close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ականջահաճո նպատակ դնելով՝ թուլացնում են մասնագիտական աշխատանքը․ Թադևոս Ավետիսյանը՝ քաղծառայության մասին օրենքում փոփոխությունների մասին

Քաղաքական

25 Փետրվարի 2020, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ականջահաճո նպատակ դնելով՝ թուլացնում են մասնագիտական աշխատանքը․ Թադևոս Ավետիսյանը՝ քաղծառայության մասին օրենքում փոփոխությունների մասին

Քաղծառայության մասին օրենքի փոփոխությունը հերթական չմտածված քայլն է, որը բխում է այս ոլորտում իրականացվող քաղաքականության և ռազմավարության նպատակադրումներից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով օրերս ուժի մեջ մտած՝ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Կրճատվել են քաղծառայողի պաշտոնն զբաղեցնելու համար նախապայման հանդիսացող ստաժները՝ մտահոգություն հայտնեց տնտեսագետը՝ բացատրելով, թե ինչու․ «Հանրային ծառայության 3 տիպի ստաժեր կան․ հանրային ծառայողը պետք է ունենա որոշակի տարիների  կամ մասնագիտական ստաժ կամ տվյալ բնագավառի համար անհրաժեշտ ստաժ։ Ստաժները կրճատվել են բոլոր խմբերում։ Նպատակը, գուցե, բարի է՝ որ երիտասարդները կարողանան ներգարվվել համակարգ, բայց մինչև վերջ չմտածված է, քանի որ չի կարելի մի լավ նպատակը հակադրել մեկ այլ կարևոր և նույնչափ լավ նպատակի հետ»։

Երիտասարդների ներգարավումն, իհարկե, դրական հանգամանք է, արձանագրեց Թադևոս Ավետիսյանը, բայց, մյուս կողմից, աշխատանքի որակի իմաստով շատ կարևոր է մարդկանց ոչ միայն կրթությունը, գիտելիքը, այլ նաև շատ կոնկրետ՝ հանրային ծառայության համապատասխան փորձառությունը՝ հատկապես ղեկավար պաշտոնների համար։

«Քաղաքական պաշտոններ զբաղեցնողների մոտ այդ փորձառության բացակայության և դրանից բխող ձախողումներ տեսնելու պակաս մենք չենք ունենում։ Այսպիսի պարագայում, երբ կրճատվում է ստաժը և առանց խորամուխ լինելու՝ արդյո՞ք այդ փորձառությունը կբավարարի, որպեսզի այդ քաղծառայողը կարողանա իր բովանդակային աշխատանքը կատարել որակյալ և դրանից հետո չմեղադրվի որպես դպրոցական իր աշխատանքի արդյունքով, դրա համար մտածված և վերլուծված, նաև միջազգային փորձի հիմքով ժամանակին ներդրված էր այդ ստաժների պահանջը և դեռ 2018 թ-ին այդ համակարգը գործում էր»,-ասաց նա։

Այսպիսի՝ ականջահաճո նպատակով փոփոխության արդյունքում,  տնտեսագետի համոզմամբ, խնդիրներ ենք ունենալու։

«Մտահոգություն կա, որովհետև մինչև այս փոփոխությունը գործող համակարգը լիուլի հնարավորություն էր տալիս երիտասարդ կադրերին համակարգ մտնելու և բնականոն աճով կրտսեր պաշտոններից մինչև բարձր պաշտոններ հասնելու»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Մասնագիտական պաշտոնների կրտսեր խմբերում հանրային ծառայության փորձի պահանջ չկա և նոր ավարտած երիտասարդը կարող է ընդունվել հանրային ծառայության որևէ պաշտոնի և աշխատել՝ արձանագրեց նա։ Դրանից հետո գործում է հստակ տրամաբանություն՝ երբ կաշխատի մեկ տարի և ձեռք կբերի գիտելիքներ և փորձառություն, կբարձրանա ավելի վերև՝ այնպիսի պաշտոնի, որտեղ, ենթադրենք, քաղաքականության մշակում է ենթադրում, ավելի կոնկրետ մասնագիտական հանրային ծառայությունների մատուցում և ինքը արդեն պատրաստ է։

«Իսկ այս փոփոխություններով թուլացնում են այս պահանջը և մեկ տարվա ստաժ ունեցողն արդեն կարող է հավակնել առաջատար մասնագիտական պաշտոն զբաղեցնելու, ինչը պաշտոնի անձնագրով ենթադրում է արդեն շատ կոնկերտ հանրային ծառայություն, օրինակ՝ քաղաքականության մշակում, փաստաթղթեր, վերլուծություններ կամ կոնկրետ մարդկանց համար այս կամ այն ծառայության մատուցում»,-ասաց տնտեսագետը։

Ներկա փոփոխություններով որևէ տեղ մասնագիտական աշխատանք կատարած մեկին կարելի է նշանակել առաջատար պաշտոնում, ինչը Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ թույլատրելի չէ․ «Այս բնականոն աճի սկզբունքն է խաթարվում»։

Հաջորդ խնդրահարույց փոփոխությունը նա համարում է բարձր՝ ղեկավար պաշտոնների համար նախկինում նախատեսված սահմանափակումները հանելը․ «Նախկինում պահանջվում էր  5 տարվա ղեկավար ծառայության փորձ, բայց եթե մասնագիտական փորձ էր, ապա 2 տարի ավել՝ 7 տարի։ Հիմա կրճատել են մասնագիտական փորձի պահանջը և թողել են ընդամենը 1 տարվա տարբերություն, այսինքն, գրեթե նույնն է։ Բայց մենք գիտենք, որ դրանք տարբեր աշխատանքներ են՝ հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնելը»։

Թադևոս Ավետիսյանի համար ակհայտ է, որ նորից ականջահաճո նպատակ դնելով՝ թուլացրել են մասնագիտական աշխատանքի հիմնական գրավական հանդիսացող սահմանափակումը։

«Այսպիսի կարգավորման պարագայում մենք շատ չենք սպասի և կարճ ժամանակում կունենանք արդեն դրա էական հետևանքները, որպես աշխատանքի որակի նախապայմանի կորուստ»,-ասաց տնտեսագետը։  

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica