close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես վստահ եմ, որ այս կառավարությունը չունի բավարար կարողություն, որպեսզի կապիտալ ծախսերի խոշոր ծրագրեր իրականացնի․ Սուրեն Պարսյան

Տնտեսական

9 Ապրիլի 2020, 23:14
 Ես վստահ եմ, որ այս կառավարությունը չունի բավարար կարողություն, որպեսզի կապիտալ ծախսերի խոշոր ծրագրեր իրականացնի․ Սուրեն Պարսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղահարելու իմաստով գործադիրը կարևոր է համարում կապիտալ ծախսերը․ «Դրանք մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր։ Դա նաև այն ուղղությունն է, որն իր հետևից պետք է քաշի մյուս ուղղությունները, և մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ կապիտալ ծախսերը կարևոր են ոչ միայն ճգնաժամի ժամանակ, այլև դրանից առաջ և հետո․

«Նույն այս կառավարությունը 2019թ․ ձախողել է կապիտալ ծախսերի ծրագիրը 61 տոկոսով, և իրենց ձախողման պատճառով է, որ մենք շատ խնդիրներ ունենք նաև հիմա։ Նույն գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի ձախողման արդյունքում է, որ հիմա գյուղատնտեսության ոլորտը չի կարողանում անհրաժեշտ ապրանքներ արտադրել մեր տնտեսության համար։

Մենք ձախողել ենք գյուղատնտեսության ոլորտի ենթակառուցվածքների ծրագրերը, գյուղատնտեսներին աջակցության ծրագրերը և այլն։ Այսինքն՝ երբ խոսում են գրքային ճշմարտությունների մասին, պետք է նաև իրենց աշխատանքին, իրենց հաստատած ծրագրերին նայեն՝ ինչ են արել։ Ես վստահ եմ, որ այս կառավարությունը չունի բավարար կարողություն, որպեսզի կապիտալ ծախսերի խոշոր ծրագրեր իրականացնի։ Ոչ թե ճանապարհ կառուցելու ծրագիր, որի համար մեծ խելք, մեծ ջան պետք չէ, այլ խոշոր կապիտալ շինարարական ծրագրեր, որոնք մեր տնտեսության համար կդառնան լոկոմոտիվ։ Այդպիսի ծրագրեր նրանք չունեն։ Ցանկություն ունեն, ես չեմ վիճում, ոչ ոք չի կասկածում, բայց նրանք նախ՝ չունեն այդպիսի խոշորամասշտաբ ծրագիր, նաև չունեն կարողություն՝ այդիսի ծրագրեր իրականացնելու։ Կարողությունների պակասի մասին խոսում են նաև բազմաթիվ տեղական և միջազգային վերլուծական կենտրոններ, որտեղ ֆիքսվում է, որ Հայաստանը չունի խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու ռեսուրսներ, մարդկային ներուժ և ծրագրեր»։

Տնտեսագետը նկատեց՝ օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» ռազմավարական ծրագրում Ասիական զարգացման բանկը 2009թ․ ֆիքսել էր, որ Հայաստանը չունի այդպիսի կարողություն, որ նման կապիտալ շինարարական ծրագրեր իրականացնի․ «Ինչը ցույց տվեց, որ այդպես էլ կա։ Մենք չունենք այդպիսի կարողություն, որ նման ծրագիր իրականացնենք։ Մենք չունենք ինստիտուտներ, որոնք պատրաստ են ստանձնել այդպիսի պատասխանատվություն»։

Դիտարկմանը՝ գուցե 2018-19թթ․ կապիտալ ծախսերի թերակատարումը բերել է նրան, որ գործող իշխանությունը հասկացել է դրա կարևորությունը և հիմա ամբողջ ներուժը դրան կուղղվի, նա արձագանքեց․ «Չկան այդ ինստիտուտները, չկան այդ մարդիկ, որոնք ի վիճակի են նման ծրագրեր իրականացնել»։

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել՝ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բացասական հետևանքները մեղմելու համար։

«Նախ՝ կորոնավիրուսի հետևանքները չենք կարող այս պահին վերացնել, ինչպես կառավարության ծրագրում է նշված։ Եթե դու չգիտես՝ որքան է կազմում հետևանքը, դու չես կարող այն վերացնել, իսկ հետևանքն ամեն օր աճում է։ Մենք կարող ենք խոսել մեղմելու մասին, ինչպես Դուք նշեցիք, բայց կառավարությունը վերացման մասին է խոսում, որն ըստ էության, տնտեսագիտական, քաղաքական առումով՝ ուղղակի նոնսենս է։ Այս պահի դրությամբ պետք է երեք ուղղություններով խնդիրը լուծել՝ մարդկանց բուժել, ինքնամեկուսացնել, պարենի հարցը լուծել բնակչության համար, որ սոված մարդ չլինի։ Եթե մարդը սոված լինի, նա դուրս է գալու։ Մենք չենք կարող զուգահեռաբար տնտեսական ակտիվություն խրախուսել։ Ցանկացած միջոցառում, որն ուղղված է այս երեք ուղղություններին, իմ կողմից ողջունելի է»,-ի պատասխան՝ ասաց տնտեսագետը։

Հարցին՝ այսինքն՝ կառավարության 10 ծրագրերն ուղղված չե՞ն այդ ուղղություններին, նա պատասխանեց․ «Իհարկե, կան դրանց ուղղված ծրագրեր, օրինակ, որ աշխատողներին 68.000 դրամ տալիս են, բայց դրանք բավարար չեն, քիչ թվով սուբյեկտներ են դրանից օգտվելու։ Իրենց հաշվարկներով՝ մոտ 200.000 սուբյեկտ կարող է օգտվել, բայց գործնականում ավելի քիչ կլինեն տարբեր պատճառներով»։

Ինչ վերաբերում է կառավարության աջակցության ծրագրերի պահանջներին, Սուրեն Պարսյանն ասաց, որ փորձ է արվում հասցեական մոտեցում ցուցաբերել, որի արդյունքում շատ այլ խնդիրներ են առաջանում․

«Օրինակ՝ իմ ծանոթներից մեկը դիմեց ինձ, որ՝ ինքը նպաստառու է, միայնակ մայր է, ստանում է 25.500 դրամ նպաստ, և հիմա նա այդ ծրագրերից չի կարող օգտվել, որովհետև նպաստառու է։ Այսինքն՝ 25.500 դրամ ստացողը չի կարող որևէ աջակցություն ստանալ»։

Դիտարկմանը՝ գործադիրից ասում են, որ սա միանվագ աջակցություն է, իսկ նպաստառուները միշտ են ստանում իրենց նպաստը, նա արձագանքեց․ «Համաձայն եմ, բայց այդ նպաստառուի մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջանում այս պահին, սկսած՝ դեղորայքից, պարենից։ Նպաստառուների մեջ կարող են թաքնված զբաղվածներ լինել, որ հիմա չեն աշխատում, այսինքն՝ մենք պետք է նայենք իրականությանը, իսկ իրականության մեջ ունենք ստվերային աշխատողներ, օրավարձով աշխատողներ, գործավարձով աշխատողներ, որոնց մի մասը գրանցված չէ, և նրանց խնդիրներն օր-օրի ավելի են մեծանում։ Հնարավորինս պետք է ընդլայնել շրջանակը։ Ես հաստատ կողմնակից չեմ, որ բոլորին աջակցություն տրվի, բայց ամեն դեպքում պետք է մեծացնել աջակցությունը, ինչպես իրենք են ասում՝ միանվագ, պարենի հարցը լուծելով»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica