close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես բնաջնջել քրեական հակամշակույթը բանակում. համառոտ ուրվագիծ

Հասարակություն

14 Փետրվարի 2020, 10:19
 Ինչպես բնաջնջել քրեական հակամշակույթը բանակում. համառոտ ուրվագիծ

Արմեն Այվազյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ համառոտ կերպով ներկայացնելով այն ուրվագիծը, թե ինչպես է պետք 

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեք տասնամյակ է արդեն, ինչ քրեական հակամշակույթն իր շոշափուկներով ներթափանցել է մեր բանակ։ Երկրում փոխվել են նախագահներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ռազմական ոստիկանության պետեր... Բոլորը խոստացել են արմատախիլ անել ազգային անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր այս այլանդակ երևույթը։ Բայց խնդիրն իր լուծումն այդպես էլ չի ստացել։ Ինչու՞։

Որովհետև գործ ունենք բարդ ու չափազանց նուրբ մի ոլորտի՝ մարդկանց արժեքային համակարգի հետ։ Բանն այն է, որ հայոց բանակում բոլորը՝ շարքային զինվորից մինչև գեներալ, պետք է ունենան մեկ ընդհանուր արժեհամակարգ հետևյալ հիմունքային դրույթներով՝
 
- ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄԵՆԻՑ ՎԵՐ Է,
- ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՆ Է,
- ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔՆ Է։
 
Բայց փաստ է, որ բանակ են գալիս տարբեր արժեհամակարգի տեր երիտասարդներ, այդ թվում շատ են նաև քրեական աշխարհի արժեքներ դավանողները։ Ինչպե՞ս անել, որպեսզի սրանք և առհասարակ բոլոր զինվորները մտնեն բանակ և փոխեն իրենց արժեհամակարգը վերը նշված դրույթների համաձայն։ Ինչպե՞ս անել, որպեսզի հայոց բանակում անբաժան տիրի ընկերասիրական-եղբայրասիրական մթնոլորտը, զինվորները բոլորը դառնան հայրենիքի գիտակից պաշտպաններ՝ մեկ, միաձույլ ու միակամ ու պատասխանատու զանգված։
 
Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ ռազմահայրենասիրական արժեհամակարգը խորթ է եղել և՛ նախկին, և՛ ներկա իշխանություններին։ Ըստ այդմ, այդպիսի արժեհամակարգ չի ներարկվել պետական քարոզչությամբ ու հանրային հեռուստաալիքներով։ Դպրոցը ևս չի կարողացել բավարար չափով լուծել այս խնդիրը, որովհետև 1990-ականներից ի վեր գտնվել է լիբերալների վերահսկողության տակ և բավարար չափով չի ազգայնացվել։ Ընտանիքի ինստիտուտը ևս թերացել է, որովհետև շատ քիչ թվով հայկական ընտանիքներում է Հայաստանը վեր դասվում ընտանեկան ու անձնական շահերից։
 
Ուստիև, բանակում քրեական հակամշակույթի դեմ պայքար մղելու գործը մնացել է միայն զինվորականների ու ոստիկանների ուսերին։ Բայց նրանք էլ իրենց իմացած վարչահրամայական եղանակներով չեն կարող արժեհամակարգ փոխել, մանավանդ, որ իրենցից շատերն էլ դրա իսկական, անկեղծ կրողը չեն։
 
Բանակն այլևս չի կարող սպասել, թե Հայաստանում երբ են քաղաքական իշխանությունները դառնալու զտարյուն հայրենասերներ, թե երբ է դպրոցը ազգայնանալու, թե երբ են բոլոր հայ ընտանիքներում Հայաստանի մասին ակնածանքով խոսելու։ Բանակը պետք է ինքը գործի, իհարկե, ունենալով քաղաքական բարձրագույն ղեկավարության հովանավորությունը։
Ուրեմն, ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում։
 
Նախ, գործի գլուխ պետք է կանգնեն արդեն ոչ թե զինվորականներն ու ոստիկանները, այլ հայրենասեր ու լայն պատրաստություն ունեցող հայ հասարակագետ-գիտնականները, որոնք էլ միայն կարող են մշակել այս ծանր խնդիրը հաղթահարելու մի մեծ կրթադաստիարակչական ծրագիր։ Ներկայացնեմ այդ ծրագրի ողնաշարային մասի ուրվագիծը միայն (այն ունենալու է տարբեր այլ ճյուղավորումներ ևս)։
 
Պնդում և առաջարկում եմ, որ բանակում բոլոր նորակոչիկները պետք է նախևառաջ անցնեն հատուկ երեքամսյա ինտենսիվ դասընթացներ, որոնք նրանց կտան անհրաժեշտ գիտելիքներ հետևյալ ուղղություններով.
 
- հայոց ռազմական պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը,
- Հայաստանի պատմական ու քաղաքական աշխարհագրություն,
- հայոց մշակույթի մեծ նվաճումներն ու գործիչները,
- Հայաստանի ներկա աշխարհառազմավարական ծանրագույն առանձնահատուկ դրությունը,
- թշնամի պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց ու ցեղասպանական քաղաքականությունն ու զինված ուժերը։
 
Երեք ամիս ամեն օր վեց ժամ նորագույն տեխնիկական ու տեխնոլոգիական միջոցների օգտագործմամբ նորակոչիկները պետք է լսեն այս հիմունքային հարցերի մասին։ Լսեն ու սովորեն։
 
Պետք է խաղան համակարգչային ռազմական խաղեր, որտեղ կլինեն հին ու միջնադարյան հայկական բանակներ։
 
Պետք է ամեն օր իրենց զորամասի պատին տեսնեն և ուսումնասիրեն Հայաստանի ահռելի ծավալավոր (ռելիեֆային) քարտեզը, որտեղ նշված կլինեն Արածանիի, Ձիրավի, Ավարայրի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու հայոց բանակի մղած մյուս բախտորոշ ճակատամարտերի վայրերն ու տարեթվերը։
 
Պետք է լսեն ու դիտեն մեր հերոս արքաների, սպարապետների ու ֆիդայիների կյանքի ու գործի մասին դասախոսություններ ու կինոֆիլմեր։
 
Պետք է սերտեն հին հայ զինվորականության պատվո վարքականոնը։
 
Պետք է սովորեն երգել հայկական ռազմահայրենասիրական երգեր ու պարեն հայկական քոչարի ու յարխուշտա։
Ու այս ամենը պետք է անեն ամենախիստ ու դաժան կարգապահության պայմաններում։
 
Երեք ամիս հետո մենք կունենանք արդեն ուրիշ զինվոր՝ գիտակից հայ մարդ ու Հայաստանի Հանրապետության պատասխանատու քաղաքացի։ Պակաս ինտենսիվությամբ հայրենաճանաչության դասընթացները պետք է շարունակվեն նաև զինծառայութան հետագա ողջ ընթացքում։ Բայց վճռորոշը հենց առաջին երեք ամիսն է լինելու։ Ընդամենը մեկ տարում մեր բանակում քրեական հակամշակույթն արմատախիլ կարվի կիսով չափ, երկու տարում՝ ամբողջությամբ։
 
Եվ վերջում, քանի որ բանը բանից արդեն անցնում է, ամենայն պատասխանատվությամբ և առանց կեղծ համեստության հայտարարում եմ, որ պատրաստ եմ ստանձնել այս գործի մշակումն ու ներդրումը՝ համապատասխան լայն լիազորություններ ստանալու դեպքում։
 
Հ.Գ. Այս գրառմանս մեջ խոսում եմ միայն ամենաանմիջական խնդիրներից, բաց թողնելով ստեղծված իրավիճակի բազմաթիվ ընդհանուր և մասնավոր պատճառները»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica