close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանք մերժեցին օտար բարքերը. Գառնիում նշել են Փետրվարյան ապստամբության տարեդարձը

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 21:47
 Նրանք մերժեցին օտար բարքերը. Գառնիում նշել են Փետրվարյան ապստամբության տարեդարձը

Այսօր այն օրն է, երբ  Հայաստանի Հանրապետության ազատագրությանը մասնակցած և   Առաջին հանրապետությունը կերտած անձինք ապստամբեցին և կարողացան վերահաստատել հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը. 99 տարի առաջ այս օրը բոլշևիկյան լծի տակ գտնվելու պայմաններում կազմակերպվեց  ապստամբություն, որը բոլշևիկները բնութագրում էին որպես «ավանտյուրա», իսկ իրականում այն ազատագրական ապստամբություն էր, որովհետև բռնությունները և դաժան վերաբերմունքը խորհրդային կարգերի հաստատման պահից տիրել էր ամբողջ Հայաստանում, որին զոհ գնացին բազմաթիվ հայորդիներ. այս մասին Գառնի գյուղում Փետրվարյան ապստամբության հայ խմբապետների և մարտիկների շիրիմների առջև հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

1921 թ. Փետրվարյան ապստամբության օրերին Գառնին այն գլխավոր ուղղություններից էր, որտեղից սկիզբ առավ և ընթացավ անկախության վերականգման պայքարը: Ամեն տարի Գառնիում՝ գառնեցի հայտնի գործիչներ Խնկոյի և Մակեդոնի, խմբապետեր Վարդանի, Արտուշի, Մարտիրոսի ու Ղազարի գերեզմաների մոտ տեղի է ունենում խնկավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազատագրության համար մարտնչած հայորդիների:

Միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը, ՀՅԴ Գառնու Կոմիտեության անդամները և մի շարք այլ հասարակական-քաղաքական և կուսակցական գործիչներ, այցելեցին Գառնու Սբ. Աստվածածին եկեղեցու բակում թաղված խմբապետներ Խնկոյի և Մակեդոնի, այնուհետև՝ գյուղական գերեզմանոցում թաղված խմբապետներ Վարդանի և Արտուշի գերեզմաններին, որից հետո ուղևորվեցին Գառնի տանող ճանապարհի վրա գտնվող պանթեոն: Այստեղ Մարտիրոսից և Ղազար Քոչարյանից բացի, հանգչում են նաև Արցախյան հերոսամարտում և զինադադարի շրջանում զոհված մարտիկները:

«Հայորդիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, կացնահարումը խոսում էր բոլշևիկների ապազգային և ազգակործան քաղաքականության մասին: Սա էր համաժողովրդական ընդվզման պատճառը: 1921 թ. փետրվարի 18-ին հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեց, որ չի հանդուրժում բռնություն, հալածանք և որևէ վիրավորանք ազգային, կրոնական արժեքների դեմ: Ապրիլին՝ ապստամբության ճնշումից հետո, բոլշևիկները որոշակիորեն վերանայեցին իրենց ապազգային քաղաքականությունը: Չնայած հալածանքները ՀՅԴ գործիչների ու կուսակցության դեմ շարունակվում էին նաև հետագայում, բայց և այնպես Փետրվարյան ապստամբությունը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը իր վճռականությամբ պատրաստ է անգամ կռվել բոլշևիկների դեմ, եթե նրանց նպատակը հայ տեսակին վերացնելն է», - Yerkir.am հետ զրույցում նշեց Մինասյանը՝ հավելելով, որ այս օրը հայկական պետականության, ինքնության համար պայքարի և դրա ամրապնդման օր է:

Ապստամբության ժամանակ Գառնու ուղղության գլխավոր գործող անձանցից՝ խմբապետ Արտուշի թոռ Արտուշ Հայրապետյանը հուզմունքով և հպարտությամբ հիշեց պապի անցած փառավոր ուղին: Պարզվում է՝ խմբապետ Արտուշը ապստամբության ճնշումից հետո չէր լքել երկիրը, այլ  հեռացել էր լեռները: 1924 թ. բոլշևիկյան զորքերը բացահայտում են խմբապետի թաքնվելու վայրը և մեծաքանակ զորքով փորձում բռնել նրան, սակայն Արտուշը չի հանձնվում և մարտի է բռնվում բոլշևկների հետ, որի ժամանակ էլ ընկնում է հերոսի մահով:

Գառնու բնակիչ, նկարիչ Ռուբիկ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրը մեծ  խորհուրդ ունի ոչ միայն գառնեցիների, այլև ողջ ազգի համար, և այսօրվա միջոցառումների նպատակը մեր հերոսներին արժանի հարգանք ցուցաբերելն է:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ փետրվարի 18-ը մի շատ կարևոր խորհուրդ ունի, այն է՝ երբեք չդադարել մաս կազմել ազգային արժեհամակարգին, երբեք չդադարել մտածել, որ դու հայ ես:

«Երբ սկսեցիր մտածել, որ դու կարող ես լինել աշխարհաքաղաքացի, քեզ դնել ամերիկացու, գերմանացու, ֆրանսիացու տեղ՝ դատապարտված ես կործանման: Արդյունքում՝ կմնա անձ, որն ապրում է ընդամենը ստամոքսով», - նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Արծվիկ Մինասյանը շատ ընդհանրություններ է տեսնում այսօրվա և այն ժամանակվա ամբոխավարական մոտեցումների մեջ. «Աստված չտա, որ նորից պահանջ առաջանա՝ հիմա էլ արդեն այլ անձանցից փրկել հայ ժողովրդին: Աստված իմաստություն թող տա մեր իշխանություններին, տա գիտակցումն այն բանի, որ իր ազգային ինքնությանը նվիրված լինելու և ազգային ինքնությամբ ապրելու մեջ է հայ ժողովրդի ապրելու բանաձևը: Թող երբևէ որևէ իշխանության չթվա, որ եթե իշխանության են գալիս ամբոխավարությամբ, ուրեմն կարող են հայ ժողովրդի դեմ ամեն բան գործարկել: Պատժվել են այդպիսի իշխանությունները և շարունակելու են պատժվել բոլոր նրանք, ովքեր կմտածեն այդպես: Մեզ բոլորիս կամք և վճռականություն, որ կերտենք իսկապես Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան», - եզրափակեց Մինասյանը:


Արգամ Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica