close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկան աղվեսին բաց է թողել Եվրոպայի հավանոցը. ֆրանսիացի պատմաբանը՝ Թուրքիայի մասին

Աշխարհ

10 Մարտի 2020, 18:51
 Ամերիկան աղվեսին բաց է թողել Եվրոպայի հավանոցը. ֆրանսիացի պատմաբանը՝ Թուրքիայի մասին

20-րդ դարի ընթացքում Թուրքիան մշտապես եղել է ագրեսիվ, իսկ վերջերս բացեիբաց ցուցադրում է իր ռազմատենչությունը: Սակայն եվրոպացիներն այդ մասին մոռացել են և հույս ունեն, թե Էրդողանին կկանգնեցնի իրենց բարյացակամությունը. ըստ yerkir.am-ի՝ Le Figaro-ում գրում է ֆրանսիացի պատմաբան, աստվածաբան Ժան-Ֆրանսուա Կոլոզիմոն:

Ըստ նրա՝ Եվրոպայի երկրները Թուրքիային նախ համարում էին անհասկանալի, հետո՝ շատ պարզ երկիր, որի պահանջներին ենթարկվել չարժե: «Ներկայումս եվրոպացիները նաև չեն ցանկանում տեսնել, որ այդ երկրին հաջողվել է ներխուժել Լևանտը և զուգահեռաբար հարձակվել ԵՄ սահմանների վրա: Նրանք նախընտրում են անտեսել փաստը, որ միգրանտները պատանդի կարգավիճակից անցել են լրացուցիչ զորքի կարգավիճակին, իսկ նրանց զանգվածային տեղաշարժը դեպի Արևմուտք հիշեցնում է անեքսիայի համար տանկերի տեղաշարժ: Նրանք չեն տեսնում, թե դիվանագիտական աջակցության դիմաց հումանիտար ճգնաժամի զսպումը որքան անընդունելի վերջնագիր է: Խաղաղության ցանկացած պայմանագիր, որ եվրոպացիները ցանկանում են գնել ռազմատենչ երկրից, կհանգեցնի էսկալացիայի»,- գրում է Կոլոզիմոն:

Ֆրանսիացի պատմաբանի կարծիքով՝ Եվրոպան, ի վերջո, փրկագին կվճարի ուժեղ հակառակորդին, և դրա չափն անխուսափելիորեն բարձր կլինի: Ըստ նրա՝ Արևմուտքի երկրների գլխավոր սխալը «հիշողության կամավոր կորուստն» է: «Թուրքիան բոլոր ժամանակներում եղել է Եվրոպայի հակառակորդը: Քաղաքական հեգեմոնիայի նպատակներով մարդկային նյութի կիրառումը Թուրքիայի համար սովորական պրակտիկա է՝ սկսած Օսմանյան կայսրությունից մինչև Աթաթուրքի ու Էրդողանի Թուրքիան: Այդպիսի հաստատուն քաղաքականությունն ի ցույց է դնում Հայոց ցեղասպանությունը»,- գրում  ֆրանսիացի պատմաբանը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, եվրոպացիներն իրենց համար մշակել են երկու պնդում՝ թուրքական պետությունը կայսրության ժառանգորդ է և անպայման պետք է ժողովրդավարացվի: Սակայն պարզվում է, որ լավ ու  վատ Թուրքիան մշտապես նույն երկիրն է եղել, որը հարյուր տարվա ընթացքում փորձարկել է բոլոր ծայրահեղությունները:

Ըստ նրա՝ եվրոպացիներն անտեսել են, որ թուրքական ժամանակակից պետության հիմքում բռնությունն է: «Նրանք ընդունեցին Աթաթուրքի արևմտամետ բարեփոխումները, որովհետև դրանք իրենց ձեռնտու էին, և Էրդողանի իսլամականացման քաղաքականության հետևանք ճնշումները, քանի դեռ դա չէր դիպչում Արևմուտքին: Եվրոպացիները զուր են հակադրում երկու ավտոկրատներին՝ արտաքինից թշնամի, սակայն իրականում ՝ եղբայր, նրանք կիսում են երկրի վերականգնման ընդհանուր գաղափարները, իսկ նրանց ենթադրյալ մենամարտը ստուգում անցած զուգերգ է: Իսլամի ազգայնականացումն ու ազգի իսլամականացումը նույն գործընթացն է, քանի դեռ ենթադրվում է իդեալական քաղաքացու ձևավորում՝ էթնիկ թուրքի, սուննիի, մշակված ու տեսակավորված զորանոցում կամ մզկիթում այնպես, որ վերականգնվի «պատմական արդարությունն» ու կրկին իշխելու ուժ գտնվի: Ընդ որում՝ Թուրքիան թշնամիներ է գտնում և՛ ներսում, և՛ դրսում: Հայերի, հույների, հրեաների և այլ փոքրամասնությունների համայնքները համակարգված ոչնչացվել են, միայն քրդերն ու ալևիներն են շարունակում դիմադրել, ինչի պատճառով ենթարկվում են հետապնդումների: Իսկ արտաքին թշնամիներ գտնվեցին Վաշինգտոնում, Մոսկվայում, Բեռլինում, Փարիզում, Երուսաղեմում, Դամասկոսում և Մեքքայում:

Հանգամանքները փոխվել են, բայց ռազմավարությունը հինն է՝ պետության ղեկավարը շանտաժի է ենթարկում այլ երկրների և  ընդհանուր անկայունության վրա սեփական կայունությունն ապահովում: Արևմուտքը փակում էր աչքերը՝ 1923-ից սկսած և մինչ օրս. Փոքր Ասիայից հույների արտաքսում, քրդերի ռմբակոծում, 5 ռազմական հեղաշրջում 50 տարվա ընթացքում, բանտարկված ընդդիմադիր գործիչներ, Սիրիայի ծովափնյա գոտու անեքսիա(1939), Կիպրոսի գրավում (1974), պանիսլամիստական նկրտումներ: Եվրոպան ընդամենը ալարկոտ բողոքեց այդ գործողությունների դեմ, և ահա արդյունքը՝ 1933 թվականին Աթաթուրքը գրավեց Հալեպն ու Մոսուլը, իսկ 2019-ին Էրդողանն այնտեղ զորք ուղարկեց»,- գրում է ֆրանսիացի պատմաբանը:

Կոլոզիմոյի կարծիքով՝ Եվրոպան կործանվում է ԱՄՆ-ին ենթարկվելու պատճառով: Ըստ նրա՝ հենց Վաշինգտոնն է սահմանել, որ Թուրքիան ժամանակակից պետություն է ու ԽՍՀՄ-ի դեմ պատվար, հետևաբար՝ պետք է ԵՄ-ին անդամակցի՝ խորհրդային նկրտումների կասեցման համար: Հենց Վաշինգտոնն է որոշել, որ Թուրքիան աշխարհիկ պետությունից անցում պետք է կատարի իսլամականի, որպեսզի դիմակայի  կոմունիզմին, որ Թուրքիային հարկավոր է «իսլամա-ժողովրդավարական» առաջնորդ, որ Թուրքիան իրավունք ունի տարաձայնությունների, եթե հավատարիմ է մնում դաշինքին: Իսկ եվրոպական երկրները ստիպված են գլուխ դնել Անկարայի ավտորիտար ռեժիմի հետ, հանդուրժել մարդու իրավունքների մշտական խախտումները, Կիպրոսի բաժանումը, Ռուսաստանի հետ մերձեցումը և թուրքական իշխանությունների այլ որոշումներ: Եվ այդ ամենը՝ «լավ ապագայի» ակնկալիքով, որը չի գալու:

«Ամերիկան աղվեսին բաց է թողել Եվրոպայի հավանոցը, իսկ Եվրոպան նրան կերակրել է: Բաժանված, զինաթափված ու հիասթափված Եվրոպան ցանկանում է դարձյալ ու դարձյալ բանակցություներ վարել, բայց ինչի՞ մասին: Հաջողության հասնելու համար նա պետք է սովորի մերժել»,- եզրափակում է Կոլոզիմոն՝ հավելելով, որ դա կարող է անել միայն Ֆրանսիան՝ վերադառնալով իրական դիվանագիտության և քանդելով գաղափարական շրջանակները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica