close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Քաղաքապետը մանկահասակ նեղացած երեխայի նման ինքը սկսեց պոպուլիզմով զբաղվել․ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ուղերձը Մարությանին

Քաղաքական

7 Ապրիլի 2020, 22:40
 ՏԵՍԱՆՅՈւԹ․ Քաղաքապետը մանկահասակ նեղացած երեխայի նման ինքը սկսեց պոպուլիզմով զբաղվել․ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ուղերձը Մարությանին

«Եթե ոչինչ չեք անում, գնացե՛ք, նստեք տանը, կարանտյա պահեք»․ Երևանի քաղաքապետի՝ այս հորդորով լայվը՝ ուղղված իրեն քննադատողներին, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեին ստիպել է մի փոքրիկ ուղերձ հղել Հայկ Մարությանին։

Հորդորը Դաշնակցության Քաղաքային կոմիտեին սրտաճմլիկ է թվացել և նրանք որոշել են խոսել ոչ թե ընդհանուր առմամբ՝ քաղաքապետի խոստացածի ու այս երկու տարին չկատարածի մասին՝ դա հետո, այլ արտակարգ դրության օրերին նրա տարօրինակ պահվածքի ու այդ իրավիճակից դուրս գալու քայլերի մասին։

«Ուրեմն, սկսենք իր լայվից, որտեղ ինքը փորձեց ժողովրդին ներկայանալ, որ առավոտից երեկո աշխատում է ու չի պատրաստվում լայվերի միջոցով եթերներ դուրս գալ։ Կուզենայինք պարոն քաղաքապետին հիշեցնել, որ հիմա ամբողջ աշխարհն է լայվով կառավարվում՝ անգամ G20-ի գագաթնաժողովը առցանց տեղի ունեցավ, մարդիկ այս պահին ավելի շատ՝ ինֆորմացիայի կարիք ունեն և ինքը, որպես մեկ միլիոնանոց քաղաքի ընտրված քաղաքապետ, որը 80 տոկոս ձայն է հավաքել, պարտավոր է ամեն օր եթեր դուրս գալու և Երևանի հանրությանը տեղեկացնելու իր արած քայլերի մասին»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը։

Լայվի ժամանակ Հայկ Մարությանի բառապաշարը հարիր չէր Երևանի քաղաքապետին ու, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին՝ համոզված է Սարգիս Կարապետյանը։

«Քաղաքապետը իր ընդդիմախոսներին մեղադրեց պոպուլիզմի մեջ, բայց մանկահասակ նեղացած երեխայի նման հետո ինքը սկսեց պոպուլիզմով զբաղվել՝ ասելով, որ ինքն իր ընտանիքի հետ 1000-ից ավելի ընտանիքի օգնություն է բաժանել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ դա քաղաքապետն ի պաշտոնե՞ է արել, թե՞ որպես բարեգործություն։ Եթե որպես բարեգործություն է արել, մի տեսակ արդարացման նման մի բան դուրս եկավ, որ սենց բան եմ արել։ Այստեղ հարց է առաջանում՝ ՕԳԳ կա՞․ որպես քաղաքապետ ի՞նչն էր ավելի օգտակար՝ ինքը 1000-ից ավելի ընտանիքին անձամբ տաներ սնո՞ւնդ բաժաներ, թե՞ իր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում այցելություններ աներ։ Ասենք, օրինակ, «Շտապ օգնության» հիմնարկ այցելեր՝ ստուգելու համար ինչ է կատարվում էնտեղ, Երևանի պոլիկլինիկաներ այցելեր․ այս առումով, գտնում ենք, որ պարոն քաղաքապետը ավելի շատ պոպուլիզմով զբաղվեց, քան աշխատանքով»,-ասաց նա։

Սարգիս Կարապետյանը նկատեց, որ երբ քաղաքապետը լայվ էր մտել աղբահանության նոր հիմնարկից, որտեղ ցույց էր տալիս մեքենաները, անգարները, հիմնարկը, այդ ժամանակ անգամ նրան նկարող օպերատոր չկար՝ ինքն անձամբ էր իր հեռախոսով իրեն նկարում․ «Սա մեզ բոլորիս ապացուցում է «օդից կախված» այն լուրերը, որ քաղաքապետը վախեցած է այս վարակից և անգամ օպերատորի ներկայությունից է խուսափում»։

Ինչ վերաբերում է հիմնարկին, Սարգիս Կարապետյանն ասաց, որ չեն պատրաստվում քաղաքապետին շնորհակալություն ասել աշխատանքի համար, որովհետև դա իր աշխատանքն է։

«Ես, օրինակ, պատրաստ եմ շնորհակալություն հայտնել սանմաքրման այն աշխատակիցներին, ովքեր ամեն առավոտ գալիս՝ աղբն են տանում, ովքեր առավոտից երեկո փողոցներն են մաքրում այս պայմաններում, բայց քաղաքապետը լայվի ժամանակ չասաց, որ, օրինակ, այդ հիմնարկի, մեր տվյալներով՝ 5 տասնյակից ավելի աշխատողներ հենց այդ պահին, որ ինքը լայվ էր մտել, մեկուսացվում էին Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որովհետև այդ հիմնարկի 2 աշխատակցի մոտ վարակ էր հայտնաբերվել»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Այդ հիմարկի անվտանգության պատասխանատուն հենց քաղաքապետն է, ընդգծեց նա, քաղաքապետը պետք է հոգ տաներ, որ այդ հիմնարկի աշխատակիցները չվարակվեին այդ վիրուսով, պետք էր աշխատողներին ապահովել դիմակներով, համապատասխան համազգեստներով, ոչ թե պարծենալ կատարած աշխատանքով՝ փոխանակ ասելու, ինչ չի արվել այդ հիմնարկի աշխատակիցների անվտանգությունը պահպանելու համար։

Այս բոլորը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի համոզմամբ, գալիս է ամենակարևոր բացթողումից, որը կատարվել է Երևանի քաղաքապետի կողմից․ «Նայեք, այսօր Հայաստանում արտակարգ իրավիճակ է, գոյություն ունի պարետատուն, որը կայացնում է որոշումներ։ Մեր կարծիքով, ամենամեծ սխալը այն է, որ պարետատան ղեկավար կազմի մեջ ներգրավված չէ Երևանի քաղաքապետը։ Պատկերացնո՞ւմ եք 3 միլիոնանոց բնակչություն ունեցող հանրապետությունում, որից 1,5 միլիոնը ապրում է մայրաքաղաքում և նրանցից 80 տոկոսը ձայն է տվել, որ Հայկ Մարությանը դառնա քաղաքապետ, այդ մարդը ներառված չէ արտակարգ իրավիճակը կառավարող պարետատան ցանկում»։

Եթե սա կառավարության բացթողումն է՝ կառավարությունը չի մտածել, որ Հայկ Մարությանը ևս պետք է ընդգրկված լինի պարետատան կազմի մեջ, Սարգիս Կարապետյանի համոզմամբ, դա չի արդարացնում այն հանգամանքը, որ Հայկ Մարությանն ինքը չի պնդել, որ ներագրավվի այդ աշխատանքների մեջ։

«Որովհետև այսօր բոլոր որոշումները, ինչ վերաբերում է թե՛ երկրին, թե՛ քաղաքին, կայացվում է պարետատան նիստերի ժամանակ։ Օրինակի համար, ինձ հետաքրքիր է հանրային սնունդի այն տնտեսվարողները, որոնք մուծել են իրենց եռամսյակային վճարները հունվար-փետրվար-մարտ ամիսների համար՝ հանրային սնունդի լիցենզիա են վերցրել, հիմա մարտ ամսին չաշխատեցին՝ ի՞նչ է լինելու, այդ հարցը ո՞վ պետք է բարձրացնի։ Բնականաբար, քաղաքապետը պետք է բարձրացնի կառավարության առջև, չէ՞․ իսկ ո՞ւր է քաղաքապետը»,-հռետորական հարց ուղղեց Սարգիս Կարապետյանը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն սոցիալական փոքրիկ հարցում է կատարել՝ հետևելով պրն․ Փաշինյանի օրինակին, 30 ընտանիքի զանգահարել է ու հարցրել՝ ի՞նչ գնահատական կտան Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին։ Սարգիս Կարապետյանի խոսքով՝ հետաքրքիր էր, որ բոլորն էլ համատարած ասում էին, որ ունեն ինֆորմացիայի պակաս, թե որտե՞ղ է Երևանի քաղաքապետը։

«Հիմա Երևանի քաղաքապետը փոխանակ ընդունի իր սխալը, հասկանա, որ ինքը պետք է ավելի շատ եթեր դուրս գա, եթերով մարդկանց տեղեկացնի կատարած աշխատանքների մասին, նեղացած երեխայի նման սկսում է վիրավորել ընդդիմախոսներին, որը հարիր չէ 1 միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքի քաղաքապետին»,-ասաց նա։

Սարգիս Կարապետյանը նկատել է, որ թեև արտակարգ իրավիճակ է սահմանված, բայց քաղաքապետարանը շարունակում է կատարել ընթացիկ աշխատանքները՝  ծառեր էտել, փոսալցման աշխատանքներ կատարել, ասֆալտապատել․ «Ու այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ է նպատակահարմար այս պահին այդ աշխատանքներն իրականացնելը։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնենք, այդ աշխատանքներն իրականացնողները նույնպես չեն պահպանում բոլոր նորմերը, որը սահմանել է պարետատունը․ օրինակ, ասֆալտապատման աշխատանք են կատարում բանվորները 5-6 հոգով իրար մոտ կանգնած՝ առանց դիմակների, առանց պաշտպանիչ համազգեստի և դրանով ավելի են նպաստում այդ վիրուսի տարածմանը, ավելի դժվարացնում են թե՛ պարետատան, թե՛ առողջապահության նախարարության աշխատանքը։ Հիմա ո՞վ պետք է պատասխանի՝ ինչքանո՞վ է նպատակահարմար, միգուցե պարոն Մարությանը գտնում է, որ դա ավելի նպատակահարմար է այս պահին անելը, դրա համար պետք է եթեր դուրս գա և բացատրի ժողվորդին։ 20 օր պահմտոցի խաղալուց հետո փոխանակ եթեր դուրս գա ու բացատրի ժողովրդին՝ ինչն է նպատակահարմար, դուրս է գալիս ու սկսում վիրավորել իր ընդդիմախոսներին»։

2019 թ-ին, երբ հաստատվեց 2020 թ-ի Երևանի բյուջեն,  բնականաբար, հնարավոր չէր նախատեսել, որ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակ կլինի։ Հիմա, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն առաջարկում է բյուջեի այն ծախսերը, որոնք հրատապ չեն, կարևոր չեն, առաջնային չեն՝ չեղարկել, ուղղել ուրիշ ծախսերի վրա։ Իսկ այդ բոլորի մասին իմանալու համար նրանք կարիք ունեն տեսնելու Երևանի քաղաքապետին, որին չեն տեսնում։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն չի պատրաստվում այս պահին անկեղծ բարձրաձայնել աղաղակող բաներ քաղաքապետի չկատարած աշխատանքների մասին, ուղղակի ուզում է պրն․ Մարությանին ուղերձ հղել, որ ինչպես երկրի, այնպես էլ Երևանի առջև մեծ մարտահրավերներ են, և այն բացթողումները, որ ինքն արել է այս ընթացքում, պետք է ուղղի և ամենօրյա կապի մեջ լինի Երևանի բնակչության հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica