close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն իրագործում է պանիսլամիստական և նեոօսմանական նախագիծ, որի դեմ հարկավոր է հրատապ պայքար. թունիսցի գործիչ

Աշխարհ

4 Մարտի 2020, 17:51
 Էրդողանն իրագործում է պանիսլամիստական և նեոօսմանական նախագիծ, որի դեմ հարկավոր է հրատապ պայքար. թունիսցի գործիչ

Էրդողանի ներկայիս բոլոր գործողությունների հետևում վտանգավոր պանիսլամիստական նախագիծ է, որի իրագործումը չի կարելի թույլատրել: Ֆրանսիական Le Figaro պարբերականում թունիսցի հայտնի լրագրող, փիլիսոփա, դիվանագետ Մեզրի Հադադը վերլուծում է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականությունը, նրա սպառնալիքները, որոնց միջոցով Անկարան փորձում է դառնալ հակաարևմտյան ճամբարի առաջնորդը: Yerkir.am-ը ներկայացնում է Մեզրի Հադիդի հոդվածը՝ մասնակի կրճատումներով:

Եվրոպական ղեկավարության հանդեպ չափազանց վրդովված Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015-ից հետո երկրորդ անգամ գործի է դրել միգրացիոն շանտաժը և Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից, Պակիստանից ու Սոմալիից հազարավոր փախստականների համար բացել Հունաստանի հետ ցամաքային ու ծովային սահմանները: Փախստականների թվում, անշուշտ, կան ահաբեկիչներ, որոնք սափրել են մորուքներն ու հանել փարանջան: Այդ մարդիկ Էրդողանի «զսպման ուժն» են, նրա «մարդկային խողովակաշարը», որոնք, ըստ նրա, պետք է իրենց ենթարկեցնեն Եվրամիությունը:

Ստամբուլյան սատրապի ուղերձը շատ թափանցիկ է՝ կա՛մ Եվրոպան ավելի շատ է վճարում ինձ սահմանի պաշտպանության համար, նաև՝ ինձ ու իմ իսլամական-ահաբեկչական վարձկաններին ռազմական աջակցություն ցուցաբերում Դամասկոսի հետ պատերազմում, կա՛մ ես բաց եմ թողնում իմ հազարավոր սիրիացի պատանդներին, որոնք երազում են եվրոպական էլդորադոյի մասին:

Սիրիացիներն իրականում թուրքական ռեժիմի պատանդներն են, նրանց թույլ չեն տալիս վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը, թեև դրանք ազատագրվել են  սիրիական բանակի կողմից՝ «Իսլամական պետության», «Ալ Քաիդա»-ի, «Ջեբհաթ ան Նուսրա»-ի վայրագություններից: Նոր և շատ լուրջ միգրացիոն ճգնաժամի պատճառը արաբական գարնան հենց սկզբից Էրդողանի աջակցությունը վայելող ահաբեկիչների վերջին հենակետերից մեկի՝ Իդլիբ նահանգի ազատագրումն է: Ի դեպ, ներկայումս մենք կարող ենք ավելի լավ գնահատել արաբական գարնան քաղաքական, աշխարհաքաղաքական, հումանիտար, սոցիալ-տնտեսական ու պաշտպանական հետևանքները, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայում, այլ նաև Լիբիայում, Եմենում ու Թունիսում, երկիր, որը «հաջողությամբ» իրականացրեց իր գարունն ու իշխանությունը վստահեց Էրդողանի կամակատար «Մուսուլման եղբայրներ»-ին:

Իդլիբը թուրքական օժանդակ ուժերի՝ ջիհադականների, յուրատեսակ առաջադիրքն է սիրիական տարածքում: Ահաբեկիչներին արդարացնելու համար թուրք ավտոկրատը բերում էր պաշտպանական և նույնիսկ հումանիտար փաստարկներ՝ կրոնապետական տոտալիտարիզմի ճնշման տակ ապրող հարյուրհազարավոր մարդիկ կարող են փախչել պատերազմից ու ապաստան փնտրել Թուրքիայում, որտեղ արդեն 4 մլն սիրիացի կա: Իրականում այդ ամենը Էրդողանի սուտն է, հենց ինքը թույլ չի տալիս սիրիացիներին՝ վերադառնալ իրենց տները՝ նրանց դարձնելով սակարկման ու Եվրոպայի վրա ճնշման լծակ:

Սակայն եվրոպական ղեկավարությունն այլևս թույլ չի տա իրեն խաբել: 2019-ի դեկտեմբերի 3-ին Լոնդոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց. «Երբ նայում եմ Թուրքիային, տեսնում եմ, որ նա հիմա պայքարում է նրանց դեմ (քրդերի), ովքեր մեզ հետ մարտնչում էին ԻՊ-ի դեմ: Թուրքերը երբեմն գործ են բռնում ԻՊ-ի միջոնորդների հետ: Դա հիմնախնդիր է, ռազմավարական հիմնախնդիր… Այսօր մեր ընդհանուր թշնամին ահաբեկչական խմբավորումներն են, և ես ափսոսանքով եմ փաստում, որ ահաբեկչության՝ մեր ձևակերպումները տարբերվում են»:

Բացելով «մարդկային խողովակաշարի» փականը՝ Էրդողանը չեղարկում է Բրյուսելի հետ 2016-ին ստորագրած պայմանագիրը, որի շրջանակներում թուրքական կառավարությունը պարտավորվում էր պայքարել ապօրինի միգրացիայի դեմ՝ փոխարենը 6 մլրդ եվրո ստանալով:

«Ծովահեն պետություն Արևելյան Միջերկրականում»,- ասվում է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ՝ ի պատասխան այն բանի, որ 2020-ի հունվարին Թուրքիան կղզու գազահանքերն ապօրինաբար հորատելու համար նավեր ուղարկեց:

Գերմանիայի կանցլերը ձայներ կորցրեց ընտրություններում 2015-2016 թվականներին ավելի քան 1 միլիոն միգրանտ ընդունելու որոշման համար, և հիմա հստակ ասում է. «Փախստականների միջոցով Անկարայի ճնշումը Եվրոպայի վրա անընդունելի է»:

Էրդողանի Թուրքիան այսօր նմանվում է բարբարոս նախնիների երկրին:

Թուրքական սահմանի բացումը լուրջ վտանգ է Եվրոպայի անվտանգության ու խաղաղության համար, հատկապես՝ Հունաստանի ու Բուլղարիայի, սակայն ավելի վտանգավոր է Էրդողանի անթաքույց նպատակը՝ Եվրոպային ներքաշել ռազմական հակամարտության մեջ ռուս-սիրիական առանցքի հետ: Այդպիսին է Էրդողանի մարտավարական և ռազմավարական մտադրությունը՝ չնայած Ռուսաստանի հետ կոնյունկտուրային  մերձեցմանն ու  2019-ին ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը՝ ի հիասթափություն պատմական դաշնակիցներ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի: Այդպիսով Էրդողանն անցավ Ռուբիկոնը, և Թուրքիան դուրս մնաց ամերիկյան Ֆ-35 կործանիչների գնման ու արտադրման ծրագրից, ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին: Ի պատասխան Էրդողանը սպառնաց ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ու Քյուրեջիքի ռազմաբազաները, ինչն ԱՄՆ-ին մղեց դիտարկել դրանք Հունաստան կամ նույնիսկ Սաուդյան Արաբիա տեղափոխելու հնարավորությունը:

Էրդողանը ցուցաբերում է «Մուսուլման եղբյարներին» բնորոշ երկերեսանիություն և չի խորշում հակասություններից. մի կողմից գնում է հրթիռներ, որոնք պոտենցիալ վտանգ են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար, մյուս կողմից՝ պահանջում է եվրոպական երկրներից, որ օգնեն իրեն Սիրիայի ու նրա դաշնակից ՌԴ-ի դեմ պայքարում: Սակայն Թուրքիան ագրեսիայի զոհ չէ, այլ ագրեսոր՝ ինչպես Սիրիայի, այնպես էլ Հունաստանի պարագայում, որի նկատմամբ կիրառված «միգրացիոն ռումբը» հավասարազոր է պատերազմի հայտարարման: Ընդ որում՝ Հունաստանի հասցեին ռազմաշունչ սադրանքները նոր չեն. Էրդողանն ակնարկում է, թե հունական տարածքները «թուրքական պատմական տարածքներ են», դժգոհում է Լոզանի պայմանագրից, թեև իրականում դրանով Թուրքիան իր տարածքներն է ավելացրել Հունաստանի և Հայաստանի տարածքների հաշվին:

Էրդողանի ներկայիս բոլոր գործողությունների ու դրդապատճառների հետևում, որոնց հետևանք են նոր միգրացիոն ճգնաժամը, Կիպրոս ներխուժելու սպառնալիքը, թուրքական սփյուռքի բացասական տրամադրվածությունը ընդունող եվրոպական երկրների նկատմամբ, Բալկաններում ազդեցության մեծացումը, հազարավոր ջիհադականների մեկնումը Լիբիա, վտանգավոր պանիսլամիստական նախագիծ է, որի իրագործումը չի կարելի թույլատրել:

Էրդողանը Եվրոպայի դեմ է գործում, որը մերժեց Թուրքիայի անդամակցությունը: Նա ցանկանում է իրեն դրսևորել որպես հակաարևմտյան այլընտրանքի առաջնորդ, Արևելքին հանել Արևմուտքի դեմ, իսլամը՝ քրիստոնեության: Նա խաղադրույք է անում մշակութային հակասությունների, քաղաքակրթությունների բախման աշխարհաքաղաքական ուժի վրա: Սակայն եթե նույնիսկ բախում տեղի ունենա, այն կլինի ոչ թե Արևմուտքի ու մուսուլմանական աշխարհի, այլ իր իշխանության ավարտին հասած բռնապետի ու նրան մարտահրավեր նետելու պատրաստ արաբա-արևմտյան դաշինքի միջև: 

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica