close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համավարակը կանխատեսած համաճարակաբանն ասում է, թե ինչ կլինի. Wired

Աշխարհ

1 Ապրիլի 2020, 15:41
 Համավարակը կանխատեսած համաճարակաբանն ասում է, թե ինչ կլինի. Wired

Համաճարակաբան Լարի Բրիլիանտը չի պնդում, թե կարող է գուշակել ապագան, սակայն 14 տարի առաջ ծաղիկ հիվանդությունն արմատախիլ անելուն մեծապես նպաստած բժիշկը, «Վարակ» ֆիլմ-աղետի խորհրդատուն, ելույթ ունենալով TED-ի հանդիսատեսների առջև, նկարագրել էր, թե ինչպես կզարգանա հաջորդ համավարակը: Այն ժամանակ դա հնչում էր չափազանց սարսափելի, որ լրջորեն ընդունվեր: «Միլիարդավոր մարդիկ կվարակվեն: Մոտ 165 միլիոնը կմահանա: Կսկսվի համաշխարհային ռեցեսիա և անկում, իսկ տնտեսական վնասներն ավելի աղետալի կլինեն, քան հարյուրմիլիոնավոր մահերը, քանի որ այնքան շատ մարդ կկորցնի աշխատանքը և առողջապահության հասանելիությունը, որ հետևանքներն աներևակայելի կլինեն»,- ասել էր  համաճարակաբանը:

Եվ ահա աներևակայելի իրավիճակ է, ու Բրիլիանտը` «Կանգնեցնեք համավարակը» կազմակերպության խորհրդի նախագահը, «առաջնագծում» գտնվողներին իր փորձն է ներկայացնում: 75-ամյա բժիշկը մասնակցել է ծաղկի, գրիպի, պոլիոմիելիտի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին:

Ամերիկյան Wired ամսագրի թղթակցի հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ իր կանխատեսումները և «Վարակ» ֆիլմը հիմնված են գիտական ապացույցների վրա: Վերջին 10-15 տարիներին ամբողջ համաճարակաբանական հանրությունը զգուշացնում էր` կասկած չկա, որ համավարակ է լինելու, հարցն այն էր միայն, թե երբ:

«Շատ դժվար է ստիպել մարդկանց` լսել քեզ: Օրինակ` Թրամփը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդից քշեց ծովակալ Ցիմերին, որն այդ մակարդակում միակ մարդն էր, որ պատասխանատու էր համավարակներից պաշտպանության համար: Նրա հետ գնացին բոլոր ենթակաները, անձնակազմն ու կապերը: Իսկ հետո Թրամփը դադարեցրեց այլ երկրների համար վաղ կանխարգելման համակարգի ֆինանսավորումը»,- ասել է բժիշկը:

Ըստ համաճարակաբանի` COVID-19-ը բոլորովին նոր վիրուս է, աշխարհում ոչ մի մարդ դրա դեմ իմունիտետ չունի, իսկ դա նշանակում է, որ այն կարող է 7,8 մլրդ մարդ վարակել: Ընդ որում` Բրիլիանտը չի բացառում, որ վիրուսի նոր լինելը չի խանգարի իմունիտետի ձևավորմանը:  «Գիտենք դեպքեր, որ մարդիկ համարում են, թե կրկին վարակվել են, սակայն դա, հնարավոր է, թեստավորման խնդիր լինի, այլ ոչ թե կրկնվող վարակ: Բայց մինչև այս ամենի ավարտը տասնյակմիլիոնավոր կամ միլիարդավոր վարակվածներ կլինեն, և այդպիսի մեծ թվերի պայմաններում ցանկացած` «Իսկ կարո՞ղ է այդպես լինել» հարցի պատասխանը գործնականում դրական կլինի»,- նշել է նա:

Համաճարակաբանը, որն իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ բռնկումներ է տեսել, այս համավարակն իր տեսածներից ամենավտանգավորն է համարում: Ըստ նրա` մեկուսանալու, միմյանց միջև 2 մետր հեռավորություն պահելու և մյուս հանձնարարականները շատ լավն են: «Բայց մենք լավ հանձնարարականներ ստացե՞լ ենք ԱՄՆ նախագահից համաճարակի առաջին 12 շաբաթում: Ոչ, մենք լսել ենք միայն սուտ, պնդումներ, թե դա ֆեյք է: Նույնիսկ մինչ օրս կան մարդիկ, ի վնաս իրենց, որ հավատում են դրան: Որպես առողջապահության ոլորտի ներկայացուցիչ` հայտարարում եմ` դա ընտրովի պաշտոն զբաղեցնող անձի ամենաանպատասխանատու արարքն է, որ տեսել եմ իմ կյանքում: Իսկ այն, ինչ լսում եք հիմա` ինքնամեկուսանալ, փակել դպրոցները, չեղարկել միջոցառումները, ճիշտ է: Արդյո՞ք դա մեզ լիովին կպաշտպանի, աշխարհը դարերով անվտանգ կդարձնի, ոչ: Սակայն դա ճիշտ է, հարկավոր է ժամանակի մեջ երկարաձգել հիվանդությամբ վարակվելը»,- ասել է Բրիլիանտը:

Համաճարակաբանը շեշտել է, որ վիրուսի դեմ պատվաստանյութ անպայման կստեղծվի, քանի որ, վարակաբանության տեսանկյունից, իրեն ոչինչ չի վախեցնում: «Ժամանակ ընթացքում  կհասնենք համաճարակաբանների նվիրական նպատակին. Նախ` կունենանք մարդկանց մեծ թիվ, որ վարակվել է ու իմունիտետ ձեռք բերել, երկրորդ` պատվաստանյութը: Առաջինի ու երկրորդի համադրումը բավարար է, որ ստացվի «հավաքական իմունիտետ», որը, սովորաբար, ընդգրկում է բնակչության 70-80 տոկոսը: Շատ մեծ հույս ունեմ, որ կգտնենք COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոց, որը ոչ միայն բուժում է, այլև պրոֆիլակտիկ ազդեցություն ունի»,- նշել է նա:

Բրիլիանտը կարևոր  է համարում շատ թեստավորումներ անցկացնելը, որը հնարավորություն կտա պատկերացում կազմելու վիրուսի տարածվածության մասին: «Այն, որ Զիմբաբվեում վարակվածների թիվը զրո է, դեռևս չի նշանակում, որ երկրում վիրուս չկա, պարզապես չունեն թեստավորման հնարավորություն: Մեզ անհրաժեշտ է հղիության թեստի նման մի բան, որ ամեն ոք կարողանա տանը թեստ հանձնել»,- ընդգծել է նա:

Հարցին` ինչպե՞ս հասկանալ, որ հաղթել ենք վիրուսին, հայտնի համաճարակաբանը պատասխանել է. «Աշխարհը սովորականի նման չի լինի, քանի դեռ 3 բան չի անցել: Առաջին` մենք պետք է հասկանանք, թե ինչ տեսք ունի այս վիրուսի բաշխումը` ինչպես այսբերգ, որի մեկ յոթերորդն է ջրի երեսին, կամ` բուրգը երբ ամեն ինչ տեսնում ենք: Եթե հենց հիմա տեսնում ենք իրական դրության մեկ յոթերորդը, որովհետև բավարար չենք թեստավորում, բաներս բուրդ է: Երկրորդ` հարկավոր է գտնել բուժման ձևը` պատվաստանյութ կամ հակավիրուսային դեղամիջոց: Երրորդ` պետք է տեսնենք, որ շատ թվով մարդկանց մոտ իմունիտետ է ձևավորվել, մասնավորապես`արդեն հիվանդ բուժաշխատողների, ոստիկանների, հրշեջների, ուսուցիչների: Եվ պետք է նրանց թեստավորենք, որ վստահ լինենք` նրանք այլև վարակիչ չեն: Պետք է համակարգ ունենանք, որը նույնականացնում է նրանց, օրինակ` ապարանջան կամ լուսանկարով ու կնիքով փաստաթուղթ: Այդ ժամանակ կարող ենք, օրինակ, երեխաներին հանգիստ դպրոց ուղարկել, քանի որ կիմանանք` ուսուցիչները վարակիչ չեն: Կունենանք ծերերի և խոցելի մարդկանց հետ աշխատող անձնակազմ, բուժաշխատողները կվերադառնան հիվանդանոցները: Այդժամ կարող ենք վերադառնալ բնականոն կյանքին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica