close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ էր կատարվում Արամ Մանուկյանի հուղարկավորության ժամանակ Երևանում. 168.am

Հասարակություն

6 Ապրիլի 2020, 09:04
 Ի՞նչ էր կատարվում Արամ Մանուկյանի հուղարկավորության ժամանակ Երևանում. 168.am

168.am-ը գրում է.

«Թերթելով պատմության էջերը, հասկանալով անցյալի մեր բնավորությունն ու դրա ներկայի դրսևորումները՝ հասկանալի է դառնում, որ հայ ժողովուրդը քիչ անգամներ է իր առաջնորդների հետևից սգացել։ Դա միգուցե պայմանավորված է մեր ժողովրդի վերաբերմունքով։ Գուցե դա կախված է նաև նրանից, որ մեզ քիչ անգամներ է բախտ վիճակվել ունենալ լավ առաջնորդ։ Սակայն այստեղ էլ առաջնորդի, պետական գործչի լավի ու վատի ընկալման հարց կա։

Մյուս կողմից՝ պետք է փաստել, որ  դառն ու դժվար ժամանակներում, երբ մեզ փորձում էին խեղդամահ անելով՝ մի կողմ նետել պատմության ընթացքից, այդ ժամանակ կարողանում էինք համախմբվել մեր լավ կամ վատ առաջնորդի շուրջ ու պայքարել։ Պայքարից հետո՝ մեծարել նրան, ու սգալ նրա մահը։ Այստեղ ճիշտ պահն է հիշելու Աղասի Խանջյանի հուղարկավորությունը, որի ժամանակ խորհրդային իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի լռեցնեն ժողովրդին, սակայն ջրով և մտրակներով ծեծված ժողովուրդը շտապում էր վերջին հրաժեշտը տալու Աղասի Խանջյանին։

Շտապում էին, քանի որ Խանջյանին սիրում էին, իսկ այդ սերը միակողմանի չէր։ 20-րդ դարասկզբին երևի բախտավոր էինք, քանի որ Առաջին Հանրապետությունից սկսած՝ մեզ բախտ վիճակվեց շփվելու, տեսնելու ու զգալու պետությունը ղեկավարող մարդկանց մեծությունն ու միտքը։ Մի կողմ դնենք այդ մարդկանց կատարած վատ ու անհասկանալի գործերն ու խոսենք ուղիղ, որ 1918-19 թվականներին, երբ մենք գտնվում էինք շատ ծանր վիճակում, այդ մարդիկ կարողացան ամեն ինչ անել, ծեծել գերտերությունների դռներն ու մեր ժողովրդին կերակրել, պայքարել Երևանի փողոցներում մնացած որբ երեխաների համար։

Եվ այդ աշխատանքն ու նվիրումը չէր կարող չգնահատվել։ Ու պատմության խորքից եկած այն միտքը, որ ժամանակն ու ժողովուրդն է սահմանում հերոսների գոյությունը, այդ շրջանում դարձավ իրական։ Երևի թե սիմվոլիկ էր, որ Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից։ Մահացավ իր իսկ ժողովրդին սպանող հիվանդությունից։

1919 թվականնի հունվարի 29-ին մահացավ Արամ Մանուկյանը։ Արամի մահը ցնցեց ամբողջ Երևանը, Հայաստանն ու սփյուռքը։ Նրա հուղարկավորությանն ամբողջ քաղաքն էր ոտքի կանգնել։ Բոլորն էին ցանկանում վերջին հրաժեշտը տալ մեծ գործչին։ Արամի հուղարկավորության մասին բացառիկ տեղեկություններ կան թաքնված 1919-ականների մամուլում։ «Զանգ» թերթում կա պահպանված մի բացառիկ հոդված, որում ներկայացվում է Արամի հուղարկավորության կարգը, մարդկանց հոսքն ու քաղաքում տիրող ողբերգությունը։

«Փետրվարի 1-ին Երևանում փակված էին բոլոր պետական հիմնարկություններն ու պաշտոնական տները, որովհետև այդ օրը հոգին էր հանձնելու հայ ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ ներքին գործոց մինիստր Արամ Մանուկյանը։ Պատարագն սկսելուց դեռ առաջ Պողոս-Պետրոս եկեղեցու դիմաց, Աստաֆյան փողոցի երկայնությամբ, շղթա էր կազմել միլիցիոներների խումբը, բազմության առջևում կանգնել էր ձիավոր զորքը, մեջտեղում՝ ծաղկյա պսակներով զարդարուն սև դիատար օթոմոբիլը, որի վրա ծածանվում էր Դաշնակցության սևազարդ դրոշը, իսկ օթոմոբիլի շուրջը տեղավորված էր հետիոտն զորքը, վերջում թնդանոթաձիգների խումբն իրենց թնդանոթներով։ Խուռն հասարակությունը կանգնած էր Աստաֆյանի երկարությամբ, լեփ-լեցուն էր եկեղեցու թե գավիթը, և թե ներսը։

Բազմահազար ժողովրդի ներկայությունը թաղման սգերթին մի իսկական վկա էր Արամի մեծ ժողովրդականությանը։ Զանգակների տխուր ղողանջը սգավոր բազմությանը հայտնեց դագաղի եկեղեցուց դուրս բերելու և զինվորական նվագախմբի մահերգը շարժեց բազմությանը դեպի առաջ։ Սգերթի առաջից գնում էր ձիավոր զորքը, դագաղի երկու կողմից շղթա էր կազմել միլիցիոներների խումբը, դագաղի առաջից գնում էին աշակերտներն ու որբերի խմբերը, իրենց դասատուների առաջնորդությամբ, ապա բազմաթիվ դրոշակներ էին տարվում, որոնց մեջ աչքի էր ընկնում  Հ․ Յ․ Դաշնակցության և վանեցի կանանց ասեղնագործ դրոշը։

Դագաղին հետևում էին պաշտոնակիցների և հարգողների խմբերը, ապա հետիոտն զորքը, ժողովրդական բազմությունը, իսկ վերջից թնդնոթները։ Խուռն բազմությունը բռնում էր դագաղն իր ուսերի վրա կրելու համար, և կարգապահները հազիվ հնարավորություն ունեին սգերթի կարգը պահելու և իրոք, չէ՞ որ Արամն իր ամբողջ կյանքում կրել էր իր կարող ուսերի վրա հայ ժողովրդի ճակատագրական դառնությունների ամբողջ ծանրությունը։ Թափորը կանգ առավ Աստաֆյան փողոցում Դաշնակցության տան առաջ, որի պատշգամբից հարգանքի խոսք ասացին Նիկոլ Աղբալյանը, Յ․ Մխիթարյանը, Դավիթ Մել-Դադայանը և Հայկ Սարգսյանը։

Ապա թափորը Բազարնայա, Արխիտեկտորսկայա փողոցներով հասավ Մոլոկանսկայա փողոցը և բռնեց Միլեր հանգստարանի ճամփան։ Բազմահազար ժողովուրդը չնայելով ցրտին, շարունակում էր ուղեկցել հանգուցյալի դագաղին․ ցավը մեծ էր ու ընդհանրական։ Հանգստարանում ծիսակատարությունը վերջանալուց առաջ վերջին մնաս բարևի խոսքն ասաց ընկ․ Հ․ Քաջազնունին, որ շեշտեց, թե որքան ցանկություններ անկատար թողած՝ Արամն անժամանակ հեռանում է մեզանից դեպի հավիտենականություն, խոր կսկծի մեջ թողնելով մեզ բոլորիս։ Արամի դագաղի վրա դրված էին պսակներ տարբեր մակագրություններով»։ («Զանգ» թերթ, 1919 թվական, փետրվարի 9)

Այս պատմությունն ավելի ցավալի է դառնում, երբ հիմա նայում ենք մեր շուրջբոլորն ու տեսնում, որ այլևս չկա Պողոս-Պետրոս եկեղեցին, չկա քաղաքի մարդու երանգն ու մտահոգությունը։ Կա միայն Արամի փողոց, որի եզրին գործչի կիսաքանդ տունն է՝ լքված, անտեր ու մենակ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica