close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն ասիմետրիկ պատասխան ունի՝ Ռուսաստանի մուսուլմանական շրջանների ապակայունացումը. արևելագետ

Աշխարհ

5 Մարտի 2020, 18:33
 Էրդողանն ասիմետրիկ պատասխան ունի՝ Ռուսաստանի մուսուլմանական շրջանների ապակայունացումը. արևելագետ

Էրդողանը նպաստել է Սիրիայում քաղաքացիական պատերազմին՝ փակելով Եփրատը ամբարտակների կասկադով. ըստ yerkir.am-ի՝  pravda.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը:

«Իդլիբ գյուղատնտեսական նահանգի բնակիչները երաշտի պատճառով սնանկացել են, գնացել քաղաքները և սկսել մասնակցել Բաշար Ասադի դեմ ցույցերին: Սակայն Էրդողանը չի համարում, որ մեղավոր է»,- նշել է նա:

Արևելագետը պարզաբանել է, որ Աստանայում Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել էին Իդլիբում ապաէսկալացման 2 գոտի ստեղծել՝ արտաքին, որտեղ պարեկություն են իրականացնելու ռուսներն ու իրանցիները, և ներքին, որտեղի կարգավորումը ստանձնել էր Թուրքիան: Պայմանավորվածություն կար, թե որքան է լինելու թուրքական դիտակետերի ու այնտեղ գտնվող թուրք զինծառայողների թիվը, որոշվել էր հեռացնել ծանր սպառազինությունը և արմատական իսլամիստներին: Սակայն Անկարան, խախտելով պայմանավորվածությունները, զորք մտցրեց Սիրիա և սրեց իրավիճակը ջիհադականների ձեռքերով:

Ըստ Կարինե Գևորգյանի՝ Էրդողանի նպատակը նման քաղաքականության միջոցով երկրի ներսում աջակցություն ստանալն է, իսկ իրավիճակն այնտեղ անկայուն է. նախագահին աջակցում են գավառներում, բայց ոչ՝ քաղաքներում, հեղաշրջման փորձից հետո եղան բազմաթիվ ձերբակալություններ ընդդիմության շրջանում, բանակում, շատերը զայրացած են երկրի տնտեսական ոչ լավ վիճակից:

«Էրդողանը ցանկանում է ցույց տալ, որ արտաքին խնդիրներն այնքան ուժեղ են, որ բոլորին հարկ է համախմբվել: Ընդ որում՝ նա հույսը դրել է ոչ այնքան բանակի ուժի, որքան դիվանագիտության վրա: Նա կարող է հաղթել, նաև՝ պարտվել իր երկրում, և արտաքին գործոնն այդ առումով դեռևս նրա օգտին է»,- ասել է արևելագետը՝ միաժամանակ հավելելով՝  եթե, սակայն, 3 հազար դագաղ տանեն գավառները, Էրդողանն ամեն ինչ տանուլ կտա:

Չպարտվելու համար Էրդողանը սակարկության մեջ է մտել ամերիկացիների հետ, մասնավորապես փորձում է Թուրքիայի՝ Արևելյան Միջերկրականում գազային նախագծերին մասնակցության լոբբինգ անել: Էրդողանն օգնություն է խնդրում Դոնալդ Թրամփից, որ նա ճնշում գործադրի Իսրայելի վրա այդ հարցում: ԱՄՆ-ն, իր հերթին, Թուրքիային «կարթի վրա է պահում»՝ չճանաչելով նրա իրավասությունը Հայկական բարձրավանդակում, այդ պատճառով Անկարան երբեք դուրս չի գա ՆԱՏՕ-ից, և Թուրքիայում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաներն այնտեղ էլ կմնան:

Էրդողանին հարկավոր է նաև ԱՄՆ-ի աջակցությունը տնտեսության մեջ, սակայն ոչ՝ ռազմականը, քանի որ կա քրդական հարցը: Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի նախագահը չի հրաժարվի Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից, բայց հնարավոր է կոնսերվացնի Ս-400-ների ծրագիրը, դա էլ կլինի նրա զիջումը Թրամփին:

Ինչ վերաբերում է մարտի 5-ի՝ Պուտին-Էրդողան հանդիպմանը, Կարինե Գևորգյանը նշել է, որ, հաշվի առնելով Պուտինի ոճը՝ կոշտ գործողությունները դիվանագիտական փաթեթավորմամբ մատուցել, բանակցություններից հետո հայտարարությունները կլինեն չեզոք: Սակայն, նկատի ունենալով, որ Պուտինը նախապես հրաժարվել էր Էրդողանի հետ հանդիպումից, Էրդողանի վերջին զանգը Պուտինին, սիրիական Սերակիբ քաղաքի ազատագրումն ու ռուսաստանյան ռազմական ոստիկանության մուտքն այնտեղ, Պուտինը կպահանջի կատարել պայմանավորվածությունները:

Արևելագետի կարծիքով՝ Էրդողանը պարտվել է Սիրիայում ու Լիբիայում, սակայն ինչ-որ բան կշահի՝ ԱՄՆ-ից գումար ու զենք կստանա:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը կհանդուրժի Ռուսաստանի ուժեղացումը Սիրիայում, իսկ ինքն էլ կուժեղանա Թուրքիայում, քանի որ Թուրքիան շատ կարևոր է ԱՄՆ-ի համար՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր:

Կարինե Գևորգյանը համարում է, որ, որպես Ռուսաստանի դեմ պատասխան քայլ, Թուրքիան կարող է Ռուսաստանի մուսուլմանական շրջաններն ապակայունացնելու փորձ անել: «Սակայն, այսպես կոչված, «մուհաջիրները» (նրանք, ովքեր 18-19 դդ. Ռուսական կայսրությունից մեկնել էին Օսմանյան կայսրություն) հիշում են, որ Օսմանյան կայսրությունն իրենց խաբեց: Դրանք ինգուշներն են, դաղստանցիները, չեչենները: Նրանք չեն ծառայի Էրդողանին: Ինչ վերաբերում է թաթարներին ու բաշկիրներին, նրան նույնպես հայրենասեր են և չեն աջակցի թուրքական արմատականությանը»,- վստահեցրել է նա:

Ըստ արևելագետի՝ Ռուսաստանը Թուրքիային համապարփակ վարկ էր տվել՝ գումարների, նախագծերի ու վստահության տեսքով, սակայն Թուրքիան հատուցել չի ուզում, ցանկանում է պատերազմել Ռուսաստանի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica