close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սիրուն» գործուղումներ՝ տխուր վերջաբանով

Քաղաքական

9 Ապրիլի 2020, 19:48
 «Սիրուն» գործուղումներ՝ տխուր վերջաբանով

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի անունով՝ խնդրելով սահմանված կարգի համաձայն տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ տիկին Տաթևիկ Ռևազյանի գործուղումների ցանկը՝ պաշտոնավարման սկզբից մինչ 10.03.2020 թ., յուրաքանչյուրի համար նշելով՝ քաղաքը, օրերի քանակը, տոմսերի արժեքը՝ Ռևազյանի և ուղեկցողների համար առանձնաբար, գիշերավարձի ծախսը՝ Ռևազյանի և ուղեկցողների համար առանձնաբար, օրապահիկի ծախսը՝ Ռևազյանի և ուղեկցողների համար առանձնաբար, ներկայացուցչական ծախսերի չափը, ուղեկցող անձանց թիվը, կայացած հանդիպումների մասնակիցների անունները, գործուղման նպատակը կամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

2018 թ. հուլիսի 10-ից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակված Տաթևիկ Ռևազյանի և ուղեկցող անձանց գործուղումների ցանկը ստացված գրավոր պատասխանում ներկայացված է 2018 թ. սեպտեմբերի 14-ից՝ Չինաստանի ԺՀ Գուանժու քաղաք կատարած գործուղումից սկսած։

ՉԺՀ վերոնշյալ գործուղումից սկսած մինչև գրեթե 2018 թ. ավարտը Կանադա (Մոնրեալ), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Ամման), Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), Փարիզ-Բրյուսել, Բրյուսել-Դանիա կատարած գործուղումների ճանապարհածախսի սյունակը դատարկ է, դրանք, ըստ ՀՀ վարչապետի՝ գործուղման ծախսերի մասին որոշումների, կատարվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին։  

Փաստենք՝ արտաբյուջետային միջոցները և պետական միջոցներ են, և մեզ համար հասկանալի չէ, թե ինչու՞ են ՔԱԿ-ում խուսափել դրանք նշելուց։  

Համեմատելով ՔԱԿ-ի՝ Yerkir.am-ին տրված գրավոր տեղեկանքի և ՀՀ վարչապետի՝ գործուղումների վերաբերյալ որոշումների բովանդակությունները՝ պարզում ենք որոշ հետաքրքրական դրվագներ. 

  1. ՀՀ վարչապետի որոշմամբ Տաթևիկ Ռևազյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է գործուղվել 2018 թվականի սեպտեմբերի 14-24-ը (Գուանժու՝ 14-18-ը և Պեկին՝ 19-24-ը), այնինչ, ՔԱԿ-ի՝ մեզ տրամադրված փաստաթղթում տեղեկություն կա միայն Գուանժու գործուղվելու մասին, և ՔԱԿ-ը Պեկին այցի մասին որևէ տվյալ չի հայտնել։ Հետևաբար, Ռևազյանի գործուղումների ծախսերի՝ ՔԱԿ-ի ներկայացրած հանրագումարային թիվը տարբեր է իրական թվից։   
  2. Հետաքրքրական է, որ, Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)՝ ԴԹ-ն քաղաքացիական ավիացիայի ոլորտի կոմերցիոն ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով կատարած գործուղման համար ՔԱԿ-ի նախագահը ծախսել է 511.970 դրամ, որից՝ 240.937-ը՝ եռօրյա գիշերավարձի, 271.033-ը՝ օրապահիկի նպատակով: Հիշեցնենք՝ Տ. Ռևազյանի ընտանիքն ապրում է Կոպենհագենում։ 
  3. Տ. Ռևազյանը 2019 թ. ապրիլի 6-ից 12-ը գործուղվել է (Հնդկաստանից) Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիայի կողմից կազմակերպված՝ «Ավիացիայի առաջխաղացումը. միասին կառուցենք մեր ապագան» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի գլխավոր տնօրենների 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշված է, որ ապրիլի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածի հետ կապված ծախսերի մի մասը (գիշերավարձ և օրապահիկ) կատարվելու են հրավիրող կողմի (Սինգապուրի) միջոցների հաշվին։ Այստեղից պարզ է՝ համաժողովը տեղի է ունեցել հենց այդ օրերին։ Այնինչ՝ Տ. Ռևազյանը նշված համաժողովին մասնակցելու համար Սինգապուրում է գտնվել ոչ թե ապրիլի 8-10-ը, այլ՝ 6-12-ը։ Նա 3 օրվա փոխարեն Սինգապուրում է գտնվել 7 օր, և այդ 4 ավելորդ օրերի համար էլ ՀՀ պետբյուջեից նրան տրվել է 364.735 ՀՀ դրամ (այս թիվը նշված է մեզ տրված գրավոր տեղեկանքի՝ օրապահիկի տողում): 
  4. ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման մեջ նշված է, որ Տաթևիկ Ռևազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին, այնինչ, մեզ տրված գրավոր տեղեկանքի հավելվածի մեջ Դոնի Ռոստով գործուղման ճանապարհածախսի համար պետբյուջեից հատկացվել է 564.478 ՀՀ դրամ։ Այստեղ գործուղման ծախսերը չեն բխեցվել վարչապետի որոշումից։
  5. Տ. Ռևազյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Մալագա) 2019 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը կատարած գործուղման ողջ ծախսերը, ըստ վարչապետի համապատասխան որոշման, հատկացվել է պետական բյուջեից։ Այնինչ՝ ՔԱԿ-ի՝ մեզ տրամադրված տեղեկատվության մեջ բացակայում է ճանապարհածախսի տողը, և տպավորություն է, որ այն իբր չի վճարվել պետական բյուջեից։  
  6. Տ. Ռևազյանը (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի հետ միասին) 2019 թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը գործուղվել է Թուրքմենստան (Աշխաբադ)՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու նպատակով։ Գործուղման բոլոր ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ Ցավոք, ՔԱԿ-ի՝ մեզ տրված գրավոր տեղեկանքի մեջ այս գործուղման մասին չկա որևէ տեղեկություն։ 

Այսպիսով՝ 16 ամսվա կտրվածքով ՔԱԿ նախագահի և ուղեկցող անձնանց շուրջ երկու տասնյակից ավելի գործուղումների համար պետական բյուջեից հատկացվել է 16.049.296 ՀՀ դրամ կամ շուրջ $ 33.500՝ ըստ ՔԱԿ-ի գրավոր տեղականքի, գումարած` արտաբյուջետային միջոցների հաշվին, ինչպես նաև ՉԺՀ-ն մայրաքաղաք Պեկին,  Թուրքմենստան և Իսպանիայի Թագավորություն կատարած գործուղումները, որոնց մասին (որոշների դեպքում՝ ծախսերի մասին) ՔԱԿ-ից չեն հայտնել տվյալներ։  

Հաշվետու 16 ամիսներին Տ. Ռևազյանի գործուղումների թիվը չափազանց մեծ է, աշխարհագրությունը՝ ընդարձակ։ ՔԱԿ-ի նախագահը որոշ դեպքերում մի քանի անգամ գործուղվել է Չինաստան, Կանադա, Հորդանան, Ֆրանսիա, Դանիա, Բելգիա, Իռլանդիա, Հնկաստան, Սինգապուր, Մեծ Բրիտանիա, Ռումինիա, ՌԴ, Իսպանիա, Թուրքմենստան։ Այստեղ մենք չենք վերլուծել Տ. Ռևազյանի գործուղումների բովանդակային մասը՝ նպատակը, արդյունավետությունը և այլն, որն առանձին քննարկման նյութ է։ 

Փաստենք միայն, որ ՔԱԿ նախագահ Տ. Ռևազյանի գործուղումների այս առատության արդյունքում ընդամենը խնդրահարույց կերպով ՀՀ ավիացիոն շուկա են մուտք գործել «Ռայն էյր» և «Վիզզ էյր» բյուջետային ավիաընկերությունները։ Փոխարենը՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության  և ԵՄ-ի մասնագետների կողմից իրականացված՝ Քաղավիացիայի կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման արդյունքում հայկական երկու ավիաընկերություններ (իրանական կապիտալով գործող «Արմենիա էյրվեյզ» և վրացական կապիտալով գործող «Արմենիա» ավիաընկերությունները) առժամանակ զրկվել են դեպի Եվրոպա չվերթների իրավունքից։ 

Այս իրողությանն արձագանքելով՝ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը փաստել է,  որ, եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի՝ հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի Եվրոպա չվերթեր իրականացնել։ «Արմենիա» ավիաընկերությունը ունի TCO սերտիֆիկատ և անցել է աուդիտը աննշան շեղումներով։ Ավելի ուշ՝ նա նշել է , որ EASA-ի ստուգումների մասով իրենք ակտիվ քննարկումների մեջ են ՔԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Նա հավելել է նաև, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ Ըստ Խաչատրյանի՝ «Արմենիա» ավիաընկերությունն ստացել է միջազգային թռիչքներ իրականացնելու արտոնագիր, բայց քանի որ ՔԱԿ-ը ընկել է սև ցուցակ, այդ սերտիֆիկատը ևս դադարում է գործել։  Այս պարագայում ավիաընկերությունը կարող է առանձին դիմել սերտիֆիկացման միջազգային այլ կառույցի ու նոր արտոնագիր ստանալ։ 

Օրերս աշխատանքից ազատման դիմում ներկայացրած վարչապետի՝ քաղաքացիական ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն ահազանգել է քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների մասին։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:

Փաստենք՝ աշխարհի բազմաթիվ երկրների իշխանություններ, որոնց ղեկավարած երկրները տարբեր միջազգային կազմակերպությունների և պետությունների տվյալներով համարվում են ահաբեկչության, զենքի, թմրանյութերի ապօրինի վաճառքի և այլ բազմապիսի հանցագործությունների օջախներ, ամեն ինչ անում են՝ քողածածկելու այդ ամենը։ Բացառվում է՝ ինչ-որ մի երկրի ղեկավար խոստովանի կամ հայտարարի, որ սեփական երկիրը լայնորեն ներքաշված է նման հանցանքների մեջ։ 

ՀՀ վարչապետի՝ իբր հին իշխանություններին վարկաբեկող վերոնշյալ հայտարարությունը, որն անգամ հիմնված չէր դատարանի որոշումների, աշխարհին հայտնի փաստերի և հստակ ապացույցների վրա, ոչ միայն լրջագույնս խաթարեց երկրի հեղինակությունն աշխարհում, այլև ծայրաստիճան վտանգեց հայկական ավիացիայի ապագան՝ հասցնելով այնպիսի ծանր հարվածներ, որոնց դառը հետևանքները դեռ իրենց շատ երկար են հիշեցնելու։ 

Այսուհետ ցանկացած երկիր սեփական ավիաշուկա հայկական որևէ ավիաընկերության մուտքը քննարկելիս հիշելու կամ հիշեցնելու է ՀՀ ղեկավարի այս չմտածված հայտարարությունը, և պարզորոշ է, թե ինչպիսի դժվարություններ է ստեղծել Ն. Փաշինյանը ոլորտի ներկայացուցիչների համար։ 

Պատասխան հայտարարությամբ՝ ՀՀ-ում գրանցված «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն արդեն փաստել է, որ իր կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։ Այդ հայտարարությունը չեն մեկնաբանել կամ իրենց պաշտոնավարման շրջանի հետ չեն կապել նաև ՀՀ քաղավիացիայի նախկին ղեկավարներ Արտյոմ Մովսեսյանը և Սերգեյ Ավետիսյանը։ 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica