close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շնորհավորելով, երախտագիտությունս հայտնելով, կասեմ մեկ բան՝ կուսակցությունը գործում է ի շահ հայրենյաց և ի վայելումն ազգիս հայոց». Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Արցախ

26 Փետրվարի 2020, 21:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շնորհավորելով, երախտագիտությունս հայտնելով, կասեմ մեկ բան՝ կուսակցությունը գործում է ի շահ հայրենյաց և ի վայելումն ազգիս հայոց». Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքը Շուշիում կայացած՝ ՀՅԴ 130-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը.

«Այսօր մենք այստեղ՝ Շուշիում ենք նշելու, շնորհավորելու Դաշնակցության 130-ամյակը: Մի պահ մտովի պատկերացրեք. 130 տարի է, որ այս կուսակցությունը ծնվել, գործել, գործում է և դեռ պիտի գործի: Քիչ կուսակցություններ կարող են հպարտանալ, որ այսպիսի երկար-երկար կենսագրություն ունեն: Սա խոսում է նրա մասին, որ Դաշնակցությունը կենսունակ մարմին է:

Ծնվեց հայրենասիրությունից, ազատատենչությունից: Ծնվեց մեր ժողովրդի պահանջով, երազանքներով և լծվեց հայդուկային շարժմանը, որ պաշտպանի հայ գյուղացուն: Արևմտյան Հայաստան, Բաքու, Արևելյան Հայաստան, Արցախ: Հետո տեսանք Ցեղասպանություն: Առաջին Հանրապետության հիմնադրում, որտեղ իր մեծ ներդրումն ունեցավ կուսակցությունը: Բանակաշինություն, Սարդարապատ, Բաշ-Ապարան, հետո սովետական հալածանքներ:

Սփյուռք: Սփյուռքում հայապահպանության մեծ գործունեություն, որի համար շնորհակալ ենք: Ազգը պահեց իր լեզուն, հավատքը, հայ աղջկան հայ տղայի հետ էին ծանոթացնում Սպիտակ ցեղասպանությունից փրկելու համար և միշտ պահում էին այն երազանքը, որ Հայաստանը պիտի լինի անկախ և միացյալ: Աստիճանաբար Դաշնակցությունը լծվեց Ցեղասպանության ճանաչման գործին, ծնունդ տվեց Հայ Դատին, բացի իր մարդասիրական կազմակերպություններից, սկաուտական շարժումից և այլն:

Այսօր կան երեք տասնյակ պետություններ, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, վերջերս ԱՄՆ Կոնգրեսը և Սենատը ճանաչել են Ցեղասպանությունը: Հայ Դատը լծվեց նաև Արցախի անկախության ճանաչման այս կարևոր առաքելությանը: Այս երկու երևույթները կարևոր են ռազմավարական առումով, կապված են մեր ազգի, հայրենիքի անվտանգության հետ, որոնք կարող են կասեցնել թուրք և արևելաթուրք խաժամուժի ցեղասպան ախորժակները: Լծվեցին Արցախյան ազատագրական շարժմանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների կերտմանը, մշակույթին, քաղաքական գործերին:

Այս առումով՝ մենք բոլորս պետք է երախտապարտ լինենք և մաղթենք, որ մեր այս ազատատենչ, երազող կուսակցությունը կարողանա մի օր շուտ տեսնել իր երազանքը, որ ամեն մի հայի երազանք է: Տեսնել Միացյալ, Ազատ Հայաստան, Ցեղասպանությունն աշխարհով մեկ ճանաչված, ամուր հայրենիք, ապահով Սփյուռք:

Թող ոչ ոք չկասկածի, որ մենք աշխարհով մեկ քիչ ուժ ունենք: Երբ որ քիչ ուժերը միաբանվում են, բազմաթիվ խնդիրներ են լուծվում, ինչպես կաթիլը ժայռ է ծակում: Ուղղակի պետք է կամք, հետևողականություն, անշեղություն. ճանապարհից ոչ ոք չպիտի շեղվի՝ կուսակցական լինի, կամ՝ ոչ կուսակցական: Կա մի նպատակ, մի երազանք, որին բոլորս պիտի լծված լինենք, որը ամեն ինչից վեր է: Ապահովենք մեր ազատությունը, մեր անկախությունը և մեր ապագան, մեր կյանքը:

Այս առումով իսկապես գերագնահատելի  գործ է կատարում ՀՅ Դաշնակցությունը, և ես, կրկին շնորհավորելով, երախտագիտությունս հայտնելով, կասեմ մեկ բան՝ կուսակցությունը գործում է ի շահ հայրենյաց և ի վայելումն ազգիս հայոց»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica