close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում. Նախագահի հայտարարությունը

Հասարակություն

17 Փետրվարի 2020, 19:29
 Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում. Նախագահի հայտարարությունը

ՀՀ նախագհ Արմեն Սարգսյանը հայտարարություն է արել կապված վերջին շրջանում  ՀՀ ԶՈՒ-ում մահվան դեպքերի հետ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:

Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ:

Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,

Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի, որի հետ կկիսեք ոչ միայն ծառայության դժվարությունները, այլև միասին՝ թիկունք-թիկունքի տված, կուռ, ամբողջական ու հզոր ուժ լինելու զգացողությունը:

Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում, բայց անհրաժեշտ է: Անցնելով այն՝ դուք հասունանում ենք, ամրանում, սովորում դիմակայել ու հաղթահարել, լինել սառնասիրտ, զուսպ ու ամենակարևորը լինել պատասխանատու, որովհետև ձեզ՝ հայոց բանակի թե՛ տասնութամյա նորակոչիկներին, թե՛ ծառայության բովով անցած փորձառու սպաներին է վստահված ամենաարժեքավորը՝ մեր հայրենիքի, մեր ընտանիքների պաշտպանությունը, մեր ապագան ու խաղաղությունը: Պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առաքելությանը, միմյանց հետ ձեր փոխհարաբերություններին, հիշեք՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է:

Հիշեք, որ դուք ծառայում եք հաղթանակած բանակում ու պետք է պատվով ու արժանապատվությամբ շարունակեք կյանքի ու մահվան գնով ձևավորված ու կայացած հայկական բանակի ամենալավ ավանդույթները՝ փոխօգնության, միասնականության ու համախմբվածության ավանդույթները:

Մենք վստահում, հավատում ու սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին: Հիշեք, որ մենք կորցնելու կյանքեր չունենք, մենք չպետք է ունենանք չիրականացված երազանքներ, ձեր օջախներում դեռ պետք է զավակներ ծնվեն, ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ու պետք է տեսնի միասնական ու խաղաղ հայրենիքի փայլուն ապագան, ձեր նվիրյալ ծառայությամբ կերտած ապագան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ:

Իսկ տան խաղաղությունն առանց հանդուրժողականության հնարավոր չէ, առանց իրար ցավ զգալու հնարավոր չէ, առանց միմյանց կարծիքը հարգելու, առանց իրար հետ միասին ապրել սովորելու հնարավոր չէ։

Աստված պահապան բոլորիս»,- ասված է հայտարարության մեջ:

Սեւրի դաշնագրի 100-ամյակ
10 Օգոստոսի 2020, 15:49 Սեւրի դաշնագրի 100-ամյակ
Սևրը և քրդերը
10 Օգոստոսի 2020, 13:38 Սևրը և քրդերը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica