close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+16°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զգացված եմ չդադարող շնորհավորանքներից. Հ. Հարությունյանը՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի պրեմիերայի մասին

Քաղաքական

3 Ապրիլի 2020, 19:02
 Զգացված եմ չդադարող շնորհավորանքներից. Հ. Հարությունյանը՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի պրեմիերայի մասին

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախօրեին կայացած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայի առթիվ ստացած շնորհավորանքներին և հասարակական լայն շրջանակների ջերմ արձագանքներին։ Հեռուստաընկերության տնօրենը հայտնել է նաև, որ ֆիլմի կրկնությունը տեղի կունենա «5-րդ ալիքի» եթերում ապրիլի 5-ին, նույն օրը ֆիլմը կտեղադրվի նաև համացանցում։

Հարություն Հարությունյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.  

«Դե ինչ, կայացավ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Արձագանքներից հասկանում եմ, որ մեծ հավանության է արժանացել:
Սիրելի բարեկամներ զգացված եմ չդադարող շնորհավորանքների և մաղթանքների համար: Իմ համար ավելի հուզիչ է և պարտավորեցնող, որ պրեմիերան տեղի ունեցավ «5-րդ ալիքով», և որ մենք այդքան դիտող ունենք: Սա իրոք պարտավորեցնող է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «5-րդ ալիքի» ողջ անձնակազմին, քանզի մինչ Ձեր շնորհավորանքները, նրանց աշխատանքն էր պարտավորեցնում, իսկ երբ նշաձողը դրված է և անընդհատ բարձրացվում էր, հնարավոր չէ այլ կերպ աշխատել: Նշաձողի դիրքը ամեն օր, ամեն րոպե, հավատացեք, ամեն վայրկյան իրենց նվիրվածությամբ և աշխատանքով երբ բարձրացնում են լրագրողները, ռեժիսորները, օպերատորները, բոլորը, դու ուղղակի չես կարող օրվա սանդղակը չնկատել, չհարգել և չենթարկվել պարտադրանքին:

Ֆիլմը թիմային աշխատանքի արդյունք էր, և առանց մեր հրաշալի թիմի՝ դիմահարդարից մինչև մաքրուհի, ծրագրերի պատասխանատուից մինչև վարորդ, բոլորը անխտիր արժանի են գովասանքի:

Մենք դժվար ժամանակներում հայտնվեցինք եթերում, և այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա: Այսօր մենք սիրված ենք և այդ սերը վաստակեցինք մեր համառ և նպատակաուղղված աշխատանքի արդյունքում: Իսկ այն փաստը, որ վավերագրական ժանրը կարող է այդքան ունկնդիր ունենալ, հույս է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Ինքս ֆիլմում թերություններ տեսել եմ, արագության հևքի մեջ եղան նաև որոշակի բացթողումներ: Կարելի էր ավելի լավ անել, բայց Ձեր արձագանքները հաշվի առնելով, ֆիլմին այլևս ձեռք չեմ տա:

Ինչպես արդեն ասել եմ «Հայլուրի» տաղավարում, կաշխատենք նոր՝ օտարալեզու հանդիսատեսի համար հավաքել ավելի դինամիկ մի տարբերակ: Արտերկրում պետք է իմանան ի՞նչ է եղել 2016-ի ապրիլին և ինպես են մեր տղաները դիմակայել բորենիներին:

Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստանում ֆիմի կրկնության, նաև այն համացանցում տեղադրելու մասով:

Մենք պլանավորել ենք այն կրկնել կիրակի, մեր ամենօրյա դոկումենտալ ֆիլմերի ժամին՝ 19:30 -ին, որից հետո այն կտեղադրենք համացանցում: Չի բացառվում, որ վաղը ծրագրերի ղեկավարի հետ քննարկենք կրկնությունը առաջ բերելու հարցը: Հասկանում եմ օր առաջ դիտելու Ձեր ցանկությունը, բայց միանձնյա որոշում չեմ կարող կայացնել: Մեզ մոտ այդպես ընդունված չէ:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար, մի փոխեք ալիքը, մնացեք 5-ի հետ, այն վաղուց դարձել է ընտանեկան ալիք և հաստատ հաճելի հյուր յուրաքանչյուրիդ օջախում:

Շնորհակալություն: Մենք սիրում ենք մեր հեռուստադիտողին, մենք չենք կարող չսիրել խելացի, մտածող մարդկանց: Մենք Ձեր կարիքը զգում ենք»:

Ավելի ուշ արված մեկ այլ հայտարարությամբ՝ «5-րդ ալիքի» տնօրենը հայտնել է, որ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի կրկնությունը «5-րդ ալիքի» եթերում կլինի կիրակի՝ ապրիլի 5-ին, ժամը 19:30: Նույն ժամին՝ զուգահեռ, Youtube-ում տեղի կունենա ֆիլմի համացանցային պրեմիերան:

 

Ավելի վաղ՝ Yerevan.Today-ի հետ զրույցում, խոսելով ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին, «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշել էր, որ ֆիլմը ստեղծվել է 4,5-5 ամսում։ Փաստավավերագրական ֆիլմում  ներկայացվում են 2016 թ. Ապրիլյան քառօրյայի իրադարձությունները։

Ֆիլմի ստեղծման դրդապատճառների մասին խոսելիս՝ «5-րդ ալիքի» տնօրենը պատասխանել է. «Արդեն 4 տարի է՝ շահարկվում է այս թեման, այնքան շահարկվեց, որ հասավ Ազգային ժողով, և ԱԺ պատգամավորներն իրենց կարողացան թույլ տալ կանգնել և ասել` մենք Ապրիլյան պատերազմը պարտվել ենք։ Այս ամենի արդյունքում էր, որ իմ մոտ միտք հղացավ՝ միուգե այս թեմային անդրադառնանք, հասկանանք՝ դա պարտությո՞ւն էր, թե՝ հաղթանակ, ի՞նչ էր, վերջապես։ Նաև հաշվի առնելով, որ մենք մեր եթերում անցած տարվանից ունենք «Ե՞ս, թե՞ հայրենիքս» ֆիլմաշարը, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մասին վավերագրական ֆիլմեր են, հաշվի առնելով, թե ինչպիսի հետաքրքրությամբ էին մարդիկ նայում և ինչպիսի արձագանքներ ունեինք, մտածեցինք, որ կարելի է ֆիլմ նկարել ապրիլյան պատերազմի մասին»։

Հարություն Հարությունյանը վստահեցրել է նաև, որ ֆիլմում տրված են Ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխանները. «Ապրիլյան պատերազմի մասին ինչեր ասես, որ չհորինեցին, ասում էին՝ պայմանավորված էր, որ ռուսներն էին կազմակերպել, տանկերի մեջ սալյարկա չկար, ջուր էր լցված։ Սուտը հեշտ է մարսվում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տանկի ողջ համակարգը պետք է փոխվի, եթե սալյարկայի փոխարեն ջուր լինի։ Այս ամբողջի պատասխանը և ավելին կա ֆիլմում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica