close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իտալիայում փողոցները դատարկ են, հեռուստատեսությամբ սովորեցնում են յուղաթղթից բժշկական դիմակ սարքել․ Ռոբեր Աթարյանը՝ երկրի ներսից

Հասարակություն

12 Մարտի 2020, 23:32
 Իտալիայում փողոցները դատարկ են, հեռուստատեսությամբ սովորեցնում են յուղաթղթից բժշկական դիմակ սարքել․ Ռոբեր Աթարյանը՝ երկրի ներսից

Իտալիայի փողոցներն ամայացել են երեկ երեկոյից, երբ վարչապետը հայտարարեց ամեն տեսակի գործունեության խիստ սահմանափակում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռադիո Վատիկանի «Վատիկան նյուզի» հայկական բաժնի տնօրեն Ռոբեր Աթարյանը։

Հայ համայնքի շրջանում կորոնավիուսով վարակի դեպքեր չկան․ համայնքը թեև տարածված է երկրով մեկ, բայց դեսպանատունը հաշվառել է անդամներին և վերահսկում է։

Երկրում բաց են միայն կենսական անհրաժեշտության ապրանքների խանութներն ու դեղատները, ինչպես նաև բժշկական հաստատությունները։ Փողոցում մարդ գրեթե չի հանդիպում։

«Հռոմի պես քաղաքի համար սա աներևակայելի իրողություն է․ կարծես անիրական քաղաքի մեջ ապրենք՝ ճամփաները ամայի, ամեն մարդ իր տան մեջ փակված»,-ասաց Ռոբեր Աթարյանը։

Տանից դուրս գալու համար պետք է արտոնագիր ունենալ․ դա ինտերնետից ներբեռնած՝ անուն, ազգանուն, տարիք և գնալու ուղղությունը լրացրած թերթիկ է, որը պետք է ներկայացնել ոստիկանին, եթե նա ցանկանա ստուգել՝ արդյո՞ք ծայրահեղ անհրաժեշտ էր դուրս գալը, թե ոչ։ Եթե ծայրահեղ անհրաժեշտ չէր՝ ծանր տուգանք է սահմանված, ընդհուպ մինչև բանտարկություն։

«Այս միջոցը նորություն է ամբողջ աշխարհի համար, միայն մեզ մոտ է այսպես, ուրիշ տեսակ միջոցառում չէին կարող որդեգրել․․․ կարծես թե հետ դարձած լինենք մի 100 տարի»,-մեկնաբանեց Աթարյանը։

Տանից դուրս գալ կարելի է միայն ուտելիք գնելու, բժշկի հաճախելու կամ աշխատանքի գնալու համար, եթե աշխատանքը թույլատրվածների թվում է։ Այս օրերին աշխատում են լրագրողները, բուժաշխատողները, ուժայինները, մթերային և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների վաճառողները, դեղատների վաճառողները, կամավորները, զինվորականները։ Այս աշխատավայրերի ղեկավարները պարտավոր են աշխատակիցներին ապահովել բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և անհրաժեշտ այլ պարագաներով։ Խանութներում մարդկանց կուտակումներն արգելված են՝ փոքր խմբերով են ներս մտնում։ Ուսումնական հաստատությունները ևս փակ են։

Ռոբեր Աթարյանը տեղեկացրեց, որ այս պահի տվյալով՝ ընդհանուր առմամբ 15 113 վարակված, և 1 106 մահվան դեպք կա։

Բժշկական դիմակներ մինչև վերջին շրջանը կային, բայց այս օրերին սահմանափակ թվով են վաճառում՝ մեկ անձին 3-4 հատից ոչ ավելի։ Թեև` մարդիկ տներից դուրս չեն էլ գալիս, իսկ դիմակները կրում են միայն խանութներում։

Հեռուստատեսությամբ մի քանի բժիշկներ սովորեցրել են՝ ինչպես դիմակ սարքել տանը։ Դրանք սարքում են յուղաթղթից՝ փուռի մեջ գաթայի տակ փռելու թղթից, որովհետև այդ թուղթը կարող է դիմակի գործառույթ կատարել, մինչդեռ կտորը՝ ոչ։

Այս խիստ սահմանափակումները շարունակվելու են մինչև մարտի 25-ը, հետո, ըստ անհրաժեշտության, կամ կերկարաձգեն, կամ կդադարեցնեն։

«Ամեն օր նոր սահմանափակումներ կան, քանի որ այս ժահրի դեմ պայքարը հեշտ չէ, ոչ մեկը փորձառություն չունի՝ ինչպես պայքարել»,-ասաց Ռոբեր Աթարյանը։

Այս ամենը տնտեսության վրա, անշուշտ, բացասական մեծ ազդեցություն կունենա՝ նկատեց նա․ «Երեկ վարչապետը հայտարարեց, որ Իտալիան 30 միլիարդ եվրո է հատկացրել, որ դիմադրի այս տնտեսական հարցին, բայց տնտեսագետներն ասում են, որ հաշվեկշիռը վերջում կանեն, այս պահին անկարելի է ասել ազդեցության ամբողջ չափը»։

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմից չարտերային թռիչք է նախատեսված դեպի Երևան։ Ընդհանուր առմամբ՝ Իտալիան փակ է մուտքի ու ելքի համար։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica