close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարայի նյարդերը տեղի են տվել՝ օգնություն է խնդրում ՆԱՏՕ-ից

Աշխարհ

11 Փետրվարի 2020, 19:59
 Անկարայի նյարդերը տեղի են տվել՝ օգնություն է խնդրում ՆԱՏՕ-ից

Իդլիբում իրավիճակի սրումն արդեն հանգեցրել է զգալի կորուստների ինչպես Սիրիայի կառավարական ուժերում, այնպես էլ Թուրքիայի բանակում: Անկարան օգնություն է խնդրել ՆԱՏՕ-ից: Սակայն դաշինքը ներկայումս պատրաստ է միայն բարոյապես օգնել և նույնիսկ չի դիտարկում ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Դա Էրդողանին դժվար կացության մեջ է դնում՝ անհաջողությունը Սիրիայում լրջորեն կազդի նրա քաղաքական ապագայի վրա. ըստ yerkir.am-ի՝  գրում է «Վզգլյադ»-ը:

Անկարան ՆԱՏՕ-ից աջակցություն է սպասում սիրիական Իդլիբում, որտեղ արաբական պետության կառավարական ուժերը հարձակման են անցել: Խնդրանքը նախօրեին հնչեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը: Դաշինքն Անկարային դեռևս միայն խոսքերով է աջակցել: Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտել Իդլիբում սիրիական բանակի հարձակման կապակցությամբ և Բաշար Ասադի «ռեժիմին»  ու «Ռուսաստանին, որն աջակցում է Ասադին», կոչ արել դադարեցնել հարձակումը:

Իդլիբի հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի:

Անկարայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերը գրոհել են թուրքական դիտակետը Իդլիբի արևելքում գտնվող Թաֆթանազ քաղաքում: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ զոհվել է 5 թուրք զինծառայող, 5-ը վիրավորվել են: Դրանից հետո Թուրքիան պատասխան հարված է հասցրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ թուրք զինվորականների պատասխան գործողությունների զոհ են դարձել 76 սիրիացի զինվորներ:

Այսօր հայտնի է դարձել, որ զինված ընդդիմության թուրքամետ ջոկատներից մեկը խոցել է սիրիական բանակի Մի-8 ուղղաթիռը, իսկ սիրական կողմը հայտնել է, որ գրոհայիններից ամբողջությամբ մաքրել է Դամասկոս-Հալեպ՝ ռազմավարական նշանակության խճուղին:

ՆԱՏՕ-ին դիմելուն զուգահեռ՝ Անկարան Մոսկվայից պահանջել է կանգնեցնել «Ասադի ռեժիմի հարձակումը թուրքական դիտակետերի վրա»: Ի դեպ, ռուս-թուրքական համատեղ պարեկության տարածքում թուրքերը չեն կատարում իրենց պարտավորությունները: Այսօր ռուսաստանցի ռազմական ոստիկանները մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ առանց Թուրքիայի ներկայացուցիչների են իրականացրել պարեկությունը:

Մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Իդլիբի հարցով, սակայն երկուշաբթի Անկարայում ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Իսկ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Սիրիայի հարցով Պուտին-Էրդողան հանդիպում դեռ չի նախատեսվում:

Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի ղեկավարությանը կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրը Դամասկոսի իշխանությունների հետ մեղավոր է Սիրիայում թուրք զինվորականների մահվան մեջ: «Անկարան պետք է արդեն հիմա ծրագրի Դամասկոսի վրա հարձակումը, երբ նման անհրաժեշտություն լինի»,- հայտարարել է թուրք ազգայնականը, նաև՝ հավելել. «Այրե՛ք Սիրիան, ոչնչացրե՛ք Իդլիբը, Ասադի վերջը տվե՛ք»:

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքով՝ Էրդողանը, գուցե ոչ այդքան բացահայտ, փորձում է իրագործել Թուրքիայի մեծապետական հավակնությունները: Այն, որ նա ՆԱՏՕ-ին փորձում է ներքաշել թուրքերի գործողությունների մեջ ինքնիշխան Սիրիայի տարածքում, խոսում է այն մասին, որ Անկարան Սիրիայի հյուսիսն իր տարածքն է համարում:

«Էրդողանը ցանկանում է գրավել Հալեպը, դա ակնհայտ է: Թուրքիայի առաջնորդը խելացի քաղաքական գործիչ է՝ կայսերական հավակնություններով: Հալեպը, Կոստանդնուպոլսից հետո, Օսմանյան կայսրության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն էր: Թուրքերը մինչ օրս այն իրենցն են համարում: Եվ Էրդողանը շատ է ցանկանում այն իր վերահսկողության տակ վերցնել»,- նշել է նա «Վզգլյադ»-ի հետ զրույցում: Փորձագետի կարծիքով՝ Էրդողանը ՆԱՏՕ-ի միջամտության սպառնալիքով փորձում է վախեցնել Ռուսաստանին, իր սխեման պարտադրել, թե՝ հեռացե՛ք, ես ինքս հարցերը կլուծեմ: Ըստ Բաղդասարովի՝ անշուշտ, Էրդողանն օգտագործում է և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին՝ սիրիական տարածքներ յուրացնելու համար:

ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսանդր Վավիլովը համարում է, որ Թուրքիան ստիպված է դիմել ՆԱՏՕ-ին՝ «Անկարայի նյարդերը տեղի են տվել»: «Էրդողանը զուգահեռաբար պայմանավորվում է Մոսկվայի հետ, ամեն հնարավորությունից կառչում է Իդլիբում աջակցություն ստանալու համար: Թուրքիան այսօր շատ բարդ իրավիճակում է հայտնվել Սիրիայում.  խոստացել էր կարգուկանոն հաստատել այնտեղ, բաժանել ահաբեկիչներին ու ընդդիմությանը, ապառազմականացված գոտի ստեղծել, սակայն ոչինչ էլ չի կարողացել անել»,- նշել է արևելագետը:

Վավիլովի կարծիքով՝ Թուրքիան անհետևողական քայլեր է անում այն պատճառով, որ տարածաշրջանից, որտեղ սիրիական բանակը գործողություններ է իրականացնում, օր օրի ավելանում է փախստականներից թիվը: «Սկզբում 250 հազար մարդ էր, իսկ ներկայումս, տարբեր տվյալներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի, մոտ 700 հազար: Բոլորը շարժվում են դեպի թուրքական սահմանը: Էրդողանը մեկ անգամ չէ, որ ուղիղ հայտարարել է՝ Անկարան այդքան մարդ ֆիզիկապես չի կարող իր տարածքում տեղավորել: Թուրքիայի տարածքում արդեն իսկ մոտ 2 մլն սիրիացի փախստական կա, և դա շատ ծանր բեռ է երկրի համար»,- նշել է Վավիլովը:

Սեմյոն Բաղդասարովի կանխատեսումներով՝ ՆԱՏՕ-ն Իդլիբի իրադրությանը չի միջամտի, հօգուտ դրա է խոսում նաև ՆԱՏՕ-ի ղեկավարության թույլ արձագանքը Անկարայի կոչին:

Իսկ քաղաքագետ Գևորգ Միրզայանի կարծիքով՝ Էրդողանին մնում է միայն բլեֆի դիմելը:

«Ով ինչ ուզում է ասի՝ թուրքական բանակը Սիրիայում ապօրինի է: Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ նրանք օրինական թիրախ են Ասադի բանակի համար, որն իրագործում է ինքնիշխան իրավունքը Սիրիայի տարածքներում»,- ընդգծել  է նա:

Փորձագետը խոսքով՝ Էրդողանը պետք է դուրս բերի զորքերը, սակայն դա հավասարազոր է պարտության և լրջորեն կհարվածի նրա ու կուսակցության վարկանիշին՝ ամրապնդելով ազգայնական շրջանակների դիրքերը: «Միակ բանը, որ Էրդողանն այս վիճակում կարող է անել, խաղադրույքներն առավելագույնս բարձրացնելն է՝ սպառնալ նոր ներխուժմամբ, օգնություն պահանջել ՆԱՏՕ-ից: Սակայն դա բլեֆ է»,- ենթադրում է Միրզայանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica