close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսով՝ գործից հետո. իսկ «գործը»՝ Հ. Թովմասյանի դեմ պայքարն է

Խմբագրի անկյուն

13 Մարտի 2020, 13:12
 Կորոնավիրուսով՝ գործից հետո. իսկ «գործը»՝ Հ. Թովմասյանի դեմ պայքարն է

Եթե անկեղծ, ապա տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ իշխանությունները ողջ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի դեմ պայքարում են Հրայր Թովմասյանի կամ Սահմանադրական դատարանի յոթնյակի դեմ պայքարին ածանցյալ: Ողջ աշխարհը լայնածավալ միջոցառումներ է իրականացնում, իսկ մերոնք, ողջ օրը «կոշիկ լիզելու» մասին հայտարարություններով հանրությանը կերակրելով, հոգնած տուն են վերադառնում և «կորոնավիրուսից ի՞նչ խաբարներ կան» տրամաբանությամբ սկսում կրկին տպավորություն ստեղծել, իբրև թե միջոցառումներ են իրականացնում:

Փաստենք, որ և՛ Թեհրանի, և՛ Իտալիայի չվերթներով ժամանած ուղևորների միջոցով տարածված վարակի ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները, և, որքան էլ դեմագոգիայի դասական կանոնների կիրառմամբ փորձեն արդարանալ կամ բացատրություններ տալ, բոլորի համար պարզորոշ է մեկ բան. ավելի հեշտ էր տվյալ չվերթի ողջ ուղևորներին 14-20 օր մեկուսացնել և միայն վարակի բացակայության երաշխիքների առկայության պարագայում վերջիններիս թույլ տալ շփվել հանրության հետ, քան օդակայանում ձևի համար ջերմաստիճաններն ստուգել և վարակի սաղմնավորման շրջան ապրող մարդկանց թույլ տալ գնալ տուն: Իբր այդ ուղևորներին վերահսկում են. ինչպե՞ս, պարբերաբար զանգելով՝ «ջերմություն ունե՞ք, ո՞նց եք զգում ձեզ» ձևո՞վ: Բայց չէ՞ որ, եթե այդ մարդիկ մի քանի օրից հայտնեն, որ վարակի նշաններ են առկա իրենց մոտ (ինչպես և դա տեղի ունեցավ Թեհրանի և Իտալիայի չվերթների պարագայում), տրամաբանորեն այդ վարակը արդեն ունեցել է սաղմնավորման փուլ, իսկ այդ փուլում իշխանությունները հանցավոր կերպով այդ մարդկանց թույլ են տվել շփվել հանրության հետ, անգամ՝ մասնակցել զանգվածային միջոցառումների:

Այսինքն՝ իշխանությունները գործում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ. թողնում են, որ Թեհրանից և Իտալիայից ժամանած ուղևորներն առաջին 15 օրը լիարժեք շփվեն, հետո սկսում են փնտրել այն շրջանակներին, որոնց հետ շփվել են այդ մարդիկ: 

Հիշեցի Չարլզ Չապլինի՝ մանկությունիցս տպավորված հայտնի ֆիլմը, որտեղ թոռը մարդկանց տների ապակիները կոտրելով գնում է առջևում, հետևից պապիկը ներկայանում է որպես ապակի տեղադրող, և այդպիսով պապ ու թոռ փող են աշխատում:      

Մյուս աբսուրդը. ի՞նչ է նշանակում՝ ուշ երեկոյան հանկարծ հայտարարել, որ վաղը նախակրթական-կրթական-մշակութային հաստատությունները կլինեն փակ: Վարչապետը և նախարարը գիտակցու՞մ են, որ մարդիկ արդեն պլանավորել էին իրենց վաղվա օրը, այն է՝ տասնյակ հազարավոր ծնողներ, ովքեր աշխատում են պետական կամ մասնավոր հիմնարկություններում, փաստի առաջ են կանգնել՝ ու՞մ թողնել երեխաներին վերջին պահին, գնա՞լ աշխատանքի, թե՞ ոչ:

Պետական և, հատկապես, մասնավոր հիմնարկներն այս պարագայում իրավունք ունե՞ն, օրինակ, նկատողություն, վարչական տույժեր կիրառելու աշխատանքի չեկած ծնողների հանդեպ: Քանի՞ օր է այս անորոշությունը, սպանիչ մղձավանջը շարունակվելու:

Կառավարությունը գիտակցու՞մ է, որ մանկապարտեզ-դպրոց-բուհ փակելը շղթայաբար ազդում է քաղաքացիների աշխատանքային իրավահարաբերությունների, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և տասնյակ այլ ոլորտների վրա: Գիտակցու՞մ է, որ կրթական հաստատությունները պետք է փակվեն ոչ թե գործից, այն է՝ Հրայր Թովմասյանի դեմ պայքարի բովից հոգնած տուն վերադառնալուց հետո, այլ համալիր միջոցառումների շրջանակներում: Միջոցառումներ, որոնք պետք է իրավակարգավորման մեխանիզմներ առաջարկեն աշխատանքային հարաբերություններում գտնվող ծնողների համար: Ի վերջո՝ գործատու ընկերությունները ևս մեղավոր չեն, որ պահանջում են ծնողներից՝ ներկայանալ աշխատանքի. այս պարագայում էլ վտանգի տակ է հայտնվում վերջիններիս բնականոն աշխատանքը, իսկ արտադրող, արտահանող և մի շարք այլ ընկերությունների պարագայում յուրաքանչյուր աշխատանկցի չներկայանալը կարող է ճակատագրական լինել տվյալ ձեռնարկության համար:

Ո՞վ է պատասխան տալու տասնյակ հազարավոր աշխատող ծնողների, գործատուների, արտադրող ընկերությունների առջև՝ ստեղված այս քաոսի, այս տոտալ անլրջության համար. Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանի դեմ պայքարում կիրառված «կոշիկ լիզելու» մասին հայտարարությունների հաջողության աստիճանը չափող վարչապետը:

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica