close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսագետի գնահատմամբ՝ ձվի, շաքարավազի շուկայում ակնհայտ է դեմպինգի քաղաքականության կիրառումը, մինչդեռ ՏՄՊՊՀ-ն ենթադրություններով է խոսում

Տնտեսական

14 Փետրվարի 2020, 10:59
 Տնտեսագետի գնահատմամբ՝ ձվի, շաքարավազի շուկայում ակնհայտ է դեմպինգի քաղաքականության կիրառումը, մինչդեռ ՏՄՊՊՀ-ն ենթադրություններով է խոսում

Livesnews.amլրատվական կայքը հարցազրույց է վերցրել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից՝ որոշ մթերքների, այդ թվում՝ թվի և շաքարավազի գնանկման վերաբերյալ:

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

«Մայրաքաղաքի խանութներում տևական ժամանակ է, ինչ առաջնային սպառման որոշ մթերքներ՝ մասնավորապես ձուն և շաքարավազը, զգալի ցածր գնով են վաճառվում, ինչպես նշում են տնտեսվարողները՝ անգամ ինքնարժեքից ցածր։ Օրինակ՝ ձուն վաճառվում է աննախադեպ գնով՝ 20-25 դրամով, այն դեպքում, երբ շուկայական արժեքը հասել էր 40-50 դրամի։ Ստացվում է կրկնակի գնանկում է եղել։ Առաջին հայացքից սպառողներիս համար փաստն ուրախալի է, բայց մասնագետներն ահազանգում են, որ երևույթը պայմանավորված չէ շուկայական օբյեկտիվ պատճառներով և կարող է անկանխատեսելի վատ հետևանքներ ունենալ. գրում է LiveNews.am-ը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ այս փաստով իրենք գրեթե 20 օր է՝ ուսումնասիրություններ են սկսել շուկայում՝ պարզելու գնանկման պատճառները։ Ու չնայած տևական ժամանակահատված իրականացվող ուսումնասիրություններին, ՏՄՊՊՀ ղեկավարն այսօրվա դրությամբ հստակ պատասխաններ չունի, թե ձուն և շաքարավազն ինչու են էժանացել։ Նա միայն ենթադրություններ է արել, որ հնարավոր է պատճառը ձվի գերարտադրությունն է եղել՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Հայաստան մեծ քանակությամբ ձու է ներկրվել։ Ըստ նրա՝  Հայաստանի Հանրապետություն վերջին ամիսներին ձու չի ներմուծվել, վերջին ներմուծումը մարտին է եղել, բայց այդ պաշարները չէին կարող ազդել ձվի գնի վրա։ Գերարտադրության վարկածը դեռ ստուգվում է, ուսումնասիրվում, այդ գործընթացում ներգրավվել է նաև սննդի անվտանգության տեսչական մարմինը, որպեսզի ուսումնասիրություններն ավելի արագ ընթանան։ Ամեն դեպքում նա արձանագրեց, որ ձու արտադրողների քանակը մի քանի անգամ շատացել է, և գուցե հենց դա է գերարտադրության, ձվի մեծ առաջարկի և ինքնարժեքից ցածր գնի սահմանման պատճառ դարձել։

Գեղամ Գևորգյանը չի բացառել, որ հնարավոր է խոշոր տնտեսվարողները այդկերպ փորձում են շուկայից դուրս մղել մանրներին, ինչի մասին իրենք ահազանգել են ՏՄՊՊՀ, և մենաշնորհ ձևավորել՝ բարձր գին թելադրելով։

Գևորգյանը նաև ասաց, որ շաքարավազի գնանկման առնչությամբ վարույթ են սկսել, քանի որ հստակ տեղեկություն ունեն՝ շաքարավազն ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր սուպերմարկետների կողմից, ինչը չի բացառում, որ խոշոր տնտեսվարողները չարաշահում են իրենց գերիշխող դիրքը և հակամրցակցային համաձայնություն են ձեռք բերել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց, որ հակամենաշնորհային կարգավորման ոլորտի պատասխանատուն գնանկման վերաբերյալ պատճառներ է նշում, որոնք տեսական մակարդակի են և ցանկացած մեկը՝ նաև ոչ պրոֆեսիոնալ, կարող է նման պատճառաբանություններ ներկայացնել․ «Ոլորտի համար պատասխանատու կառույցի ղեկավարը պարտավոր է շուկայում առկա նման վիճակներում համարժեք, ժամանակին արձագանքել, ոչ թե ուսումնասիրությունները ձգձգել այնքան, որպեսզի դրանց հետևանքներն ի հայտ գան։ Երևույթը տևական ժամանակ է՝ առկա է շուկայում, բայց դեռևս կարգավորված չէ, ավելին՝ իրական պատճառներն են անհայտ և միայն վերացական ենթադրություններ են հնչում։

Եթե գնանկման քաղաքականության պատճառներից մեկը դեմպինգն է, որի միջոցով խոշոր տնտեսվարողները փորձում են փոքր տնտեսվարողներին դուրս մղել շուկայից, իսկ ես հակված եմ հենց այդպես մտածել, դա իմ գնահատականն է, ապա երկար սպասելը կարող է փոքրերի համար կործանարար լինել։ Մի կողմից այս կառավարությունը, իշխանությունները խոսում են ազատ մրցակցություն ապահովելու մասին, մյուս կողմից այսպիսի կարևորագույն ոլորտում դանդաղկոտութունն ու անգործությունը թերևս կարող է փոքր ու միջին տնտեսվարողների համար վատ հետևանք ունենալ։ Ժողովուրդն ասում է՝ Զատիկից հետո կարմիր ձուն մեծ հաշվով մեծ նշանակություն չունի»։

Տնտեսագետի կարծիքով՝ շատ երկար ուսումնասիրությունների անհրաժեշտություն չկա խնդիրը պարզելու և լուծելու համար՝ հաշվի առնելով ՏՄՊՊՀ ունեցած գործիքակազմը։ Կառույցը հենց նման խնդիրները պետք է իր ուշադրության կենտրոնում պահի և շատ հրատապ ռեժիմով դրանք կարգավորի։ Այնինչ տպավորություն է, որ նրանք շտապելու հարկ չեն տեսնում։

«Առաջին հայացքից թվում է, թե գնանկումը դրական երևույթ է, բայց դա ինչի՞ հաշվին է, կարող է այդ կարճաժամկետ վիճակը վաղը շուկայական մրցակցության վրա անդառնալի հետևանք ունենա, և մենք նորից բախվենք այն իրականությանը, երբ խոշորը բարձր գին է թելադրում ու նորից տվյալ ապրանքների շուկայում գնաճ լինի՝ նախկինից ավելի բարձր գին սահմանվի։

Այսօրվա դրությամբ նման գնանկման համար շուկայական նպաստավոր պայմաններ չկան, և ակնհայտ է, որ գնանկումը այլ պատճառներ ունի։ Ոչ թռչնակերն է էժանացել, ոչ նոր տեխնոլոգիաներ են ներդրվել ոլորտում, ինչը հնարավորություն կստեղծեր պարզեցնելու ձվարտադրության գործընթացը, մեծացնելու արտադրողականությունը և այլն։ Տնտեսագիտորեն գնանկումը չի բացատրվում նաև շուկայական առաջարկի և պահանջարկի փոխազդեցությամբ։ Ակնհայտ է, որ արհեստական միջամտություն է եղել, մանավանդ, որ գնանկումը 50 տոկոսով է եղել։ Դա ինձ համար մտահոգիչ է, քանի որ հաջորդ պահին կարող ենք ունենալ շուկայական մրցակցության, հավասարակշռության խաթարում, ինչի հետևանքը կլինի գների անհամարժեք բարձրացումը։

Իսկ ձուն, շաքարաազն առաջին անհրաժեշտության ապրանքներ են և լայն սպառում ու սոցիալական մեծ ազդեցութուն ունեն հանրության համար, նաև արտադրական նշանակություն ունեցող մթերքներ են, օգտագործվում են վերամշակվող սննդամթերքի արտադրության մեջ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա հարցադրում է անում՝ դանդաղկոտությունն անգործությա՞ն հետևանք է, թե այլ ավելի վտանգավոր պատճառներ կան, որ պետական մարմինը գնահատական չի տալիս երևույթին և հետևողական չի լինում դրա նկատմամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica