close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+20°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք կառավարությունը կարող է միայնակ երկիրը դուրս բերել այս իրավիճակից. 168.am

Քաղաքական

3 Ապրիլի 2020, 13:26
 Արդյո՞ք կառավարությունը կարող է միայնակ երկիրը դուրս բերել այս իրավիճակից. 168.am

168.am-ը գրում է.

«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց առաջ և հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս իշխանությանը կոչ են արել՝ ստեղծված իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու համար իրականացնել այս կամ այն քայլը:

Ավելին, նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հանդես են եկել տարբեր հայտարարություններով՝ նշելով, որ այս պահին պատրաստ են կանգնել իշխանությունների կողքին և իրենց խորհուրդներով աջակցել նրանց: 

168.am-ը  ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք իշխանությունները դիմե՞լ են նախկին իշխանություններին՝ նախագահին, վարչապետներին, Առողջապահության նախարարներին, մասնագետներին, որոնք այսօր համակարգում չեն, նրանցից օգնություն խնդրե՞լ են, խորհրդակցություն անցկացրե՞լ են:

«Նման խորհրդակցություն առհասարակ չի եղել, հայտարարվել է, որ նրանք, ովքեր ունեն որոշակի առաջակություններ՝ տնտեսական, առողջապահական և այլ ոլորտների մասով, կարող են իրենց առաջարկություններն ուղարկել մեզ, առաջարկությունների մասով բաց ենք: Բայց խորհրդակցություն նախկին իշխանության ներկայացուցիչների հետ չի եղել»,- ի պատասխան՝ ասաց Մանե Գևորգյանը:

Հարցին, օրինակ, նախկին վարչապետներից որևէ մեկն ինչ-որ առաջարկ արե՞լ է, և արդյո՞ք այն ընդունվել է Կառավարության կողմից, Մանե Գևորգյանը պատասխանեց, թե տեղյակ չէ, որ անձնապես նախկին որևէ բարձրաստիճան պաշտոնյա որևէ առաջարկ ուղարկի, միայն գիտի, որ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և մի քանի պատգամավոր նման խորհրդակցություն հրավիրել են, որին մասնակցել են նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը. այս խորհրդակցության մասին պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Սրանից զատ, այս հարցի շուրջ այլ տեղեկատվություն չունեմ»,- եզրափակեց Մանե Գևորգյանը:

Թեմայի վերաբերյալ հարց ուղղեցինք նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին՝ հետաքրքրվելով, թե ստեղծված իրավիճակի հետ կապված ի՞նչ առաջարկ են արել ներկայիս իշխանություններին:

«Առհասարակ մենք համարում ենք, որ ճգնաժամային կառավարման ընթացքում ամբողջ պատասախանատվությունը կրում է իշխանությունը և իշխանությունն իսկապես պետք է հնարավորություն ունենա գործելու, և անտեղի քննադատությունը, գոնե արտակարգ դրության պայմաններում, տեղ չպետք է ունենա: Կրկնում եմ՝ այս արտակարգ դրության պայմաններում խորհուրդներ տալը համարում ենք անիմաստ գործ»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նա որևէ տեսակետ հայտնե՞լ է:

Ի պատասխան՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ, եթե Տեր-Պետրոսյանը որևէ բան ունենա ասելու, ապա միջնորդների կարիք չի ունենա և դրա մասին ուղիղ կասի:

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ն, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ինքն անձամբ կուսակցության անունից առնվազն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարություն են արել համերաշխության, միասնականության և կարգապահության վերաբերյալ: Առաջարկել են մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, և բոլորը միասնական փորձեն օր առաջ հաղթահարել կորոնավիրուսի սպառնալիքը, որը ոչ միայն առողջապահական, այլև անվտանգային է և տնտեսական վտանգներով է լի:

«Մեր քննադատության խոսքի տակ եղել է ոչ թե այս իշխանություններին վատաբանելը, այլ մեր յուրաքանչյուր քննադատություն նաև առաջարկ էր: Երբ Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, առաջարկեցինք դասերն ընդմիջել, հանրաքվե չանել, լուրջ վերաբերվել ու չասել՝ օղիով կախտահանեն վիրուսը: Ավելին, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, անձամբ ես և իմ կուսակից ընկերներն առաջարկեցինք, որ այս պահին քննադատելու ժամանակը չէ, իշխանությունն այս ընթացքում շատ սխալներ է արել, բայց հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ, մեր կուսակցությունը, «Լույս» հիմնադրամը նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ է առաջարկ արել, բայց ամենակարևոր առաջարկն արել եմ ի սկզբանե, ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է ստեղծի ճգնաժամային շտաբ՝ նախկին ղեկավարներից, մարդկանցից, որոնք ճգնաժամային կառավարման փորձ ունեն: 90-ականներին մենք ճգնաժամի պայմաններում կարողացել ենք այն հաղթահարել, մենք պատերազմ ենք հաղթել, հաղթել ենք նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմը:

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից սկսած՝ մինչև մեր իշխանություն, կան նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան, նախկին նախագահներ կան, առաջարկել ենք, որ նման պայմաներում պետք է հանվի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ինչն էլ կլինի համերաշխության համար լավագույն քայլը: Բոլոր ներքաղաքական տարաձայնությունները պետք է կարողանան մի կողմ դնել և լինել միասնական, եթե այս կառավարությունն այս ճգնաժամում ձախողեց, ապա պետությունն է թուլանալու, տնտեսական ու սոցիալական խնդիրներ են առաջանալու: Ես նույնիսկ օրինակ եմ բերել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Սերժ Սարգսյանն ինքը գնաց և հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,-  շեշտեց Է. Շարմազանովը:

Ըստ նրա՝ ներկայիս իշխանություններն օբյեկտիվորեն ճգնաժամային կառավարման փորձ չունեն, ուստի ստեղծված իրավիճակից չեն կարողանա միայնակ «գլուխ հանել», թերևս սա է պատճառը, որ վիրուսի տարածման օրերին, երբ տարբեր երկրներում բոլորն աշխատանքներ էին իրականացնում, Հայաստանում քարոզարշավ էին անում, Իտալիա-Միլան չվերթերն ավելացնում ու ասում, թե՝ «կորոնավիրուսն ո՞ւմ դռան շունն է»:

«Սա միայն վարչապետի խնդիրը չէ, սա ամբողջ երկրի խնդիրն է, նա պատասխանատու է բոլորիս համար, և սա ընտանեկան վեճ չէ, որ հարևանին կանչեն՝ լուծի: Ես չգիտեմ, թե այս մարդիկ երբ են հասկանալու, որ մենք բոլորս մի նավի անդամներ ենք, այսօրվա սխալ կառավարման հետևանքները բոլորն են տեսնելու: Հիմա ի՞նչ, մեզ «ադալժենի» են անում՝ ասելով, թե առաջարկների համար բաց են: Հրանտ Բագրատյանն առավոտից երեկո խոսում է, ՀՀԿ-ն առաջարկ արել է, «Լույս» հիմնադրամը, ՀՅԴ-ն առաջարկներ արել են, իսկ իրենք տրամաբանությանը հակառակ նախագծեր են ընդունում՝ հեռախոսազանգերի կամ չգիտեմ ինչերի վերաբերյալ՝ առանց ընդդիմության, հետո էլ ամբիոնից, իրենց Սասունցի Դավիթի տեղը դրած՝ հորջորջում են ընդդիմության վրա՝ մոռանալով, որ, Աստված չանի, եթե Փաշինյանը մի շաբաթ գրիպ ընկնի, իրենք մի ժամ էլ չեն դիմանա: Մեռանք ասելով, որ Հայաստանում ներքին թշնամիներ չկան, մե՛նք պետք է իրենց ամենաշատը քննադատենք, մենք ասում ենք՝ չե՛նք քննադատում, հիմա դրա ժամանակը չէ, բայց մեզ էլ լսեք, հավաքեք բոլոր առաջարկ անողներին, ջայլամի այս քաղաքականությունը, թե իրենք ամեն ինչ գիտեն, մեզ կկործանի»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հարց բարձրացրեց, օրինակ, ներկայիս իշխանություններն Արմեն Գևորգյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հրանտ Բագրատյանի հետ խորհրդակցե՞լ են:

Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը պարետ է նշանակել, բայց նրանից շուտ է տեղեկությունները հաղորդում:

«Այստեղ խնդիրը մեր առաջարկները չեն, այլ այն, որ, դժբախտաբար, օրվա իշխանությունները լուրջ չեն մոտենում խնդրին, այստեղ աշխարհի չեմպիոնատ չէ, որ, ասենք, դառնանք չեմպիոն, գնանք դափնիները կիսենք, այլ պատասխանատվությունը կիսելու մասին է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս մարդկանց համար միշտ ներքին թշնամի է պետք, դե, Հանրապետականն էր, հետո Քոչարյանը, լրատվամիջոցները, Սահմանադրական դատարանի նախագահը: Մոռանում են, որ իրենց ներքին թշնամին ՀՀԿ-ն ու ընդդիմությունը չեն, այլ կորանավիրուսն է և սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Հիմա քաղաքական դիվիդենտներ շահելու ժամանակը չէ ոչ մեկի համար, մարդիկ արդեն հացի գումար չունեն, իսկ սրանք աթոռի պնդության մասին են մտածում, հիմա դրա ժամանակը չէ, հատկապես, որ որևէ մեկն այդ աթոռը չի քաշում»,- եզրափակեց նա:

Ինչպես հայտնի է՝  ՀՅԴ-ն առաջարկներով դիմել էր Կառավարությանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ առաջարկներից մի քանիսն ընդունվել է, իրականացվում են, սակայն ոչ ժամանակին:

«Մենք ներկայացրել էինք 50 քայլերից բաղկացած գործողությունների ծրագիր, որտեղ կան առաջարկներ կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ, այդ ծրագիրը հրապարակել ենք և մեկ օրինակ ուղարկել Կառավարությանը: Նշված քայլերից որոշներն իրականացվում են, բայց նախ՝ ժամանակավրեպության հարց կա, և այն քայլերը, որոնք մենք ներկայացրել էինք, պետք է արագ ու լիարժեք արվեին, որոշներն արվում են, որոշներն էլ՝ կիսատ-պռատ: Բայց այս օրերին մենք մեր պարտքն էինք համարել  մասնագիտական և մնացյալ կարողություններով հանդես գալ, քանի որ երկրի առջև կա մարտահրավեր, ինչը վերաբերում է բոլորին: Այն գործողությունները, որոնք արվում են՝ դրա հետ կապված, մենք ևս ունենք մեր գնահատականները՝ դրանք բավարար չեն, հաճախ շատ փնթի են արվում, բայց սա է իրականությունը»,- նշեց նա:

Հարցին՝ կոնկրետ ո՞ր առաջարկն է իրականացվել, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, թե մարտի 23-ին ասել էին, որ արտակարգ դրության խիստ ռեժիմն ուշացած է, և պետք է անցնեն դրան, որից հետո անցան դրան, նույնն էլ վերաբերում է տրանսպորտի գործունեությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica