close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+22°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության թեկնածուները հանդիպել են Մարտունու ընտրողների հետ

Արցախ

27 Մարտի 2020, 21:35
 Դաշնակցության թեկնածուները հանդիպել են Մարտունու ընտրողների հետ

Մարտի 26-ին Դաշնակցության նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և ԱԺ պատգամավորի թեկնածուները հանդիպել են Մարտունի քաղաքի ընտրողների հետ, ովքեր աղուհացով են դիմավորել:

Մինչ հանդիպումը Դաշնակցության թեկնածուները ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանի և Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հուշակոթողի պատվանդանին ու հարգանքի տուրք մատուցել:

Շրջկենտրոնի Հաղթանակի հրապարակում կայացած հանդիպմանը ԱԺ պատգամավորի թեկնածու Վահրամ Բալայանը, դիմելով մարտունեցիներին, նշել է, որ քարոզարշավի շրջանակներում Դաշնակցության թեկնածուները եղել են արցախյան 100-ավոր բնակավայրերում՝ հանդիպելով մարդկանց, ում բարձրաձայնած բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերը վկայում են, որ նրանք պատասխանատվության զգացում ունեն երկրի ու ժողովրդի նկատմամբ:

Հարցադրումների մեջ կարմիր թելի պես անցնում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման, սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման, կրթական, առողջապահական ու բնապահպանական հիմնախնդիրների լուծման մտահոգությունները, ինչպես նաև օրենքի ու արդարացի երկիր կառուցելու պահանջը: Վ. Բալայանի խոսքով, չնայած ընտրություններին մասնակցող մեծաթիվ քաղաքական ուժերի ու թեկնածուների բազմազանության մեջ ընտրություն կատարելը բարդ է, սակայն միանշանակ է, որ քվեն պետք է տալ այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք ի զորու են՝ լծվելու արդարացի երկիր կառուցելու գործին:

«Վատ ծրագրեր չկան, բայց պետք է ունենալ համապատասխան ներուժ՝ դրանք իրագործելու համար, անցած ճանապարհ՝ պատասխանատվություն կրելու ժողովրդի առջև: ՀՅԴ-ն անցել է այդ ճանապարհը և ունի անհրաժեշտ ներուժը: Դաշնակցությունը մի կուսակցություն է, որը ծնվել է ժողովրդի պատվերով՝ ժողովրդին ծառայելու, ազգային–ազատագրական պայքարը գլխավորելու և նոր պետականություն վերակերտելու համար: Արցախում հաջողվել է վերակերտել պետականություն: Չկա ավելի բարձր արժեք, քան մեր պետությունն է, որովհետև ազգը կարող է ապրել ու արարել միայն պետության մեջ»,-մասնավորապես ասաց պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ Դաշնակցությունը վերստին ժողովրդին առաջնորդելու հայտ է ներկայացրել աշխարհաքաղաքական ներկայիս բավականին բարդ պայմաններում, քանի որ ունի փորձ՝ գործելու և խնդիրներ լուծելու ճգնաժամային պայմաններում:

Այնուհետև Վ. Բալայանը ներկայացրել է Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին, համոզմունք հայտնելով, որ որ վստահության քվե ստանալու դեպքում, ժողովրուդը կարող է վստահ լինել, որ նա աշխարհի շատ երկրների ղեկավարների հետ հավասարը հավասարի դիրքերից է խոսելու, ներկայացնելու է Արցախյան դատը միջազգային բոլոր կառույցներում՝ տեսլական ունենալով զարգացող երկիրն ու սերունդների վստահելի ապագան:

Իր խոսքում նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը խորհրդանշական ու պարտավորեցնող է համարել Մարտունու Հաղթանակի հրապարակում մարտունեցիների հետ հանդիպումը: Հրապարակ, որտեղից հնչել են Արցախյան նորօրյա ազգային- ազատագրական պայքարի մասին ելույթներ, ազատամարտի տարիներին և մեր օրերում ռազմաճակատ են մեկնել հայ քաջորդիներ:

Դ. Իշխանյանը նշել է, որ անցած 5 տարիներին Մարտունու թիվ 8 ընտրատարածքից ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր, երկրի համար կարևորագույն հարցերում սկզբունքային դիրքորոշում է ունեցել: Այդուհանդերձ, գնահատականն արտացոլվելու է ընտրություններում ժողովրդի տված քվեով:

Ըստ ոլորտների անդրադառնալով նախընտրական ծրագրի դրույթներին, նախագահի թեկնածուն նշեց, որ այն Դաշնակցության 130 տարի առաջ որդեգրած սկզբունքների ու նախանշած նպատակների բաղկացուցիչն է:

«Մենք որպես ռազմավարություն անցնում ենք այդ նպատակների իրականացման ճանապարհով: Դաշնակցության նախընտրական ծրագրի դրույթները կազմելու ընթացքում մենք նախապատվություն ենք տվել որոշակի առաջնահերթությունների՝ փորձելով մասնագիտական վերլուծությունների ու եզրակացությունների հիման վրա ի մի բերել առկա հիմնախնդիրները: Միաժամանակ անցած 5 տարիների մեր ամուր կապն ընտրողների հետ, հնարավորություն է տվել քաջատեղյակ լինելու առկա սոցիալ- տնտեսական հիմնախնդիրներին, ինչպես նաև նաև այս ընտրությունների միջոցով փոփոխություններ ունենալու ժողովրդի ակնկալիքներին»,- ասել է Դ. Իշխանյանը՝ ընդգծելով, որ ինչպես և նախորդ տարիներին Դաշնակցության համար կարևորագույն խնդիրը Արցախի ժողովրդի անվտանգության համակարգի ուժեղացումն է:

Եզրափակելով խոսքը, նախագահի թեկնածուն նշեց, որ ժողովրդի Դաշնակցությունից միշտ ավելի մեծ պատասխանատվություն է ակնկալում քան իր տված վստահության քվեներն են: Առաջիկա ընտրություններն էլ հնարավորություն են վստահության ու պատասխանատվության պահանջի չափերը համարժեք դարձնելու համար:

Վան Նովիկով

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica