close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրս ինձ գնացքի աստիճաններից շպրտել է ժողովրդի գիրկը․ Սահակ Սահակյանը՝ հին ու նոր հեղափոխականների ու ազգի իմունային համակարգի մասին

Քաղաքական

10 Փետրվարի 2020, 18:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրս ինձ գնացքի աստիճաններից շպրտել է ժողովրդի գիրկը․ Սահակ Սահակյանը՝ հին ու նոր հեղափոխականների ու ազգի իմունային համակարգի մասին

Եթե ազգային դաստիակարությունը իջեցնում ես ամենաներքին նիշին և պահանջում ես, որ ՀԴՄ խփեն, դա անիմաստ ժամավաճառություն է՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց երգիչ, երգահան Սահակ Սահակյանը։

«Եթե մենք կարողանանք կիրթ հայ մարդ ստեղծել, ուրեմն ՀԴՄ-ի հարցերն էլ կլուծվի, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ 21-րդ դարի հայ երիտասարդին պետք է նորմալ ազգային կրթություն տալ՝ բոլոր արժեքները, ավանդույթները, եկեղեցին հաշվի առնելով։ Երկար-բարակ խոսելու փոխարեն պետք է ազգային իմունային համակարգը առողջ պահել, այդ դեպքում վախեր չեն լինի, որ աղանդավորները կգան՝ կքայքայեն, համասեռամոլներն այս կանեն, այն կանեն։ Թե չէ՝ անընդհատ մեզ մղելով տարբեր ապազգային երևույթների դեմ պայքարի՝ մեր ուժերն այնքան էլ շատ չեն, կջլատվեն։ Այսօր մոտավորապես այդպիսի բան է տեղի ունենում՝  սևեր-սպիտակներ, հեղափոխություն-հակահեղափոխություն, ժողովուրդը արդեն պառակտվում է ոչ թե գաղափարական, այլ մանուֆակտուրաների մակարդակով․ տաքսու վարորդներն իրենց միտինգն են անում, գյուղացիներն իրենց սպանդանոցների, հավի, ճիվի հարցերն են լուծում ու գնում են տուն»,-ասաց նա։

Սահակ Սահակյանի ազգային, հեղափոխական երգերը Արցախյան շարժման տարիներին մթնոլորտ փոխեցին։ Գուցե հոր նախանշած ուղին էր․ Դվալ սարի անունով կոչված՝ հաղթանդամ ազգատոհմի շառավիղը՝ Մկրտիչը, 1937 թ-ի ստալինյան բռնապետության տարիներին 10 տարով, ապա 1949-ին ևս մեկ անգամ ազատ աքսորվելուց, անմարդկային պայմաններում մահվան դեմ կռիվ տալուց ու հաղթելուց հետո, երբ, վերջապես, Հայաստան է վերադառնում, իր Սահակ զավակին, որը 4 տարեկան էր ընդամենը, գիրկն է առնում ու գնացքի աստիճաններից նետում իրենց դիմավորելու հավաքված ժողովրդի գիրկը։

 «Այս պատմությունն ինձ համար ճակատագրական է, ես այդ թեմայի վրա շատ եմ մտածել։ Երբ գնացքը մտնում է Լենինական, աքսորյալներին դիմավորող մի մեծ բազմություն կառամատույցում՝ մեկը լացում է, մեկն ուրախանում է, հայրս ինձ գրկած դուրս է գալիս գնացքի աստիճանների վրա և, այդ ծովածավալ բազմությունը տեսնելուց ոգևորված, ինքն էլ երգող մարդ, ինքն է ինձ պատմել, որ՝ մի տեսակ մեջս սենց ցանկություն առաջացավ, որ քեզ շպրտեմ էդ ժողովրդի գիրկը։ Որովհետև, ասում է, գիտեի, որ գետին չես ընկնի։ Եվ ինձ գնացքի աստիճաններից շպրտել է այդ ժողովրդի գիրկը՝ ինձ համար անծանոթ մի ժողովրդի, մի ժողովրդի, որի լեզուն էլ չեմ հասկանում, գցել է այդ ժողովրդի գիրկն ու ասել է՝ ինձ տարաք, որ ոչնչացնեք, մի հատ էլ ինձ նման տղա եմ բերել, էս էլ իմ ազգին ընծա․․․ երբ փոքր էի՝ այս բաները շատ չէի հասկանում, բայց ինչքան մեծացա՝ այդ նախադասությունը դարձավ ինձ համար կյանքի ուղենիշ, հայրական պարտադրանք, ամեն ինչ»,-պատմում է Սահակ Սահակյանը։

Հենց աքսորովայրում էլ ծնվել է Սահակ Սահակյանը՝ «ժողովրդի թշնամի» պիտակով մարդու ընտանիքում, որն, իրականում, իր հողն ու ազգը սիրող  խարիզմատիկ մի մտավորական էր, որը երազում էր կոլխոզների ձևավորման ու հաշվապահական իր առաջավոր գործուներությունը դադարեցնել, շարունակել ուսումը, խորանալ երգարվեստի մեջ ու զբաղվել իր սրտի գործով, բայց որը դավադիր «մրոտողների» նախանձի ու մատնության զոհը դարձավ։

«Մրոտելու», հարևանին, մրցակցին, ընկերոջը «հանձնելու» այդ գործելաճը այսօր էլ նկատում է Սահակ Սահակյանը։

«Մի ուժ որ գալիս է իշխանության, ձգտում է բոլոր թելերն իր ձեռքը հավաքել, ինքը թելադրել, մի քիչ էլ հայի մենթալիտետեին բնորոշ վրեժխնդրության էլեմենտներով․ ա՛յ, որ գամ իշխանության, տես ինչ եմ անելու․․․ այսօր մարդիկ երբ անում են բաներ, որ նման է 37 թվին, չգիտեն, թե ինչ ողբերգություն կարող են բերել մեր ազգի գլխին։ Զավեշտ է, չէ՞, հեղափոխական կուսակցության անդամին դատապարտել որպես հակահեղափոխական․ այսօր էլ է ակտուալ, որ հեղափոխականները դառնում են հակահեղափոխական, հակահեղափոխականները՝ հեղափոխական․․․ ծիծաղելի է»,-ասաց նա։

Մեր ժողովրդին կարգախոս է պետք՝ վստահեցնում է Սահակ Սահակյանը, այսօր այդ կարգախոսը չկա․ «Եթե հետևելու լինենք մոտ 200 տարվա մեր պատմությանը, շատ խորքերը չգնանք՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգային ազատագրական պայքարը Օսմանյան կայսրությունում ուներ մի կարևոր կարգախոս՝ Հայության ազատագրությունը օսմանյան լծից։ Սա այնպիսի կարգախոս էր, որ կարող էր միավորել աշխարհի բոլոր հայերին ու այդպես էլ եղավ, ընդհուպ մինչև կամավորական գնդեր ձևավորվեցին աշխարհի տարբեր ծեգերից։ Երկար տասնամյակներ հետո այդպիսի մի կարագխոս եղավ Արցախի ազատամարտում՝ Միացումը, Արցախը Ադրբեջանի լծից ազատելու կարգախոսը, որն էլի միավորեց ամբողջ հայությանը։ Այս նորօրյա հեղափոխության կարգախոսն էր՝ «մերժիր Սերժին»․․․»։

Քաղաքական գործիչ չեմ, գնահատականս որպես երգիչ՝ երգերով կարող եմ տալ՝ ասում է Սահակ Սահակյանը, եթե նախկին հեղափոխությունների մասին Ավետիք Իսահակյանը, Շուշանիկ Կուրղինյանը, աշուղներ Ջիվանին, Շերամը երգեր են հյուսել, մեր նորօրյա հեղափոխության շրջանում ոչ մի երգ չի ծնվել, բացի «Հայեր ջան, դուխով» և էլի ինչ-որ երգից․ «Հեղափոխությունը չունի իր հերոսները, այսինքն, այդ հերոսներին գուցեև հարյուր տարի հետո երգեր ձոնվեն․․․ որը խիստ կասկածում եմ»։

Սահակ Սահակյանը 1980-ականների անկախական շարժման հենց ստեղծողներից է։ Այլախոհ մտավորականների խմբով հավաքվում էին գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանի արվեստանոցում ու խոսում թեմաներից, որոնք խորհրդային հասարակության համար «չինարենի» նման էին։

«Երջանիկ եմ, որ իմ երիտասարդ տարիներին ընկերացել եմ այդ մեծ նկարչի հետ, որը մեր դասական նկարիչների փաղանգի վերջին օղակն էր՝ Սարյան, Մինաս և Սեյրան Խաթլամաջյան։ Մեծ նկարիչ լինելով՝ շատ մեծ հայ էր և իմ շատ սերնդակիցների համար ազգային գաղափարախոսության հարցերում ուսուցչի դերակատարություն ստանձնեց։ Մենք հավաքվում էինք ընկերներով Սեյրանի արվեստանոցում՝ առաջին անգամ ծանոթանալով, ասենք, Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքին, կամ Նժդեհի մասին գրքերից հատվածների, ընդհանրապես, ազգային ազատագրական պայքարի բովով անցած և Առաջին Հանրապետությունը ստեղծող մեծերին»,-պատմեց նա։

1988-ին, երբ սկսվեց շարժումը, Սեյրան Խաթլամաջյանի համար ամեն օր տոնակատարություն էր՝ հիշում է Սահակ Սահակյանը, ամեն օր արվեստանոցում նոր երգեր, նոր գրքեր, մի հանճարեղ կտավ․․․ Ի դեպ, 1992-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Սեյրան Խաթլամաջյանի մշակած զինանշանի տարբերակը, որը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գծագրած և գեղանկարիչ Հակոբ Կոջոյանի գունազարդած Առաջին հանրապետության զինանշանի՝ նրա վերականգնած տարբերակն էր, քանի որ բնօրինակը չէր պահպանվել։

«Միտինգների ժամանակ Սեյրանի աչքերից արցունքներ էին հոսում և անընդհատ սպասում էր, որ որևէ մեկը «անկախություն» բառը կասի։ Ես ականատես եմ եղել՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական հաջող միտինգների ժամանակ մոտեցավ, ասաց՝ հը՞, ո՞նց էր, Սեյրան, ասաց՝ լավ չէ՛ր, «անկախություն» բառը չըսիր․․․»,-պատմեց Սահակ Սահակյանը։

Նա նաև հիշում է, որ երբ Սեյրան Խաթլամաջյանը մահացավ, Նկարիչների միությունում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Վանո Սիրադեղյանը պատվո պահակ էին կանգնել նրա դագաղի շուրջ․ «Չնայած որ, միշտ հանդես էր գալիս որպես ընդդիմություն, բայց Սեյրանի հարգանքին արժանանալը մեծ երևույթ էր, նա որևէ մեկին գովեստի խոսք չէր շռայլում»։

«Ազգային գաղափարախոսությունը» կեղծ կատերգորիա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը Սահակ Սահակյանն արձագանքել է․ «Եթե կեղծ կատեգորիա է, ուրեմն այս բոլոր զոհերը նույնպես կեղծ են»։

Նույն կերպ է վերաբերվում տղաների՝ հանուն ոչնչի զոհվելու մասին նորօրյա հայտարարությանը․ «Ես այդ կարծիքին չեմ, որովհետև հինգհազարամյա ազգի պատմությունը չի կարելի զրոյից սկսել։ Ես քաղաքագետ չեմ, ես ուղղակի շարքային հայ մարդ եմ, որն ունի մտածելու կարողություն և իմ չափանիշներով հասկանում եմ, որ Հայաստանում գործում են խմբեր, որոնք ձեռնարկել են պացիֆիստական այդ շարժումը, կարծես թե մենք ենք սկսել պատերազմը կամ մենք ենք հարձակվել, մենք ենք Սումգայիթ կամ Բաքվի կոտորածներ կազմակերպել և մեր ժողովրդին պետք է համոզենք, որ խաղաղությունը լավ բան է։ Ես բացարձակապես դեմ եմ «ադրբեջանական համայնք» կոչվող այդ երևույթին, որ վերջերս է ներառվել։ Նախկին իշխանությունները, ինչքան էլ վատն են եղել կամ լավն են եղել, բայց այսօր է խոսք գնում այդ մասին։ Ասում են, որ փաստաթուղթ չի գրվել, չի դրվել սեղանին, բայց նույնիսկ խոսել այն մասին, որ Շուշիում կարող են բնակեցնել ադրբեջանցի փախստականներ, դա արտառոց երևույթ է և դա վերջն է Հայաստանի՝ ոչ միայն Արցախի։ Իմ համեստ կարծիքով։ Այդ զոհերի արյան գնով ձեռք բերված հողերը մենք հետ տալու խնդիր չունենք։ Ինչո՞ւ են մեզ անընդհատ հորդորում, որ Արցախի հարցը․․․ հարց չկա Արցախի, Արցախի հարցը լուծվել է 1994-ին և եթե խոհեմ լիենինք, ավելի խորքերը կգնայինք և կազատագրեինք նաև Շահումյանը և մյուս շրջանները, որոնք կորցրեցինք կամ չհասցրինք ազատագրել»։

Սահակ Սահակյանի հորը աքսորել ու հալածել են դաշնակցական լինելու մեղադրանքով։ Չնայած դրան, Սահակը ևս 1992-ին դարձավ դաշնակցական։ Պարադոքս է՝ բայց ոչ իր տեսանկյունից․ «Ես գտել եմ, որ հայրս, որն այդքան հրաշալի մարդ էր, որին շատ-շատերն էին սիրում, որը ազգի մեծն էր ու ինքը նաև դաշնակցական էր, պիտի ես էլ լինեմ, որ նմանվեմ հորս։ Գիտեք, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայ մարդ կերտելու դարբնոց է։ Սա մեծ աշխատանք է պահանջում, որովհետև պետք է կարդալ, ուսումնասիրել, դա հայրենիք է՝ հայրենիքի մեջ»։

Դաշնակցությունը սովորական կուսակցություն չէ, ասում է, Դանակցությունը համբերատար, զուսպ, առանց սեթևեթանքի, առանց աղմուկի․․․ եթե մեռնել է պետք՝ մարտական կառույց ունի, կգնան, կկռվեն, եթե գրականության մարդ ես՝ Համազգայինի գրասենյակ կա, եթե տիկնանց միությունն է քեզ հետաքրքիր՝ ՀՕՄ կա․․․

«Այսինքն, այդ կուսակցությունը համահայկական հզոր կառույց է, բայց, չգիտես ինչու, այսօր ամեն օր ստեղծվում են կազմակերպություններ ու իրենց անվանում են «համահայկական»։ Ա՛յ ախպեր ջան, էդ դուք ե՞րբ դառաք համահայկական։ Դաշնակցությունը, որը 130 տարվա պատմություն ունի՝ անկախ այն բանից, որ մեղադրում են շատ բաներում՝ ճիշտ էր, սխալ էր, բայց չէ՞ որ մեր ազգն էլ 5 հազար տարվա պատմություն ունի և բազում սխալներ է գործել»։

Եվ, ի վերջո, Սահակ Սահակյանը հիշեցնում է Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի խոսքը, որը Դաշնակցությունն անվանել է «Նոր ասպետություն»։

«Հայ եկեղեցու նման, որն ունի 2 հազարամյա պատմություն և այսօր շատերը գնում են՝ աղանդավոր են դառնում, նույնն էլ սա է՝ եթե քաղաքականությամբ զբաղվում ես ու գնում ես ուրիշ տեղ փնտրելու ազգի փրկության ֆենոմենը, էլի աղանդավոր ես»,-համեմատեց Սահակ Սահակյանը։

Թեկնածուականը ֆիզիկոսի մասնագիտությամբ պաշտպանած Սահակ Սահակյանը շարժման տարիներից արդեն լիարժեք անցավ երգի կողմը։ Միասին հավաքվեցին՝ մշեցի, սասունցի երիտասարդներով և ստեղծեցին «Մարաթուկ» խումբը։

«Ժամանակն էր արդեն ազգային երգեր երգելու, արգելանքը հանված էր արդեն, բացի մի տեմինից, որ հեռուստատեսությունը չէր ընդունում Ստեփան Կարպիչի օրոք՝ «դաշնակցական» բառը երգերում չպիտի լիներ։ Եվ «Արյունոտ դրոշ մեր Դաշնակցության» արտահայտությունը ես փոխարինեցի «Արյունոտ դրոշ մեր ազատության» խոսքով՝  դրանով իսկ արժանանալով Սփյուռքի մեր հայրենակիցների հայհոյանքներին։ Պատասխանեցի՝ ավելի լավ է այդպես հնչեն այդ երգերը, քան թե չհնչեն ընդհանրապես։ Բայց ընդամենը մի երկու-երեք տարի հետո ես նորից երգեցի այդ երգերը՝ արդեն ճշգրտված բառերով և առաջարկեցի հեռուստատեսությանը, որ մինչև հիմա երգել ենք այսպես հիմա կխնդրեմ իմ ընկերներին՝ այս երգերը երգեն ճշգրիտ բառերով․ կարողացանք երգարաններ հրապարակել և ձայնագրություններ անել»,-պատմեց նա։

Իր բոլոր զրույցներում Սահակ Սահակյանը իր խոնարհումն է բերում Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ կարողացել են պահել մեր ազգային, հեղափոխական երգերը։ Բայց մի նրբություն կա․ այդ երգերի մեծամասնության հեղինակները Արևելյան Հայաստանի աշուղներ, գուսաններ, անհայտ հեղինակներ են և դրանք գրվել են արևելահայերեն։

«Այն օրից, երբ Սովետական Հայաստանում արգելք դրվեց այդ երգերի վրա, Սփյուռքը ազատ էր դրանից և հատկապես դաշնակցական համայնքները պահում էին այդ երգերը, մանկապարտեզներից սկսած՝ երգում էին այդ երգերը։ Եվ որոշ երգեր, հիմա էլ որ տեքստերը նայեք՝ կիսաարևելահայերեն-կիսաարևմտահայերեն են, այսինքն՝ արևելահայերեն երգեր են, բայց, մասամբ, արևմտահայերենի վերափոխված»,-նկատեց Սահակ Սահակյանը։

Աննա Բալյան

Ի՞նչ տեսավ Սահակ Սահակյանը առաջին անգամ 1990 թ-ին արտասահմանում, ի՞նչ բանաստեղծություն է նա գրել Սեյրան Խաթլամաջյանի մասին և ի՞նչ դրվագներ է երգում Yerkir.am-ի տեսախցիկի առջև՝ տեսանյութում․

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica