close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+6°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 15

Մշակույթ

25 Փետրվարի 2020, 16:52
 Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 15

Այս անիմաստ աղմուկի եւ լռության, լույս ու խավարի շարժումների,հայտնվելու եւ փախչելու մեջ ուզում ես գոռալ այս տեսակ բեմադրիչների խոսքը՝ STOP, եւ այս վայրկյանին վառվում են թատրոնի բոլոր լույսերը՝ամբողջ թաղամասով,մշակույթի նախարարությունով,թատերական ինստիտուտով, թերթերի խմբագրությունով,որովհետեւ վերջն է ներկայացման, եւ ինքը` բեմադրիչը,պետք է գլուխ տա։ Թամաշան բեմից տեղափոխվում է կյանք,իսկ ես մտքիցս դուրս շպրտեցի բոլոր ռեժիսորական հնարքները,բարձրախոսի,մութի,լույսի էֆեկտներ,բեմի պտույտը,ու տեսա պայմանականի,խորհրդանիշների,«աբստրակցիաների» հետ ոչ մի կապ չունեցող մի պիես,դերասանական շատ բնական,բայց այս իրարանցումների մեջ այլակերպված խաղ։ Տեսա՝ ինչպես այս ներկայացման մեջ խոշոր պլանով մի քանի անգամ բեմում հայտնվեց թախծոտ աչքերով մի բարի հայ կին,ու այդ ժխորի,իրարանցումների մեջ լսեցի նրա մեղմ շշուկը. «Կանգ առ,զավակս,ես մայրն եմ,այդ ինչ ես անում»,բայց դու,երիտասարդ,չնկատեցիր էլ այդ կնոջը,իսկ նա մայր է,մայրն է թատրոնի,դու չհարգեցիր նրա տարիքը,իսկ նա երկու հազար տարեկան է… Դու զբաղված էիր միայն նրանով,որ հինգ ամիս լուրջ խոսելուց հետո տասը օրում բեմադրված մի ներկայացման մեջ խցկես այն,ինչ որ գիտես գրականությունից,կինոժապավեններից,հեռուստատեսությունից, երաժշտությունից,ճարտարապետությունից,նկարչությունից,թատրոնից… Այն,ինչ որ տեսել ես դռան բանալու անցքից,բայց դու անտարբեր մնացիր մարդկային,կամ Փափազյանի ասած՝ ամեն ընտանիքում գոյություն ունեցող թատրոնի նկատմամբ… Դու ամեն ինչի մեջ տեսար միայն արտաքին էֆեկտներ,ուրիշի բեմադրական հնարքներ,որոնցից եւ սարքեցիր քո ներկայացումը… Դու մոռացար,որ թատրոնը տաճար է,իսկ ներկայացումը՝ ծես։ Իրավ, այդ է։ Արի ու այս ամեն ինչից հետո հիշիր, թե ինչ բան է թատրոնը։

Ի սեր Աստծո,չկարծեք,թե Այթմատովի «մանկուրտի» պես կորցրել եմ հիշողությունս։ Ես ժամանակին սովորել եմ թատերական ինստիտուտում եւ շատ լավ էլ հիշում եմ,որ Լոպե դե Վեգան գրել է 2500 պիես,իսկ Տիրսո դե Մոլինան եւ ուրիշները ինչեր ասես որ չեն գրել։ Այնպես որ,շատ բաներ կան թատրոն հիշեցնող… նույնիսկ այսօրվա շատ ներկայացումների մեջ,եթե ոչինչ չլիներ,գոնե այն փաստը,որ վերջում վարագույրը բացվում է ու ներքեւի մարդիկ ծափահարում են վերեւի մարդկանց,արդեն թատրոն է հիշեցնում,թեպետ հակառակն էլ վատ չէր լինի։

Այ,ուրիշ բան է,- հեռու տնից –տեղից,- եթե վերջերս ցուցադրված հեռուստատեսային ներկայացումներից նայած լինեի։Այն ժամանակ, Հիսուս Քրիստոս, ի՞նչ հիշեի,ինչո՞ւ հիշեի,ինչպե՞ս հիշեի,մանավանդ լսել եմ,որ դրանք վերջում գլուխ չեն տալիս,ճիշտ էլ անում են,ինչ իմանա՝ անջատված են, թե միացված,իրենք չէ՝ հեռուստացույցը։

Լավ թողնենք սրանց։ Ուրեմն այսպես…

Թատրոնը արժանապատվությունից զուրկ,փառամոլ ու ստորաքարշ,եսամոլ ու դեմագոգ,անտարբեր ու անշնորհակալ ծույլերի ու անբանների տեղ չէ։

Թատրոնը հմայիչ հիմարների եւ անհրապույր խելոքների տեղը չէ։ Ճաշակովի համբավ հանած գռեհկության տակ թաքնված անդաստիարակների տեղ չէ։

Տաղանդների,բայց չգնահատվածի հիվանդությամբ թունավորված հաշմանդամների տեղ չէ։

Նահատակի դրոշով սուրբ ժողովներում մարտնչելով,իրեն բեմում բզկտելով, Պառնասի բարձունքին հասնելու կարճ ճանապարհ փնտրողների տեղ չէ։

Գետնահարկերի հասարակության՝ առանց այն էլ խուլ ականջները աղեկտուր ճիչերով պատռողների տեղ չէ,

Թատրոնը մի ձեռքով այծի վիզը գուրգուրող (այծի համար),իսկ մյուս ձեռքով կաղամբը ջրող՝ իրեն համար,որկրամոլների տեղ չէ։ Մի քիչ զայրույթ,մի քիչ թախիծ,մի քիչ էլ հույզ վաճառող մարմնավաճառների տեղ չէ։

Թատրոնը բեմում շնչել չիմացող,բայց դարի շունչը հասկացող անհեթեթությունների տեղ չէ։ Հայացքը լուռ հեռուն նայող,միշտ բազմիմաստ տպավորվող,հասարակ բաները խճճող ժուլիկների տեղ չէ։

Ինչո՞ւ հիշեցի նրանց,որովհետեւ նրանք կան ու թեեւ հասարակ աչքերով չեն երեւում,բայց նրանցից միշտ լսվում է. «Մենք ապրում ենք թատրոնով»։ Ինչ խոսք,որ ապրում եք,բայց ինչպե՞ս…. Ինչպես որդը՝ խնձորով… Տեսնում եք,թե ինչպես բարդացավ հարցը։ Մինչդեռ թատրոնը առանձնապես բարդ բան չէ։

Մարդը,բնությունից ժառանգելով թատրոնը,դարեր շարունակ ապրել է՝ իր կրծքի տակ միշտ փաղաքշելով այն։ Մի՞թե կյանքը թատրոն չէ,մի՞թե մոլորակը թատրոն չէ, ինչ անենք,որ Հնդկաստանում թատրոն չկա՝ բեմ,դերասան չկա,բայց բոլոր ծեսերն ու արարողությունները հարսանիքներն ու հուղարկավորությունները թատրոն չե՞ն միթե,եւ այս ամենը՝ խելացի,հուզիչ,վարակիչ,ուրեմն՝ կյանքը թատրոն է,իսկ թատրոնը՝ կյանք։ Ինչ էր մնում անել մարդուն,փնտրել-գտնել թատրոնի ընտրյալներին,մեծ մտքի հսկաներին,բնությունից իրենց կրծքի տակ շողշողացող թատրոնով օժտված իրեն նման մարդկանց,ճաշակի ու չափավորության մունետիկներին,հզոր դիտողականությամբ կյանքից վերցնող եւ մեկից տասը նույն կյանքին վերադարձնող բարի մարդկանց, սրտի ու մտքի մեջ Մելպոմենի հրդեհը վառող արվեստի քուրմին։ Գտավ մարդը, հավաքեց նրանց համախոհ հանճարներին մի տաճարի մեջ, կանչեց մարդը իր նման հազարներին,ու քուրմերի հետ սկսվեց սուրբ թատրոնի աղոթքը։ Ինքնամոռացության մեջ նրանք խոսում էին մայր բնության կյանքի հրաշքի ու նրա զավակ հրաշագործ մարդու մասին։

Հայելի պահեցին բնության առաջ՝ ցույց տալու համար առաքինությունը, իր սեփական տեսքը,մոլորության իր պատկերը՝ խիստ ժամանակակից ոգուն ու դեմքին՝ իր վիճակը անհանգիստ։ Ու այս ծեսից ծնվեց մի տեսակ ինքնամոռացություն, որից եւ ստեղծվեց մթնոլորտ,իսկ մթնոլորտից՝ ներշնչանք,ներշնչանքից՝ հավատ, եւ վերջապես ամենավեհը՝ սխրանքը։ Թատրոնը ծեսի,ներշնչանքի,ինքնամոռացության,հավատի ու սիրո,կարեւոր,սխրանքի տեղն է։

Ինչ պիտի կարողանայի լինել,եթե դերասան չլինեի։ Ես չէի ուզենա ուրիշ բան լինել, ինչ կարիք կար,միեւնո՞ւյն չէ, թե ինչ լինեմ,ես հո դերասան չեմ ծնվել։ Ես պարզապես սիրել գիտեմ։

Ես լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի,

Լավ գյուտեր կհնարեի, թե թատրոնի չափ սիրեի,

Մսագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի,

Պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի…

Մի օր ինձ  հարցրեցին՝ թատրոնից ավելի ի՞նչ կսիրեք։ Մորս,փողոցս,որտեղ ապրում էի,տունս,հողս,որի վրա կան տունս ու փողոցս։ Լեզուս։ Ու այս բոլորը,որ կոչվում է հայրենիք։ Թատրոնն ի՞նչ է հայրենիքի դիմաց… Իմ հայրենասիրությունն է,որ ինձ հանգիստ չի տալիս,եւ հատկապես հիմա,երբ Հայաստանը նոր ճանապարհ է ընկել։ Նույնիսկ կլինիկական մահիս ժամանակ հայրենիքիս մասին եմ մտածել,ինչ-որ բան եմ մռթմռթացել,հետո հիշեցի՝ մեկ դոլար ամեն մի հայից…

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica