close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպայից արտաքսել թուրքերին, հետո ընդունել սիրիացիներին. Եվրոպայում քննարկում են Էրդողանին պատասխան տալու տարբերակները

Աշխարհ

4 Մարտի 2020, 19:57
 Եվրոպայից արտաքսել թուրքերին, հետո ընդունել սիրիացիներին. Եվրոպայում քննարկում են Էրդողանին պատասխան տալու տարբերակները

Երեքշաբթի Հունաստանի և Թուրքիայի սահման, որտեղ կենտրոնացած են Թուրքիայից «դուրս մղված» փախստականները, տեսչական այց է կատարել ԵՄ հանձնաժողովը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն և Եվրախորհրդարանի նախագահ Դավի Սասոլի կազմով: Պատվիրակությանն ուղեկցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, որը շեշտել է՝ «Եվրամիությունից զգալի համերաշխություն է ակնկալում». ըստ yerkir.am-ի՝ գրում է «Պրավդա» թերթը:

Հունաստանի վարչապետի խոսքով՝ Թուրքիան հազարավոր մարդկանց ուղարկում է սահման՝ ցանկալիին հասնելու համար, փախստականներին օգտագործում է որպես աշխարհաքաղաքական լծակ: «Ցավոք, Թուրքիան դարձել է միգրանտների պաշտոնական մաքսանենգ»,- ասել է նա:

ԵՄ-ն համաձայն է Հունաստանի դիրքորոշմանը՝ չթույլատրել ապօրինի միգրանտների մուտքը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հունաստանին 700 մլն եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրվելու, բացի դրանից՝ երկրի ցամաքային ու ծովային սահմանների (նաև ԵՄ սահմաններն են) պաշտպանության, համար՝ անձնակազմ ու սարքավորումներ:

Եվրոպան ակտիվորեն քննարկում է, թե ինչ է անելու փախստականների նոր հոսքի հետ, ընդ որում՝ ընդգծվում է, որ նրանց մի մասը Սիրիայից չէ, այլ Սուդանից, Սոմալիից, Աֆղանստանից, Իրաքից. նրանք Եվրոպայում համարվում են «տնտեսական միգրանտներ»:

Ավստրալական մոդել

Կոշտ դիրքորոշում է դրսևորում Ավստրիայի կառավարությունը: Այնտեղ Էրդողանի քաղաքականությունը համարում են «շանտաժի փորձ», Եվրոպայի վրա աննախադեպ դիվանագիտական ճնշում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է փախստականների հանդեպ կիրառել «ավստրալական մոդելը». ավստրալացիները հետ են դարձնում փախստականներով նավակները կամ նրանց տեղափոխում են հատուկ ճամբարներ, որոնք գտնվում են  Նաուրուում (գաճաճ պետություն) և Մանուսում (Պապուա-Նոր Գվինեայի կազմում):

Փախստականներին հետ ուղարկելը եվրոպական իշխանությունների մեծ մասի համար անհանդուրժողական ություն է: Սակայն որտե՞ղ Եվրոպան համապատասխան կղզի գտնի: Էգեյան կղզիներո՞ւմ: Այնտեղ առանց այդ էլ բարդ իրավիճակ է տեղացիների հետ, վերջերս բողոքի ցույցեր եղան Լեսբոս կղզում: Տեղացի հույները կարող են չդիմանալ, միգրանտներն նավակները նստեցնել ու ուղարկել մայրցամաք, որտեղից նրանք կտեղափոխվեն Կենտրոնական Եվրոպա: Իսկ այնտեղ երկրներ են, օրինակ՝ Խորվաթիան, որը փակել է սահմանները Բոսնիայի հետ, Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին: Այսինքն՝ խառնաշփոթն ավելի է մեծանալու: Բացի դրանից՝ ավստրալական ճամբարներում կենսապայմանները գոյատևման պայքար են հիշեցնում՝ առանց Ավստրալիա մուտք գործելու հեռանկարի, ինչը մղում է միգրանտներին՝ վերադառնալ իրենց երկրները: Հանդուրժող Եվրոպան այդ տարբերակն էլ չի ընդունում:

Նոր պայմանագիր Էրդողանի հետ

Միգրացիայի հետազոտմամբ զբաղվող Ջերալդ Կնաուսի կարծիքով՝ իրավիճակից դուրս գալ կարելի է՝ Էրդողանի հետ նոր պայմանագիր կնքելով. Անկարային վճարել նոր միլիարդներ, որպեսզի նա կրկին փակի  սահմանները 4 մլն փախստականների համար: ԵՄ-ն, ի պատասխան, կընդունի նրանց որոշակի մասի: Այդ տարբերակի կողմնակիցներն ասում են, որ հակառակ դեպքում կկրկնվի 2015-2016 թվականների սցենարը՝ միգրացիոն ալիք, որն աղետալի կլինի Եվրոպայի համար, քանի որ համարյա ամենուր հանգեցրել է «պոպուլիստների», ազգայնականների թվի աճի և Բրեքզիթի:

Փակել ծովային սահմանները

Քննարկվում է նաև ծովային սահմանները փակելու տարբերակը. հենց դրանցով է անցնում փախստականների հիմնական անկառավարելի հոսքը: Օրինակ՝ Հունաստանը փետրվարին հայտնեց լողացող ցանկապատների կառուցման մասին: Լեսբոս կղզու առջև տեղադրվելու է 3 կիլոմետրանոց արգելափակոց՝ թարթող լույսերով, որը կես մետր դուրս է մնալու ջրից: Եթե այդ խոչընդոտն իրեն արդարացնի, նախատեսվում է այն երկարացնել մինչև 13-15 կմ:

Իտալացիներն այսօր պարզապես չեն ընդունում բարեգործական նավերը, որոնք փրկում են նավակներով բաց ծով դուրս եկած փախստականներին: Երկրի ՆԳ նախարար Մատեո Սալվինին հրամայել է սահմանապահներին՝ չընդունել փախստականներին Իտալիայի տարածքային ջրերում:

Անշուշտ, կան քաղաքական գործիչներ, որոնք առաջարկում են ընդունել բոլորին, սակայն դա գործնականում անհնար է՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումներով:

Չաջակցել Էրդողանին Սիրիայում

Եվրոպացիները սոցցանցերում գրում են, որ Եվրոպան շուտով  կդառնա նույնքան աղքատ ու անհուսալի, ինչպիսին միգրանտների երկրներն են: Որոշ օգտատերեր առաջարկում են Եվրոպայից արտաքսել թուրքերին, հետո ընդունել սիրիացիներին: Ոմանք էլ խորհուրդ են տալիս Եվրոպային՝ դադարեցնել աջակցությունը Էրդողանին Սիրիայում, և երբ այնտեղ խաղաղություն հաստատվի, փախստականները տուն կվերադառնան, ընդ որում՝ նրանց վերադարձին կարելի է տրամադրել այն միլիարդները, որոնք առաջարկվում են Էրդողանին:

Ի դեպ, այդ առաջարկները բավական ճիշտ են. դեռևս 3 տարի առաջ Էրդողանը խոստացավ, որ «ոչ մի եվրոպացի չի կարողանա անվտանգ քայլել փողոցում՝ աշխարհի ցանկացած վայրում», եթե Եվրոպան չդադարեցնի աջակցությունը քրդերին: Իսկ երբ Գերմանիայում արգելեցին թուրք նախարարների նախընտրական ելույթները, Էրդողանը մեղադրեց գերմանական իշխանություններին «նացիստական մեթոդներ» կիրառելու մեջ, ինչը վրդովմունք առաջացրեց Բեռլինում:

Համենայն դեպս, անհանդուրժող Թուրքիան առայժմ հաղթում է հանդուրժող Եվրոպային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica