close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թագավարակի հրաշքը. մտորելու մեր ժամանակը

Խմբագրի անկյուն

24 Մարտի 2020, 09:17
 Թագավարակի հրաշքը. մտորելու մեր ժամանակը

Մարդկության պատմության՝ համաճարակի այս փուլը շատերն անվանեցին մեծագույն աղետ, տնտեսական պատերազմ, գերտերությունների՝ միմյանց հետ հաշիվներ պարզելու կամ մաքրելու շրջան, պետությունների կազմակերպվածության աստիճանը ստուգելու թեստ, բնության արհավիրք և այլ, և այլն: 

Ես այս բնորոշումներից ո՛չ մեկը չընտրեցի, քանզի կարծում եմ, որ այն առավելաբար մտորելու ժամանակաշրջան է:  Թագավարակն ուղղակի հրաշք է և իր ողբերգականության մեջ ստիպում է անել այն, ինչ չարեցինք մեր հոգևորականների, ուսուցիչների, մտավորականների և ավանդույթների հորդորով: Մենք ուղղակի չլսեցինք նրանց. մեր մեծամտությունն ու եսասիրությունը անցել էին ամեն չափ ու սահման…

Թագավարակը մեզ ստիպեց թողնել բոլոր գործերը, շատերին՝ անգամ տանից դուրս չգալ, նստել և մտորել: Մտորել այն ամենի մասին, ինչի ժամանակը մենք չունեինք, ավելի ճիշտ՝ ինչին մենք երբևիցե ժամանակ չէինք տրամադրի, եթե չլիներ այս հրաշքը… 

Եվ մենք մարդկության պատմության վերբեռնման այս աստեղային ժամին մտորում ենք: Մտորում ենք և հասկանում, որ գնալով կորցնում ենք շատ պարզ մի բան՝ մեզ վերուստ շնորհված մտորելու ընդունակությունը, որ մեր կյանքը վերածել էինք մեխանիկական մի շարժման՝ այն աստիճան, որ եթե հաշվենք այդպիսի շարժման վերածված օրերից փոքր-ինչ տարբերվող մեր օրերը, ապա տարվա կտրվածքով դրանք մի քանիսն են, իսկ շատերի մոտ դրանք մի քանիսն են՝ կյանքի ողջ ընթացքում:  

Թագավարակի այս կարևորագույն փուլում մեխանիկական անվերջանալի այդ շարժման մեջ մենք կանգ ենք առել, ոչ միայն կանգ ենք առել, այլև… սկսել ենք մտորել. հրա՛շք է սա: 

Մենք այժմ նման ենք մահամերձ հարազատի գլխավերևում կանգնած մի մարդու, ով, հարազատի կորստյան վտանգից սարսափած, խորը ափսոսանքի ծանրության տակ սկսել է մտորել… 

Մահվան սարսափը պատմության շրջադարձային այս փուլում մարդկանց ստիպեց  սարսռալ և սթափվել, հետ նայել և… մտորել… Եվ ամենակարևորը՝ մարդիկ մտորում են շատ պարզ, շատ մատչելի բաների մասին, այնպիսի երևույթների շուրջ, որոնց առնչվում են ամեն օր: 

Մարդիկ մտորում են սեփական վարքագծի մասին, ինչի մասին դադարել էին մտորել: Եվ այդ մտորումների մեջ նրանք խոստովանեցին՝ արժեքներ են ոտնահարել, լպիրշացել են, մեղքեր են գործել, արել են բաներ, որ, որ… չէ՛ր կարելի: Ծնվեց մի պարզ ինքնահարցում. մի՞թե այդ ամենն ինքն է արել, մի՞թե դա է իր նկարագիրը… 

Թագավարակը դարձավ մեր հայելին. մարդիկ նայեցին, տեսան և ընկան մտորումների մեջ.  

  • Հարևանը մտորելով հասկացավ, որ կարելի էր հասարակ մի բանի համար չվիրավորել հարևանին, և երանի՜ այս դժվարին օրերին կարողանային միմյանց հետ մի-մի բաժակ գարեջրի շուրջ նստել և զրուցել… 
  • Գործարարը մտորելով հասկացավ, որ աշխատողներն էլ մարդ են,  իր հիմնարկի շարժիչ ուժն են, և վիրավորելու փոխարեն նրանց պետք էր կրթել: Երանի՜ նրանք իրենց թերություններով հանդերձ այժմ գային և շունչ տային իր գործարանին…
  • Աշխատողը մտորելով հասկացավ, որ իր գործատուն, իր ղեկավարն այդքան էլ վատը չէ, ավելին՝ հնարավորություն է տվել աշխատելու և կերակրելու իր սիրելի ընտանիքը, և բաներ կային, որ կարելի էր չանել նրա դեմ: Երանի՜ այսօր նորից գործի գնար…
  • Զբոսաշրջային ընկերության պատասխանատուն մտորելով հասկացավ, որ իր համար որքան թանկ է ամեն զբոսաշրջիկ, մարդ, ով արժևորել է հայոց քաղաքակրությունը և եկել է իր երկիր՝ գումար ծախսելու: Եվ նա զղջաց այն բոլոր խորամանկությունների համար, որոնք մինչ օրս կիրառել էր նրանց հանդեպ. երանի՜ այսօր նրանք գային, նրանք՝ այդ հիանալի մարդիկ…
  • Տրանսպորտի վարորդը մտորելով հասկացավ, որ յուրաքանչյուր ուղևորն արժեք է, նրա առողջությունը թանկ է, և զղջաց իր բոլոր արարքների համար, որոնց պատճառով նեղացրել էր նրանց. երանի՜ շուտ անցնի այս ամենը. ինքը պատրաստ է այլևս չծխել մարդկանց ներկայությամբ, պատրաստ է հարգել նրանց և հաճույքով տեղափոխել…
  • Ուղևորը մտորելով հասկացավ, թե որքան դժվար է վարորդի կյանքը, և եթե ինքը մի կանգառ անգամ չի ուզում երթևեկել այս օրերին, ապա վարորդները, վտանգելով իրենց կյանքը, աշխատում են առանց տրտնջալու. երանի՜ նրանց՝ այդ բարի մարդկանց որևէ բան չպատահի…
  • Ուսանողը, դասախոսը մտորելով հասկացան, թե ինչքան թանկ են երկուստեք: Երանի՜ նորից դասի գնային և առաջին իսկ քայլով ներեին իրար, եթե նեղացրել էին… 
  • Լիության մեջ ուտեստների կեսը ուտող, կեսը աղբարկղի կողքը շպրտող և նորից մթերային խանութ վազող մարդիկ մտորելով հասկացան, թե ինչքան թանկ են մարդկանց համար ստեղծվող այդ բարիքները: Նրանք այժմ պատրաստ են այդ ամենը չափավորելու արդյունքում տնտեսածից բաժին հանել իրենց կողքը ապրող կարիքավորի երեխաներին: Երանի՜ այդ օրվան… 
  • Մեծահարուստները մտորելով հասկացան, որ բացի սեփական դիմագծից՝ ամեն ինչ,  այդ թվում՝ ամեն գնով կուտակված հարստությունը մեկ վայրկյանում կարող է չքանալ՝ դառնալով փոշի: Եվ այդ մարդիկ  սկսեցին մտածել ոչ թե կուտակելու մասին, այլ մի օր այդ հևքի մեջ ընկնել-մեռնելով ոչնչանալու սարսափի մասին: Երանի՜ նրան, ով կյանքում կստեղծի բարիք, կստեղծի արժեքներ և պահ կտա  դրանք սերունդներին… 
  • Տանը մնացած ծնողների ջերմությունը վայելող երեխաների ուրախությանն ականատես ծնողները մտորելով հասկացան, որ հեռախոսային խաղերն ու համակարգիչների ոչ նպատակային գործածումը կործանում են սեփական զավակների մանկությունը, որ անգամ տանը լինելով և քչփորելով հեռախոսը՝ իրենք երեխաներին չեն տվել ոչինչ: Իսկ նրանք՝ երեխաները, կարիք ունեն ծնողի հետ կենդանի քննարկումների, կենդանի խաղերի, կարիք ունեն միբուռ ջերմության… Երանի՜ երեխաների մանկությունն այսկերպ զարդարեին վաղուց, այնպես, ինչպես ժամանակին զարդարվել է իրենց մանկությունը։
  • Հայրենի լճերը, անտառներն ու դաշտերն անխնա ապականած մարդիկ մտորելով հասկացան, որ իրենց ամեն մի թափոնից կարող է նոր համաճարակ ծնվել, իսկ եղածը՝ տարածվել: Հասկացան, որ ամեն մի թափոնից կարող է մի ձկնազգի, թռչուն կամ միջատ վարակվել և մեռնել այնպես, ինչպես այս պահին ողջ աշխարհում մեռնում են մարդիկ: Եվ զղջացին նրանք. մարդիկ, ովքեր այժմ պատրաստ են համաճարակի ավարտին նետվել այդ վայրերն ու անխնա մաքրել բնությունը, իրենց պաշտելի Սևանը, սրբատեղիներն ու մի կտոր հայրենիքը… Եվ երանի՜ նրան, ով կլծվի այդ նվիրական գործին…  
  • Թագավարակով պայմանավորված արտակարգ իրադրության պայմաններում մարդիկ մտորելով հասկացան, որ սեփական երկրում կարող են լինել պաշտոնյաներ և գործարարներ, որոնք գնացել են սխալ ճամփով, ավելին՝ այդպիսիք միշտ են եղել և կան: Մարդիկ զգացին, որ իշխանությունների կողմից «ատելի» հայտարարված «շերտերի», «մերժված նախկինների», «թշնամի կուսակցությունների» շատ ներկայացուցիչներ մի օրում վերածվեցին հոգատար հարևանի, բարեկամի, բժշկի… Եվ մարդիկ զղջացին, որ առանձին վատահամբավ պաշտոնյաների պատճառով անվանարկել են կամ վիրավորել հազարավոր մարդկանց, թշնամացել նրանց հետ, ովքեր վտանգի պահին կանգնեցին իրենց և պետության կողքին: Նրանք այժմ պատրաստ են ներել իրար, ավելին՝ «կտրել» նրաց լեզուն, ովքեր այս ամենից հետո կհամարձակվեն «սև» կամ «թշնամի» կոչել սեփական հայրենակիցներին: Եվ երանի՜ նրանց, ովքեր իրար կնայեն ներղություն խնդրող հայացքով…
  • Արտակարգ իրադրության պայմաններում մարդիկ մտորելով՝ հասկացան, որ հարկավոր է մշտական դարձնել կապը այգու, բնության հետ. հողի հետ աշխատանքը ազնվացնում է մարդուն, և երանի՜ այդ գիտակցումը երբեք չլքեր իրենց… 
  • Ինքնամեկուսացման համար մեծ մայրաքաղաքը լքած և իրենց ծննդավայրեր մեկնած մարդիկ մտորելով հասկացան, որ իջել են բեմից և վերադարձել բնական վիճակին, իրենց բանական վիճակին, իրենց էությանը: Վերադառնալով հայրենի գյուղ՝ նրանք վերագտան իրենց մեջ հայրենիքը, վերարթնացրին պապենական ավանդույթները, մաքրվեցին, դեն նետեցին վրայից քաղքենիության թիկնոցը և վերածվեցին պարզ ու շիտակ մարդկանց՝ այնպիսին, ինչպիսին եղել են վերուստ: 
    Գյուղը, հայրենի պարզ ու շիտակ միջավայրը մաքրեց նրանց հոգին քաղաքային ախտից ու կեղծիքից: Քաղաքային գրասենյակներում ռոբոտացած մարդիկ մի պահ մտան հայրենի օջախներ, մտան գերդաստան, վերստին վերադարձան իրենց տեսակին՝ հայտնվելով այն միջավայրում, որն արարել է իրենց, և որի շարունակականությունն ապահովելու են կոչված իրենք… 
    Եվ որքա՜ն խորություն, որքա՜ն կյանք ու արև կա հայրենի եզերքներում… Երանի՜ նրան, ով պապենական օջախում վայելում է այդ արևը, այդ հայրենիքը… 

Եվ թագավարակը հրաշք էր. նա մարդկայնություն հաղորդեց մարդկությանը, ստիպեց հայացքով դառնալ դեպի ազգային և համամարդկային-բարոյական արժեքներ, իր ողբերգականության մեջ ծնեց նոր տեսակի մարդիկ, մտորող մարդիկ, որոնք շուտով կերտելու են մեր հայրենիքի նոր ու լուսավոր ապագան… 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica