close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի պատճառով Էրդողանի` «փախստականներով արդյունավետ հարված Եվրոպային» ծրագիրը ձախողվել է

Աշխարհ

16 Մարտի 2020, 17:52
 Կորոնավիրուսի պատճառով Էրդողանի` «փախստականներով արդյունավետ հարված Եվրոպային» ծրագիրը ձախողվել է

Կորոնավիրուսի պանդեմիան փոխում է միջազգային շփումների ձևաչափը. «Մեծ յոթնյակի» առաջնորդների հերթական գագաթնաժողովն անցկացվում է տեսակոնֆերանս միջոցով: Հիմնական թեման COVID-19-ն է, քննարկվելու են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տնտեսական և ֆինանսական միջոցառումները: Մնացած` սուր թվացող հիմնախնդիրները երկրորդ, նույնիսկ` երրորդ պլան են մղվել. ըստ Yerkir.am-ի` Regnum-ում տպագրած հոդվածում նշում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Դա նկատելի էր նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կազմակերպած` հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի երկրների ներկայացուցիչների հետ արտակարգ տեսակոնֆերանսի ընթացքում. ուշադրության կենտրոնում աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելուն ուղղված համատեղ ջանքերն էին: Ուշագրավ է, որ, չնայած Դելիի ու Իսլամաբադի հակամարտային հարաբերություններին, տեսակոնֆերանսին մասնակցել էր նաև Պակիստանի ներկայացուցիչը»,- գրում է քաղաքագետը` հավելելով, որ նման տեսակոնֆերանս է նախատեսում անցկացնել նաև Անկարան: Դրան մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Սակայն, ըստ Տարասովի, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Բանն այն է, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Մերկելը, Մակրոնը և Ջոնսոնը պետք է գան Թուրքիա` թուրք-հունական սահմանին փախստականների հարցը և Իդլիբի իրավիճակը Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունների լույսի ներքո քննարկելու: Դեպի Եվրոպա միգրանտների ու փախստականների ալիք ուղղելով` Էրդողանը պահանջների «բարձր նշաձող» դրեց` վերսկսել Թուրքիայի եվրակողմնորոշման վերաբերյալ բանակցությունները, կոնկրետ քայլեր անել առանց վիզայի ռեժիմի ուղղությամբ, թարմացնել Մաքսային միության մասին համաձայնագիրը, ավելացնել մոտ 4 մլն սիրիացի փախստականների պատսպարման համար տրվող գումարը: Սակայն կորոնավիրոսը կտրուկ փոխեց ամեն ինչ: Թեև Թուրքիայի իշխանությունները չկամորեն են տարածում երկրում կատարվողի մասին տեղեկությունները, այն , այդուհանդերձ, ինքն է մեկուսանում արտաքին աշխարհից: Այսպես` հյուրանոցներին առաջարկվել է զբոսաշրջային շրջանը տեղափոխել ապրիլի վերջ: Առողջապահության նախարարությունն արձանագրում է երկրի տարածքում կորոնավիրուսով հիվանդացության փաստեր, և ոչ ոք չգիտի, թե ինչպես կտարածվի վարակը փախստականների ճամբարներում ու արդեն Հունաստանի և Բուլղարիայի սահմանների մոտ հասածների շրջանում: Պարզ է նաև, որ եթե Եվրոպան նախկինում փախստականներին չէր ընդւնում այլ պատճառներով, ներկայումս դա անելու լուրջ հիմնավորում ունի:

Ի դեպ, ավելի վաղ Անկարան էր այցելել  Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նա առաջարկում էր Թուրքիայի ու Հունաստանի առաջնորդների գագաթնաժողով անցկացնել Սոֆիայում: Էրդողանը հրաժարվեց, նրա համար դա այն «քաղաքական տրամաչափը» չէր: Իսկ հիմա ձախողվում է նրա անձնական հանդիպումը Մակրոնի ու Մերկելի հետ, չնայած Էրդողանի հայտարարություններին, թե եվրոպական առաջնորդները «հերթ են կանգնում» իր հետ հանդիպելու համար: Հիմա արդեն էրդողանի` հերթ կանգնելու ժամանակն է, քանի որ ակնհայտ է` եվրոպացիների հետ փախստականների ու միգրանտների հարցը քննարկվելու է բացառապես պանդեմիայի համատեքստում:

 Դժվար թե Անկարայում պատրաստ էին իրադարձությունների այսպիսի զարգացմանը, որտեղ մտահոգված են ավելի շատ սեփական խնդիրներով, քան «մարդկության փրկության» գաղափարներով: Փախստականների մասին նոր  սյուժեն բումերանգով վերադառնում է Թուրքիա, իսկ Իդլիբի խնդիրը Եվրոպայի համար դառնում է երկրորդական: Եթե Էրդողանը  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ վերջերս խոսելիս ասում էր, որ «Սիրիայի ճգնաժամը սպառնալիք է մեր տարածաշրջանին ու ամբողջ Եվրոպային ինչպես անվտանգության, այնպես էլ հումանիտար ոլորտում», ապա ինչի՞ մասին է  նա խոսելու Մակրոնի և Մերկելի հետ, ի՞նչ են նրանք պատասխանելու: Եվրոպայի հետ նախկին խաղը թուրքերը կարող են վարել միայն այն դեպքում, եթե կարողանան պատսպարվել պանդեմիայից: Սակայն դա քիչ հավանական է` հաշվի առնելով Մերձավոր Արևելքի հարևան երկրներում հիվանդության տարածվածությունը, ընդ որում` ամերիկյան The National Interest-ն էլ կասկածի տակ էր առնում թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալները երկրի ներսում համաճարակի վերաբերյալ: Անկարան տեղեկատվական փակ քաղաքականություն է վարում, սակայն մարտի13-ին առնվազն մինչև ամսվա վերջը փակվեց Թուրքիայի խորհրդարանը: Կորոնավիրուսի պատճառով  չեղարկվել է Թուրքիայում անցկացվելիք ` Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղերը: Պանդեմիայի հետագա զարգացման դեպքում իրադարձությունները Թուրքիայում կարող են զարգանալ անսպասելի սցենարով: Համենայն դեպս, ըստ Տարասովի, կորոնավիրուսի պատճառով Էրդողանի` «փախստականներով արդյունավետ հարված Եվրոպային» ծրագիրը ձախողվել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica