close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովրդի ծոցից ծնված կուսակցությունը պետք է ծառայի իրեն երկնողին՝ ժողովրդին». Դավիթ Իշխանյան

Քաղաքական

13 Փետրվարի 2020, 21:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովրդի ծոցից ծնված կուսակցությունը պետք է ծառայի իրեն երկնողին՝ ժողովրդին». Դավիթ Իշխանյան

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյաի ելույթը՝ ՀՅ Դաշնակցության Արցախ վերադարձի 30-ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերականգնման գործում» գիտաժողովին.

«Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,

Ներկաներ,

Ողջունում եմ բոլորիդ մասնակցությունը   «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» խորագիրը կրող գիտաժողովի բացմանը, որը նվիրված է Դաշնակցության՝ Արցախ վերադարձի 30-ամյակին: Այս գիտաժողովը միջոց է անցյալը նորից ու նորից արժեւորելու ներկա ու ապագա անելիքների շուրջ խորհրդածելու համար:

ՀՅ Դաշնակցության պատմությունն անքակտելի կապերով միահյուսված է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությանը: Այդպես էր և է, որովհետեւ ժողովրդի ծոցից ծնված կուսակցությունը պետք է ծառայի իրեն երկնողին՝ ժողովրդին՝ հակառակ բոլոր ժամանակներում Դաշնակցության պատմությունն ու վարքագիծը խեղաթյուրել փորձող ու պատմության քառուղիներում հաճախ իրենց հետքն այդպես էլ չթողած ուժերի:

Դաշնակցության անցած ուղին այնքան թարմ է ու չհնացող, որ անգամ այսօր՝ մեկ դար և 30 տարի հետո էլ նրա անցյալը թվում է մերձավոր ու  ներկա: Եվ որ ամենակարևորն է՝ Դաշնակցության անցյալը պարտավորեցնող է, քանզի այդ անցյալին պետք է մոտենալ պատասխանատու եւ հաշվետու կեցվածքով:

Արցախը Դաշնակցության կենարար զարկերակն է, այն սնուցում է կուսակցության նպատակները, այն գաղափարախոսություն է, այն  անշեղելի է ՀՅԴ որդեգրած ուղուց:

Դեռեւս 1917-20թթ. Դաշնակցությունը, չճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը,  էական դեր խաղաց արցախահայության կյանքում եւ  հիմք դրեց Արցախի առաջին ժողովրդավարական կառավարությանը՝ միաժամանակ ամրապնդելով տեղական իշխանությունները, երկրամասի ինքնապաշտպանությունը, լուծելով կենսական նշանակության հարցեր:

Պատմությունն ու ժամանակները երբեմն դաժան են եղել Դաշնակցության  հանդեպ: Կային այնպիսի ժամանակներ, երբ Դաշնակցությունը ստիպված էր միառժամանակ հեռանալ հայրենիքից՝ թողնելով իր խոր արմատները, որոնք երբեք չկտրվեցին մայր հողից, ավելին՝ վերընձյուղվեցին, երբ պայքարի ոգին նոր հնարավորություններ ստեղծեց:

Արցախը, որպես միացյալ Հայաստանի անբաժանելի մաս միշտ էլ եղել է որպես պահանջատիրության առանցք և զգայուն կետ: Դա են ապացուցում դեպքերն ու դեմքերը, տարբեր պատմաբանների վկայախոսությունները, որ միշտ կմնան մեր պատմության էջերում, դա է ապացուցում Արցախի համար վճռորոշ ժամանակահատվածը՝ Արցախյան ազատամարտը, որի ընթացքում ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ զենք ու զինամթերք հասցնելու, ինքնապաշտպանական ուժեր կազմավորելու եւ ռազմական  փայլուն գործողություններ իրականացնելու գործին՝ ասպարեզ բերելով  գաղափարի մարտիկների մի ամբողջ աստղաբույլ, ովքեր կարողացան դառնալ Արցախի նորօրյա պատմության կերտողները:

30 տարիներ են անցել այդ խռովահույզ օրերից, երբ Դաշնակցությունը վերադարձավ Արցախ՝ որպես զինվոր, որպես մշակ, որպես հայրենիքի ազատության գինն իմացող կուսակցություն: Վերադարձավ, որ այլևս չհեռանա:

Աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, դաշնակցական գործիչների ամենօրյա անխոնջ աշխատանքները միտված են Արցախի միջազգային ճանաչմանը եւ ընդդեմ ադրբեջանական՝ օր օրի ահագնացող կեղծ քարոզչությանը: Դաշնակցությունը կանգնեց ու պայքարեց և պայքարում է առ այսօր հանուն կայուն խաղաղության, ամուր պետականության եւ այն գաղափարների, որ արդեն սերմանում է 130 տարի:

Հուսով եմ, որ այս գիտաժողովը դարձյալ կհամախմբի մեր միտքն ու գործը՝ հանուն այն ապագայի, որի դավանողը միայն Դաշնակցությունը չէ, այլ ձեզանից յուրաքանչյուրը, ով մտահոգ ու պատրաստակամ է  անցածն անաչառորեն արժեւորելու եւ ապագայի համար ամուր հիմքեր կառուցելու գործին:  Ավելացնեմ նաև, որ փետրվարի 13-ն որպես գիտաժողովի օր պատահական չէր ընտրված:

Բարի ընթացք ու հաջողություն եմ մաղթում գիտաժողովի աշխատանքներին:

Շնորհակալություն»:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica