close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 7

Մշակույթ

11 Փետրվարի 2020, 18:30
 Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 7

Նրա «Օթելլո»-ի ամեն մի կտորը անհագ աչքերով լափում էի կարծես։ Չէր հոգնում, բայց ինչո՞ւ,ինչպե՞ս։ Ստածում էի՝ խալտուրա է (այս մեկը շատ էի լսել),գլուխ է պահում,չէ,հապա ժողովո՞ւրդը,բռավոնե՞րը,ծափ-ցնծությունը,ծաղիկները։ Ուրեմն ի՞նչն էր գաղտնիքը։ Չէ՞ որ մի օր մի բան էր անում,մյուս օրը՝ ուրիշ։ Հիմա,որ հիշում եմ,հաճույքը նորից ու նորից խեղդում է ինձ։ Գաղտնիքն էլ հենց այն էր,որ ոչ մի ներկայացում նման չէր նախորդին։ Նա մեծ իմպրովիզատոր էր,փայլուն կերպով օգտագործել գիտեր արտիստի երկարակեցությունը պահող այս թանկ շնորհը։ Իմպրովիզացիան էր փրկում նրա ամենօրյա նույն ներկայացումը տաղտկալի լինելուց։ (Իմպրովիզի իմ տեսած մյուս վարպետները եղան Աճեմյանը եւ Թաթիկ Սարյանը,ուրիշների չեմ հիշում։ Ահա թե ինչ արեց մի օր Կորրադո –Փափազյանը ներկայացման վերջում,ամենապատասխանատու՝ «Թունավորման» տեսարանի ժամանակ։ Արդեն խմել էր թույնը,արդեն հանդիսատեսը տանջվում էր մահվան ճիրաններում գալարվող Կորրադոյի հետ, երբ հանկարծ ականջի մոտից մորուքը պոկվեց (երկար մորուք էր) ու սկսեց սահել ներքեւ։ Լսվեց մի հառաչ «Ադդա»։ Աղջկան էր կանչում,գլուխն առավ ձեռքերի մեջ (մորուքն էր պահում),դուրս պրծած աչքերը մի վայրկյանում մտցրեց լույսի տակ,ծռմռվեցին,սարսափելի էր,իսկական հոգեվարք։ «Ադդա,- շշնջաց նորից ու հանկարծ սկսեց թույնի նոր նոպա.- այ,այ,-այ,- ու նոր կծկումներով,ցնցումներով ընկավ աթոռին,- լաքը բերեք»։ Աթոռի վրա ընկած,կամաց-կամաց շուռ եկավ դեմքով դեպի կուլիսները,իսկ մեջքով՝դեպի հանդիսատեսը։ Մի թեթեւ շարժումով ձեռքը թալեց մեջքի վրա (լաքը թաքուն բերեցին,հանձնեցին իրեն)։ Հանդիսատեսը կլանված նայում էր,թե ինչ է կատարվում մեռնող Կորրադոյի մեջքի ու ձեռքի հետ,թե ինչպես արտիստի մատները մերթ ցնցվում,մերթ պրկվում էին։ Այսպես մեջքով ու ձեռքով նա խաղում էր մի ամբողջ հոգեվարք։ Դեմքը չէր երեւում,ինչպե՞ս երեւար,ինչո՞ւ երեւար,երբ չարչարվում էր մորուքը կպցնել ու չէր ստացվում։ Ժամանակ էր պետք լաքը չորացնելու ու չէր ստացվում։ Հանկարծ լսվեց մի անդրշիրիմյան հառաչ, նա կտրուկ շարժումով մորուքը շպրտեց ու դանդաղ շուռ եկավ հանդիսականը։ Անճանաչելի էր՝ գունատ,հազիվ լսելի ձայնով շշիջաց. «Ադդա, ես եկել եմ քեզ, քեզ ասեմ, որ ես քո հայրն եմ»։

«Հայրիկ»,- բղավեց Ադդան ու ընկավ գիրկը (եւ այս բոլորը առանց մորուքի,իջավ վարագույրը ու բացվեց նորից, ծափահարություն,բռավո՛… Մտավ Փափազը բեղը պոկելով (կարծես թե մորուքն էլ հենց հիմա պոկեց),երկար խոնարհվեց, ժպտաց, համբույր ուղարկեց,աչքի պոչով գետնին մորուքը փնտրեց,չգտավ,նորից համբույր ուղարկեց,նորից ժպտաց իսկ ժողովուրդը՝ ով ծաղիկ էր բերել՝շպրտեց բեմ,իսկ ով չէր բերել ու չէր իմացել,թե գլխին ինչ է գալու,դուրս թռավ այգի՝ ծաղիկ պոկելու… Խեղճ պահակը սրտաճաք վազում էր մեկ սրա,մեկ նրա ետեւից,աղեկտուր պոռալով. «Ծո,ի՞նչ կենեք,ո՞ւր կպոկեք ծաղիկները,ախր էդ ծաղիկները վրես «ինվենտար» են գրած»։ Դրսում ժողովուրդը սպասում էր։ Դուրս եկավ,ամեն կողմից հարցեր էին տալիս,պատասխանում էր,հարցնում էին ամեն ինչից՝ բացի մորուքից,մորուքի մասին՝ ոչ մի խոսք։ Ոչ ոք չէր նկատել,որ ամբողջ տեսարանը խաղացել էր առանց մորուքի։ «Վիզս կկտրեմ,թե խմած թույնը կալաբորին չեղնի»,-  մտածեց բժիշկ Նունեզյանը ու հարցրեց։ «Վարպետ,էդ թույնը որ խմեցիր,անունը ի՞նչ էր»։ «Կալաբորին էր»։ Բժիշկը ցնցվեց, գրկեց ու համբուրեց։ «Վարպետ հիմա էստեղ որ պրծնես,ո՞ւր պիտի երթաս»,- հարցերց այգու պահակը,մի փունջ «ինվենտար» մեկնելով նրան։ «Շալե»։ «Շալեն ի՞նչ է»։ «Ֆրանսերեն է,դուք դաչա կըսեք,դաչաս կերթամ, Լենինգրադ է՝ Օլգինո»։ «Ով գիտե,ինչքան սիրուն է,- զմայլվեց այգու պահակը,- մարմարե տուն,մարմարե արձաններ,մարմարե ֆանտան,այգի,ծաղիկներ»։ «Հարկավ մանչս,հարկավ»,- ծիծաղեց ու հեռացավ։ Պահակը երկար նայեց նրա հետեւից,հետո նայեց այգուն,առանց ծաղիկների այգուն ու ժպտաց. «Օրհնվի ծնունդդ,Վահրամ Փափազյան»։

Մի այլ անգամ «Համլետ» պիտի խաղայինք։ Ես արդեն խոսք ունեի,Օզրիկ էի խաղում։  Վերջին տեսարանն է,սրախաղի տեսարանը։ Լաերտը,խախտելով սրախաղի կանոնները, հարվածում է Համլետին։ Այն էլ թունավորված սրով։ Հենց այդ պահին դրսից լսվում է եղջերափողի ձայնը (սա ռեժիսորի մտահղացումն էր)։ Պիեսում քայլերգ է լսվում ու թնդանոթի ձայն… Եվ մեռնող Համլետը հարցնում է.

Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս։

Ես՝ Օզիկս,պիտի վազեմ,չոքեմ Համլետ-Փափազյանի առաջն ու ասեմ՝

Ֆորտինբրանսն է,տեր,որ Լեհաստանից հաղթությամբ դարձել

Եվ Անգլիայի պատվիրակներին

Այս զինվորական ողջույնն է տալիս։

Շատ դերերս հիմա չեմ հիշում,բայց Օզրիկինը լավ հիշում եմ։ Այս էի ընդամենը ասելու։

Ներկայացման օրը առավոտյան մի հասակավոր դերասան տարավ խաշ ուտելու… Պատերազմից հետո,քաղցած երեխա,հետինս՝ տարիքով դերասան,որն անընդհատ ասում է. «Ոչինչ՛ կեր սխտորով–բանով,մինչեւ իրիկուն կանցնի,կե՛ր…»։ Ու կերա շնագայլի պես։

 Երեկոյան սկսվեց ներկայացումը։ Եկավ իմ տեսարանը։ Հետիս դերասանն ինձ ասում է. «Լա՛վ կասես խոսքդ»։ Փափազյան-Համլետն ասաց. «Արյուն,արյան»… Հնչեց եղջերափողի ձայնը՝ «տը-տա-տը -տա»… «Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս…»։ Եբ վազեցի ու չոքեցի դեմը։

Ֆ(հ)որտ(հ)ինբ(հ)րասն է,տ(հ)եր,որ Լեհաստ(հ)անից…

«Ֆորտինբրասն է,տեր…»,- ասելուս պես ասեց. «Ես ա-ա-հ հա-ա-ա-ահ»։ Կարծեցի խաղում է հետս։ Խոսքս շարունակեցի մինչեւ վերջ։ Համլետ-Փափազյանը արտասանեց իր հրաժեշտի խոսքը։

Մեռնում եմ, Հորացիո,զորավոր թույնը հաղթում է ոգուս

Իսկ դու մնո՞ւմ ես

(Հորացիոյին է դիմում, հետո դառնում ինձ)

Իսկ դու,շան լակոտ,այլեւս խաշ չուտես…

Մի օր հարցրեցի. «Վարպետ, ինչո՞ւ ՍՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում չունեք»։ «Տեղկոմ չունիմ,պարտկոմ չունիմ,որ ներկայացնեն»։ «Բայց որ մնայիք Հայաստան,կունենայի՞ք»։ Հանկարծ զայրացավ՝  «Ծո,զավզա՛կ, քուկին տեսած հիմիկվան ՍՍՀՄ ժողովրդական արտիստներն են մեծ,չէ նե Պետրոսը»։  «Պետրոսն ո՞վ է»,- զարմացա ես։ «Ադամյանը,- ժպտաց ու ավելացրեց,- մանչս՛ ձնագունդը պիտի գլորվի,որ մեծնա,այդպես ալ դերասանը պիտի ըլլա,պիտի շրջե,մեկ տեղ մնալով ան կհալվի,կսեղմվի,կաղտոտվի,կպզտիկնա։ Ես ծառ մըն եմ որուն արմատները պապերուս այգին է, սակայն ճյուղերս կելնեն,կմտնան դրացիներուս այգիները, եւ չեմ կարծեր, որ դրացիներս, համտես ընելով պտուղներս,փառք չպիտի տան պապերուս, վստահ եմ, պապերս աղվոր այգեպաններ եղած են»։

1953-ին տեղափոխվեցի Երեւան։ Գեղարվեստաթատերական ինստիտուտում էի սովորում եւ արդեն աշխատում էի Մայր թատրոնում,այն ժամանակ իրո՛ք մայր թատրոն էր։ Հիշում եմ՝ ինչ կատարվեց ուսանողներիս հետ, երբ իմացանք,որ Փափազյանը եկել է Երեւան։ Ինչ գնով էլ լինի, ուզում էինք հանդիպել նրան։ Մեր կռիվները,թախանձանքները ոչ մի արդյունք չտվեցին ։ Դասախոսներից ոմանք,իհարկե մասնագիտական առարկաների, մերժում էին՝ պատճառաբանելով,որ նա զբաղված է, ժամանակ չունի։ Շուտով պարզվեց,որ նրանք ճիշտ չէին ասում,պարզապես խուսափում էին վարպետի անձից,նրանց ճնշում էին արտիստի հմայքը,փորձը, գիտելիքները,մանավանդ երբ հիշում էին իրենց «քամբախի» դասավանդման մեթոդն ու ծրագիրը։ Ինչպե՞ս վարվեցինք։ Որոշեցինք դասադուլ անել,եւ հանդիպումը կայացավ։ Փափազյանը այցելեց մի քանի լսարան,որոնց թվում եւ մերը։ Նրան ուղեկցում էին հենց այդ դասախոսները։ Զրուցեց շատ կարճ. «Ի՞նչ կընեք,ինչպե՞ս եք»։ Մեկը հարց տվեց. «Ի՞նչ կարծիքի եք դերասանական նոր՝ ժամանակակից,խաղաոճի եւ հնի մասին»։ Կարճ պատասխանեց. «Այն,որ տաղանդավոր է, նոր է ու ժամանակակից,իսկ այն, որ անտաղանդ է հին է, ըլլա երիտասարդ,թե տարեց։ Տաղանդավոր՝ արդեն կնշանակե դերասան,որ կզգա իրեն ժամանակը։ Արվեստը պիտի ըլլա կամ գետնեն շատ բարձր եւ կամ հողին մեջ խրված,գետնի վրա պիտի ըլլա գաջի գործարանի դիրեկտորը»։ Այս խոսքերը լսելով՝ ես նորից հիշեցի նրա «Օթելլոն»՝ իր բարձր , շեքսպիրյան պոետիկ շնչով, արտիստական մեծ վրճնահարվածներով ,եւ ապա՝ Կորրադոն՝ գետնի մեջ խրված,ճշմարիտ,իրական,հյուծված,փալաս-փուլուսի մեջ խարխափող,հացի փշրանքները լափող իր դաժան մանրամասներով։     

Շարունակելի    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica