close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանիչ վահանների, ակնոցների, դիմակների արտադրություն Գորիսում՝ եռաչափ մոդելավորմամբ

Հարցազրույց

31 Մարտի 2020, 15:08
 Պաշտպանիչ վահանների, ակնոցների, դիմակների արտադրություն Գորիսում՝ եռաչափ մոդելավորմամբ

Yerkir.am-ը զրուցել է Գորիսում գործող «ՕգմենթԱր» ՓԲԸ-ի գործադիր տնօերն Արթուր Խոջաբաղյանի հետ, ում ընկերությունն այս օրերին, համավարակի կանխարգելման նպատակով, սկսել է պաշտպանիչ վահանների, ակնոցների, դիմակների և այլ պարագաների (եռաչափ մոդելավորմամբ) արտադրությունը:

- Մինչ համավարակը տարածվում է աշխարհում, այդ թվում` ՀՀ-ում, և մինչ աշխարհը փորձում է դրանից պաշտպանվելու միջոցներ ստեղծել, Դուք արդեն անցել եք գործի` ստեղծելով պաշտպանիչ վահաններ, որը միաժամանակ պաշտպանում է դեմքն ամբողջությամբ: Ինչպե՞ս ծագեց գաղափարը, ով է նախագծի հեղինակը:

- Հիմա աշխարհում մեծ թափով ուսումնասիրություններ են կատարում տարբեր կիրառությունների մասով։ Ուշադրության կենտրոնում է հատկապես եռաչափ տպագրությունը, քանի որ առկա լուծումը նույն վայրկյանին հեշտությամբ կարող են կրկնօրինակել աշխարհի ցանկացած ծայրում։ Սա հենց եռաչափ տպագրության գլխավոր առավելություններից մեկն է։ Մենք չէինք կարող անտարբեր լինել այս ամենին, քանի որ դա հենց մեր ոլորտն է ու հնարավորություն կա օգտակար լինելու։ Եվ ահա փորձարկելով համացանցում առկա տարբեր նմուշներ, վերցրեցինք դրանցից ամենահարմարավետը եւ տվեցինք տարբեր մասնագետների։ Դրական արձագանք ստանալուց հետո արդեն մենք տեղադրեցինք մեր փորձը համացանցում, որպեսզի Արմաթի խմբակավարները, ինչպես նաեւ այլոք, ովքեր ունեն եռաչափ տպիչ, կարողանան տպել դրանք եւ կիրառել կամ վաճառել։

- Դուք պատրաստում եք նաև ակնոցներ և հատուկ, նոր պաշտպանիչ դիմակները: Մարդիկ ինչու՞ պետք է ձեռք բերեն այդ ակնոցներն ու դիմակները, որոնք են դրանց առավելությունները:

- Գաղափարը տվեց Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի գիտաշխատող դեղ․գ․թ Սերոբ Քարամյանը, քանի որ խնդիր էր առաջացել նման ակնոցների։ Շուկայում առկա նմուշի եւ Քարամյանի ցուցումների հենքի վրա մենք մոդելավորեցինք այն եւ նմուշներն ուղարկեցինք։ Հիմա այն կիրառում են որոշ հիվանդանոցներում։ Մենք մեր հերթին մոդելը բաց տեղադրեցինք համացանցում, որպեսզի այլոք ցանկության դեպքում նույնպես կարողանան եռաչափ տպիչով պատրաստել դրանք։ Պաշտպանիչ դիմակները նախատեսած են վարակակիր անձանց հետ շփման բժշկական հանդերձանքում։ Այն ունի մի քանի առավելություն․ նախ պաշտպանում է աչքերը, հետո ինչ որ չափով քիթն ու բերանը արտաքինից եւ եթե դիմակը կրողը վարակակիր է, նաեւ նվազեցնում է տարածման ռիսկը հենց իրենից։ Բացի դրանից արգելակում է ձեռքը դեմքը տանելու սովորությունը, քանի որ մասնագետների ցուցումով սա հիմնական վարակման ձեւերից մեկն է։ Պաշտպանիչ ակնոցները նույնն խնդիրն են լուծում՝ բայց զուտ աչքերի համար։ Դրանք թեթեւ են, կառուցվածքով պարզ եւ բազմանգամյա կիրառելի։

- Դուք արդեն որևէ բժշկական կենտրոնի տրամադրե՞լ եք Ձեր արտադրանքից: Ինչպիսին են արձագանքները:

- Որոշ խմբաքանակ նվիրել ենք Գորիսի Բժշկական կենտրոնին։ Երեւանից նույնպես կատարել են որոշ խմբաքանակի գնում։ Արձագանքներին վերջնական դեռ սպասում ենք։ Կարծում ենք, որ դրական կլինի, քանի որ կիրառություններ տեսել ենք աշխարհի տարբեր երկրներում։

- Ե՞րբ է տրվել այդ պարագաների արտադրության մեկնարկը, և մինչ այս պահը որքան արտադրանք եք տվել:

- Մեկ շաբաթից ավել է, մենք փորձարկումներ ենք իրականացնում։ Շուրջ 200 հատ վահանաձեւ դիմակ ենք պատրաստել եւ ակնոցներ։ Հիմա զուգահեռ նաեւ ուժեղացնում ենք արտադրական հզորությունը։ Բայց եթե մեծ ծավալներ պետք լինեն, ապա Արմաթ ինժեներականա լաբորատորիաներում կարող են շատ արագ մեծ քանակի տպել դրանցից։ Ես գիտեմ, որ արդեն որոշ խմբակավարներ հաջող փորձարկումներ են կատարել։ Դա շատ ոգեւորիչ է։ Սա ապակենտրոնացման հիանալի օրինակ է։

- Մասնագետների հետ զրուցե՞լ եք, փոփոխություններ զարգացումներ սպասվու՞մ են:

- Անընդհատ սպասում ենք նաեւ դիտողությունների, եթե հարկ լինի՝ նաեւ որոշ բարեփոխումների։ Հիմա զուգահեռ կենտրոնացած ենք արհեստական շնչառական սարքավորումների պատրաստման վրա։ Ակտիվ աշխատում ենք Երեւանի ինժեներներների հետ, ինչպես նաեւ Գորիսում ենք փոքր աշխատանքային թիմ ստեղծել։ Հուսով ենք շուտով արդյունքներ կլինեն։

- Հարկ եղած դեպքում մեկ շաբաթվա ընթացքում որքա՞ն վահաններ, ակնոցներ ու դիմակներ կարող եք ստեղծել:

- Ներկա դրությամբ օրական 100 հատ։ Արտադրական հզորությունը հիմա մեծացնում ենք, եւ հնարավոր կլինի օրական շուրջ 150 հատ ստանալ։ Իսկ ավելի մեծ խմբաքանակ եթե պետք լինի, Արմաթ խմբակների ռեսուրսը կարելի է մոբիլիզացնել։

- Ցանկության դեպքում ինչպե՞ս կարելի է ձեռք բերել այդ պաշտպանիչ պարագաները, կոնտակտներ կտա՞ք։

- Մենք պարբերաբար որոշ խմբաքանակ ուղարկում ենք Երևան։ Ներկա դրությամբ առաքման հարցը լիովին լուծված չէ։ Ամեն դեպքում՝ ցանկացողները կարող են զանգահարել մեր ընկերություն՝ 060
800 801:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica