close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքը՝ քաղցրահունչ սաղմոսերգություն, Կյանքը՝ հաղթանակ, մահը… փորձություն. Ս. Սահակյանի մտորումները՝ համավարակի օրերին

Մշակույթ

4 Ապրիլի 2020, 16:39
 Կյանքը՝ քաղցրահունչ սաղմոսերգություն, Կյանքը՝ հաղթանակ, մահը… փորձություն. Ս. Սահակյանի մտորումները՝ համավարակի օրերին

Yerkir.am-ն ընթերցողի դատին է ներկայացնում հայ հեղափոխաշունչ երգերի անզուգական կատարող, երգիչ, երգահան Սահակ Սահակյանի նոր բանաստեղծությունը, որը ծնվել է տառացիորեն այս օրերին և ներկայացնում է երգչի՝ տներում փակված մարդկության ճակատագրի մասին խորը մտորումերը։

Համավարակի այս օրերին մոլորակի մարդկության գլխին դամոկլյան սրի նման կախվել են կյանքին, կեցությանն ու կենսագործունեությանն սպառնացող բազմաթիվ վտանգներ։  Սույն բանաստեղծությամբ՝ հեղինակը, հիշեցնելով կյանքին մշտապես ուղեկցող  «դավադրության», «անառակության», «ունայնության», «ուրացումի» և այլ «խելահեղ խեղկատակությունների» մասին, ստիպում է կյանքի և մահվան սահմանագծում գտնվողներիս վերստին մտորել հոգու փրկության մասին։ Հիրավի՝ հանճարեղ է ասված.

«Մահը աղոթք է, հոգու փրկություն,

Կյանքը՝ խելահեղ խեղկատակություն»։

Եվ չնայած հեղինակի՝ կյանքին վերագրած մի շարք հոռի երևույթների հիշատակմանը, ստեղծագործությունն ավարտվում է բոլորովին այլ շնչով և պատգամներով: Այսպես, եթե բանաստեղծության նախորդ տողերում հնչում էին կյանքը դատապարտող, մարդկանց սաստող, սթափության մղող խոսքեր, ապա, կարճ դադարից և մարդկանց մտորելու հնարավորություն տալուց հետո, Սահակ Սահակյանը բանաստեղծության ավարտին կյանքը սկսում է համարել «պատարագ», «երկրպագություն», «քաղցրահունչ սաղմոսերգություն», «անկթարթի հրավառություն» և, ի վերջո, «հաղթանակ»։

«Համավարակի այս օրերին չկարողացա այլ կերպ ավարտել իմ մտորումները կյանքի և մահվան մասին»՝ Սահակ Սահակյանի խոսքերն են։ Եվ այստեղ է հենց թաքնված Սահակ Սահակյանի ոգու մեծությունը, նրա՝ ներելու և սիրելու բարձրարժեք հատկանիշների կրողը լինելու իրողությունը, երգչի անսահման սերն առ հայրենիք և հայրենակիցներ։

Ինչպես Արցախյան գոյապայքարի օրերին, այսօր ևս մեծանուն երգիչը ստիպում է հաղթել մահին, ստիպում է մտորել, որ այսքան տառապանքներից հետո՝ իրոք, որ կյանքը… հաղթանակ է։ Դեռ ավելին՝ կյանքը հաղթանակ է ո՛չ միայն մահվան նկատմամբ, այլև հաղթանակ է կյանքում մեզ ուղեկցող այն հոռի երևույթների նկատմամբ, որոնք կյանքում մշտապես նկատել, որոնց դեմ լուռ պայքար է մղել մեծանուն երգիչը։ Եվ հենց սա է այն բաղձալի բարձրակետը, այն մեծագույն հաղթանակը, այն «պատարագն» ու «քաղցրահունչ սաղմոսերգությունը», ինքնամաքրագործմամբ ձեռք բերված այն երանելի հոգեվիճակը, որի երազանքով ապրում և գործում է Սահակ Սահակյանը։  

Ի վայելումն։

Վ. Սարգսյան

* * *

Մահվան հետևից վատը չեն խոսում՝

կյանքը բամբասում…

 

Մահը հավերժ է, հավիտենական,

Կյանքը՝ անցողիկ ու անիրական։

Մահն առեղծված է մշտնջենական,

Կյանքը գերին է սին ունայնության։

Մահն անսասան է ու հաստատակամ,

Կյանքը՝ երերուն ու հակասական։

Մահը անկեղծ է ու ազնվական,

Կյանքը՝ անառակ, անբարոյական։

Մահը երդում է հավատարմության,

Կյանքը պատանդ է դավադրության։

Մահը՝ հատուցում մեղավորության,

Կյանքը՝ ուրացում սրբագործության։

Մահը ներբող է նահատակության,

Կյանքը՝ ամոթը դասալքության։

Մահին՝ երկնային սուրբ արքայություն,

Կյանքին՝ հալածանք ու թշվառություն։

Մահը աղոթք է, հոգու փրկություն,

Կյանքը՝ խելահեղ խեղկատակություն։

Մահը՝ հուշարձան, շքեղ դամբարան,

Կյանքը՝ խրտվիլակ, առանց պատվանդան։

Մահը անսահման հավասարություն,

Կյանքը վերից վար անարդարություն։

-----------------------------------------------------

-----------------------------------------------------

Կյանքը՝ պատարագ, երկրպագություն,

Կյանքը՝ քաղցրահունչ սաղմոսերգություն,

Կյանքն անկթարթի հրավառություն,

Կյանքը՝ հաղթանակ, մահը… փորձություն…

 

Սահակ Սահակյան

ապրիլ, 2020 թ.

Սահակ Սահակյանի այլ բանաստեղծությունները՝ այստեղ։

Սահակ Սահակյանի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցը՝ այստեղ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica