանցիները ադրբեջանական Միրբաշիր քաղաքից հարձակվեցին իմ հայրենի գյուղի՝ հրաշալի, ծաղկուն Մարաղայի վրա։ Ադրբեջանցի հրոսակների ջոկատը զինված վարձու տանկերով և խաժամուժ ամբոխով մի քանի ժամում բնաջնջեցին ամբողջ գյուղը՝ հրի, սրի ենթարկելով բնակչությանը, այրելով, մորթելով կենդանի մարդկանց՝ սկսեցին ալան-թալանը։ Իմ զառամյալ ծնողները նույնպես սպանդի զոհ դարձան։ Մարաղայի դպրոցի քսանհինգ տարվա տնօրեն հորս՝ Երվանդ Ավակիմյանին, նույն դպրոցի ուսուցչուհի մորս՝ Թամարա Զաքարյանին  դաժանորեն սպանեցին, դեռ կիսակենդան վիճակում աքցանով հանեցին նրանց ոսկյա ատամները՝ արյունոտ աքցանը թողնելով դիակների մոտ, մեր տան բակում։ 

Արյունոտ այդ առավոտյան հայրս մեր այգին էր ջրում, մայրս ճաշ էր պատրաստում, որ ազատամարտիկ եղբայրս գա հաց ուտի։ Այդ նույն օրը սպանվեց նաև եղբայրս՝ Ալբերտ Ավակիմյանը, որը Երևանից «Մարաղա» ջոկատի հետ մեկնել էր հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու։ Վազգեն Սարգսյանը նրան նշանակել էր ջոկատի հրամանատարի տեղակալ, իսկ տեղում նա արդեն հրամանատար էր, ով զենքը ձեռքին դուրս էր եկել հակառակորդի տանկի դիմաց և խփվել ադրբեջանցիների կողմից։ Եղբայրս երկու փոքր երեխա ուներ՝ յոթ և չորս տարեկան, սակայն հայրենի գյուղի պաշտպանությունը նրա համար վեր էր ամեն ինչից, և կյանքը տվեց հայրենիքին։

1992 թվականի ապրիլի 10 ին ադրբեջանցիները սպանեցին մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների։ 

Ես հիշում եմ իմ ուսուցչուհու եղերական մահը. Ալվինա Բաղդասարյանին ասկյարները կապել էին ծառին և ստիպել  արտասանել. «Ղարաբաղը, Մարաղան Ադրբեջանինն է»։ Սակայն խիզախ կինը կրկնել էր. «Ոչ»՝ ամեն անգամ ոչ արտասանելիս ստանալով դանակի հարված։ Նա մահացավ ծառին կապված արնաքամ լինելով։ Իմ համադասարանցի Սվետլանա Լալայանին և նրա ամուսնուն գերեվարեցին՝ պահելով Միրբաշիր քաղաքի քաղաքապետի շան բնում, շան նման կապված, սոված, տանջամահ արեցին։ Հիշում եմ մորս հորաքրոջը՝ Աննա տատիկին, ով երկար ճերմակ հյուսեր ուներ։ Նրան կապեցին տանկի հետևից և սկսեցին գյուղամիջով քարշ տալ։ Շատերին գերեվարեցին, շատերին կենդանի այրեցին։

Ադրբեջանը շարունակ խոսում է Խոջալուի դեպքերի մասին, նույնիսկ Բաքվի կենտրոնում մեծ հուշարձան է կառուցել Խոջալուի զոհերի հիշատակին։ 

Հայրենական իշխանությանը դիմելով՝ մի խումբ մարաղացիներ խնդրեցին մեր նահատակների հիշատակը հավերժացնելու համար փոքրիկ հուշաքար խաչքար տեղադրել Բաքվի և Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների կողքին, որպեսզի Եղեռնի հուշահամալիր այցելելիս ողջ հայությունը տեսնի, հարգանքի տուրք մատուցի նաև Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին, սակայն մերժում ստացանք։ 

Հիշատակի այս օրը, իմ հայ ժողովուրդ, բարձրաձայնենք Մարաղայի ցեղասպանության մասին, ՀՀ իշխանությանը վերստին դիմենք կոչով՝ հուշաքար տեղադրելու թույլտվության, որի մոտ կարողանանք մեր անմեղ զոհերի, անհետ կորածների հիշատակը խնկարկենք։ 

Yerkir.am-ի՝ Մարաղայի արյունալի կոտորածների վերաբերյալ «Մարաղա. արյունոտ ապրիլ, լռեցված ցեղասպանություն» վերտառությամբ հրապարակումը՝ այստեղ։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica