close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+16°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ շրջաններով մի ողջ երկիր կկերակրենք. Բենիամին Պչաքճյանը՝ «ԱՐԻ»-ի արցախյան ծրագրերի մասին

Քաղաքական

3 Մարտի 2020, 11:23
 Այդ շրջաններով մի ողջ երկիր կկերակրենք. Բենիամին Պչաքճյանը՝ «ԱՐԻ»-ի արցախյան ծրագրերի մասին

Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող և Արցախի ռազմավարական դարպաս հանդիսացող երկու կարևոր օղակների՝ հարավ-արևմտյան թևի՝ Քաշաթաղի շրջանի, հյուսիսային և հյուսիսարևմտյան թևի՝ Շահումյանի շրջանի, վերաբնակեցման և զարգացման նպատակով արդեն երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրավման միջոցով ազգանվեր ծրագրեր է կյանքի կոչում ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերությունը՝ զարկ տալով այս շրջաններում  բնակարանաշինության, գյուղատնետսության և անասնաբուծության զարգացմանը, ծնելիության խթանմանը:

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության բաժնետերերը պարբերաբար այցելում են Արցախ՝ տեղում ծանոթանում կատարված աշխատանքներին, նախորդ տարիների գործունեության արդյունքներին: Սփյուռքահայ գործարարները հաճախակի  հանդիպումներ են ունենում  Արցախի պետական այրերի, երկրի նախագահի հետ, քննարկում ծրագրերը, հեռանկարները:

Ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է լիբանանահայ մի քանի գործարարների մասնակցությամբ, բայց այսօր ներդրողների թիվը հասել է շուրջ 200 անհատ գործարարի, որոնք ներկայացնում են Սիրիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ավստրալիան: «ԱՐԻ»-ին վերջին միացողները 20 նոր ներդրողներ են Մելբուռնից և Սիդնեյից, ովքեր ստանձնել են Քարվաճառի բարձրադիր, գեղատեսիլ մի տարածքում  նոր՝ «Սիդնեյ» կոչվող թաղամասի կառուցման հանձնառությունը:

Վերջերս Քարվաճառ էր այցելել «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը` ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացվող Սիդնեյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին:

 «2008 թ. Արցախում կայացած կոնֆերանսի ընթացքում տարբեր երկրներից բազմաթիվ կազմակերպություններ ներկայացրեցին Արցախի վերաբնակեցման և զարգացման ծրագրերը՝ գինու, կաթնամթերքի մշակման գործարաններ հիմնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու տեսքով: Լիբանանում ստեղծված «Արցախ Ֆոնդ»-ը ևս մասնակցում էր կոնֆերանսին, մենք համոզվեցինք, որ Արցախի վերակառուցմանը,  տնտեսության զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է փոխշահավետ ներդրումներ ապահովել: Գործարարների փոքր խումբ հավաքվեց և որոշեցինք ներդրումներ անել այնպիսի շրջաններում, որ նպաստի կայուն զարգացմանը, աշխատատեղեր ստեղծելուն և եկամտաբեր լինի: Արցախի իշխանության հետ հանդիպեցինք, քննարկեցինք, որոշվեց «Արցախի գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ում գումարներ ներդնել, գյուղատնտեսության զարգացումը խթանելու նկատառումով երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով, առանց գրավի վարկեր  տրամադրել գյուղացիներին: Ներդրեցինք, մեկ տարվա ընթացքում արդյունքը տեսանելի էր, 250-300 ընտանիք կարողացան վարկ վերցնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Բենիամին Պչաքճյանը և համառոտ ներկայացրեց իրականացվող ծրագրերը՝ կոչ անելով ողջ աշխարհի հայ գործարարներին միանալ իրենց և ազգանվեր ու փոխշահավետ այս ծրագրերի իրականացման համար կատարել ներդրումներ:

 

Ըստ պարոն Պչաքճյանի՝ ընկերությունը տասը տարվա ընթացքում  Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում  ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում է արել գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում. «Հազարավոր հեկտարներ ցորեն, գարի է ցանվում, անասունների գլխաքանակը կրկնապատկվել է:   Քաշաթաղում բնակչության 24 տոկոս աճ է արձանագրված, եթե համեմատենք  Արցախի այլ շրջանների հետ, սա մեծ առաջընթաց է: Եթե հաշվի առնենք որքան միս է ներկրվում Հայաստան, որքան ցորեն, ապա պետք է նշել, որ այդ շրջանների բնակլիմայական նպաստավոր պայմանները ճիշտ օգտագործելու դեպքում, մի ողջ երկիր կկերակրենք»,- փաստեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

«Նոր կյանք, նոր հույս» կոչվող ծրագիրը վերաբնակեցվող բնակավայրերում մշտական բնակություն հաստատած ընտանիքների կենսապահովման խնդիրները լուծելուն է ուղղված, ծնելիության աճը խրախուսելուն: Ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում մեկական կով է տրամադրում:

 

«Ամեն տարի Արցախի կառավարությունից ստանում ենք նորածին երեխաների անվանացանկը, տեղեկատվություն, որ տվյալ ընտանիքի երրորդ երեխան է: Մեր մասնագետները շրջում են գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, ստուգում են, թե տվյալ նորածինն իսկապես  այդտեղ բնակվում է և նվիրում ենք կթու կով: Արդեն 1550 կթու կով ենք բաժանել, պայամանագիր է ստորագրվում կովը վաճառողի, կովը ստացողի և մեր ներկայացուցչի միջև, ըստ որի՝ երեք տարի այդ կովը պետք է լավ խնամվի, չմորթվի և չվաճառվի: Ազատագրված Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում անասունների գլխաքանակը զգալիորեն բարձրացրել ենք: Այս ծրագրի առանցքային նպատակն է խրախուսել բազմազավակությունը, նպաստավոր պայմաններ ստեղծել մարդկանց կենսամակարդակի բարձրացման համար»,- ծրագիրը մանրամասնում է Բենիամին Պչաքճյանը:

«Գույք Արցախի դպրոցների համար» ծրագրի շրջանակներում լիբանանահայ աշակերտները խորհրդանշական գումարներ են հավաքում և ամեն անգամ Արցախի որևէ համայնքի դպրոցի համար սարքավորումներ, համակարգիչներ են ուղարկում կամ գրասեղաններ: Պարոն Պչաքճյանը խոսեց կրթադաստիարակչական և այլ ծրագրերի մասին ևս, որոնք իրականցվում են Արցախում.

«Մենք ունենք ռազմադաստիարակչական ուղղվածության ծրագրեր ևս, ճամբարներ ենք կազմակերպում, Լիբանանից ավարտական դասարանի աշակերտները  գալիս են, 15-20 օր անցկացնում զորամասում, ապրում զինվորի կյանքով, նույն ճաշը ուտում, մարմնամարզություն անում՝ շփվելով իրենց հասակակից երիտասարդների հետ: Իսկ Կովսական համայնքում կանանց համար հետաքրքիր համագործակցություն ենք իրականացնում: Հաշվի առնելով այն փաստը, որ ձմռան ամիսներին տեղի կանայք զբաղմունք չունեն, որոշեցինք անհրաժեշտ նյութեր տրամադրել, որպեսզի կանայք սովորեն ձեռագործ աշխատանքներ անել: Նրանց ձեռագործ աշխատանքները վաճառվում են Լիբանանում՝ վաճառքի գումարն ուղարկելով այդ կանանց՝ լիբանանցի և արցախցի կանանց միջև այսպիսով ձևավորելով բարիդրացիական հարաբերություններ», - պատմեց բանախոսը:

Հարցին՝ արդյո՞ք Լիբանանից կամ Սիրիայից ընտանիքները ցանկություն են հայտնում տեղափոխվելու և Արցախում բնակվելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, դժբախտաբար՝ կենցաղի, պայմանների հսկայան տարբերության պատճառով ընդամենը մի քանի ընտանիք են Լիբանանից, Սիրիայից եկել և ապրում են Արցախում: Իրենք օժանդակում են  նման ընտանիքներին, տուն տրամադրում և վեց ամսվա համար ապրուստի գումար:

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության գործարարների խումբը հաճախ է լինում Աղավնո գետի ափին կառուցված Արիավան գյուղում, քանզի գյուղի կառուցապատումը  «ԱՐԻ»-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից  է:

«Արցախում մենք ձեռնամուխ եղանք բնակարանաշինության գործընթացին, որոշեցինք ընտրել ռազմավարական նշանակություն ունեցող մի համայնք, որը օրինակելի ավան  կհանդիսանա: Մեզ տրամադրվեց տարածք և Արիավանում  արդեն կառուցվել է 50 տուն իր տնամերձ հողամասով: Արիավանում բնակելի տները տրամադրվել են բազմազավակ ընտանիքներին, բանակում ավելի քան քսան տարի ծառայած սպաներին և այն բնակիչներին, որոնք այդտեղ ապրում էին անմարդկային պայմաններում», - գոհունակությամբ նշեց պարոն Պչաքճյանը:

Զրուցակցի խոսքերով՝ Քարվաճառում կառուցվող 15 բնակելի տները պատրաստ կլինեն մայիսին՝ կոմունալ բոլոր հարմարություններով, ջերմամեկուսացմամբ: Վարչակազմի ղեկավարի հետ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ նորակառույց այս թաղամասում հարկավոր է մասնագետներ վերաբնակեցնել, գյուղատնտեսներ, ուսուցիչներ: Բենիամին Պչաքճյանի հավաստիացմամբ՝ այս տները չեն ծառայի ոչ մի դեպքում որպես ամառանոցներ, այնտեղ պետք է ապրեն բազմազավակ ընտանիքներ:

Հարցին, թե Քարվաճառը վերադարձնելու մասին ժամանակի մամուլում շրջանառվող խոսակցությունները ձեզ չէի՞ն մտահոգում ներդրումներ անելիս, ՀՅԴ Բյուրոյի անդամը պատասխանեց.

«Երբ առաջին անգամ եղա Քարվաճառում՝ տպավորված էի և վստահ, որ սա հարուստ մի քաղաք է եղել՝ հաշվի առնելով փլատակ տների ցանկապատների հաստությունը, տների հարակից տարածքները, քաղաքի կենտրոնական փողոցը: Ամեն ինչ շատ տպավորիչ էր, հիշեցնում էր յուրահատուկ մի քաղաք: Եթե ներդրումներ արվեն, զարգացնենք այս շրջանը, անհնար է վերադարձը: Մենք պետք է զարգացնենք և ամեն ճիգ թափենք, որ այդ տարածքները պահպանենք»:

Բենիամին Պչաքճյանը սփյուռքահայ գործարարներին պարբերաբար պատմում է իրենց ծրագրերի, փորձառության մասին, լուսանկարներով ներկայացնում կատարված աշխատանքները, քաջալերում՝ ներդրումներ անել Արցախում:

«Կոչ եմ անում աշխարհի տարբեր երկրների հայ գործարարներին, որոնք ուզում են ազգանվեր ինչ որ բան անել իրենց հայրենիքի համար, միանան մեզ՝ Արցախի վերաբնակեցման, վերաշինության համար փոխշահավետ ներդրումներ անելով»,- զրույցը եզրափակեց Բենիամին Պչաքճյանը:  

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) հիմնադրամի գործունեությանը բոլորը կարող են ծանոթանալ ընկերության պաշտոնական էջի  միջոցով:

Վարդինե Իսահակյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica