close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գունավոր հեղափոխություններ՝ վառ փաթեթավորմամբ

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 15:34
 Գունավոր հեղափոխություններ՝ վառ փաթեթավորմամբ

Գունավոր հեղափոխությունները դարձել են ամենաքայքայիչ, բայց, միևնույն ժամանակ, համաշխարհային քաղաքականության քիչ ուսումնասիրված երևույթը: Yerkir.am-ը ներկայացնում է «Պրավդա» թերթի հոդվածը, որում խոսվում է այդ երևույթի էության ու հետևանքների մասին:

Գունավոր հեղափոխությունների կարևորագույն դերը նոր աշխարհակարգի ձևավորման գործում այսօր կասկած չի հարուցում: 2000 թվականին Հարավսլավիայում տեղի ունեցած  «բուլդոզերային հեղափոխությունը», 2003-ին Վրաստանի «վարդերի հեղափոխությունը», Ուկրաինայում 2004-ի «նարնջագույն հեղափոխությունը», իսկ հետո աշխարհի տարբեր կետերում բռնկված մի շարք այլ գունավոր հեղափոխություններ կործանարար հետևանքներ ունեցան: Մինչև 2014 թվականը Ուկրաինայի ՀՆԱ-ն ամեն տարի աճում էր 4 տոկոսով, սակայն Եվրամայդանը երկիրը դարձրեց մինչ օրս քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող տարածք: «Արաբական գարունը», որը զանգվածային ելույթների ալիքով տարածվեց Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում, իբր կոչված էր սկսել արաբական Արևելքի ժողովրդավարացումը, սակայն արդյունքում խոր ընդհատակից դուրս եկան և իրենց ազատ էին զգում ամենածայրահեղական ուժերը: 2015-ին Բրազիլիայում տեղի ունեցավ հերթական գունավոր հեղափոխությունը, որը ներկայացվում էր որպես պայքար կոռուպցիայի դեմ, սակայն իրականում կիրառվեց երկրի լեգիտիմ նախագահին իշխանությունից զրկելու նպատակով:

Քաղաքական միմիկրիա

Գիտական գրականության մեջ գունավոր հեղափոխությունները որպես պատմական գործընթացի օրինաչափ փուլ ներկայացնելու փորձեր կան: Սակայն պետք է հաշվի առնել, որ, նախ, նման աշխատություններում այդ  գործընթացը, ըստ էության, նույնականացվում է արևմտյան ժողովրդավարության ինստիտուտների համատարած ներդրման հետ, երկրորդ՝ գունավոր հեղափոխությունները, ինչպես կոնֆետի գունավոր թուղթը, ընդամենը փաթեթավորում են. ցանկացած իրականացված հեղափոխության պատմական իմաստը հասարակության հիմնարար արժեքները ձևավորող նոր գաղափարախոսության ի հայտ գալն է, մինչդեռ գունավոր հեղափոխությունները դրանցից տուժած պետություններին ոչ մի նոր բան չեն տալիս, ընդամենը մի վերնախավից մյուսին իշխանության փոխանցման առիթ են: Այսինքն՝ այդ միջոցառման ինքնանպատակը պետական հեղաշրջումն է: Հենց այդ պատճառով Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները մեկը մեկին կրկնում էին Եգիպտոսի գունավոր հեղափոխության սցենարը, թեև այդ երկրների քաղաքական կացութաձևը, կրոնը, սոցիալ-տնտեսական մակարդակը բացարձակապես տարբեր են:

Այդ շաբլոնը մեզ իրավունք է տալիս խոսելու գունավոր հեղափոխությունների մեխանիզմի մասին որպես լայն զանգվածների գիտակցության և վարքի մանիպուլյատիվ կառավարման տեխնոլոգիայի, որի նպատակը ռեսուրսների համաշխարհային վերաբաշխումն է: Ուշագրավ է, որ այդ տեխնոլոգիայի մշակման համար հիմք է հանդիսացել ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփի «Բռնապետությունից ժողովրդավարություն» աշխատությունը, որի նպատակը աշխարհում բռնության նվազեցումն էր: Սակայն այդ ռազմավարությունը ամերիկացիները սկսեցին կիրառել որպես անցումային տիպի ժողովրդավարական ռեժիմների կոտրման ու ապամոնտաժման գործիք:

Պետություն էր, դարձավ գաղութ

Այսօր «աջակցություն ժողովրդավարությանը» արտահայտությունը որոշ քաղաքագետներ կիրառում են հեգնանքով կամ նույնիսկ փոխաբերական իմաստով՝ ընդգծելով ԱՄՆ-ի շահագրգռությունը «փոթորկումների» մեջ գտնվող հերթական պետության ներքին գործերի նկատմամբ: Դրսից կազմակերպվող ու  օժանդակվող բազմաթիվ ցույցերը երկրում արհեստականորեն քաղաքական անկայունություն են ստեղծում: Գործող իշխանությունը կորցնում է իր լեգիտիմությունը, և նրան փոխարինելու են գալիս ԱՄՆ-ին լոյալ նոր առաջնորդներ: Հաճախ երկիրը հասնում է մի իրավիճակի, երբ այլ պետությունից կախվածության մեջ ընկնելու լուրջ վտանգ է առաջանում, փաստորեն, վերածվում է յուրատեսակ գաղութի:

Սակայն գունավոր հեղափոխությունը կարող է  իրականանալ ավելի կոշտ տարբերակով, երբ իրավիճակը սրվում է մինչև զինված ապստամբություն և նույնիսկ քաղաքացիական պատերազմ: Դա պետության ներքին գործերին միջամտելու առիթ է դառնում և կարող է համադրվել ռազմական ինտերվենցիայի հետ:  Օրինակը՝ Իրաքի, Լիբիայի և Սիրիայի դրամատիկ իրադարձությունները:

«Արևմուտքի ձեռքը», սովորաբար, հստակ երևում է: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները որոշում են այս կամ այն քաղաքական ռեժիմի լեգիտիմությունը՝ միաժամանակ նյութապես ու կազմակերպական առումով աջակցելով ընդդիմադիրներին, նաև լայնածավալ տեղեկատվական պաետրազմ են վարում գործող իշխանությունների դեմ և հող նախապատրաստում հետագա գունավոր հեղափոխության համար:

Վաշինգտոնը պաշտոնապես հերքում է իր մասնակցությունը բազմաթիվ գունավոր հեղափոխությունների, սակայն նույն Ջորջ Սորոսը, 2004-ին ելույթ ունենալով  Դավոսի տնտեսական ֆորումում, տեղեկացրեց. «Ես հպարտանում են Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ»: Սորոսը հաստատեց, որ ինքն է հովանավորել ընդդիմադիր ուժերին և նախագահ Էդուարդ Շևարդնաձեի տապալումը:

Ընդդիմության հովանավորում՝ օրենքով և օրենքից դուրս

Արևելյան Եվրոպայի պետություններում «ժողովրդավարությանն աջակցություն» ԱՄՆ-ն իրականացնում է 1989 թվականից, երբ Ջորջ Բուշը ստորագրեց համապատասխան օրենքը: Եվ նրա ղեկավարման ընթացքում այդ նպատակներին ուղղվեց մոտ 5 մլրդ դոլար: Գունավոր հեղափոխությունների հովանավորներից է «Ժողովրդավարության ազգային հիմնադրամը», որը թեև ոչ կառավարական կազմակերպություն է համարվում, բայց 95 տոկոսով ֆինանսավորվում է ԱՄՆ-ի գանձարանից՝ պետդեպարտամենտի ծախսերի գծով: Եվ պատահական չէ, որ մի շարք երկրներում «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ից գումար ստանալը համարվում է հանցագործություն:

Ի դեպ, Սորոսի հիմնադրամը և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամը» միակ կազմակերպությունները չեն, որ «սնուցում են» լոյալ ընդդիմությանը: Արևմուտքի կողմից որպես ամերիկյան օրինակի քաղաքական համակարգերի տարածման պոլիգոն համարվող ԱՊՀ երկրների ինքնիշխան կառավարությունների տապալման փորձերին մասնակից են տարբեր ոչ կառավարական կառույցներ: Դարձյալ անդրադառնանք Ուկրաինային, որտեղ կյանքի բոլոր ոլորտները գրավված են Արևմուտքի ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների ու բարեգործական հիմնադրամների համակարգի կողմից: Բավական է ասել, որ «նարնջագույն հեղափոխության» նախօրեին հենց ուկրաինական խորհրդարանի շենքում գործում էր ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը, իսկ Գերագույն ռադայի մակարդակով՝ «Ուկրաինայի խորհրդարանին աջակցության ծրագիրը», որը համակարգում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԱՄՆ նախկին կոնգրեսականների ասոցիացիան և Գերագույն իրավունքի կոնսորցիումը (ARD):

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները այդքան միջոց ներդնում ԱՊՀ երկրների քաղաքական համակարգերի «դիմափոխման» համար: Դա կքննարկենք հաջորդ հոդվածում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica