close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը մեծ խնդիրներ է ստեղծել Ֆրանցիսկոս պապի և Բարդուղիմեոս պատրիարքի համար

Աշխարհ

10 Մարտի 2020, 18:07
 Էրդողանը մեծ խնդիրներ է ստեղծել Ֆրանցիսկոս պապի և Բարդուղիմեոս պատրիարքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ խնդիրներ է ստեղծել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի համար, երբ որոշել է Թուրքիայում հավաքված փախստականների համար բացել դեպի Եվրոպա ճանապարհը: Անկարայի կողմից խրախուսվող միգրանտները գրոհում են թուրք-հունական սահմանը: Եվ այդ ալիքն այսօր արթնացնում է Արևմուտքի հին վախերը, առաջին հերթին՝ եվրոպացիների, և ոչ միայն նրանց՝ հիմնախնդրին տալով նաև կրոնական հնչողություն. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:

Մի շարք արևմտյան պարբերականներ Էրդողանին անվանում են «իսլամիստական սուլթան», որն այսօր տեսել է  «մուսուլմանական պատմական վեհությունը» վերականգնելու՝ իր հնարավորությունը: Պատմությանը հղումներ են արվում, հիշվում է 1683-ի սեպտեմբերի 12-ին Վիեննայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, երբ եվրոպական քրիստոնեական պետությունների կոալիցիան պարտության մատնեց Օսմանյան կայսրության բանակին, որից հետո թուրքերին սկսեցին դուրս մղել Եվրոպայից: Սակայն ներկայումս, ըստ արևմտյան պարբերականների, Էրդողանը «բավականաչափ խելացի է», որ կիրառի միգրացիոն գործոնը և հասնի այն բանին, ինչին «Կարա Մուստաֆա փաշան չկարողացավ հասնել 1683-ին՝ ուղղակի ռազմական ներխուժմամբ»՝ Եվրոպայի հետզհետե, բայց անշեղ իսլամացում:

Ըստ Asia Times-ի՝ Վիեննայի օսմանական պաշարումից հետո, 4 հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ, «մուսուլմանական ներխուժումը» Եվրոպա կանխում է Ռուսաստանը: Հույներն էլ գրում են, թե Էրդողանը դարձել է պարսից Քսերքսես Ա արքան և ղեկավարում է հիբրիդային ռազմական արշավը՝ ուղղված արևմտյան քաղաքակրթության ոչնչացմանը:

Պատմական ավանդույթները Եկեղեցիներին հանձնարարում են կանգնել ի պաշտպանություն քրիստոնեական Եվրոպայի: Առաջին հերթին դա վերաբերում է Սուրբ աթոռին, որը դարեր շարունակ հակաօսմանական կոալիցիաների կազմակերպիչ էր: Սակայն Անկարայի միգրացիոն ճնշումը Վատիկանին, ինչպես նաև Կոստանդնուպոլսի պատրիարքին կանգնեցնում է  բավականին բարդ երկընտրանքի առջև: Սկսած 2015-ից, երբ փախստականների մեծ հոսք սկսվեց Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրամիություն, Ֆրանցիսկոս պապն ակտիվորեն կոչ արեց եվրոպացիներին՝ ապաստան ու սնունդ տրամադրել այդ մարդկանց: Եվ ոչ միայն նա: 2016-ի ապրիլին պոնտիֆիկոսն ու Կոստանդնուպոլսի պատրիարքը հանդիպեցին Լեսբոս կղզում գտնվող՝ միգրանտների ու փախստականների գրանցման և տեղավորման կենտրոնում: «Քանի դեռ անհրաժեշտություն կա, հրատապորեն կոչ ենք անում բոլոր երկրներին՝ ժամանակավոր ապաստան տալ, առաջարկել փախստականի կարգավիճակ նրանց, ովքեր դրա իրավունքն ունեն, ընդլայնել օգնության տրամադրմանն ուղղված ջանքերը և համագործակցել բարի կամքի բոլոր մարդկանց հետ հակամարտությունների անհապաղ դադարեցման համար»,- հայտարարեցին Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը:

Սյդ ժամանակ նրանց միացավ Էլլադայի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Իերոնիմ Բ-ն: Այսօր նա այլ դիրքորոշում ունի: Վերջերս Հունաստանի հյուսիս-արևելք այցի ժամանակ սրբազանը շնորհակալություն է հայտնել հունական բանակին՝ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու համար: Նա միաժամանակ կոչ է արել եվրոպական գործընկերներին՝ պաշտպանել Հունաստանի սահմանը, որովհետև այն նաև Եվրոպայինն է:

Վատիկանին 180 աստիճանով շրջադարձ անելն ավելի դժվար է: Առաջին միգրացիոն ալիքից սկսած՝ Սուրբ աթոռը ոչ միայն հրապարակավ ու մշտապես հանդես է եկել փախստականներին ընդունելու օգտին, այլ նաև ճնշում է գործադրել եվրոպական այն կաթոլիկ եպիսկոպոսությունների վրա, որոնք այդ նախաձեռությամբ ոգևորված չեն եղել: Իսկ այսօր փախստականների նոր ալիքից դժգոհությունը բազմակի ուժեղացել է կորոնավիրուսի տարածման ահից. փախստականների ճամբարներն ավելի խոցելի են սանիտարական անվտանգության տեսանկյունից: Հետևաբար՝ կոչ անել եվրոպացիներին՝ օգնել փախստականներին, Ֆրանցիսկոս պապին հեշտ չի լինի: Հիմնախնդիրը մարտահրավեր է նետում նաև Կոստանդնուպոլսի պատրիարքին, և բանը միայն նրա նախկին հայտարարությունները չեն: Հունաստանում և Իսրայելում ԱՄՆ ռազմական նախկին կցորդ Դեմետրի Գրայմսի խոսքով՝ Թուրքիային կարող են հիշեցնել «Խալկի կղզում ուղղափառ ճեմարանների կրոնական և ակադեմիական ազատությունների խախտումը, հայերի և հույների ցեղասպանությունների ժխտումը, Սուրբ Սոֆիայի տաճարի պղծումը՝ այնտեղ Ղուրան կարդալով»: Դրանից հետո էլ գուցե վեր հանեն ուժի մեջ չմտած՝ 1920 թվականին ստորագրված Սևրի պայմանագիրը՝ ի հակադրություն 1923-ին ստորագրված Լոզանի պայմանագրի: Իսկ այդ ժամանակ Կոստանդնուպոլսի պատրիարքը պետք է կողմնորոշվի, թե ում հետ է՝ մուսուլմանական Թուրքիայի՞, թե՞ քրիստոնեական Եվրոպայի:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica