close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կվառի՞ Կովկասում պատերազմի պատրույգը

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 18:08
 Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կվառի՞ Կովկասում պատերազմի պատրույգը

Պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն հնարավոր է լոկ հետաձգել՝ հօգուտ հակառակորդի. իտալացի  փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի այս միտքը, ցավոք, կիրառելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրողությունների պարագայում: Ադրբեջանը և Հայաստանը բանակցություններ են վարում հանուն բանակցությունների՝ առանց որևէ լուրջ հույսի, որ քաղաքական փոխզիջման կարելի է հասնել: Կողմերն արդեն երկար ժամանակ բացահայտորեն նախապատրաստվում են հարաբերությունների պարզմանը նոր,  մասշտաբային ռազմական եղանակով, այլ ոչ՝ բանակցային սեղանի շուրջը. ըստ yerkir.am-ի՝ գրում է EADaily-ն:

Հօգուտ հակառակորդի հետաձգումը Բաքվում ու Երևանում տարբեր կերպ են հասկանում: Հայաստանում  լայնորեն ներկայացվում է կարծիքը, որ ադրբեջանական կողմը մեծացնում է հեռահար և ճշգրիտ հարվածող սպառազինությունների զինանոցը՝ բլիցկրիգի հույսով, որը տեղի կունենա հակառակորդի համար անսպասելի ժամանակ: Ընդ որում՝ նշվում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է  ղարաբաղյան ճակատի մի քանի ուղղություններով միաժամանակ հանկարծակի հարձակվելու հնարավորությունը: Որպես հիմնավորում նշվում է հայկական զորքերի պաշտպանության գծի ամբողջ երկայնքով զգալի ուժեղացումը և մերձճակատային գոտում հակառակորդի ակտիվության հետախուզման միջոցների տեղակայումը:

Իսկ Բաքվում այն կարծիքին են, որ հայկական կողմի համար պատերազմի հետաձգման օգուտը ռազմաքաղաքական համալիր բնույթի է: Մի կողմից Երևանը կարողացել է ապրիլյան քառօրյայից հետո զգալիորեն ամրացնել «հարվածող բռնուցքը» («Իսկանդեր- Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ), մյուս կողմից՝ մեծանում է Ռուսաստանի աջակցությունը ՀԱՊԿ գործընկերոջը՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և  հարակից տարածաշրջաններում:

Ի դեպ, Ադրբեջանն էլ ավելի շատ է հենվում Թուրքիայի վրա, որի ուշադրությունը Ղարաբաղի նկատմամբ ավելի է մեծանում Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ «փափուկ» առճակատման ամեն փուլում: Սիրիական Իդլիբում այս օրերին լարվածության աճ կա, ներքաշված են Անկարան ու Մոսկվան:

Հայտնի է, որ դեռևս 1990-ականներին Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ամուր համաձայնագիր էր ստորագրվել առ այն, որ Ղարաբաղում Բաքվի ցանկացած ակտիվ ռազմական գործողության մասին թուրք դաշնակիցը պետք է նախապես տեղյակ լինի: Հետագայում համաձայնագիրն ընդլայնվեց մի շարք ճշգրտող պայմանավորվածություններով՝ ընդհուպ համատեղ ծրագրերի մշակումը, եթե Ադրբեջանը որոշի «վերականգնել իր տարածքային ամբողջականությունը» Ղարաբաղում:

Ապրիլյան պատերազմը ռուս-թուրքական առճակատման անդրկովկասյան շարունակությունն էր, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին Թուրքիան «թիկունքից հարված» հասցրեց՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական Ֆ-16-ը խոցեց ռուսական Սու-25 ռմբակոծիչը:

Լարվածությունը Ղարաբաղում Թուրքիային հետաքրքիր է որպես ծանրակշիռ ռեսուրս և միաժամանակ փաստարկ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական առևտրում: Սիրիական Իդլիբում ռազմական յուրաքանչյուր գործողությունից հետո Թուրքիան են ուղղվում տասնյակհազարավոր փախստականներ: Ներկայումս հավասարապես Թուրքիայի աջակցությունը վայելող՝ հաշտության չգնացող  և «չափավոր» գրոհայինների այդ վերջին հենակետը նախագահ Էրդողանի համար դարձել է իր ճշմարտացիությունը սիրիական ուղղությամբ պաշտպանելու սկզբունքային կետ: Նրա համար այստեղ ամեն ինչ հստակ է՝ կա թշնամի՝ ի դեմս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, և կա սիրիական զինված ընդդիմություն, որին պետք է մարտունակ վիճակում պահել, որպեսզի հարավային սահմաններին պահպանվի Անկարայի ու Դամասկոսի միջև ստեղծված բուֆերային գոտին:

Եթե տեղափոխվենք «անդրկովկասյան Իդլիբ» (թուրքական տեսանկյունից), ապա այստեղ Ռուսաստանի համար ամեն բան հստակ չէ: Կա միակ ռազմական դաշնակիցը տարածաշրջանում ՝ Հայաստանը, ինչն ապրիորի պահանջում է, որ նրան համապատասխան աջակցություն տրամադրվի, սակայն կա նաև Ադրբեջանը որի հետ Ռուսաստանը չի պատրաստվում խզել երկկողմանի հարաբերությունները: Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության ցանկացած մասշտաբային էսկալացիայի պարագայում Ռուսաստանը շատ նուրբ ու դժվար իրավիճակում է հայտնվում, քանի որ այս կամ այն կողմի «ընտրությունը» հղի է ամենաանցանկալի հետևանքներով: Իսկ եթե այդպես է, ապա Էրդողանի՝ վերը նշված ռեսուրսն ու փաստարկը կոնսերվացվածից անցնում են աշխատանքային վիճակի Ղարաբաղում ռազմական սցենարի գործարկման ժամանակ:

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սահմանափակեց թեզով, թե հայերն իրենց ինքնորոշման իրավունքը ևս մեկ անգամ իրագործելու համար թող աշխարհի քաղաքական քարտեզի վրա այլ վայր փնտրեն, բայց ոչ՝ Ադրբեջանը: Բացի դրանից՝ հերթական անգամ  հրապարակավ մերժեց Երևանի առաջարկած՝ հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակը: Բաքուն ցանկանում է ինչ-որ բան ստանալ միանգամից ու հենց հիմա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական կարգավիճակի վերաբերյալ որոշումը: Այդ  «միանգամիցն ու հենց հիման» 1994-ի մայիսից՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից անժամկետ հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո հայկական զորքերի կողմից վերահսկվող տարածքների մի մասն է: Նման հայտարարություններ  մեկ անգամ չէ, որ հնչեցվել են Ադրբեջանի քաղաքական բարձր ղեկավարության կողմից, դրանք տեղ չեն թողնում բանակցությունների համար, գործնականում հակամարտության կարգավորումը դիվանագիտական դաշտից դուրս են մղում դեպի բացառապես ռազմական լուծման դաշտ: Հասկանալով դա՝ հայկական կողմը, Փաշինյանի բերանով, նշում է, որ առաջատար համաշխարհային տերությունները պետք է հանդես կան կոշտ հայտարարությամբ, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, դա բացառվում է: Երևանի դիրքորոշումը հասկանալի է և արձագանք է գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ: Թարմացնել այդ թեզիսը Բաքվի հիշողության մեջ, նաև Թուրքիային հստակ ազդանշան հղել Ղարաբաղում ստատուս քվոյի նոր խզման անթույլատրելիության վերաբերյալ ներկայումս, անշուշտ, տեղին կլիներ: Սակայն Վաշինգտոնն ու Փարիզն այլ խնդիրներ ունեն, բացի դրանից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները չեմ նպաստում նման համատեղ դիրքորոշումների մշակմանը և հռչակմանը:

Ինչ վերաբերում է  Ղարաբաղի շուրջ լարվածության մեծացման ժամկետներին, ապա եթե Բաքուն նախընտրի ռազմական սցենարը, դրա համար հարմար ժամանակ է գարունը՝ մինչև ամառ: Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում Ալիևի ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը պահպանեց մեծամասնությունը օրենսդիր մարմնում: Սակայն  որոշ ընտրատարածքներում պիտի նոր ընտրություններ անցկացվեն, ինչը որոշակի ժամանակ է պահանջում: Նաև ժամանակ է հարկավոր ադրբեջանական  քաղաքական վերնախավի կառուցվածքում որոշակիություն մտցնելու համար՝ հաշվի առնելով  իշխանության նախատեսված «տրանզիտը» (իշխանության փոխանցումը Մեհրիբան Ալիևային): Հունիսի 12-ից՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից հետո, որի 4 խաղ տեղի է ունենալու Բաքվում, Ալիևի համար «հնարավորությունների պատուհանը» փակվում է և տեղափոխվում հաջորդ աշուն:

2020-ի գարունը կարևոր փուլ է Ադրբեջանում ապագա իշխանության հստակեցման համար: Դա քիչ պակաս պատասխանատու փուլ չէ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիմակայության համար: Մարտի 31-ին ԼՂՀ-ում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Բաքվի համար գայթակղիչ գաղափար է՝ խանգարել «օկուպացիոն ռեժիմին»՝ ժողովրդավարական ճանապարհով դարձյալ հաստատել իրողությունները Ղարաբաղում: Դա կարող է Անկարայի ակտիվ հավանությանն արժանանալ, որտեղ այս օրերին փորձում են նոր ալգորիթմ մշակել Սիրիայում Մոսկվայի հետ հարաբերություններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica