close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերադասավորումներ Արցախի խորհրդարանում և կառավարությունում․ ՀՅԴ մտադրությունները

Արցախ

3 Ապրիլի 2020, 22:37
 Վերադասավորումներ Արցախի խորհրդարանում և կառավարությունում․ ՀՅԴ մտադրությունները

Արցախի Հանրապետության հաջորդ խորհրդարանում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կունենա 3 մանդատ․ եթե այլ որոշում չլինի՝ դրանք կվերցնեն ցուցակի առաջին 3 համարները՝ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի գործող Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը։

Այս ԱԺ-ում Դաշնակցության մանդատները 7-ն էին․ ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը ստանձնեց ԱՀ մշակույթի նախարարի պաշտոնը և խորհրդարանում կուսակցությունը ներկայությունը աշխատեց 6 պատգամավորով։

6-ի փոխարեն 3 մանդատը, սակայն, Արմեն Սարգսյանը չի համարում դիրքերի՝ կիսով չափ զիջում․ նա ընդգծում է, որ այս ընտրություններին բոլորովին այլ իրավիճակ էր՝ թե՛ մասնակցող կուսակցություններն էին աննախադեպ շատ, թե՛ կորոնավիրուսի վտանգը ազդեց արդյունքի վրա։

Նոր խորհրդարանում Դաշնակցությունը կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ՝ դեռ որոշում չկա․ «Չգիտեմ, հիմա մի քիչ շուտ է ասելը՝ Դաշնակցությունը, ընդհանրապես, միշտ փորձում է իր դեմքը պահել և ճշտին ասել ճիշտ, սխալին՝ սխալ»։  

Գործող խորհրդարանում ՀՅԴ-ն որևէ մեկի հետ կոալիցիայում չէ։ Գրավոր համաձայնագրով կոալիցիա են կազմել Ազատ Հայրենիքն ու Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը։ Արմեն Սարգսյանը, սակայն, նշում է, որ Արցախում կոալիցիա ասվածը մի քիչ այլ է․ եթե որևէ քաղաքական ուժի կարծիքով տվյալ օրինագիծը ճիշտ է՝ կողմ է քվեարկում, եթե ոչ՝ դեմ, անկախ հանգամանքերից։

Արցախի ԱԺ-ում 5 կուսակցություն է ներկա, հաջորդում ևս 5-ը կլինեն։ Նախկիններից 3-ը կրկին մտել են ԱԺ՝ Ազատ Հայրենիքը, ՀՅԴ-ն և Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը, մյուս 2-ը լրիվ նոր են՝ Միացյալ Հայաստանը և Արդարությունը։ Դուրս է մնացել Հայկ Խանումյանի՝ Ազգային Վերածնունդ կուսակցությունը և Շարժում 88-ը, որն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին, քանի որ 3 պատգամավոր ուներ, բոլորն էլ մտան տարբեր կուսակցությունների մեջ։

«Դաշնակցությունը շատ հարցերում համագործակցել է, շատ հարցերում՝ ընդդիմադիր է եղել։ Ընդհուպ մինչև այս Սահմանադրության հարցում․ մենք մինչև վերջ պայքարեցինք, որ այն չընդունվեր և այսօր տեսանք այդ Սահմանադրության կրախը, երբ նախագահի և ԱԺ ընտրությունները նույն օրն էին և տեսանք դրա պրոբլեմները»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Դաշնակցության քարոզչության մեխերից մեկն էլ այն էր, որ եթե նախագահ ընտրվի դաշնակցական թեկնածուն, ապա նա կլինի վերջին նախագահը Արցախի պատմության մեջ․ նա երկիրը կտանի դեպի խորհրդարանական կառավարման մոդել և նախագահի ինստիտուտը կվերանա Արցախում։

Նոր կառավարությունում դաշնակցական նախարար կլինի՞, թե՞ ոչ՝ կապված չէ ԱԺ-ում մանդատների թվի հետ․ Արցախում նախագահն է որոշում՝ ում առաջարկի։ Նախորդ կառավարություններում, օրինակ, Մշակույթի նախարարությունը ավանդաբար Դաշնակցությանն են առաջարկել։

Նախագահի թեկնածուների պաշտոնական հաստատումը կլինի ապրիլի 8-ին․ ՀՅԴ-ն դեռ որոշում չունի՝ ում կսատարի, բայց Արմեն Սագսյանը հիշեցնում է, որ իրենք դեռ քարոզարշավի սկզբում 6 կետից բաղկացած ռազմավարություն կազմեցին և այդ սկզբունքների շուրջ համաձայնեցված թեկնածու ունենալու բանակցություններ սկսեցին բոլոր կուսակացությունների հետ․ ըստ էության, բոլորն էլ համաձայնեցին իրենց առաջադրած թեզերին։

Մասիս Մայիլյանը կհրաժարվի՞, թե՞ ոչ նախագահի պաշտոնի համար պայքարից, Արմեն Սարգսյանը չցանկացավ իր կարծիքն ասել․ «Կարելի է անձնական մտքի մարզանք անել, բայց սպասենք՝ տեսնենք, շատ-շատ պատճառներ կան, բայց սպասենք»։

Դաշնակցության դիրքորոշումը, սակայն, կապված է ոչ թե այս զարգացումների, այլ իր հետ՝ ասաց Արմեն Սարգսյանը․ «Ինքը քննարկում է, ինքը ընդունում․ ոչ մի ուրիշ կուսակցության հետ կապված չէ»։

Նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթի Իշխանյանի ստացած կողմ քվեների մասին Արմեն Սարգսյանն ասաց, որ իրենք ավելի շատ էինք պատկերացնում, բայց այժմ վերլուծելու են պատճառները։

«Փաստն այն է, որ քաղաքական բոլոր ուժերն իրար քննադատում էին, վիրավորում, բայց Դաշնակցությանը ոչ մեկը չէր քննադատում․ որովհետև մեր սկզբունքներին հավատարիմ ենք եղել։ Նույնիսկ թեկնածուների հեռուստադեբատներից էլ դա երևաց։ Իր կեցվածքով՝ համախմբող դեր էր կատարում Դաշնակցությունը, որովհետև իր ծրագրերին է հավատարիմ, ոչ թե իր հաջողությունը կառուցում է ուրիշների սխալների վրա և փնովելով փորձում դիվիդենտներ ձեռք բերել։ Մենք շատ անխոցելի էինք, դրա համար այդպիսի բարձր մակարդակով անցավ և Դաշնակցությանը ոչ մեկը չքննադատեց»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Համապետական ընտրությունների արդյունքն, ընդհանուր առմամբ, նա գնահատում է ժողովրդի մեջ տիրող իրավիճակով․ «Հարցումներ կատարելով՝ տեսնում էինք, որ մեկ ամիս առաջ էլ կարծես ժողովուրդը բաժանված էր երկու մասի՝ ընդդիմադիր և իշխանամետ։ Մեր տակտիկան այնպիսին էր՝ մտածում էինք ինչ անենք, որ մեր քաղաքականությունը ճիշտ ընկալելի դառնա ժողովրդին, որովհետև մեր նպատակը չէ ամեն ինչ սևացնել՝ եթե լավ է արված և մեր նպատակը չէ ամեն ինչ ուռճացնել և միայն խոսել լավի մասին։ Այսինքն, մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր կամ իշխանամետն է, այլ ճիշտը գտնելն է և պրոբլեմները գտնելն է և այդ պրոբլեմները լուծելու ուղիներ ներկայացնելն է»։

Արմեն Սարգսյանի գնահատմամբ՝ շատ դժվար էր, բայց իրենք մնացին հավատարիմ և կարողացան իրենց արժեքները պահել և այդ արժեքներով ցույց տալ, թե ապագայում ինչպես պետք է լուծվեն պրոբլեմները, բացատրեցին իրենց ծրագրերը։

«Ավելին, ի տարբերություն շատ այլ կուսակցությունների, հնարավորություն ունեինք ցույց տալու, որ մենք ճիշտ ենք, որովհետև երկու անգամ՝ երբ մենք իշխանություն էինք և երբ խորհրդարանում մեծամասնություն էինք, մեր բոլոր ծրագրերի ռազմավարական կետերը կատարել ենք։ Դա ապացուցում է, որ մեր ծրագրերը ռեալ են, իրագործելի և երբ գանք իշխանության՝ կատարելու ենք։ Ամենակարևորը, որ փորձում էինք ասել՝ շատ ծրագրերով լրիվ տարբերվում ենք այլ կուսակցություններից, Արցախում միակ սոցիալիստական կուսակցությունն ենք և Սոցինտերնի անդամ կուսակցություն ենք։ Մեր ծրագիրը սուրճի սեղանի շուրջ չի գրվել, այլ աշխարհի առաջադեմ փորձը հաշվի առնելով՝ մշակել են լավագույն մասնագետները»,-ասաց նա։

Համապետական ընտրությունների ընթացքին հետևելով՝ Արմեն Սարգսյանի աչքերը լցվել են․ «Երբ մտնում էի ընտրատեղամասեր, ուրախության պահեր էի ապրում, որովհետև իմ հարցմանը՝ չե՞ք վախենում՝ տարիքով մարդիկ կան, ասում էին՝ ո՛չ, մեր տղաները զոհվել են, իսկ հիմա ապագա ենք կերտում մեր ընտրություններով։ Շոկի մեջ էի՝ մինչև ժամը 8-ը հերթեր կային և հասկացա, որ ժողովուրդը բռնել վճռականության ուղին, ես պարզապես դողում էի, բոլորի աչքերը կայծկլտում էին։ Մեր քաղաքացիները նորից ապացուցեցին, որ արցախցիները առանձնահատուկ են»։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Արցախի ընտրությունները չճանաչող հայտարարությանը նա հանգիստ է վերաբերվում․ միշտ էլ ԵԱՀԿ ՄԽ-ն այդպես է գնահատել և դա ոչ մի ազդեցություն չի գործել և չի խանգարել, որ ՄԽ համանախագահները հանդիպեն ընտրությունների արդյունքներով ընտրված նախագահի հետ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica