close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան

Քաղաքական

6 Ապրիլի 2020, 11:47
 Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան

Համաճարակը բազմաթիվ խնդիրներ վերանայելու, վերաիմաստավորելու պահանջ է դրել. պահանջվում են քաղաքական, իրավական ճիշտ որոշումներ, նոր որոշումներ, նոր մտածողություն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա էլ հենց կպայմանավորի պետության ունակությունները՝ դիմակայելու ներկա եւ առաջիկա անխուսափելի ճգնաժամերին։

Միջազգային բազմաթիվ կառույցներ հանդես են եկել կոչերով՝ խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր, խրոնիկական կամ մի քանի համակցված հիվանդություններ ունեցող ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների հնարավորությունը, իսկ խափանման միջոցի ընտրության հարցում ընտրել ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։

Դատախազությունը եւ արդարադատության նախարարը նույնպես  երկարատեւ հորդորներից հետո ի վերջո որոշեցին հաղթահարել իրենց չհիմնավորված համառությունը եւ դարձան միջազգային միտումներին համահունչ։

Առաջիկայում պարզ կլինի, թե որքանով կյանքի կկոչվի այս կառույցների հայտարարությունները, արդյոք դրանք իսկապես ուղղված կլինեն համաճարակի փուլում փակ հաստատություններում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, թե միջազգային թրենդի ազդեցության եւ իրավաբանների հորդորների ներքո պարզապես հայտարարություն է արվել եւ գործելու է ընտրովիության սկզբունքը՝ ում պետք է, կազատանեք, ում պետք չէ՝ չենք ազատի։ Մի բան ակնհայտ է, բավական ցցուն օրինակով՝ առայժմ տեղի է ունենում հայտարարությունների ճիշտ հակառակը։

Մինչ արդարադատության նախարարը հայտարարում է, որ ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իսկ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, իշխանությունները որոշում են Ռոբերտ Քոչարյանին դուրս գրել բժշկական հաստատությունից եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Ընդ որում, տեղափոխումը տեղի է ունենում ոչ թե բժիշկների ցուցումով, այլ իրենց որոշմամբ։

Առողջական վիճակով պայմանավորված հոսպիտալացումը, ոչ վաղ անցյալում իրականացված վիրահատությունը միջազգայնորեն ընդունված ակնհայտ ռիսկային չափանիշներ են, ինչի պարագայում պետք է քննության առարկա դառնար կալանքից ազատելու հարցը, եւ ոչ թե բժշկական հիմնարկից տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ։

Տպավորություն է, որ յուրաքանչյուր հաջորդ քայլ այս գործով արվում է բացառապես իշխանություններին դուր գալու կանխավարկածով։ Մարտի 1-ի գործով դատավարությունն անվերջ ձգձգվում էր նույնիսկ մինչ համաճարակը։ Նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունը, ինչը պետք է քննվեր հրատապ, առանց ավելորդ ձգձգումների, արդեն երկար ժամանակ քննության առարկա չի դառնում դատավոր Դանիբեկյանի «ինքնամեկուսացման» պատճառով։ Ոչ ԲԴԽ-ն, ոչ դատարանը չեն կարողանում հստակեցնել, թե երբ է կայանալու հաջորդ դատական նիստը, բացահայտ կերպով խախտելով արդար դատաքննության իրավունքը, արդարադատության մատչելիությունը։  

Եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված  առաջիկայում  քննության առարկա չդառնա կալանքն այլ խափանման միջոցով փոխելու հարցը, իսկ դատախազությունը եւ դատարանները դրսեւորեն ընտրովի մոտեցում՝ մի շարք անձանց ազատենք, մնացածին՝ ոչ՝ անկախ ամեն ինչից, այլեւս որեւէ կասկած չի մնա, որ գործ ունենք քաղաքական վրեժխնդրության եւ անձնական հաշվեհարդարի հետ:

Այս պահին կա ընտրության երկու տարբերակ՝ կամ իրավապահ համակարգը իրեն դուրս կդնի քաղաքական խաղից, կգիտակցի պահի լրջությունն ու կկայացնի ճիշտ որոշում, կամ վաղը նման արդարադատություն իրականացնողները կկանգնեն անհատական պատասխանատվության առջեւ։

Ճիշտ որոշումը, նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների եւ օտարների» թեման, հանդարտեցնել լարվածության մթնոլորտը։ Հակառակ պարագայում լարվածության խորացումը կարող է ներքին պայթյունների պատճառ դառնալ։ Դրա տակից որեւէ իշխանություն չի կարողանա դուրս գալ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica